ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

 

Վարուժանը եղբորից ուշ էր ծնվել, այնքան ուշ, որ տիկին Իսկուհին, հղիությունն ի հայտ գալուց հետո, ամաչում էր տնից դուրս գալ, ամեն առավոտ մի պատրվակ հորինում, հարևանուհիների հետ սուրճ խմելուց հրաժարվում էր: Երբ ամուսինը՝ պարոն Նժդեհը, Սիբիրից վերադարձավ, Ստալինն արդեն մեռել էր, բայց կյանքը Հայաստանում չէր լավացել: Դժվար էին դիմանում հատկապես Նոր Կիլիկիայի հայրենադարձները, որոնք ուրիշ պայմաններում էին ապրել, ուրիշ հաճույքներ վայելել: Դրացիները հաճախ պարոն Նժդեհի անավարտ տան լաստակի ստվերում հավաքվում, ծխում, արտասահմանյան բարեկեցությունն էին հիշում, փրկության միջոց էին որոնում, չէին գտնում: Կարծում էին՝ պարոն Նժդեհը, որ սոսկ անվան համար Սիբիր էր աքսորվել, իրենցից ավելի էր տանջվել, տառապել, իրենցից ավելի կդժգոհի, Հայաստան բերած նավին այնքան թունդ կհայհոյի, որքան որ թունդ կանայք էին անիծում: Մինչդեռ պարոն Նժդեհը լուռ ծխում, մռայլվում էր: Հարևանները տաժանավայրերում չէին եղել, չէին պատկերացնում, թե ինչ երջանկություն է Նոր Կիլիկիայում անավարտ տան երկրորդ հարկը շալակով քար բարձրացնելը, հոգնելիս երկրորդ հարկի լաստակում կանգնելն ու քրտինքը սրբելով այդ բարձունքից Արարատին նայելը, գիշերը կնոջ տաքացրած ջրով լողանալը, հետո թաց-թաց անկողին մտնելն ու քնած ձևացող կնոջ կռնակը գրկելը, երկար թույլ չտալը, որ քնի: Թիարանում հեղակների ներքին հսկիչներն արգելում էին, որ թիապարտները անգամ երազում կանանց հետ լինեն: Հենց նիրհող աքսորականի դեմքին ժպիտ էին տեսնում, խզակոթով խփում էին քունքին, արթնացնում.
– Բոզի ծնունդ, մտքումդ հայր Ստալինին ե՞ս…
Վարուժանն ուշ ծնվեց, բայց երբ ի վերջո ծնվեց, ծնողներն իրենց ավագ որդուն մոռացան: Պարոն Նժդեհը դեռ չէր հասցրել առաջին հարկի հատակը տախտակապատել, տիկին Իսկուհին անկողինները փռում էր հողե գետնին, տղամարդկանց կողք կողքի պառկեցնում: Ամենավերջում մի կերպ տեղավորվում էր ինքը: Գիշերը զարթնում էր, որ Վարուժնակին կերակրի, տեսնում էր՝ ամուսինը գլուխը հենել է արմունկին, անթարթ նրան է նայում: Մեկ-մեկ էլ մատները երկարում, թաթիկն է շոյում:
Թերևս լավ էր, որ երկու եղբայրների տարիքային տարբերությունն այդքան մեծ էր, ծնողները խստիվ պատվիրել էին՝ փողոցում Միշելը աչքը միշտ կրտսեր եղբոր վրա էր պահում, խաղընկերները նեղացնել չէին հանդգնում: Ընդհակառակը, սիրաշահել էին ձգտում: Միշելը թաղում հեղինակություն էր:
Սակայն հենց կրտսերի յոթը տարին լրացավ, եղբայրներին բաժանեցին: Նոր Կիլիկիան բացառապես հայրենադարձների թաղ էր, բայց ամենամոտ դպրոցը, հայտնի չէ, թե ինչու, ռուսական էր:
Պարոն Նժդեհը քրթմնջում էր.
– Մեր զավակներին ֆրանսիացի դառնալուց փրկել ուզեցինք, հայրենիք բերեցինք, որ ռուսացնենք:
Հեռատես հարևաններն, ընդհակառակը, ուրախանում էին.
