… Հայը մուկ է…
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
… Միջնեկ քույրս առնետներին սիրում էր նույնքան, որքան մկներին, մկներին նույնքան, որքան շներին, շներին նույնքան, որքան թռչուններին: Բայց կատուներին… Ամենաշատն էր սիրում, ու ինքն էլ փիսոյի նման էր՝ օրոր-շորոր, խաղաղասեր, ինքնամփոփ, ախորժակը տեղը մի թմբլիկ արարած: Շշուկով էին պատմում, որ նախադպրոցական տարիքում մկներին բռնել ու ետ է բաշխել իրենց կյանքը: Ավելին: Ցորեն էր տալիս, շոր-մոր էր կարում: Ում բռներ, զոռով կհագցներ: Որոշ մկներ ո՛չ էլ վախենում էին՝ իրենց ոտով էին գալիս քրոջս մոտ: Բայց առնետնե՜րը… Նրանք ուրիշն էին: Գալիս, հեռվում լռվում, նայում-նայում, ապա հեռանում էին… Չէին մոտենում, չէ, բայց այնպես ուշադիր էին նայում քրոջս դեմքին, ասես հին ծանոթներ էին…
… Մեր կատուները մուկ բռնում էին, առնետ՝ չէ: Պատահել է առնետի հետ կռիվ տալուց վիրավորվող է եղել: Պատահել է նաև, կատուն խոշոր առնետ է խեղդել, բայց դա՝ հազարից մի անգամ: Քույրս այդպես էլ վիրավոր կամ սատկած մկան չտեսավ, նրանք կամ անհետանում էին, կամ նորից հայտնվում: Բայց չորրորդ խեղդվածի վրա նրա ներսում ինչ-որ բան ավերվեց:
* * *
… Մայրս ջոկել, լոբեղենի միջից անզեն աչքով ու անձեռնոց մատներով սեղանին էր շարել մկների հուլունք-հուլունք ծեռտերը: Մուգ-շագանակագույն, ավելի խոշորները առանձին:
Պա-պա-պա-բա՜մ… Նրանք՝ առնետները, մոտակայքում են… Հայրս եկավ, տեսավ: Ու հաջորդ առավոտի հետ մի պետական աշխատող հայտնվեց ու ասաց.
– Ահա ձեզ դեղ, ցանեք ամեն քունջ ու պուճախում, որ իսպառ վերանան, շատ վտանգավոր են: Երեխեքին լծեք էդ գործին, թող առնետների հախից հենց իրենք գան:
Եվ ավելացրեց.
– Մի քանի հարյուր տարի առաջ էդ պռճոկվածները Ֆրանսիայի նման երկրում ժանտախտ են առաջացրել: Նրանց վերացնելը բարեգործություն է:
* * *
… Մենք ճանճերին խփում և շարում էինք լուսամուտագոգին, որ չորանան, ճանճի չիր դառնան, ապա զետեղում էինք լուցկու դատարկ տուփերի մեջ: Մենք նրանց շատ քաղաքավարի էինք սպանում, չվնասելով, որպեսզի մեռած վիճակում էլ հաշվելի մնան: Հայրս մեկ ճանճը գնահատում էր 1, իսկ մեկ տուփ ճանճը՝ քսան կոպեկ: Տուփերի մեջ ավել կամ պակաս չէինք էլ լցնում, ու հայրս չէր ստուգում՝ «փափախե արե՞լ ենք, թե՞ չէ: Մեզ վճարում, իսկ մեր՝ խնամքով դասավորած տուփերը շպրտում էր մոտակա առվակը: Ասեմ, որ ոչ մեկի մտքով չէր անցնում խաբել հայրիկին ու չէինք էլ սխալվում մեր հաշվի մեջ:
Ես այդ օրերին վեց տարեկան էի, բայց մինչև քսանը հաշվել սովորեցի՝ շնորհիվ ճանճասպանդի:
Քսան կոպեկով այն օրերին հնարավոր էր գնել երկու փուչիկ, մեկ երկնագույն հյուսված սարի ծամոն, երկար կոնֆետ, մեկ տուփ լուցկի, մեկ հացիկ կամ… մեկ մեծ շոկոլադապատ էսկիմո:
Ժեկի աշխատողը յուրաքանչյուր առնետի գինը հորս խորհրդով քսան կոպեկ սահմանեց: Միջնեկ քույրս ստանձն առավ առնետասպանդը ղեկավարելու գործը: Պետական այրը ասել էր՝ ինքս եմ հաշվելու. սպանվածներին խնամքով կշարեք պատի տակ, ավելով բահիկին (բահիկը՝ սավոկ), բահիկից էլ ավելին փոխանցելով: Նրանք խաբեցի՜ն մեզ, երեխաների՜ս… Հայր ու պետություն խաբեցին մեզ… Խաբեցի՜ն… Քույրս շարքեշարք և խղճահարությամբ անցնում էր իր հետ այդպես էլ չընտելացած այդ արարածների կողքով: Նրանք բազում էին՝ ամենքը ոտները տնկած, աչքերն ու չանչերը չռած ու երկար-բարակ պոչները մեկնած: Շրջելիս մտածում էի, եթե իրենք վճարեին, հաստա՛տ կմեղմանար տխրություն-խղճահարությունը:
Առնետալեշերի բազմության դիմաց շվարած մեր կատուն մռլտում-ղզղնում էր… Շատ է պատահել՝ ծնող առնետների հետ կռվի բռնվի, խեղդի ու շպրտի կամ առնետաճուտ ջարդրտի սեփական թաթերով…
Հայրս բազում նվերներ գնեց մեր՝ քիլլերներիս համար (նա շատ առատաձեռն էր), բայց այդպես էլ առատաձեռն գումար՝ քսանական կոպեկանոցներ չտվեց ո՛չ քրոջս, ո՛չ մեզ, այլ հայտարարեց. «Երեխաներին փող տալ չի կարելիե:
Ես… միայն երեկ իմացա, որ կենդանական աշխարհի բարեկամ, կենդանիների հովանավոր ու պաշտպան միջնեկ քույրս, ով, ըստ իս, ժամանակին առնետներին էլ է հացավորել, գթացել, պրծացրել կատվի ժանիքից, դեռ… ութ տարեկանում է եկել նրանց հախից, անձամբ սպանելով քսանին, և այդպիսով նրանց տալով ուժեղ դաս:
«Ես արդեն 43 տարեկան յեքա էշ եմ,- ասում էի երեկ ես նրան,- բա՜յց… քո նման խղճով, բարի՜ մարդու դեռ չեմ հանդիպելե: Ես նրան առերես գովաբանում, ամպերից վերև էի հանում իր խղճի համար, երբ ինձ պատմեց առնետասպանդը: Այն ես բոլորովին չէի հիշում:
«Երկու օրում ես քսան առնետ եմ սպանել, ու յուրաքանչյուրին վերացնելիս մտածել եմ՝ սա արժե 20 կոպեկ, դա արժե 20 կոպեկ, նա արժե 20 կոպեկ: Դոկտորական երշիկ շա՛տ եմ սիրում, չէ՞, բայց ինքս դեղերը խոթեցի երշիկի մեջ ու… հանուն 20 կոպեկի, ո՛չ հանուն կատվի ու ո՛չ էլ ընդդեմ ժանտախտիե,- ասաց նա:
Նրա… այդօրինակ խղճահարությունը, որ զուտ ֆինանսական էր, արագորեն փոխանցվեց ինձ, ու ես իմ կյանքում առաջին անգամ ինձ առնետ զգացի: Ես մտաբերեցի, թե ինչպես վառարանի երկաթե-լոլոզ բահիկով սպանեցի ինքս ինձ, դեռ մի տասներկու տարի առաջ… Հետո խոհանոցի դուռը փակեցի հոգեվարք տանող կոկորդիս վրա… Ինձ… փող պետք չէր այդ պահերին, եթե անգամ ողջ մնայի. չէ՞ որ ես առնետ էի: Ավլեցի ինքս ինձ, տնից ինքս ինձ հանեցի… Ու շպրտեցի՜… այդ՝ ի՛նձ շպրտեցի բանուկ փողոց, բայց հանկարծ գիտակցելով, որ մեքենաները կաղիքաբանե՜ն… Վազեցի մո՜տ… մո՜տ վազեցի թշվառ իմ մարմնին: Հանդիսավոր ժեստով, տեսցնելով ու լսեցնելով իրականությունը վկաներին, ես ինձ վերստին ավլեցի միևնույն բահիկին ու հանդիսավոր դանդաղկոտությամբ տարա՜ ինձ աղբանոց՝ հարևաններիս երջանիկ շախա-շուխաների ներքո: «Ո՞վ կթաղի սրան: Իհարկե եսե,- բղավելով… «Մեր տան տակ էլ շատ կան դրանցիցե,- ծվծվում ու ծղըրտում էին հռհռալուց լացախառն դարձած ձայները, և որքան լրջանում էր դեմքս, նույնքան շատանում էր ծիծաղը՝ բաց մնացած բերանների, բոլոր…
… Դա… կատարյա՛լ ներկայացում էր. իմ մարմինը ես պառկեցրի, ավելի ճիշտ՝ դրեցի ամենամեծ տարայի մեջ, և քանի որ լիփ-լիքն էր, պատերազմ ու տառապանք տեսած մեր սրտերի նման, բարձր ու ապահով պահեցի իմ դին՝ երկնքի ներքո…
