Արթուր ՄԻԿՈՅԱՆ / Յոթ ծառերի անտառը

Յոթ ծառերի անտառը

Ոսկեգույն մազերով տղան համաչափ փոսեր փորեց մթան բազմաձև երանգներում ու մագլցելով ձմեռվա օդն ի վեր` հայտնվեց յոթ ծառերի անտառում: Անտառում կրակ ժայթքեցնող վիշապները և ֆշշացող իժերը, անդուր հպվելով թունավոր տատասկներին և այրող եղինջներին, կատաղած ֆշշացնում ու թշշացնում էին: Վհուկը ձայներից ցնցվում էր` քլթքլթացող փրփուրներ շպրտելով երևակայությամբ նահանջող ծովը: Սարսափից քարացած վհուկը վերածվում էր գորշ կապտավուն փաթիլի և օրորվելով նստում էր ոսկեհեր տղայի քթին: Երկնակամարը, տագնապի ճիչերից վրդովված, ներքև նայեց, և նրա ցանցաթաղանթի նյութը հոսեց և թափվեց յոթ ծառերի վրա: Հեղուկի հոտը տարածվեց ծառերի տակ շարված դատարկ գանգերի ակնախոռոչներում: Նրանց փոշիացած շուրթերից անեծք թափվեց: Կալպա ծառը լսեց հազարավոր գորշ ստվերներին, կանաչ լույսերի ու դեղին աչքերի` ոռնացող քամու նման աղոթաձայները և իրականացրեց նրանց ցանկությունները` որպես աստվածային զուգադիպությունների կոնցեպցիա: Հավերժական Բանյան ծառի արմատները երբեք չէին դադարում աճել` խորը տարածվելով գետնի տակ` որպես իր փառքի վերականգնման առհավատչյա: Նարիպոն ծառի` փոքր կնոջ տեսքով միրգը պաշտպանում էր արտաքսված արքայազնի կին Հիմվանտին: Ամրակազմ տղամարդիկ սեռագրգիռ դողէրոցքով մոտենում էին կնոջը: Կինն արագ թաքնվում էր փոքր կնոջ գլխի ետևում: Տղամարդիկ ձեռք էին տալիս մրգին ու անշարժանում:
Օդին աստվածն իմաստնացած ճոճվում էր` Իգդրասիլ ծառից կախված: Սառը, մաքուր օդում Օդինն իրեն կախել էր ծառից և շարունակ մարմինը ծռմռելով` փորձում էր ասոցացվել դրախտի խորհրդանիշի հետ: Սողունը Իգդրասիլի տակ մի անցք բացած` կենդանիներին անընդհատ անդրաշխարհ էր կանչում: Ոսկեհեր տղան, անտառի բույրերի, ատելության ու զայրույթի սիմֆոնիային հնազանդված, զբոսնելով հասավ Ջինմենջու ծառին: Ծառի մրգերը մարդկանց դեմքերի տեսք ունեին: Երբ ոսկեհեր տղան անցնում էր մրգերի կողքով, նրանք ժպտացին իրեն: Տղան ի պատասխան նույնպես ժպտաց նրանց: Պատասխան ժպիտից հետո միրգը պոկվեց ու ընկավ տղայի ափի մեջ: Տղան կծեց միրգը, և ցիտրուսային սուր համից նրա աչքերը ջրակալեցին: Նա շպրտեց միրգը, որը կպավ Զաքում ծառի տակ հավաքված մարդկանց: Վերջիններս, միմյանց հրմշտելով, մասնատեցին միրգն ու կերան: Զաքում ծառի շրջակայքը ցանցապատված էր շիկացած աներևույթ օդով: Նրանք ուտելիք էին աղերսում աստծուց: Ծառի միրգը չափազանց դառն էր և սնվում էր դժոխքի կրակներով: Մարդիկ սոված, ուժասպառ ուտում էին դառնահամ միրգը, և նրանց դեմքը հալվելով պոկվում ու թափվում էր: Մարդկանց հալված ոսկորի, մարմնի խառնուրդը եփվում էր դժոխքի կաթսայում:
Ոսկեհեր տղան բազմագույն գալարաժապավեններից գնդաձև կծիկներ սարքեց ու դրեց անպարան անկասելի ճոճանակի վրա: Ճոճանակը թափ տալով՝ գնդիկները թռցրեց ծառերի վրա: Գալարաժապավենե կծիկները վայրէջք էին կատարում` մաքրելով ծառերի այրված, ակոսված օդը:
Ծառերի չար ոգիները շիկացած լավայի նման հոսում էին անջուր երկնակեղևի մեջ` ձայնելով իրենց դարերի վաստակի մասին:
Ոսկեհեր տղայի կոպերի տակից թափվում էր աշխարհի մութ շիճուկը և կանգնեցնում բոլոր րոպեներն ու վայրկյանները: Նա անտառի ժամանակացույցի սլաքը կանգնեցնում էր հաճելի հիշողությունների քնի զովասուն մթնոլորտում: Կաթսայում եփվող դժոխքի մարմինները, ածխացած լուսածորող փայլի վերածված, հոսում են իրենց նոր կառուցված Ծիր Կաթինի տան մեջ: Ժամանակը կանգ էր առել, հնարավորություն տալով դատապարտված հոգիներին՝ փրկության ելքեր որոնել: Հիմվանտը դուրս եկավ թաքնված փոքր կնոջ դեմքով մրգի ետևից ու անաղմուկ վազեց ոսկեհեր տղայի մոտ: Օդինը ցած իջավ Իգդրասիլ ծառից և վազելով անհետացավ խոսող դեղին ծաղիկների ստվերում: Ճերմակ աստղերն արագ ցած իջան՝ ծաղիկների մեջ փնտրելու Օդինին: Ծառերն ուժասպառ պառկեցին` դաժան տեսարանի պատկերներից հոգնած: Ապա բողբոջներ տվեցին և պայթեցին` չդիմանալով ճանճերի խելացնոր պարի տարերքին: Թութակներն ականջակալներով լսում էին ոսկեհեր տղայի շնչառության նվագը, և նրանց մարմինները շարժվում էին նոր պարերի ստեղծման տենդով: Ոսկեհեր տղան անտառի փոքր ջրափոսերի մեջ ջրի կաթիլներ հայտնաբերեց և բաց թողեց անտառի խորքից եկող ոտնաձայների ետևից: Հիմվանտը կրծքերի արանքից մի ծխախոտ տվեց տղային: Տղան վառեց և սկսեց ծխել: Ծխի ամեն մի քուլայից հետո մի ժրաջան կին էր դուրս գալիս, ապտակում նրան ու անհետանում տոթից սմքած օրվա մեջ: Հիմվանտը, ուսերը ցնցելով, տենդագին ծիծաղում էր: Ոսկեհեր տղան զայրացած ծխախոտը դեն նետեց: Նա բռնեց կնոջ կրծքերից և դեպի իրեն քաշեց, ապա համբուրեց կնոջ մարմինը: Հիմվանտը նոսր անձրևի մարող խշշոցով տղային ողջունեց` նրան հանձնելով ծխի քուլաներից ծնված թխադեմ կանանց շուրթերի բույրն ու համը: Տղան բույրերից թմրեց, և բնության խոնավ ծերպերի մրրիկը շառաչելով, ճանաչեց խաղաղ օդի սառը զմայլանքը: Շշնջացող Դոդոնայի կաղնին ոտքի կանգնեցրեց պառկած ծառերին, և նրանք, շարժելով իրենց ծանր արմատները, եկան տղայի մոտ: Կաղնին շշնջալով խոսեց բոլոր ծառերի փոխարեն:
– Մենք էլ ենք ուզում տուն ունենալ, քնել տաք անկողիններում, ուտել խոհարարների պատրաստած նրբահամ ու համատեղ կերակուրները: Ահա մենք` յոթ ծառեր, ձեր երկուսի տրամադրության տակ կլինենք: Ամեն օր դուք կճանապարհորդեք մեր ներսի անտեսանելի փայլ դարձած էլֆերով կանաչավառ մարգագետինների վրա: Մենք մեր մրգերի հյութերով կնկարենք ճչացող խելագարի քունքերի մասին առասպելը: Մենք ձմեռվա ցուրտ գիշերներին լուսնի ամբարած կրակից ջերմություն կկորզենք ձեզ համար,- ասաց շշնջացող Դոդոնա կաղնին:
Ապա ծառերը փաթաթվեցին կնոջն ու տղային՝ խոնարհելով իրենց ճյուղերը: Օտար, բարձր ոլորտներից ճանապարհները խելահեղ արագությամբ գահավիժեցին ցած` նրանց առնելով իրենց մակերեսին ու թռցրին վերև: Եթերային ոլորտներում երևաց մի չաղլիկ երեխա, ով փոքր լեռներին լողալ ու թռչել էր սովորեցնում: Ոսկեհեր տղան, կնոջ ձեռքը բռնած, ծառերի հանդիսավոր ուղեկցությամբ հետևում էր լեռների անվարժ թռիչքին` առաջ անցնելով նրանցից: Տղան իր շքախմբի հետ հասավ անտառի ստվերախիտ պուրակներից դուրս գտնվող եռահարկ տուն: Ծառերն ուրախ ճոճվելով մտան տուն և պառկեցին անկողիններում: Ոսկեհեր տղայի ու կնոջ զուգավորումից անսովոր գեղեցիկ երկու տղա և մեկ աղջիկ ծնվեցին: Երեխաներն ամեն օր թավալվում էին սլացիկ լորենիների արծաթաձայն զանգակներում: Նրանց կողմից վարժեցված դոդոշներն ամեն օր ջրիմուռներից սարքված կայմեր էին ձգում և մասնատում էին լողացող մթան հեղհեղուկ սևաթույր պատկերները: Հիմվանտը փափուկ մեղեդիներ էր ցանում ծաղիկների առէջներում, որ չթառամի իր ոսկեհեր սիրո աշնանային մելամաղձոտ հոգին: Կինը ոսկեհեր իր ամուսնուն երեխաների հետ պառկեցնում էր կիթառաձայն ծաղիկների դաշտում և ձեռքը սահեցնելով ծաղկաթերթերի վրայով` նրանց համար նվագում էր բյուրեղյա ծածկոցով պճնված քնասեր հրեշտակների օրորացայինը: Ոսկեհեր տղան օր ու գիշեր աշխատում էր, մշակում տնամերձ հողամասը, սիրաբանում Հիմվանտի հետ` գաղտագողի նայելով հրաշագեղ աչքերի միայնակ շողքին: Բոլոր մարդկանց մտքերը ի մի էին գալիս վճիտ օդի թարմության մեջ և որպես քաղցր պաղպաղակ հալվում և մեղմորեն ծորում հազարամյակներով անտեսված բաղձալի բառի մեջ` «Գրիֆոն»*:

Սև նժույգը

Ալեձև թութակներն արթնացան արևածագից քիչ առաջ, մաքրեցին իրենց փետուրները և երգով դիմավորեցին օրը: Դեղնագունատ հրամանատարն իր զորքի հետ քնած էր սաղարթախիտ անտառում` մոխրագույն լճի մոտ: Հեծյալների, նիզակավորների և կենտրոնական օղակի զինվորներից շատերի քթերը կպել էին գետնից` իրենց սեփական արյունով թանձրացած: 32 նժույգները ծանր շնչում էին` փռթփռթացնելով: Նժույգներից մի սև մկանուտ ձի, բաշը խռիվ տված, արթնացավ թութակների ձայնից: Նժույգը սկզբում հանգիստ ոտքի կանգնեց, ապա ձայնային վանկարկումների ազդեցության տակ տագնապեց: Սկսեց արագ քայլել, որն աստիճանաբար վերածվեց վազքի: Խելահեղ վազքի ընթացքում նժույգն սկսեց օդ բարձրանալ: Նա սահեց օդի մեջ` խուսափելով վիշապի փակ ուրվագծերի մեջ մտնելուց: Ծառերի կանաչ բույրը նժույգի մոտ երազանքի աշխարհ մտնելու տեսողական պատրանք առաջացրեց: Նա, օդի մեջ սմբակներն արագ շարժելով, բարձրանում էր երկինք:
Սիբիրում` ձյան մեջ, նարնջագույն ծաղիկներ փնտրող երաժիշտը դադարեցրեց իր որոնումը և սոճու նվագարանը վերցնելով ձեռքը` նայեց երկնքին: Երաժիշտի արձակած մեղեդու հնչյուններից տերևները հպվեցին իրենց բներում քնած թռչուններին և սկսեցին ծլվլալ, ապա վախեցած փշաքաղվեցին իրենց ծլվլոցներից: Անտառի թռչունները զարթնեցին և թռան երկինք: Թռչունները, զարմացած երկնքի անկոչ հյուրից, սկսեցին հետապնդել նրան: Նժույգը, գլուխը բարձր պահած, ռունգերը փքված, ականջները ցից, բաշը խռիվ տված, սլանում էր երկնքում` իր արագությամբ առաջ անցնելով բոլոր թռչուններից: Ամպերում ճախրող նժույգը մասամբ ոտնատակ էր տալիս թռչուններին: Երկնքի իրարանցումը և խուճապն արթնացրեց քնած զորքին: Բարակ, երկար բեղերով հրամանատարը ճմլկոտալով արթնացավ և նայեց երկնքին: Նրա աչքերն անմիջապես չռվեցին.
– Բոլորդ շուտ զարթնեք: Մեր ձիերից մեկը փախել է երկինք: Զենք ու զրահ վերցրեք և շարժվեք:
Զորքն անմիջապես մարտական առաջին պատրաստականության վիճակի բերվեց: Նրանք վերցրեցին իրենց բրոնզե զենքերը: Հեծյալները նստեցին իրենց 31 ձիերին: Նետաձիգներն իրենց աղեղներն ուղղեցին դեպի երկինք: Հրամանատարի հրամանով փորձ արվեց ձիերով երկինք բարձրանալ: Սակայն բոլոր փորձերն անհաջողության մատնվեցին: Ձին բավականին բարձր էր թռչում, որպեսզի կարողանային նրան հասնել: Նետաձիգներն իրենց աղեղներին քնաբեր քսուք քսեցին և արձակեցին երկինք: Նետերը երկինք, էին սլանում, սակայն նժույգին չհասած, նորից ցած էին գահավիժում:
Նժույգը շարունակում էր երկնքում իր սլացքը` ոտնակոխ անելով և մրցելով բոլոր թռչունների հետ:
Սև կարապը թռիչքի ժամանակ հուսահատ շեփորահնչյուն երաժշտական ձայներ էր արձակում` կարծես գուժելով երկնքում իրենց կատարյալ ֆիասկոյի մասին: Սև կարապը դանդաղեցնում էր իր ճախրանքն` աստիճանաբար վերածվելով V տառի: Ոսկրակեր գառնանգղը փորձում էր բռնել նժույգի ոտքից: Վերջինս մի պահ կանգ առավ, սմբակով հարվածեց անգղին և շարունակեց սլանալ: Անգղի նարնջագույն փետուրները պոկվեցին մարմնից և լողացին ամպերի մեջ: Կարմրապոչ Ժակո թութակն իր դեղնաարծաթագույն աչքերը չռած, խուճապահար ետ ու առաջ էր թռչում: Ոսկեգույն փասիանը թռչում էր` գլուխը կախ գցած: Սիրամարգը «մայ-սո՛ւ, մայ-սո՛ւ» էր կանչում:
Հրամանատարը, վիճակի անորոշությունից հերսոտած, ծղրտաց և գանգուր մազերով, գիրավուն, կարճահասակ իր օգնականին հրամայեց դիմացի ժայռածերպում պահվող Տաոտե լեգենդար կենդանուն ազատել շղթաներից ու դուրս բերել վանդակի միջից: Տաոտեն հայտնի էր սննդի նկատմամբ իր անհագությամբ, ուներ մեծ բերան և չուներ մարմին: Հրամանատարը, Տաոտեին ազատ արձակելով, ուղարկեց երկինք` հրամայելով հոշոտել ըմբոստ նժույգին ու նրա կմախքը բերել իր մոտ: Տաոտեն, տհաճորեն լափլփացնելով բերանը, թռավ երկինք: Երկնքում ևս մի անկոչ հյուր հայտնվեց: Տաոտեն, թռչելով երկնքում, իր ճանապարհից հեռացնում էր բոլոր թռչուններին և ծամելով նրանց` թափում էր ցած: Նժույգն ավելի էր արագացնում սլացքը: Տաոտեն, շնչակտուր լինելով, ետ էր մնում նրանից: Երկնքի քաոսից տարակուսած` եղնիկը լացում էր թխկիների անտառում: Արևն արդեն մայր էր մտնում, և երկքնում հայտնվում էին դեղին, նարնջագույն և կարմիր ամպերը: Թռչունները լռվում էին երկնքի օդի կասեցված մասնիկներում: Նրանք վերադառնում էին իրենց բները, իսկ նժույգը շարունակում էր խելահեղ սլացքը: Տաոտեն հոգնատանջ, հյուծված վերադարձավ անտառ` զինվորների մոտ: Երկիրն ու երկինքն Աստծու համար փորձում էին հաճելի տարակերպ նախադրյալներ ստեղծել: Բնության ձայները երկնքի առաքելությունն էին քարոզում: Նորածինը մոր գրկում երգում էր անձրևի աղոթքը:
Մնացած հաջորդող օրերին զորքի հրամանատարի հրամանով, գիտնականների օգնությամբ վեց հազար հատ թռչող սարքեր պատրաստեցին, որը համապատասխանում էր զորքի թվաքանակին: Երկնքում ահարկու պատերազմ սկսվեց: Թռչունները նժույգի հետ խաղաղության դաշինք կնքեցին հանուն երկնքի փրկության և հաղթանակի: Հեծյալները, ովքեր կապված էին թռչող սարքերից, վստահ էին, որ իրենց ձիերը չեն դավաճանի իրենց: Սակայն արյան կանչով նրանց 31 նժույգները միացան սև նժույգին ու թռչուններին: Աշխարհի բոլոր թռչունները միավորվեցին նժույգների շուրջ: Նժույգները սկզբում թռչող սարքերով էին տեղաշարժվում, հետո իրենց սև բարեկամից ոգեշնչված` նրանք էլ սովորեցին ճախրել երկնքում:
Երկնքի իրարանցումը վերածվեց խճողված երաժշտության, որն ընկղմվեց թանձր բուրմունքների մեջ և փորձում էր կատարելապես վերստեղծել նորածնի անաղարտ ճիչերը:
Երկնքում սլացող նժույգները և թռչունները շարժվում էին մթնոլորտի մասնիկներին հակառակ ուղղությամբ` քաոսի դժգույն գույներին ավելացնելով հուսականչ նոր շտրիխներ: Շրջանաձև պատերազմի շառավիղում Տիեզերքի խորքից եկող խորհրդավոր ձայնային կարճ ալիքները զինվորներին գամում էին ակնթարթի առեղծվածին: Մեկ շաբաթ շարունակվող պատերազմն ավարտվեց զինվորների լիակատար պարտությամբ: Նրանց բզկտված, հյուծված մարմինները կախ էին ընկել իրենց թռչող սարքերից և հետզհետե ետ էին նահանջում դեպի երկիր: Տաոտեն իր մեծ բերանով մխրճվել էր ճահճափոսում:
Նժույգները և թռչունները, խոնարհված Գուաինի առջև՝ լսում՝ էին նրա մեղրածոր երգը: Գուաինը օգնել էր վտանգի մեջ գտնվող երկնքի բնակիչներին: Թռչուններից մեկը ռեֆլեքսով արտաբերել էր նրա անունը և նա հայտնվել էր: Գուաինը նստած էր իր ոսկեփայլ գահավորակին: Նրա գլխին շինյոն էր, մարմնի կեսը ծածկված էր երկնագույն զգեստով: Գուաինը իր կիսալուսնաձև ունքերի նուրբ ու լուսավոր աչքերի ներսից բարի ժպտում էր նրանց: Ժպիտն այնքան կենդանի էր ու բնական, որ թվում էր, թե նրա մարմինն էլ է ժպտում: Գուաինն իր հարափոփոխ 11 դեմքերով հիացնում էր շուրջը հավաքվածներին: Նա իր հազարավոր ձեռքերում պահում էր թռչուններին և նժույգներին ու նրանց քնեցնում էր իր բռերի մեջ: Սավառնող ասպարները Գուսաինի ձեռքերի նուրբ տատանումներից սահուն շարժման մեջ էին մտնում: Եթե վաճառվեր, Գուաինի ժպիտը ամենաթանկը կլիներ` համեմունքների խանութներում: մարդկանց հայհոյանքները երկնքում վերածվում էին թանձր գծերի ու ծանր գիրը` ճարպակալած խոզ դարձած, թափվում էի նրանց գլխին: Գուաինը երկնքում կառուցեց դեպի անհունություն ձգվող սանդուղքավոր երեք աշտարակներ, որոնց պատերի ալիքաձև ռիթմիկան հավասարակշռում էր երկնաբնակների շնչառությունը, նրանց ամբողջացնելով հոյակապ շինության տարբերազան կառուցվածքներում: Գաուինը ձուլվեց երկնքի գոլորշուն, և թռչունները նժույգների հետ մտան իրենց նոր տունը` երեք աշտարակների զարմանահրաշ աշխարհ: Այնտեղ նրանց համար ուտելու ամեն ինչ կար. անսպառ մրգեր, ծաղիկներ, խոտեր, սերմեր: Սև նժույգն աշտարակ մտնելուց առաջ մի պահ կանգ առավ, նայեց ամպերին, աչքերը ֆոկուսավորելով հաղթահարեց տիեզերքի պայմանականությունները` հասնելով էքսցենտրիկ ազատության փնտրտուքի ավարտին:
Ծովի գույնի շորերով մարդը բավարարված հոգոց հանեց` մտնելով հորիզոնական և ուղղահայաց տրամախաչումների մեջ:
Այժմ ընդմիշտ երկրում հովվերգական առկայծուն աշխարհն է` իր լացող ուռենիների արցունքներով, իսկ երկնքում երեք աշտարակների քաղաքն է` նժույգների և թռչունների թարմ շնչառությամբ պարուրված:
Տարվա բոլոր եղանակներին երկինքն ու երկիրն ընկղմված են իրականության դյութիչ արտացոլանքի գեղատեսիլ կոմպոզիցիայում:

* Կիսով չափ արծիվ և կիսով չափ՝ առյուծ: Ըստ հինավուրց առասպելաբանության՝ հանդիսանում է թռչունների և կենդանիների արքան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։