– Շատ էլ լավ են արել, մեր զավակների ապագայի մասին են մտածել: Առանց ռուսերենի Հայաստանում առաջ գնալն անհնար է:
Վարուժանն առաջին օրվանից չսիրեց այդ ռուսական դպրոց կոչվածը: Ուսուցչուհու ասածներից ոչինչ չէր հասկանում, տանը դասերը պատրաստելուն ոչ ոք օգնել չէր կարողանում, առավոտ ճիշտ ժամին տնից ելնում, բայց դպրոց մտնելու փոխարեն, ընկերների հետ հասնում էին Դալմայի այգին, աշխարհի ամենաքաղցր խաղողը վայելում: Չէին գողանում, պահակն ինքն էր հյուրասիրում: Կթելուն պիտի օգնեին, այդ ընթացքում ինչքան սրտներն ուզեր, ուտեին: Միակ պայմանը ողկույզը որթից ամբողջական քաղելն էր: Որ վազը չվերքոտեր, մյուս աշնանն էլ բերքն առատ լիներ:
Տարիներն անցնում էին, ու որքան էլ Վարուժանը, ընկերները՝ Միսակը, Հակոբը, Նուբարը բացակայեին, նրանց հաջողությամբ դասարանից դասարան էին փոխադրում. երկրում պարտադիր յոթամյա կրթություն էր սահմանված, երկտարեցի չունենալը, բարձր առաջադիմությունն ապահովելը մանկավարժական կոլեկտիվների կրթադաստիարակչական աշխատանքի արդյունավետությունը պիտի հավաստեր:
Մեկ էլ, 7-րդ դասարանում, դպրոցն անսպասելի գրավեց Վարուժանին: Դպրոցով հմայվեց: Նախորդ երեկո դասղեկը լուր էր ուղարկել տուն, խնդրել էր, որ հաջորդ օրը անպայման ներկա լինի. շրջանային ժողկրթբաժնից դասա­լսումների էին գալու, շատ կարևոր էր, որ բացակա չլիներ: Իբր դասղեկին վաստակավորի կոչման ներկայացնելը դրանով պիտի որոշվեր:
Վարուժանը որքան մեծանում, այնքան ավագ եղբորն էր նմանվում, Ֆրանսիայում ծնված չլինելով, Ֆրանսիայում երբեք եղած չլինելով հանդերձ, ֆրանսիացի էր դառնում: Նրա պես խաժաչք էր, նրա պես մազերը խնամքով հարդարում, մեջտեղից ճեղք էր բացում, մեծ մասը՝ աջ, փոքր մասը ձախ էր սանրում: Եթե եղբայրը դեռ քնած էր լինում, թաքուն անուշաբույրերով էլ էր ցողվում: Արտաքինը նրա համար կարևոր չէր, ուղղակի շուտ մեծանալ էր ուզում:
Դասալսման ամբողջ ընթացքում Վարուժանը ձանձրանում, դասամիջոցի զանգին էր սպասում: Քառասունհինգ րոպեները ձգախեժի պես երկարում, անվերջանալի էին թվում: Մեկ էլ նկատեց, որ առաջին նստարանին, ուսուցչի գրասեղանի դիմաց նստած Լաուրան, որ ցորենագույն հյուսքեր, հյուսքերին թառած ճերմակ ժապավեններ ուներ, շրջվել, նայում է իրեն ու ժպտում: Վարուժը զարմացավ, դասամիջոցին ուզեց պարզել, թե Լաուրան ո՞ւմ, ինչի՞ էր ժպտում, տեսավ աղջիկները միջանցքի անկյունում հավաքվել են իրար գլխի, նայում են իրեն, քչփչում ու ժպտում: Քչփչում էին մյուսները, Լաուրան էր ժպտում:
Դասերից հետո Վարուժը տուն եկավ, ու ինչքան էլ մայրը հորդորեց, ուտել չուզեց՝ «Սոված չեմ, մա՛մ»: Կծկվել էր առմուտքում հոր հարմարեցրած քարե նստիքին, ուրախ էր, թե՞ տխուր, չէր հասկանում: Այդպես մտամոլոր, ինքն իրենից ոչինչ չհասկանալով, ընդհանրապես ոչնչից ոչինչ չհասկանալով, անկողին մտավ ու քնեց միայն այն ժամանակ, երբ որոշեց, թե հաջորդ օրը ինչ պիտի անի: Առավոտյան բոլորից վաղ արթնացավ, տան առջևի՝ մոր խնամած ծաղկանոցից խոշոր, ամենախոշոր վարդը պոկեց, խնամքով թղթի մեջ փաթաթեց, հավաքարարներից առաջ դպրոց հասավ, Լաուրայի գրասեղանի դարակը դրեց, իր տեղն անցավ, սպասեց:
Բա որ դասի չգա՞:
Եկավ, վարդը տեսավ, հոտոտեց, շրջվեց իրեն, ժպտաց:
Վերջին դասին առաջինը դուրս պրծավ, շրջաբակում Լաուրային սպասեց: Նա վարդը ձեռքին իջավ, նստեց իրեն սպասող հոր ծառայողական սև ինքնաշարժը, որի դռնակը նրա համար վարորդը բացեց-փակեց, ու գնաց: Վարուժը ատելությամբ լցվեց ծառայողական այդ սև ինքնաշարժի, Լաուրայի առաջ դուռը բացող-փակող վարորդի նկատմամբ, որն իրենից խլեց-փախցրեց դասընկերուհուն: Նա նրան շատ կարևոր ասելիք ուներ: Թե ի՞նչ՝ դեռ չգիտեր:
Հայրը կիսակառույց առանձնատան նկուղում, ամենախուլ անկյունում կոշիկ էր վերանորոգում: Այս երկրում մասնավոր աշխատանքն արգելված էր, եթե տեսուչները բռնեին, ահռելի հարկ կպարտադրեին: Բռնում էլ էին, բայց պարոն Նժդեհը ամեն անգամ կաշառք էր տալիս, գլուխը պրծացնում: Ապրել պետք էր:
Գիշերը Վարուժանը խարխափելով նկուղ իջավ, հոր ամենաերկար, ամենասուր բիզը գտավ, պայուսակում թաքցրեց:
Հաջորդ օրը շրջաբակում սպասեց, հենց ծառայողական ինքնաշարժը տեղ հասավ, հետևից աննկատ մոտեցավ, սև, երկար բիզը մինչև վերջ անվադողը խրեց, մոտերքում թաքնվեց:
Զանգը տվեցին, Լաուրան պայուսակը ճոճելով, դասարանի աղջիկների հետ ճռվողելով շրջաբակ իջավ:
Վարորդն ընդառաջ գնաց.
– Լաո՛ւր ջան, հետևի դողը ծակվել է, կսպասե՞ս, շուտ գնամ փակցնեմ, գամ: Հետո հայրիկիդ էլ շտապ տեղ պիտի տանեմ:
– Ինչքա՞ն սպասեմ,- շրթունքներն ուռեցրեց աղջիկը:
Վարուժանը թաքստոցից ելավ.
– Դուք մի՛ անհանգստացեք, հանգիստ Ձեր գործին գնացեք, ես Լաուրային տուն կուղեկցեմ:
Նա մազերը առանձնահատուկ խնամքով սանրել, մեջտեղից ճեղք բացելով չէր գոհացել, եղբոր քսուքով փայլեցրել էր: Նրանից օտարոտի, բայց հաճելի անուշահոտություն էր բուրում:
Վարորդը ոտքից գլուխ չափեց.
– Լաուրա՛ ջան, այս տղային ճանաչո՞ւմ ես:
– Ո՜նց չէ, յոթերորդ տարին է միասին ենք սովորում, մեր դասարանի ամենալավ աշակերտն է:
– Այդ դեպքում՝ գնացեք,- համաձայնեց վարորդը,- ես ձերոնց կզանգեմ, կզգուշացնեմ:
Քիչ անց Լաուրան կարծես Վարուժանին մոռացավ: Նա յոթ տարի հոր ծառայողականով էր դպրոց գնացել-եկել, չէր իմացել, որ հանդիպակաց հովտում խաղողի անծայրածիր այգիներ կան, որ այն կամրջի տակով, որով երթևեկում է ամեն օր, հորդ, շառաչուն գետ է հոսում:
– Կանգնենք, ալիքների ձայնը լսենք,- «Հաղթանակ» կամրջի չուգունե բազրիքին հենվեց աղջիկը,- ափսոս, երթևեկության աղմուկը խանգարում է:
– Եթե ուզում ես, ափ իջնենք,- առաջարկեց տղան,- երթևեկության ձայները չեն լսվի:
Աղջիկը սոսկումով կիրճին հակվեց.
– Վախենալու չի՞:
– Ի՜նչն է վախենալու,- ծիծաղեց տղան,- մենք ամբողջ ամառը ձորում ենք անցկացնում, լողանում ենք, ձուկ որսում:
Իրար ձեռք բռնելով, քարակարկառներից կառչելով ափ իջան: Տղան իսկապես ձորի ամեն անկյունը գիտեր: Նստեցին ափի հարմար մի քարի, գետին նայեցին: Ամպշող հետկեսօր էր: Ալիքները հայտնի չէ որ բարձունքից գահավիժում, բախվում էին ժայռերին, ծիածանագույն ջրափոշի ցողում երկուսի դեմքին: Կոհակների ցնցումից գետի վրա կռացած թթենիները տարուբերվում էին, սև ու սպիտակ թութ տեղում: Ձկները չէին թողնում, որ թութը ալիքներին խառնվի, կորչի: Ցատկում էին արծաթափայլ ցոլքով, որսում էին ու էլի անհետանում ջրերի խորքում:
– Ի՜նչ սիրուն է,- տղային սեղմվելով խոստովանեց աղջիկը,- այսպիսի տեսարան կյանքումս չէի տեսել:
Տղան հիշեց, որ ինքը ծառայողական ինքնաշարժի դողը ծակել է, որպեսզի աղջկա հետ մենակ մնա, շատ կարևոր բան ասի, բայց չիմացավ, թե ինչ: Այսինքն՝ երբեք էլ չէր իմացել:
– Ուշ է, գնա՛նք, մերոնք կանհանգստանան…
Լաուրայի հոր ծառայողականի դողը էլի երկու անգամ ծակվեց, երրորդ անգամ Լաուրան խնդրեց.
– Գնանք այն սիրուն տեղը, ուր դու ինձ առաջին անգամ տարար…
– Ինչո՞ւ ,- պարծեցավ տղան,- ձորում այնքա՜ն սիրուն տեղեր կան:
– Չէ՛, այդ տեղն եմ ուզում,- պնդեց աղջիկը:
Հասան նույն քարին: Նստեցին: Տղան նկատեց, որ աղջկա դեղձայտերը շառագունել են: Արտևանունքները դողդողում էին:
– Վարուժա՛ն,- աղջիկը առաջին անգամ նրա անունը լրիվ արտասանեց,- երեկ ես ամբողջ գիշեր մտածել ու համոզվել եմ:
– Ի՞նչ,- թրթռաց տղայի ձայնը այնպես, ինչպես աղջկա արտևանունքներն էին թրթռում:
– Որ ես… որ ես… քեզ սիրում եմ:
Տղան վերջապես հասկացավ, թե ինչ էր ուզում ասել աղջկան ու գլխի չէր ընկնում:
– Ես էլ…
Հետո Վարուժանը երկար տարիներ կհիշի այդ պահն ու ամեն անգամ կափսոսա, որ չհամարձակվեց, չհամբուրեց Լաուրայի շառագունած դեղձայտը…
Երբ նրանք իրար ձեռք պինդ, շատ պինդ բռնած քարափից բարձրացան, կամրջի հարթակում կոստյումով, փողկապով, լայնեզր գլխարկով նրանց սպասում էր Լաուրայի հայրը: Կողքին՝ վարորդը: Կողքին՝ ծառայողական ինքնաշարժը:
– Խուլիգա՛ն,- հայրը շառաչուն ապտակեց Վարուժին,- ես քեզ բանտ կնետեմ, օր-արևից կզրկեմ, էդ ո՞ւմ աղջկան…
Հաջորդ օրը Լաուրան դպրոց չեկավ:
Երկրորդ օրն էլ:
Երրորդ օրն էլ:
Չորրորդ օրվանից տղան էլ սկսեց չգալ:
Նրանք իրար հանդիպեցին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։