ՄԵՐ ԲԵՐԿՐԱՆՔԻ ՓՇԵՐԸ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ամանորի օրերն են… հարկավոր է, ուզում եմ զվարթ բաներ գրել, բայց այնքան ցավոտ է եղել անցած ճամփաս, այնքան ծանր է բեռս, որ շարունակ ետ եմ շրջվում, շարունակ հոգիս խորովող կրակի կայծերն եմ տեսնում հեռուների պաղ, ցուրտ, բայց այրող մշուշներում…
Ուրիշ տոներ կար թե չկար` չգիտեինք, մեր իմացածը ներկած ձվով Զատիկն էր և ընկույզով, սալորի չրով ու խաշած լոբիով զարդարված սեղանով Նոր տարին: Տոնածառ ունենալն էլ մի ամբողջ «ոդիսական» էր: Փշատերև անտառների նորատունկեր գոյություն չունեին, այսօր ամենուր վաճառվող արհեստական պլպլանքների մասին էլ խոսք լինել չէր կարող: Մեր տոնածառը վայրի գիհենու փոքրիկ թփերն էին, որ միայն հեռո՜ւ-հեռու, Գոռաբերդ կոչվող կիսավեր ամրոցի մոտ էին աճում: Երեխաների խմբով գոռ, ահարկու ծմակների միջով այդտեղ էինք հասնում մինչև կեսօր ու իրիկնադեմին տուն դառնում մի-մի փշաթուփ շալակած:
Այդ փշաթուփ տոնածառը զարդարելը մի ամբողջ արարողակարգ էր. խոսքախաղով, երգ ու պարով: Զարդարելն էլ ի՞նչ` ո՛չ լուսաշղթաներ ու ո՛չ էլ նախշասիրուն, տարատեսակ խաղալիքներ. տանձի, խնձորի պոչից թել էինք կապում ու ամրացնում ճյուղերին, տատի գործած գուլպաներից մնացած մի քանի գունավոր թելեր ու ամբողջ տարվա ընթացքում այստեղից-այնտեղից հավաքած ու գտած մի քանի սպիտակ, կարմիր, դեղին կոճակներ, մեկ-մեկ չգիտես, թե ինչպե՞ս, որտեղի՞ց, այս կորած-մոլորած տեղում հայտնված կոնֆետի թղթեր էլ էին լինում…
…Ո՜վ հրաշք. մի անգամ Նոր տարվա գիշերվանից հետո, երբ զարթնեցինք, տեսանք, որ մեր զարդարած տոնածառին, տանձի ու խնձորի կողքին նաև կոնֆետներ են կախված… չորս իսկական կոնֆետներ:
Ո՞վ կիմանար, թե որտեղից…
Քիչ անց չորս եղբայրներով չորսբոլորել էինք մեր փշեծառը: Մորս թույլտվությամբ նույնիսկ հպվեցինք, ձեռք տվեցինք կոնֆետներին, բայց, իհարկե, ուտել չէր կարելի:
– Միայն Նոր տարվանից հետո… մարդիկ են գալու, թող տեսնեն:
Մորս որոշումն էր:
– Ա՛յ աղջի, թող էրեխեքն ուտեն, մարդիկ տեսնեն, որ ի՞նչ:
Տատիս հորդորն էր:
Թըխկ, թըխկ, թըխկ…
Դռան թակոցն էր. ասել է թե`«մարդիկ» արդեն շնորհավորելու են եկել: Մենք էլ մի աման ճաշ պիտի ուտեինք, մի-մի բուռ հոնի չիր լցնեինք գրպաններս ու գնայինք խաղալու մինչև ուշ իրիկուն, մինչև մարդիկ այս ու այն տուն այցելելով արդեն քեֆովցած կլինեին և կգնային իրենց օջախներում վերջին բաժակը դատարկելու…
…Պիտի խաղայինք, բայց խաղա՞լ կլիներ, երբ ոչ մի կերպ մոռանալ չէր լինում կոնֆետները, գունավոր թղթերի մեջ թաքնված մեր քաղցր ու անուշ երազանքը: Աստված գիտի, թե մեկ էլ երբ էինք կերել, ուստի` խաղը կիսատ թողնում, գնում-գալիս, ծիկրակում էինք պատուհանից և փշե ճյուղերին կախված, օրորվող կոնֆետներին նայում: Արդեն քչփչալով, մտովի բաժանել էինք մեր մեջ, արդեն ծփծփացնում էինք քաղցրոտ շուրթերով…
…Հերթական անգամ էլի պատուհանի մոտ վազեցինք ու տեսանք, որ էլի մարդիկ են նստած, տաքացրած հացով մոթալ պանիր են ուտում, խմում ու գովում Անուշ տատիս թորած ֆոնի արաղը:
Նայեցինք, տեսանք ու մինչ իրիկուն համբերությամբ զինված էլի վազվզելու գնացինք, բայց քիչ հետո լսեցինք, որ մայրս բոլորիս տուն է կանչում: Խաղատեղը մոտիկ էր, և թռչկոտելով ներս մտանք:
Իմացանք, որ սեղանը շուրջբոլորած մարդկանցից մեկը մեր հեռավոր բարեկամն է, հորս ասելով` ինչ-որ հեռու տեղում էր ապրում ու ինչ-որ տեղ գնալիս ճամփի վրա որոշել է, ուզել է տեսնել մեզ` իր զարմիկներին:
Ներս ընկանք հևասպառ ու քրտնաթոր, մոտեցանք նրան, բայց իրեն չէինք տեսնում կարծես… հայացքներս բացված դռնից ներս թափանցած քամու հանգույն օրորվող կոնֆետների կողմն էր: Գրկեց, համբուրեց, գովեց: Հետո շնորհավորելու եկածները մեկիկ-մեկիկ, գինովցած, շփոթ քայլերով գնացին, իսկ նա մնաց: Ես, ու գիտեմ, որ երեք եղբայրներս էլ անհամբեր նրա գնալուն էինք սպասում, իսկ նա մնաց ու խոսում ու խոսում էր, պատմում հա պատմում էր: Արդեն շատ էր խմել, արդեն մթնում էր, ու որոշեց, որ մեր տանն է գիշերելու: Հորանջելով լսում էինք չվերջացող զրույցները և թուքներս կուլ տալով սպասում, որ գոնե գնա քնելու, ու ձեռքներս մեկնենք կոնֆետներին: Վերջապես բարձրացավ տեղից, մի քանի անգամ ոլորեց, ճռռացրեց հաստ, կոճղանման մարմինն ու դիմեց մորս.
– Հա՛րս ջան, մի բաժակ էլ թեյ խմեմ, որ քունս հանգիստ լինի:
Մայրս մասուրի կարմիր թեյով լի բաժակը դրեց սեղանի ծայրին ու մի քիչ շփոթված դիմեց նրան.
– Բայց, բայց… տանը շաքար չունենք, դե՜…
Մեր հեռավոր բարեկամը դեռ ոտքի վրա էր, մեջքն էր ճռռացնում` հոնի արաղից թուլացած մարմինը հազիվ պահելով ոտքի վրա:
– Ոչինչ, հա՛րս ջան, ոչինչ, յոլա կգնանք…
Ասաց, ծանր քայլերով տոնածառին մոտեցավ ու ձեռքը մեկնեց կոնֆետներին… Հետո թմփալով նստեց սեղանի կողքին.
– Մի՛ նեղվի, կոնֆետով կխմեմ, սիրում եմ կոնֆետով, գրպանս լիքն էր, գնացքում վերջացավ…
Ես ու եղբայրներս երբևէ գնացք չէինք տեսել ու չգիտեինք, թե դա ինչ բան է: Այդ պատճառով էր երևի, որ բոլորս այնպես լացել էինք ուզում:
…Մայրս գրկեց չորս եղբայրներիս թիկունքները.
– Գնացեք, գնացեք քնելու, որ թեյ խմեք, չիշիկ կանեք, գնացեք…
Լուռ դեպի դուռը քայլեցինք: Շեմին շրջվեցի, կանգ առա մի պահ ու արդեն դատարկ-դատարկ տոնածառի տակ տեսա բրդի ու սագի փետուրի կտորտանքով լցված գունավոր գուլպան: Մեր Ձմեռ պապն էր` նստած ՓՇԵ ԾԱՌԻ տակ. գլուխը` խնձոր, քիթը` կարմիր մասուր, բերանը` լոբու կճեպ ու աչքերը` սպիտակ, կլոր ջրաքարեր: Ինձ թվաց, թե մեղմորեն ու բարի ժպտում է: Ցանկացա ետ դառնալ, բայց չգիտեմ լացո՞ղ, թե՞ ժպտացող աչքերով նայեցի նրան ու կամաց շշնջացի.
– Շնորհավոր Նոր տարի… բարի գիշեր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։