Էդգարի հիշատակին
– Թյո՛ւ,– մեքենայի ետևից նետեց մեր հարևանուհի Սանամ տատը: Իսկ մեքենան այնքան շքեղ էր, որ բոլորը, ովքեր բակում էին, բերանները բաց դրան էին նայում: Փայլակը դուրս բերեց մեքենան նորակառույց ավտոտնակից և հանդիսավորությամբ հեռացավ: Բակում դեռ երկար ժամանակ տատանվում էր օծանելիքի բույրը, որով ներծծված էին և՛ մեքենան, և՛ ինքը՝ Փայլակը: Դա հիմա է, որ նրան Փայլակ են անվանում: Ոմանք նույնիսկ՝ Փայլակ Ժորաևիչ, իսկ խորհրդային տարիներին, երբ ես դեռ լույս աշխարհ չէի էլ եկել, նրան, չգիտես ինչու, Բայբակ են կոչել, թեև, ինչպես ասում է մեր մյուս հարևան Նշան Գաբրիելովիչը, նա մի քանի փորձ անելուց հետո նույնիսկ կուսանդամ է դարձել: Բայց երբ Հայաստանն անկախացավ, Փայլակը պատռեց իր կուսակցական տոմսը, իսկ Նշան Գաբրիելովիչն ասում է, որ իզուր՝ հիմա Ամերիկայում խորհրդային կուստոմսի համար երեք հազար դոլար են տալիս: Ես այդ ամենից առանձնապես գլուխ չեմ հանում, թեև մեր ողջ բակը գիտի, որ դրանից հետո Փայլակն արդեն հասցրել է 5-6 կուսակցություն փոխել: Նշան Գաբրիելովիչը գտնում է, որ այդ կուսակցություններն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, թեև ամեն մեկն ունի իր արտոնությունները: Դա լավ էլ երևում է, հատկապես՝ մեքենաներից: Սկըզբում, անկախության այն ցուրտ ու մութ տարիներին, Փայլակի մոտ հայտնվեց առաջին մեքենան՝ հալից ընկած, ծռակող, ժանգոտ ու լաքապատ. տեղով մեկ՝ ծիծաղ: Աջակողմյան դուռն էլ ներսից ոչ մի կերպ չէր բացվում: Փայլակն ստիպված էր լինում մեքենայից դուրս ցատկել, վազել դեպի դուռը և ողջ թափով այն քաշել դեպի իրեն: Ի վերջո դուռը սպառնագին ճռռոցով բացվում էր, և մեքենայից դուրս էր ցցվում Փայլակի կին Մադլենայի տձև ոտքը: Փայլակն այդ ժամանակ ավտոտնակ չուներ: Նա մեքենան թողնում էր բակում, բայց ոչ ոք դրա վրա աչք չէր տնկում, այնքան հալից ընկած էր: Հետո նա մի քանի մեքենա փոխեց, և ամեն անգամ նորը նախորդից լավն էր: Հիմա, ի վերջո, հինգերորդ թե վեցերորդ մեքենան դուրս եկավ բակից, և Սանամ տատը ոչ միայն թքեց ետևից, այլև արհամարհանքով ինչ-որ բան քրթմնջաց, իսկ Նշան Գաբրիելովիչը, նրա վրա ուշադրություն չդարձնելով, բացատրեց, որ կան մեքենաներ ու կա «Մերսեդես», և եթե Փայլակ Ժորաևիչը «Մերսեդեսի» տեր է դարձել, ուրեմն նորից է փոխել կուսակցությունը, և չի բացառվում, որ այս անգամ պատգամավոր էլ դառնա:
Հենց այդ ժամանակ վերջին մուտքից իր Բիմ շնիկի հետ դուրս եկավ Լեսյա մորաքույրը: Նա, չգիտես ինչու, ուշացել էր. սովորաբար նա Բիմին տնից հանում էր ժամը ութի կողմերը: Եվ այդպես՝ օրը երկու անգամ, առավոտյան ու երեկոյան, բոլոր յոթ տարիներին, այն պահից, երբ ջրահեղձ եղավ նրա տասնութամյա թոռ Էդոն: Եվ հենց Լեսյա մորաքույրը հայտնվում էր բակում, շուրջբոլորը կարմրագույն երանգ էր ստանում՝ գետինը, ծառերը, տաղավարը, որ ընկերների հետ Էդոն էր կառուցել, տները, երկինքը… Ամեն ինչ կարմրավուն էր դառնում: Նույնիսկ, երբ անձրև կամ ձյուն էր տեղում: Նկատո՞ւմ էր, արդյոք, Լեսյա մորաքույրը այդ կարմրավուն երանգը. ես այդ մասին նրան չէի հարցնում, որ հանկարծ չհիշի, թե ինչպես Էդոն կարմիր ֆուտբոլկայով գնդակ էր խաղում… Ես պատուհանից հետևում էի Էդոյին կամ բակ էի դուրս բերում ծալովի աթոռիկը և նստում ծառի ստվերում: Գնդակը երբեմն գլորվում էր իմ կողմը, և Էդոն վազում էր դրա ետևից:
– Քրիստի՛կ,– մի անգամ ասաց նա՝ հասնելով ինձ,– եթե գնդակը գլորվի քո կողմը, պաս տուր:
Նրա աչքերը շատ գեղեցիկ էին, փայլուն, և ասես հոգուդ մեջ էին թափանցում:
Երևի ես սիրահարվեցի, թեև ընդամենը ինը տարեկան էի: Թե չէ ինչու պետք է ինձ պատկերացնեի հարսանյաց ճերմակ զգեստով, կողքիս էլ՝ Էդոյին: Ես հիմա էլ եմ այդ ամենը պատկերացնում, երբ տաղավարից, որտեղ նա կիթառ էր նվագում ու երգում իր երգերը, օդի թեթև հոսանքը բերում է՝
Քեզ կանչեցի,
Ու երեկոն հանկարծ ժպտաց,
Լուսավորվեց
Մեր փողոցը՝ խավարած…
Բայց այդ ամենի մասին էլ ես Լեսյա մորաքրոջը չեմ ասել: Եվ մեկ էլ չեմ ասել, որ երբ ինձ մեծ թախիծ է համակում, երկար նստում եմ տաղավարում, որտեղ բոլոր արցունքները վաղուց չորացել են, մնացել են միայն երգերը:
Եվ այդպես, երբ Փայլակը գնաց, Սանամ տատը թքեց ու ինչ-որ բան քրթմնջաց, իսկ Նշան Գաբրիելովիչը բացատրեց, թե ինչ են մեքենաներն ընդհանրապես և «Մերսեդեսը» մասնավորապես, Լեսյա մորաքույրը Բիմին զբոսանքի հանեց ու նրա հագին, ինչպես միշտ, տնային շոր էր, և ինչպես միշտ՝ մի ձեռքով պինդ բռնել էր վզափոկը, որ Բիմը չպոկվի-փախչի, իսկ մյուսով՝ ցելոֆանե տոպրակը՝ մեր բակում ապաստանած շների համար ուտելիքով:
Արևը բարձրանում էր, բարձրանում… Լեսյա մորաքույրը կերակրում էր մոլորյալ շներին, և շուրթերը սեղմած նրան էին նայում Մադլենան, նրա ընկերուհի Սիլվան, որի բնակարանից օրուգիշեր քյուֆթայի հոտ էր գալիս, և նույնիսկ Նշան Գաբրիելովիչը: Եվ բոլորը, ովքեր այդ ժամանակ նայում կամ չէին նայում Լեսյա մորաքրոջը, գիտեին, որ նա նախ երշիկի մի կտոր կնետի Քուչո թուլային, որի համար խելքն իրենը չէր, իսկ բաց դարչնագույն, աղվեսիկի նման հղկված մռութիկով նրա մայրը համբերատար կսպասի իր հերթին: Գիտեին նաև, որ սկզբից թուլաները երկուսն էին, բայց մեկին, որ ավելի փոքրամարմին էր, անծանոթ տղաները տարել էին, ու Լեսյա մորաքույրը ծածկապատշգամբից գոռացել էր. «Էդ ուր եք դրան տանում, չսպանե՛ք»:
Մադլենան, Սիլվան ու էլի մի քանի հոգի բամբասում էին Լեսյա մորաքրոջը՝ «Թափառական շներին է հովանավորում, իսկ դրանք տեղով կեղտ են»: Մադլենան նույնիսկ ջուր էր լցնում ծառի տակ գտնվող փոսի մեջ, որտեղ գիշերում էր Քուչոն՝ քիթը խոթած պոչի տակ: Քանի՜-քանի անգամ Լեսյա մորաքույրը Փայլակի կնոջն ասում էր, որ խոնավությունից մորթին քեչա է դառնում ու երևի թե ցավ պատճառում Քուչոյին, բայց Մադլենան, միևնույն է, ջուր էր լցնում փոսի մեջ: Երբեմն Քուչոն անհետանում էր՝ մեկ, երկու կամ երեք օրով: Լեսյա մորաքույրն անհանգստանում