ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ
Հարգելի տիկին ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Գնահատելի է Ձեր ավանդը հայ գրականության զարգացման գործում: Ձեր հեղինակած գիտական հոդվածներն ու աշխատությունները կարևոր ձեռքբերումներ են հայագիտության ասպարեզում: Մեծ է Ձեր վաստակը նաև հայ գրականության մասնագետներ կրթելու և դաստիարակելու շնորհակալ գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ:
ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
տիկին ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ
Հարգելի տիկին Դոլուխանյան,
շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Տասնամյակների Ձեր վաստակով Դուք մեծ ներդրում ունեք հայ գրականագիտության ավանդույթների զարգացման գործում: Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ, որտեղ գիտական և մանկավարժական գործունեություն եք ծավալում երկար տարիներ` կրթելով ու դաստիարակելով բանասերների ու մանկավարժների մի քանի սերունդ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք:
Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ
Աելիտա Դոլուխանյանի գիտական գործունեության կարևոր ուղղություններից է Եվրոպական հայագիտության և ի մասնավորի ֆրանսիական հայագիտության պատմության ուսումնասիրությունը: Իր հեղինակած «Եվրոպացի հայագետներ» մատենաշարով արդեն լույս է տեսել յոթ գիրք: «Եվրոպացի հայագետներ» մատենաշարն ունի ոչ միայն գիտական ու ճանաչողական, այլև ազգային-քաղաքական կարևորություն: Սեն Մարտենին, Մարի Ֆելիստե Բրոսսեին, Էդուարդ Դյուլորիեին, Վիկտոր Լանգլուային, Ֆրեդերիկ Մակլերին և Ֆրեդերիկ Ֆեյդիին նվիրված յոթ գրքերում ներկայացնում է ֆրանսիական հայագիտության զարգացման ընթացքը հայագիտության ընդհանուր հարցերի մատնանշումից մինչև առանձին գիտակարգերին վերաբերող քննությունը:
Դոլուխանյանը պատմական մոտեցման և այսօրվա ըմբռնումների հետ հարաբերակցությամբ է գիտականորեն արժևորում եվրոպացի հայագետների թողած գիտական ժառանգությունը:
Շարքի գլխավոր նպատակը քանի որ հիշյալ գիտնականների տեսական ըմբռնումները և դրույթները հայ ընթերցողին ներկայացնելն է, ուստի թարգմանաբար մեջբերում կամ վերաշարադրում է նրանց հայտնած կարծիքներն ու տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ:
«Եվրոպացի հայագետներ» շարքի թեմատիկ ընդլայնված հանրագումարը կարելի է համարել «Եվրոպացի հայագետները Մաշտոցի և հայոց Այբուբենի մասին» (Երևան, 2005թ.) գիրքը, որում բերված են ֆրանսագիր, գերմանագիր և անգլիագիր ուսումնասիրողների կարծիքները Հայոց Այբուբենի մասին: Ընդ որում ոչ թե Մաշտոցյան Այբուբենին նվիրված հոդվածներ են հավաքված, այլ Դոլուխանյանը մանրակրկիտ որոնմամբ ի մի է բերել տարբեր հեղինակների հայ մատենագրությանը և հայոց պատմությանը վերաբերող հոդվածների և ուսումնասիրությունների այն հատվածները, որոնք վերաբերում են Մաշտոցին և Հայոց Այբուբենին:
Շատ կարևոր է գրքում առաջ քաշված այն հարցադրումը, որ հիշյալ հատվածները և բնորոշումները ճիշտ կլինի թարգմանել և առանձին գրքով տպագրել հայերեն: Ավելին, կարող ենք ասել, որ Դոլուխանյանի այս ուսումնասիրությունն ընդունելով որպես մատենագրական և աղբյուրագիտական հիմք, նրանում մատնանշված հատվածները ի մի հավաքելով տպագրելը ըստ դրանց բնագրերի լեզվի, անգնահատելի նշանակություն կունենա ոչ միայն հայագիտական առումով, այլև կնպաստի մեր երկրի մշակութային հեղինակության բարձրացմանը:
Նույն ձևով «Եվրոպացի հայագետներ» մատենաշարում նշված նյութերի հատընտիր հատվածների հիման վրա շատ կարևոր կլինի կազմել ֆրանսերեն բնագրերն ընդգրկող մի ընտրանի «Ֆրանսիացի հայագետները Հայաստանի և հայ մշակույթի մասին» խորագրով, որը ևս գիտական կարևորությունից բացի կունենա նաև միջազգային մեծ հնչեղություն:
Շարքի գրքերում շարունակ ընդգծվում է, որ հայ գրականությունը և հայ մշակույթը Եվրոպայի հայագետներին այն համոզումն է ներշնչել, որ հայերը՝ մնալով հայ մատենագրության ժառանգորդները, կպահպանեն իրենց ազգային ինքնությունը:
Կարող ենք ասել, որ նույն այս գիտակցումն է եղել և մնում է Աելիտա Դոլուխանյանի գիտական նվիրման, նրա գրած և գրելիք ուսումնասիրությունների հիմքում:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր,
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
Գրականության ինստիտուտի տնօրեն
***
Այսօրվա ազնվական հայ կնոջ տիպար է Աելիտա Դոլուխանյանը: Շնորհներով հարուստ նրա գրականագիտական հայացքն ընդգրկում է դասական և ժամանակակից գրականության լավագույն էջերը: Զարմանում ես, թե ինչպես է հասցնում այդքանը. սա էլ մի անուրանալի շնորհ է, որ նրան պահում է միշտ գեղեցիկ, ներկայանալի և տաղանդավոր:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ
Եթե Աելիտա Դոլուխանյանին անձամբ չճանաչեի, կկարծեի, թե նրա անունով հրապարակում առկա բազմաժանր վաստակի հեղինակը ոչ միայն նա է, այլև համախոհությամբ միմյանց հարազատ ուրիշներ: Գրականության պատմաբան, բանասեր, քննադատ, տեքստաբան, թարգմանիչ, ով այս բոլոր ասպարեզներում կարևոր խոսք է ասում ինչպես գիտական, այնպես էլ գրասեր հանրությանը, իսկ որպես բարձրագույն բուհի ուսուցիչ, երիտասարդությանը հորդորում է հետևել գրականության իմաստությանն ու խրատներին:
Աելիտայի բազմաթիվ գրքերից մեկն առանձնահատուկ, ողնաշարային նշանակություն ունի նրա գիտական ժառանգության տարածքում՝ «Հոգու և մարմնի պրոբլեմը միջնադարի հայ քնարերգության մեջ», որի ռուսերեն հրատարակությանը «Լիտերատուրնայա գազետայում» բարձր գնահատությամբ անդրադարձել է անվանի միջնադարագետ Յուրի Բարանովը: Աելիտայի շատ ուսումնասիրություններ ավելի կամ պակաս չափով հարաբերում են այս պրոբլեմին. դա նրա համար գիտական մտասևեռում է:
Ցանկանում եմ նաև նշել նրա մի նախագիծն ու բացառապես միանձնյա իրականացումը՝ «Եվրոպացի հայագետներ» մատենաշարը: Ֆրանսիական ու անգլիական արխիվների հիմքով նա արդեն հրատարակել է մենագրություններ Ֆելիքս Նևի, Վիկտոր Լանգլուայի, Սեն Մարտենի և էլի չորս եվրոպացիների մասին: Ծրագիրը շարունակություն է ունենալու: Այս մատենաշարն ունի ինչպես գիտական, այնպես էլ, հայերիս համար, բարոյական նշանակություն: Մենք ուզում ենք, որ մեր մասին խոսեն, մեզ սիրեն ու գնահատեն, իսկ մենք մի՞շտ ենք ուշադիր այլոց հանդեպ: Ոչ միշտ: Հաճախ մոռանում ենք: «Եվրոպացի հայագետներ» մատենաշարը մեր ժողովրդի բարոյական տուրքն է մեր օտար բարեկամներին:
Աելիտա Դոլուխանյանի երկրորդ, գուցե առաջին տունը Մատենադարանն է, որտեղ նա լինում է յուրաքանչյուր շաբաթ օր: Նա հիանալի գիտի Մատենադարանի գանձարանը, որին հենվում են նրա շատ աշխատանքներ: Ավելորդ չէ ասել՝ ժամանակակից հայոց լեզվին տիրապետելու մակարդակով տիրապետում է գրաբարին, միջին հայերենին ու աշխարհաբարի զարգացման փուլերին: Ազատորեն օգտվում է ռուսերեն, անգլիագիր ու ֆրանսերեն գրականությունից, միջազգային գիտաժողովներում այդ լեզուներով հանդես գալիս զեկուցումներով: Սիրում է շրջագայել՝ արևմտյան թանգարաններում ու գրադարաններում որոնելով հայի հետք, հայ մշակույթ, հայ գիտություն ու գրարվեստ: Աելիտա Դոլուխանյանի գործը բարձր է գնահատվել պաշտոնապես և հասարակայնորեն: Չնշեմ ամեն ինչը, բավական է ասել՝ նա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ: Եվ ամենանշանակալից ու բնորոշ գունագիծը՝ հայոց հասարակագիտությանն ու գրականությանը անմնացորդ նվիրվածություն:
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
ՄԻՇՏ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
Աելիտա Դոլուխանյանի հետ ծանոթացել եմ, երբ «Գրական թերթի» խմբագիրն էի, թեև գիտական աշխարհում վաղուց էր հանրաճանաչ: Թերթի համար գրված նրա առաջին իսկ հոդվածից հասկացա, որ ինչպես Դելակրուան կասեր. «Նրա տաղանդը կրում էր բարեկրթության և արիստոկրատիկ վարք ու բարքի դրոշմը»: Մեր համագործակցությունը պիտի շարունակություն ունենար և ունեցավ: Դոլուխանյանը ոչ միայն թերթի լավագույն հեղինակներից էր, այլև նրա հավատարիմ բարեկամը՝ կազմակերպելով թերթի բաժանորդագրությունը Մանկավարժական համալսարանում, հանդիպումներ կազմակերպելով ուսանողության և խմբագրության աշխատակազմի հետ, փաստացի ստանձնելով թերթի դեսպանի դերը: Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչքան հետևողական ու սկզբունքային է բոլոր հարցերում: Եթե որոշել է թերթի կողքին լինել կամ ինչ-որ այլ բան ձեռնարկել, չի կարող հենց այնպես, որովհետև նրա հոգեկերտվածքում պատասխանատվության զգացումը հյուր չէ, այլ մշտարթուն դիտորդ: Նրա համար գիտությանը, երկրին և երկրի հոգևոր ու մշակութային արժեքներին, ընկերությանն ու սեփական ձեռագրին նվիրվելը ոչ միայն գործելու և ապրելու կենսաբանական անհրաժեշտություն է, այլև ի վերուստ շնորհված առաքելություն, որի իրագործմանը զինվորագրվել է ողջ կյանքում և անմնացորդ: Նրա գործունեությունը, չնայած իր բազմազան դրսևորումների, փաստացի ներկայանում է որպես հայագիտությանը նվիրված ավարտուն և ամբողջական համակարգ՝ իր ուրույն նշանակությամբ և համաշխարհային քաղաքակրթության համապատկերում իր տեղը հաստատելու լրջագույն հայտով: Իմ գործը չէ, իրականում չեմ էլ կարող, գնահատել Դոլուխանյան գիտնականի, մանկավարժի, թարգմանչի մեծածավալ վաստակը: Ավելի հաճելի է ներկայացնել Դոլուխանյան մարդու նկարագիրը՝ սկզբունքային, անաչառ, ընդառաջող, նպատակային, մեծահոգի, քաղաքացիական կայուն կողմնորոշմամբ, կանացի ու հմայիչ… Իսկ ամենակարևորը՝ մտավորական՝ իսկականը, որի գոյությունն ու ներկայությունը լավատեսություն է ներշնչում անգամ հոռետեսներին:
Սամվել ԿՈՍՅԱՆ
***
Հետաքրքիր, գեղեցիկ երազանքներով ու ձգտումներով լի տարիներ էին իմ ուսանողական տարիները: Երևանի Խ. Աբովյանի անվան ինստիտուտի բանասիրության ֆակուլտետում ուսումնատենչ, շնորհալի բազմաթիվ սաներ էին կրթվում, ովքեր ի ծնե օժտվածությամբ, գրականության նկատմամբ ունեցած սիրով ու նվիրվածությամբ, ինչպես ասում են, խոստումնալից ապագայի հայտ էին ներկայացնում: Նրանց թվում էին Հրանտ Մաթևոսյանը, Արամայիս Սահակյանը, Ռազմիկ Դավոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Երվանդ Պետրոսյանը, Մելս Սանթոյանը, Մհեր Կարապետյանը, Գևորգ Թոսունյանը, Ֆելիքս Մելոյանը, մեկ-երկու կուրս հետ ու առաջ սովորող ուսանողներ: Եվ նրանց մեջ էր ժպտադեմ ու հմայիչ մի ուսանողուհի, ով հատուկ սեր ուներ հայ բանահյուսության, հին ու միջնադարյան գրականության մեծերի հանդեպ: Այո՛, հմայիչ, բոլոր ընկերների ու դասախոսների կողմից սիրված այդ ուսանողուհին Աելիտա Դոլուխանյանն էր, ում Արարիչը գեղեցիկ արտաքինի հետ խելք, իմաստություն և աշխատասիրություն էր պարգևել: Որ Աելիտան գիտությամբ էր զբաղվելու, դասախոսական աշխատանքով, պարզ էր այն օրերից, բայց որ նրա եռանդը այդքան անսպառ էր և նվիրումը՝ այդքան հետևողական, պարզվեց հետագա տարիներին, նրա աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում: Այդ բանը հաստատեցին հեղինակած «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի յոթ գիրքը և «Եվրոպացի հայագետները Մաշտոցի և հայոց Այբուբենի մասին» աշխատությունը: Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի միտքը միշտ արթուն է, գրիչը՝ բեղուն, և նա, գրականագիտական ուսումնասիրություններից բացի, միշտ ականջալուր է մեր կյանքի հրատապ խնդիրներին, որոնց մասին հաճախ է հանդես գալիս մամուլում հետաքրքիր ու սրտացավ հրապարակախոսությամբ, Սփյուռքի հայությանը առնչվող բազմաբնույթ հոդվածներով:
Վաստակաշատ գիտնականն ու սիրված դասախոսը նշում է իր հոբելյանը: Ես, որպես վաղեմի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ նրան և ցանկանում առողջություն, նոր գիտական ուսումնասիրություններ և իր նորանոր սաների հետ խոր ու բազմակողմանի գիտելիքները կիսելու երկար տարիներ:
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Շնորհավորում եմ տիկին Աելիտային 75-ամյա հոբելյանի առթիվ: Ուրախ եմ և հպարտ, որ անձամբ ծանոթ եմ իմ ավագ կոլեգայի՝ փայլուն գրականագետի, հայ գրականության անվանի գիտակի հետ: Գործնական մասնագիտական և ջերմ անձնական հարաբերությունները տիկին Դոլուխանյանի հետ միայն մեծ հարգանք ու եղբայրական սեր են առաջացրել իմ սրտում: