ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ / Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Մոսկվաբնակ գրող, հրապարակախոս և գրականագետ, Ռուսաստանի գրողների միության անդամ Կարինա Զուրաբովայի արձագանքը արձակագիր, թարգմանչուհի Անահիտ Խարմանդարյանի «Ծեր պրոֆեսորի պատգամը» (վիպակներ և պատմվածքներ, ռուսերեն) գրքի լույսընծայման առիթով (Երևան, 2019):
Կարինա ԶՈՒՐԱԲՈՎԱ

Մեր ծանոթության քառասունհինգ տարիների ընթացքում Անահիտ Լևոնովնան, ազնիվ խոսք, քիչ է փոխվել: Արտաքնապես: Բայց նրա ստեղծագործություններում փոփոխությունները շատ են նկատելի: Ի՛նձ համար: Ինքն էլ դա գիտի. իզուր չեն գրքի առաջին բաժինը բացում դեռևս 70-ականներին Գրականության ինստիտուտում գրված «վաղ շրջանի վիպակները»: Դե, դժվարը սկի՛զբն էր:
Իսկ հետո գալիս են «նորավեպերն ու պատմվածքները»` թվագրված արդեն ճակատագրական 90-ականներին և 21-րդ դարի սկզբին: Տարբեր թեմաներ` փողոցային ուրվանկարներ, ընտանեկան պատմություններ, ճակատագրեր` առօրեական և տարաշխարհիկ… Բայց լեզվի ինչպիսի՛ անկաշկանդվածություն… Ինչպիսի՛ ազատ, կուռ ոճ` խոսակցական, միաժամանակ գեղարվեստական: Այստեղ և՛ քնարերգություն կա, և՛ հումոր, և՛ մաքուր երևանյան արտահայտչականություն, և՛ քաղաքացիական վիշտ. և՛ ամեն ինչ արտահայտված է, և՛ կենդանի կերպարներ են ներկա:
Շների մասին երկու պատմվածքները` «Պահակը» և «Ռեքսը», շնիկասերների (նաև իմ) սրտից են խոսում: Առաջինի հերոսը Մուխթարչո բարեկիրթ շունն է, որը լավ ընտանեկան դաստիարակություն է ստացել, «չի բացառվում, որ նրա համար բարձրաձայն կարդացել են «Վարպետն ու Մարգարիտան»: Կուտի քաղաքավարի, խնամքով, մռութիկը կսրբի անձեռոցիկով, թեթևակի խոնարհումով շնորհակալություն կհայտնի…»: Իսկ ոստիկանությունում ծառայող Ռեքսը սիրում է, որ կարգուկանոն լինի, բայց որ «թշնամին» իսկական լինի, նա չի ցանկանում հարձակվել «սովորական մարդկանց» վրա. «Չէ՞ որ դա իմ շնային աշխատանքն է` ճանաչել «թշնամիներին»,- ասում է Ռեքսը, և մենք հասկանում ենք, թե ոչ հեռու անցյալի ի՛նչ իրադարձությունների մասին է խոսքը: Նաև գրված է թեթև ու զվարճալի:
Ահա Զատկի կուլիչներ թխող հոգնած կինը, որ ուշացել է Զատկի պատարագից և շշնջում է Աստծուն. «Բայց դու գիտես, որ երեկ ես չկաողացա գալ, ճի՞շտ է… Դու իմ կողմից ես, չէ՞, ճի՞շտ է»: Ահա «Սիբիրյան սագայի» հերոսը փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում իր ընկերոջ Թարխունյան զարմանալի ազգանունը: «Ամե՛ն ինչ հասկացա: Ամե՛ն ինչ: Թարխունը մեր պետրուշկայի նման մի բան է: Ուրեմն դու էլ Պետրուշկի՞նն ես: Ա՛յ քեզ բան»: Ահա «Խուլիգանը» պատմվածքի հերոսի կյանքի ուղու ընտրությունը. «Գողություն անել նա չէր ուզում, սովորել` նույնպես, թղթախաղում բախտը չէր բերում, և ընկերը հուշեց` որպես լաբորանտ նախագծային ինստիտուտ ընդունվել»: Հեգնա՛նք է, միաժամանակ` կյանքի մեծ ճշմարտությո՛ւն… Նույն թեթևությամբ, անգամ խիզախությամբ է գրված «Աշխարհի ութերորդ հրաշալիքը» պատմվածքը: Պատմելով առաջին հայացքից աննշան` «ամուսնացող դոն ժուանի» պատմությունը, Անահիտ Լևոնովնան անկեղծորեն ուրախանում է և ուրախացնում ընթերցողներին, ավելի շուտ` ոչ թե ընթերցողներին, այլ զրուցակիցներին: Ահա թե որն է, իմ կարծիքով, նրա արձակի հմայքը. դա ասքն է` հարգված ժանր, Լեսկովից և Բաժովից եկած-հասած մինչև 21-րդ դար և վերափոխված հայկական խառնվածքի և առոգանության ազդեցությամբ, որը հոգեհարազատ է նաև Գրականության ինստիտուտի շրջանավարտին:
Շարունակում եմ ընթերցել` «Վիպակներ»: Առաջինը` «Իննսուներեք թվականը», զբաղեցնում է ընդամենը ութ էջ: Սակայն բովանդակությունը միանգամայն վիպակի է հասնում` սով, աղքատություն, խավար, չորս հարևաններ` երկաթյա վառարանի մոտ, ծանր լուրեր ռազմաճակատից` այն ամենը, ինչ վերապրել են մարդիկ ոչ հեռու անցյալում, և շուտ չի մոռացվի: Հեղափոխություն Ֆրանսիայում, քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում, «պերեստրոյկա» կամ, ինչպես Հայաստանում են ասում, «վերակառուցում»: Ամեն ինչ այնքան նման է: Բերում է վիշտ ու խորթացում: Այս ամենը պետք է վերապրել, որպեսզի հետո, հրաշքով պահպանելով իր մեջ մարդուն, ինչ-որ նոր բան կառուցել: Վիպակը գրված է 2002 թվականին, գրված է պարզ, ազնվորեն, զուսպ: Իսկ վերջում հերոսներից մեկը` «անցյալում` կուսակցական գործիչ», վառարանում այրում է Լենինի երկերի ժողովածուն, որպեսզի տաքանա և թեյ պատրաստի: «Վառվի՛ր, վառվի՛ր, Վլադի՛միր Իլյիչ, ծառայիր պրոլետարիատին…»` նախորդ պատմվածքների հումորի մեղմ արձագանքը:
«Իննսուներեք թվականը», իմ կարծիքով, գրքի ամենահզոր գործն է: Համոզված եմ, որ Գրականության ինստիտուտի ստեղծագործական սեմինարի ղեկավար Գրիգորի Բակլանովին նույնպես դուր կգար. նա էլ է ռեալիզմի հետևորդ: Ընդհանրապես, Անահիտ Խարմանդարյանի գիրքը տպավորում է ժանրերի բազմազանությամբ` ռոմանտիկ վիպակ («Եթե քայլում ես առջևից»), քնարական մանրապատում («Նռնենին», «Ճեմուղին»), արդեն հիշատակված ասքը, հումորեսկ, ֆանտաստիկա («Փողերն անհետանալու օրը», «Ադրբեջանական դիպուկահարի մահը»), հրապարակագրություն («Քրիստիան Ցերկեշի «Սև շրջանագիծը»), բանահյուսության հիմքով ոճավորում («Ավանդազրույց այգեպանի մասին») և «Ծեր պրոֆեսորի պատգամը» խորագրակիր վիպակը, որի ժանրը որոշելը հեշտ չէ, սակայն նպատակը անառարկելի է, իսկ ծեր պրոֆեսորի միամտության և լրջության համադրությունը հայտնի աստիճանի բնորոշ է նաև իրեն` հեղինակին…
«Արձակագիր, հրապարակագիր և թարգմանչուհի»` այսպես է գրված գրքի շապիկին: Ես մի քիչ այլ կարգով եմ հիշում. սկզբում Անահիտը թարգմանչուհի էր, հետո սկսեց արձակ գրել, իսկ հետո, հավանաբար, հրապարակագրություն: Բայց մի բան միանգամայն պարզ է և ինձ համար շատ ուրախալի` իմ ընկերուհին գրող է: Եվ ես շնորհավորում եմ նրան այս գրքի առթիվ: Նաև ակնկալում եմ շարունակություն:
Ռուսերենից թարգմանեց
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։