ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ / ՇՐՋՎԱԾ ՏՐԱՄՎԱՅԸ

Հովհաննես Զատիկյան

Ոչ ոք չգիտեր, թե ինչպես էր տրամվայը հայտնվել քաղաքի ծայրամասում: Տրամվայը շրջված էր դռան վրա և ելքն ու մուտքը կատարվում էր ջարդված պատուհաններից: Հարևան թաղի երեխաները այնտեղ էին անցկացնում օրվա մեծ մասը: Տրամվայի ներսում հայտնվել էին հնամաշ իրեր, աթոռ հիշեցնող փայտե կույտեր, կաթսաներ, ջարդված հեծանիվներ… Այդպես մի քանի սերունդ հասունացնելուց հետո, տրամվայը հանկարծ վերածվեց բնակարանի: Երեխաներն սկզբում ընդվզեցին, բայց երբ Վահանը նրանց ինչ-որ բացատրություններ տվեց, հաշտություն կնքվեց և տրամվայի հարևանությամբ նոր խաղահրապարակ հիմնվեց:
Քաղաքի հակառակ ծայրամասում էր ապրում Ատամ Վահանը: Ասում էին, նրա համար տարբերություն չկար, թե որտեղ է ապրում՝ փշալարերից այն կողմ, թե՝ այս: Հայրն ու մայրը վաղուց մահացել էին: Եղբայրն ու քույրերը ստեղծել էին իրենց ընտանիքները, բնակարանը թողել Վահանին: Վերջին ներումից հետո Վահանը մի քանի ամիս անհոգս ապրեց հայրական տանը, «գործընկերներըե առատ մատակարարում էին, որովհետև Վահանն իր վրա էր վերցրել վերջին կողոպուտի բոլոր մեղադրանքները: Բայց այդպես երկար չէր կարող շարունակվել, հարկավոր էր «գործե անել: Փնտրտուքների մեջ էր, երբ սկսեց ուշադրություն դարձնել հարևանի ուսանող աղջկան: Սոնիկը պատահական հանդիպումների ժամանակ խունջիկ-մունջիկ բարևում էր ու սեթևեթելով անցնում: Վահանի մոտ հասունանում էր նրան միշտ տեսնելու ցանկությունը: Պատահական հանդիպումները նպատակային դարձան: Վահանն իր շքախմբով սկսեց հայտնվել ինստիտուտի դռանը: Սոնիկը զգում էր Վահանի ձգտումները և սպասում էր առաջին քայլին: Իսկ այն ուշանում էր: Միայն մի անգամ, այն էլ ավտոբուսի մեջ, իբր իջնելիս, Վահանը ցուցադրաբար Սոնիկին պարզեց տոմսակն ու անխոս բաժանվեցին: Նման դեպքերը հաճախացան, և մի անգամ էլ Սոնիկը տոմս գնեց. «Այսօր էլ իմ հերթն էե ասելով իջավ ավտոբուսից: Սրտապնդված Վահանը հետևեց նրան: Սոնիկը դանդաղեցրեց քայլերը, իսկ Վահանը չէր մոտենում: Սոնիկը անհամբերությունից շրջվեց ու. «Մի ճանապարհով ենք գնում, գեղեցիկ չէ, որ անընդհատ իմ ետևից ես գալիս…ե:
Վահանի համարձակությունը չբավարարեց պատասխանելու: Կողք-կողքի քայլեցին: Բաժանվելիս Սոնիկը հարցրեց.
– Ո՞ւշ եք քնում, թե՞ մոռանում եք լույսը հանգցնել:
– Չէ, սովորություն է: Այնտեղից եկած սովորություն: Դա էլ իմ ճակատագրի պարգևն է:
– Հրապուրիչ պարգև է,- կատակեց Սոնիկը:
Նրա հեռանալուց հետո աշխարհը կարծես դատարկվեց: Վահանի աչքերում կարոտն այնպիսի հրդեհ բորբոքեց, որ մայրամուտի բիբը կարծես այրվում էր աշնան կոպերին, խախտելով խելագարության սահմանները… Հառաչող հուշերը, կսկիծ ծնելով ամպերի արանքից, պտղունց լույս էին ցողում: Անթիվ ու անհամար երազների մեջ չկար մեկը, որ թեկուզ ճշմարտությունից հեռու, հիշեցներ, որ ինքն իրեն երբևէ թագավոր է օծել: Չլռող, միայնակ ու արդեն ձանձրույթ բերող անցյալը զոհաբերված հույսերի շարանի էր նմանվում:
Մայրամուտը դանդաղ մսխում էր լույսը և հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվեցին խզբզված ու ոտնատակ արված հույզերը, որ երբեք չէին հիշեցրել իրենց գոյությունը, միշտ պատանդի վիճակում էին, բայց հիմա հորիզոնի սառը արցունքի նման հոսելով, թափանցիկ հայացք էին դառնում:
Կանաչ արևն էր արդեն երկնակամարում, կարոտի շիկացած ավազուտները այնքան ջերմություն էին բերում, որ Վահանն այդպես էլ չէր կռահում կատարված փոփոխությունների առանցքը: «Ինչպես երգն է գրվում, այդպես էլ իրար վրա դարսված ամպերը անձրև են հյուսում, սկզբում բարակ, մազի հաստության, հետո բբի չափ կաթիլներ են թափվում. այդպես ծնվում է հորդառատ անձրևը, երկնքի արցունքըե: Նորահարսի խնդմնդուն, կարճացող փեշի պես մի տաք սարսուռ եկավ, զարկվեց աչքերին ու անհետք չքացավ: Մինչ կզգար կատարվածը, օրը կեսօրից թեքվել էր: Զգաց, որ աննպատակ օր է ունենալու, կիսված օր: Չգնաց անցյալ տանող ճանապարհով, քայլերը հեռացնում էին, արահետի, անհաղթահարելի կածանի վերածում այդ ճանապարհը: Կերպարանափոխված կես օրը ձորում ծվարեց այնքան, որ առաջին աստղը ճչաց: Վահանը չուզենալու պես քայլեց նոր սովորած ճանապարհով: Հույզ կար, բայց առանց հույսի բոլոր հույզերը արագ չքանում էին: Բոլորված հայացքը ծառերի դեղնած ստվերների մեջ ինչ-որ անհասկանալի բառ էր փնտրում, գետնին անգթորեն ցրված համատարած դեղնությունը խշշոցներ արձակելով մոտենում էր:
Վահանն արդեն մոտենում էր տաճարի մաշված շեմին: Ներսից ձորն իջնող խելառ ջրերի վազքով դուրս եկավ միանձնուհին: Նա թեև նման էր մանեկենուհու քարացած դեմքով կնոջ, բայց թաքցրած աչքերը ցուցադրում էին տղամարդու կարոտ պատկերները, որոնք այնքան նման էին հովատակի ռունգերից թափվող կայծերին: Վահանն ահասարսուռ էր և վարանեց տաճար մտնել: Դուռը բաց էր, կանչում էր, ներսից լսվում էր քարերին բազմած քարաքոսների երգը, կարոտից բարակած ստվերները խառնիխուռն վազվզում էին ու ետ եկող հայացք շռայլելով, շարունակում անկանոն երթը: Այդ խելահեղ վազքի մեջ դատարկ, չօրորվող օրորոց էր կանգնած: Նրան ոչ ոք չէր մոտենում: Օրորոցը նոր աստված էր հայտնագործում…
Վառվող խարույկի համը տարածվել էր պուրակում, աշունների տխրությամբ օծված թշշացող կրակը թեև փորձում էր մոտեցնել աշնան մահերգը, սակայն խենթ ու խելառ քամին այնպիսի ուժգնությամբ զարնվեց չհրկիզվող ծխին, որ թփերի տակ ծվարած ամպի մի կտոր շառաչուն ջրվեժի հնչեղությամբ սևաշոր գնչուհու գուշակությունների բերանը փակելով, թրջված մեջքը հեռացրեց: Հիշողության եղյամը հալվել, ցող էր դարձել, Վահանին բաշխելով թափանցիկ թախիծ: Պաղ ջրերը մոռացան իրենց մեծացող ստվերները, ձորում խեղդվող ջրվեժի ձայն դարձան: Արցունք աղերսող մամուռները ետ-ետ գնացին և ճանապարհ բացեցին շուրթերից ցայտող հույզերին:
– Հոգու կրակներըը չեն շռայլում, երիտասարդ…
– Ես ծանոթ էլ չեմ դրանց:
– Կարոտի փակված հովիտները կանաչ արև են դառնում և քեզ թվում է, թե դու ես կավից քեզ հունցում:
– Աշունների տխրությո՞ւնն ես դու, թե՞ առաջին արցունքի անմոռաց ջերմությունը:
– Եթե աչքերդ բարձրացնես, հեթանոս բոցերից ծնվող աղոթք կսովորես:
– Ես սովոր չեմ գուշակության:
Սոնիկն այնքան էր մոտեցել, որ Վահանի մոլորված մատները թափառում էին քամու ցիրուցան արած վարսերի մեջ: Վախեցած շչակները սրտապնդվել ու փաթաթվել էին տապալվելու տառապանքին հաղթած կաղնուն: Խլըրտացող կաթիլները սիրո շող դարձած լուսավորել էին պուրակը: Թառամած արբեցումը կենդանացել, բերկրանքի լայնաբաց բերան էր դարձել:
… Շրջված տրամվայի կողքին տնակ կառուցվեց: Հավաքված կարոտները նոր կյանք մտած ջահել օրվա պես, իրենց սավառնող երթն էին ավետում և բզկտելով պաղ լռությունը, թևավոր աղոթք դառնում: Թվաց, թե շրջված տրամվայն ուղղվել է և ուր որ է զրնգալով կշարժվի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։