էր: Մայր-աղվեսիկի առաջը կեր գցելով, հարցնում էր. «Ո՞ւր է մեր Քուչոն»: Հայտնվում էր Քուչոն անսպասելի, կաղալով. արդեն հասցրել էին թաթը վնասել: Գիշուկը հեչ մորը չէր քաշել: Փողոց էր դուրս գալիս կամարի միջով, իսկ վերադառնում էր ինչ-որ շըրջանցող ճանապարհով ու կանգ առնելով վերջին մուտքի առաջ, գլուխը վեր ցցած՝ բակը լցնում էր զրնգուն հաչոցով: Իսկ վերևից ուրախ բացականչություններով ուղեկցված, ցած էին նետվում շան ուտելիքի պաշարները, որ Լեսյա մորաքույրը հավաքել էր նրա համար:
Հուլիսի սկզբներին Քուչոն, ինչպես սովորաբար, կամարի տակով դուրս գնաց ու չվերադարձավ: Անցավ մեկ ամիս: «Ո՞ւր է, ո՞ւր է մեր Քուչոն»,- հարցնում է Լեսյա մորաքույրը մայր-աղվեսիկին: Իսկ ինձ ասաց. «Եթե Քուչոն կենդանի է, միևնույն է, կվերադառնա: Շները բարին չեն մոռանում»: Հավատո՞ւմ էր, արդյոք, Լեսյա մորաքույրն իր ասածին: Ինձ թվաց, որ նա լացել է:
Իսկ ամառը գլորվում էր, գլորվում: Ես վաղ էի արթնանում: Եվ քանի որ առավոտն ու Էդոն երկվորյակներ էին, մտքերս, ինչպես հազիվ նշմարելի հառաչ, սլանում էին դեպի տաղավար.
Քեզ կանչեցի,
Ու երեկոն հանկարծ ժպտաց,
Լուսավորվեց
Մեր փողոցը՝ խավարած…
Այդ առավոտ ամեն ինչ սովորականի պես էր: Ժամը ութի կողմերը Լեսյա մորաքույրը զբոսանքի հանեց Բիմին, մայր-աղվեսիկին կեր տվեց, հարցուփորձ արեց Քուչոյի մասին (դեռ հույսը չէր կտրել) և, շուրջբոլորը կարմրավուն դարձնելով, բարձրացավ իր հարկը: Փայլակն այս անգամ ավտոտնակից հանեց հսկա տանկի նմանվող սև մեքենան, որում բազմել էր Մադլենան, և գնաց: Սանամ տատը ինչ-որ հայհոյանք տվեց: Նշան Գաբրիելովիչը բացատրեց, որ «Համմեր» գումարած «Մերսեդեսը», հանաք բան չէ, և այնտեղ, որ ծաղկաթումբն ու տաղավարն են, կառուցել են մեծ գարաժ: Փայլակ Ժորաևիչը տիկին Մադլենայի համար «ԲՄՎ» էր գնել:
Այդ պահին ամեն ինչ կաս-կարմիրով ծածկվեց. գետինը, ծառերը, տները, երկինքը… Ասես ճչում էին՝ «Ձեռք մի՛ տվեք տաղավարին, հարևաններին, այնտեղ թաքնված են երգեր-երգեր, այնտեղ սիրտ է տրոփում, աչքեր կան, շունչ, թող մնա տաղավարը որպես մի հուշ: Տաղավարից հեռո՛ւ, հեռո՛ւ գնացեք, թողեք գոնե բոթաս, գնդակ ու կասետ»…
Եվ մինչ այս ամենը՝ ճիչ և «Համմեր», Փայլակ ու տաղավար, Նշան Գաբրիելովիչ ու գարաժ… Քուչոն՝ կեղտոտ ու գզգզված, հանկարծ ոնց որ գետնի տակից բուսնեց վերջին մուտքի առաջ, և գլուխը վեր ցցած, ուրախ ու բարձր հաչոցով տեղեկացրեց իր ժամանման մասին: Լեսյա մորաքույրը, համարյա գլորվելով աստիճաններից, արդեն ներքևում էր ու շոյում, շոյում էր նրան, իսկ մայր-աղվեսիկը, մոտենալով, համբերատար սպասում էր իր հերթին, որ լպստի ձագի մռութը: Իսկ բոլորը, ով ականջ ուներ, լսեցին, թե ինչպես Սանամ տատը ողջ բակով մեկ ասաց.
– Բայբակն օրը մի կուսակցություն ա փոխում, Քուչոյի չափ էլ չկա: Շունը որ շուն ա, մի դռան ա հաչում:
Անցան բուլդոզերը, Փայլակի սև տանկը: Ամպրոպն էլ անցավ: Իսկ տաղավարն ու երգերը ասես երբեք չէին էլ եղել: