Արևի լույսերի մեջ թախիծ կար:
Արգամը տեսնում էր այդ փոփոխությունը և շուրջը նայելով զգաց, որ ոչ ոք չի նկատում արևի տխրությունը: Հպարտացավ նաև, որովհետև պահի ազդեցության տակ մոռացավ անգամ հենակներն ու փորձում էր իր գյուտը հայտնել որդուն: Բայց ճանապարհը կանգ առավ ու չոքեչոք վերադարձավ քարաթոռին: Հետո սկսեց մեղադրել իրեն, որ եկել ու նոր բուն է դրել հայրական տան դիմաց:
Բայց նաև արդարացում կար. «Ախր, ո՞վ անվարձ տուն կտար»: Լավ է, որ նախկին զինակիցը արդեն ավերվող եղբոր տունը նվիրեց:
Օրերը շարվեշարան անցնում էին` որևէ նոր բան չբերելով: Տրտում ժամերի ընկերը հալումաշ եղած թախտն էր:
Արգամը հենակները հենում էր պատին, ցավերով լեցուն ոտքը տեղավորում թախտին և աչքերը հառելով առաստաղին` աչքերում տեսագրված օրերի հետ ապրում:
Անդունդում փլվող ջրվեժի ձայները լցվում էին հոգու մեջ և արևի առաջին համբույրից հալվող ձյան բարակ առվակներից չռիկ էր սարքում և շշուկի ալիքներին հլու, իրեն նավապետ կարծում: Մանկության հեքիաթները հեռուներ տանող ու մոտեցնող չռիկը, խուճապով փախչող ջրերը, թռչունների վերադարձի շշուկները այնքան հարազատ էին դարձել, որ Արգամը մանկուց իրեն համոզել էր, որ իր չռիկը ավելի ու ավելի էր նմանվում բնության զայրույթ ջրվեժի և արևի արդեն հասկանալի խորհրդին: Իր հայտնագործությունը արդարացվում էր նաև հորեղբոր վարքագծով: Բոլորը մեղադրում էին նրան, խորհուրդներ և խրատներ տալիս, բայց ոչ մեկը չէր մտնում տնավեր ու ամեն ինչ կորցրած մարդու տառապանքի մեջ: Նա թույլ մարդ չէր, բայց ստեղծել էր իր փիլիսոփայությունը՝ «Գինու մեջ հոսում է կյանքի առեղծվածը: Ես փորձում եմ այնտեղ գտնել իմ բաժինը…»:
Մաշված մանգաղ հիշեցնող լուսինը որբացած ձայներ էր արձակում: Բայց հորեղբայրը դեռ չէր սովորել դրանց իմաստը և անընդհատ հարցեր էր տալիս:
Լուսինը շողեր էր ցանում տարեց մարդու երեսին և զգալով, որ անհասկանալի են իր շփումները, հուսահատ իր լույսերը որպես ավար բաշխում էր աստղերին: Հորեղբայր Արամը հիանում էր այդ նվիրվածությամբ և լռության սուգ ապրելով՝ աչքերով էր կշռում իր վիշտն ու եղծված դեմքերով ծանոթ կանանց շարքերում չգտնելով Նարեին, ձեռքն աննկատ երկարում էր գինու շշին, հուսալով, որ ևս մեկ բաժակ և ինքն անպայման կգտնի այնքան կարոտած դեմքը: Առավոտյան Արամին գտնում էին պատի տակ քնած:
Արամի կաթկթացող ճիչը, խառնված ցավի հետ, փորձում էր գտնել վշտից հեռանալու արահետը և կարոտի արթնացման հույսով շարունակում իր փնտրումները:
Արգամը հացատան տանիքից հետևում էր հորեղբորը: Վառվող արյունը ստիպում էր իջնել տանիքից ու մոտենալ, բայց քնի ալիքները գալիս տանում էին նրան և հենվելով, կիսապառկելով երթիկի խոտի բուլուլին, ննջում էր, մինչև հայրը կբարձրանար ու կիջեցներ տուն:
Արգամը արդեն բերանացի էր արել օրերի երգը և կեսօրից հետո համակ կարոտով սպասում էր հորեղբոր մեղմ ու ծանրաձայն երգին, ապա իջնում էր համատարած լռությունը:
Արևամուտի դողացող արևը շալակել ու տանում էր Արգամի ստվերը: Այդ արարողությունը նման էր խելակորույս հեղեղի, որն ավերելով ամեն ինչ՝ մի կաթիլ հույս էր թողնում: Բայց հրեշտակի փափուկ թևերը այդպես էլ չէին երևում, մահվան սավանը ամեն երեկո մոտենում էր, և կիսված ոտքի ցավերը ահագնանալով մանր ալիքներ էր ծնում:
Աստղերի դեղին հայացքները լցվում էին կիսավեր տան տանիքին ու Արգամին թվում էր, թե նրանք գիշերը չեն քնում և անդադար զգաստ են պահում իրեն:
Հին զրկանքների միջից մի տաք կարոտ էր գալիս ու պարուրելով տանջահար մարմինը որպես մունետիկ՝ ավետում էր նոր օրվա ծնունդը:
Այդ պահերին հայտնվում էր հորեղբայր Արամը: Նա բարձրացնում էր գինու շիշը և Արգամի ականջին փսփսում. «Լավ գինին նման է կնոջ, ինչքան շատ ես խմում, այնքան շատ ես ծարավում»: Դրանով չէր ավարտվում Արամի փիլիսոփայությունը. «Մի փորձիր թունավոր օձին մեղրով կերակրել՝ առաջինը նա կխայթի քեզ…»:
Արգամը մի կերպ ազատվում էր հորեղբոր մշտական դարձած ստվերից և քարշ գալով, առանց հենակի դուրս էր գալիս տնից ու հենվելով պատին՝ տեղավորվում քարաթոռին: Արգամը հաճախ էր հիշում թևավոր խոսքը. «Դրախտը մարդու առաջին տունն է եղել, և մարդկությունը ձգտում է նրան, որովհետև երկիր կոչվածում իրեն օտար է զգում»: Դրախտը Արգամի առևանգված անցյալն էր, երկիրը պատսպարող հյուղակը, որը օր-օրի լցվում էր ծանոթ ձայներով ու աննկատելի հանգստություն բերում: Երբեմն նաև ժպիտ էր ծնվում, որը նորից կապված էր հորեղբոր հետ: Շուկայում հանդիպելով համագյուղացուն, մոտենում է ու հարցնում՝ «Ինչո՞ւ ես եկել, ախր ծախելու ոչինչ չունես»:
– Ունեմ,- պատասխանում է Հակոբը:
– Ի՞նչ ունես:
– Աքլորս եմ վաճառում:
– Այ տղա, չորս-հինգ հավ ունես, էդ աքլորը ինչո՞ւ ես վաճառում:
– Փող է պետք:
– Քանիսո՞վ ես ծախում:
– Երկու ռուբլով,
– Վերցրու երեք ռուբլի, գնա գյուղ և երեկոյան աքլորը կբերես մեր տուն:
– Ինչո՞ւ:
– Ուզում եմ աքլորը տանել ու բաց թողնել քո հավանոցում, որ հավերը ուրախանան:
Հանկարծ ծառերը երերացին, ցուրտ քամին իր համերգն էր տարածում, հին կամուրջը, չդիմանալով անասունների ծանրությանը, աղիողորմ ճռռում էր: Արգամի հուշերի քարավանը անհետացավ: Անձրևի բոցերից խուսափելով՝ ստվերները կորան քարափների տակ: Բայց մի ծվեն հուշ երազներից պոկելով ամենահմայիչը՝ սեղմեց Արգամի կրծքին, և արդեն հյուղակ մտած Արգամը գլուխը հենեց նրա ծնկներին: Մի անբացատրելի, անհագ կարոտ շուրթերը տրորելով անզուսպ խուժում էր ներս: Այլևս չէր լսվում ոչ քամու մեներգը, ոչ անձրևի շառաչը, գիշերվա մեռած ժպիտները ապտակելով մահվան քմծիծաղներին՝ նոր հեքիաթ էին խոստանում:
Հիշողության հալվող եղյամը բացել էր կածանները: Պատգարակին պառկած Արգամն առաջին անգամ զգաց վառվող խարույկի համը, թփերի մեջ ծվարած ամպի մի կտոր թափանցիկ թախիծը ցրելով, սարի թաց փեշերը լիզելով հեթանոս աղոթք դարձավ և հավաքված կարոտները տեղավորելով, հալածում էր մահերգը, ծնունդ տալով նոր գուշակությունների:
– Շտապ պետք է հիվանդանոց հասցնել…
Բժշկի հրահանգի կատարումը Արգամը զգաց նույն երեկոյան, երբ ուշաբերվելով՝ ինչ-որ պակասություն զգաց: Հերթապահը չթողեց արյունոտ վիրակապը արձակել:
– Հարմարվիր, կյանքդ փրկելու ուրիշ հնար չկար…
Ձորերում խեղդվող ջրվեժների բերանբաց խոստովանությունները, դանակահարելով լռությունը, դանդաղ նմանվում էին կոտրված կիթառով երգող գնչուհու ճիգերի:
Ազատ թափառող մի աստղ ընկերակցեց Արգամին, խոստովանելով, որ երբեք փխրուն հրաժեշտ չի դառնա:
Թոնիրներից բարձրացող ծուխը հարազատ համբույրի էր նման: Գարնան ծաղիկները հրավերք էին կարդում: Արգամը բարձրացել էր սարի կատարն ու այնտեղ էր հավաքում բազմերանգ ծաղիկները: Իջնելիս, չգիտես ինչու, միայն աղջիկները դիմավորեցին և սրտատրոփ սպասում էին ծաղկեփնջի տիրոջը: Արգամը այնպես էր շոյում ծաղիկներին, որ կարծես վարսերի մեջ մոլորված տառապող մատներն էր փնտրում: Շրջանցելով աղջիկներին՝ փունջը պարզեց հանկարծակի եկած Աստղիկին: Աղջիկները քչփչալով փախան, իսկ Արգամն ու Աստղիկը կատարվածին հլու, փորձելով ցրել թափանցիկ թախիծը, դանդաղ քայլերով հեռանում էին:
– Քո շուրթերն եմ ես, աղաչում եմ քեզ, պահպանիր նրանց միայն ինձ համար…
Այդ երեկո կարոտի փակված արահետները բացվեցին և առաջին հանդիպման բերկրանքն այնքան հզոր էր, որ սրտի անփական լեզուն արձակեց: Խենթ թափառում չկար, գալիքն էր կանչում: Խլրտացող սիրո շողերը ծխացող երջանկություն պարգևելով, նրանց հասցրեց ուսանողական նստարան: Ուղեգիրը նրանց հեռավոր շրջան ճանապարհեց և թոթովախոս որդին անսովոր կարոտ պարգևելով՝ անհագուրդ առագաստով նավակ տեղափոխեց հույսերի շարանը:
Հեռվում, շատ հեռվում արկեր էին պայթում: Արգամը չէր ցանկանում ապրել թագադրված անզորությամբ: Որոշումը անսպասելի էր և երկրորդ անգամ մայրացող Աստղիկը ճեմող ամպերի ձայնը սաստելով, ապաստանող մենակություն էր փնտրում:
Գերությունից փախած Արգամը երկար ժամանակ մոխրամանում քնած ծխախոտի էր նմանվում: Հոգնած օրերը դանդաղ կուտակվելով, մի օր էլ նրան դուրս բերեցին լռության կանաչ շապիկի տակից: Թևածող ամառ էր: Անտառակաքավը մոռանալով երգի տողերը, նկարված քամու ուղեկցությամբ ափի մեջ նկարված ճակատագիրն էր նորոգում: Դաժան, անզիջում մարտը արյունով շահվեց: Ճանապարհը բաց էր դեպի նվիրական նշանակետ, բայց Արգամը չէր կարողանում բարձրանալ տեղից ու համաքայլ լինել ընկերներին: Գիշերվա սև աչքը թաքցրել էր արյան հետքը: Արգամին գտան ուշակորույս:
Հիվանդանոցում, երբ արդեն անելիքն ավարտած էր համարում, վճռեց գտնել Աստղիկին:
Հենակներով գյուղ հասած Արգամին դիմավորեց ընկերը: Ճանապարհը տանում էր հայրենի տուն: Այն շատ-շատ մոտ էր արդեն: Բայց ընկերը շեղելով ճանապարհը, իր տուն հրավիրեց Արգամին:
– Դեռ տուն կգնաս, մտնենք մեր տուն, հետո:
Արգամը համառում էր: Միգահասի ղողանջներով լցված հայրենի այգին կանչում էր: Երեկոն նկարում էր ծառերի հաճելի ծոցվորությունը, խավարը թրատող երեկոյի լույսերը թաքցնելով հոգնած գաղտնիքը, չհանգող լռություն էին դառնում:
– Խնդրում եմ, հետո կգնաս, հետո…
Արգամը ինչ-որ բան կանխազգալով, անօթևան հեկեկոցներ լսեց: Ջահելության ծովը արդեն ցամաքել էր, Արգամը չէր տեսնում գժված ալիքները և դատարկ աչքերով հետևեց ընկերոջը:
Գիշերվա քղանցքը ծածկելով ջրահարսի սպիտակ թևերը, խնայված ակնթարթները ճշմարիտ օրվա պահակ դարձնելով, սպասումների ծանր զնդանը գրկելով Արգամին դարձրեց մեռնող տնակի բնակիչ:
Աստղիկը կորցնելով երկրորդ որդուն՝ վերադարձել էր Արգամի տուն, նոր ընտանիք կազմել, դարձել երեք երեխաների մայր…
Գիշերվա կեսին, երբ աստղերը հռհռում էին ու հեռանալով Հարդագողի ճամփա հիշեցնող խմբից, կարծես ընդգծում էին երկնքի փայլը: Արգամը մոռանում էր վեճի թեման և ակնապիշ նայում երկնքի խաղին, հուսալով, որ գոնե չխոսկան մի ասուպ մինչև գահավիժելը կկարողանար խորհուրդ տալ: Բայց խորամանկ ասուպը թաքցնելով ասելիքը, Արգամին շատ-շատ մոտ կանգնած մի աստղի պատվիրեց հայտնել, որ «կգա ժամանակը և կհասկանաս, թե ինչ են երազում աստղերը»:
Արգամը ամեն գիշեր ճգնում էր ու այդպես էլ չբացահայտելով գաղտնիքը, հույսերը կապում էր ծլծլացող գարնան հետ, գարուն, որ ավետիս բերելուց շատ, գալիս էր իբրև կարոտ ու զարթոնք:
Հանկարծ քամու մեներգը լռեց: Գիշերը դավադրաբար մեռնող ժպիտներ էր շաղ տալիս ու մոլորեցնելով մարդկանց՝ գողանում լռության երեսին թափվելիք քմծիծաղները:
Ճրագի լույսը տարուբերվեց: Սյուքը պաղ ստվեր մոտեցրեց ճրագին: Հուշերի գերված ու մոլորված քարավանները զգաստացան: Քարափների տակ թաքնված կարոտները արբշիռ ներս լցվեցին և շարվելով Արգամի դեմ, պատրաստակամ էին, որ հոգնած գլուխը ծնկներին դնելով, դուրս կգա ցամաքած գետից և օտարացումը վանելով, ականջալուր կլինի դեմքին թափվող արցունքների ձայնին:
– Իմ առաջինն ես… այն անհագուրդ առաջինը, որ երբեք չի հեռանում…
Կարոտի փակված հովիտը ծածկվել էր ծաղիկներով, մոտ եկող հայացքից նրանց բույրն էր շռայլորեն թափվում: Արգամին երազ էր թվում տեսածը, հոգու խենթ թափառում էր համարում լսած բառերը, իրեն հառած հայացքը նմանեցնում էր զարդաքանդակի աչքի փայլի:
– Որդիդ է… ճանաչեցի՞ր…
Ծխացող երջանկությունը մոտ էր գալիս, ամպի սիրտը տեսանելի էր դարձել, իսկ երբ զգաց գրկի մեջ ծվարած կարոտը՝ փափկած հոգին հառաչող ծով դարձավ:
Երկնքի աղոթքը ձայնեղ էր. «Աստղի՞կ…»:
– Ես եմ
– Արտակ…
– Ասա, հայրիկ…
Կործանված նավի կմախք հիշեցնող Արգամը ոտքի կանգնեց, սիրտը շրջափակած կույր հուզմունքը այնպիսի արագությամբ փախավ, որ թարթիչների տակ խլվլացող երազները իրական դեմքեր դարձան:
Ծառերի տակ ծվարած մի կտոր ամպ արևի առաջին ճաճանչները գողանալով՝ սաստեց աշնան տերևները գերել ցանկացող քամուն: Նոր Աստված էր կերտվում: Վախեցած շշուկները ձայնեղ դարձան ու միանալով ձորում շառաչող ջրվեժի ձայնին, այգու մանր ալիքները խումբ-խումբ տանում էին հեռու, զվարթացնելու ծովի հորինած լռությանը:
Այդ առավոտ, խախտելով ցայգալույսի հետ համերաշխությունը, ամպերն իրենց ճերմակ երեսից լույս էին թափում…