… Ամեն բանը տխուր կամ տհաճ լինելուց առաջ գեղեցիկ էր… Իմ լեշը տաքանում էր ոսկեգույն ծնծղաների նմանված մետաղաթիթեղների կողքին… Այդ օրերին ում մեքենան որ վթարվեր, ավելորդ մետաղները աղբանոցն էին նետվում, և… Արև կար այդ օրը, և քանի որ աղբանոցը մի մեծ տարածքի է սպասարկում և ոչ միայն մեծ է, այլև շատ հարմար ու… ձորի մեջ է, իսկ այդ ձորը սար է ներքևում ապրողների համար, զի սա կոչվում է Սարի Թաղ, ու քանի որ ոսկեգույնը միակ կրկներգն էր օրվա, ինչպես Արևը միակ կրկներգն էր Երկնքի, ամեն բան… տհաճ կամ տխուր լինելուց բացի, գեղեցիկ էր…
Ու վերևում՝ Կարմիր դպրոցը, իսկ Աղբաձորից վեր կանգնած կարմիր դպրոցից էլ վեր էլի շատ ու շատ տներ կան, իսկ ամենավերևում Մայրուղին է. այն կապում է Թոխմախի գերեզմանատունը հեռվից փեթակ հիշեցնող թաղերին, Էրեբունին ու Նոր Արեշն էլ՝ Հին Նորքի հեռուստաաշտարակի կողքով ձգվող նորանոր շեներին…
* * *
… Ես… մի ընկերուհի ունեի. հանճարեղ, մակարդակով, բարեսիրտ աղջիկ էր: Քյավառեցի Մանյան: Նա ինձ հպարտությամբ էր ասում, որ ինքը համաստեղությամբ Առնետ է.
– Ես Առնետ եմ:- Ասում էր:- Ներողամիտ եմ, խելացի ու բիթի… Քեզ մի բան պատմեմ. այն շատ բնորոշ է առնետին՝ Առնետն ընդունակ է ինքն իրեն դրսի աչքով նայելու: Մի օր… Գոհարիս ասեմ… ավտոբուսով տուն եմ գալիս, տղայիս ու ամուսնուս հետ եմ: Նայում եմ՝ մի կանգառ առաջ, որ պիտի իջնեմ, մի մեծ խանութի դիմաց հերթ է: Ձվի: Մեկ էլ ի՜նչ տեսնեմ, իմ անձրևանոցով մի կին (այդ անձրևանոցից դեռ չէի տեսել որևէ մեկի հագին), նույն իմ սանրվածքով, իմ բոյի, իմ ոճի, մի բջիջ ձու առավ ու հեռացավ հերթից:
«Ուխե,- գոչեցի ես՝ Մանյաս, ապա մտովի ուրախացա. «Մանյան ձու առավե: Էս հոգնած հալիս հետ էլ տուն հասնելուցս հետո չեմ իջնի մի կանգառ ներքև ու հերթ չեմ կանգնի: Ես… ծափ զարկեցի: Ինձ զարմացած նայողները է՞լ ինչքան կզարմանային, եթե գլխի ընկնեին, որ Մանյան հենց ես եմ ու ավտոբուսի միջից նայելիս ինքս ինձ շփոթել եմ ուրիշի հետ: Ամուսինս արդեն վարժվել էր նման բաների, միայն զգուշացրեց, որ սուս մնամե:
* * *
Միջնեկ քույրս… շարունակում էր տանջվելով խոսել իր երբեմնի առնետների մասին:
Տնից դուրս էի գալիս արդեն, ձեռքերը աջ ու ձախ տարածելով, ավելացրեց.
– Հա՜: Քեզ մոռացա ասեմ. ու լավ է, որ ինձ խաբեցին պապան ու պետությունը՝ չվճարելով յուրաքանչյուր առնետի դիմաց 20-ական կոպեկ: Այդ օրվանից ես… էլ ընդունակ չեմ քիլլեր աշխատելու…
Իմ ծիծաղն եկավ ու այնպես շողշողացի, որ շիլացա, ու ողջ աշխարհը արթնացավ իմ մեջ, իր ամեն ինչով ու… ի՜նչ տեսնեմ:
Իմ ընկերուհի Մանյան, որ հիմա Բելգիայում է բնակվում, եվրոդահլիճներից մեկում հանկարծ ոտքի կանգնեց ու (իմ այս բիստրո-բլից տեսիլքում) բուռն ծափահարեց քրոջս վերջին հայտարարությանը… Նա նկարչուհի է, հենց հիմա էլ, բայց… միա՜յն մարդ է նկարում:
«Ի՞նչ եղավ քեզե,- հարցրեց քույրս:
«Ես… Ես նկա՛ր եմ տեսնումե,- պատասխանեցի…