ԽԱՂԱՂ  ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԻ  ԳԻՆԸ… / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վերջին տարիներին, և հատկապես քառօրյայից առաջ ու հետո, շատ է խոսվում հրադադարի խախտման մասին: Ամեն օր համարյա բոլոր հեռուստաալիքների լրա­տվության առաջին տեղեկատվությունը հաղորդում է Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդի կողմից որոշակի քանակի կրակոցների մասին և այլն: Ինչպե՞ս բացատրել դա: Առաջներում կրակոցներ չէի՞ն լինում: Կամ ի՞նչ զարմանալու բան կա դրանում: Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ: Գործնականում երկու հանրապետությունները պատերազմի մեջ են, և պետք է կրակոցներ լինեն…
Իհարկե, պատերազմը կարող էր ավարտվել դեռևս 94-ի գարնանը կամ ամռան վերջին, եթե այն ժամանակվա իշխանությունները վճռականություն և կամք ունենային: Բացի հրադադարից, հակառակորդին ստիպելու և ռազմական գործողությունների դադարեցման պայմանագիր կնքելու երկու ճանապարհ կար, որով չգնացին: Առաջինը, որ մեր զորամասերը կազմ ու պատրաստ սպասում էին հրամանի` Միր Բաշիր շրջկենտրոնի արվարձաններում: Եթե հրաման լիներ, այն ազատա­գրելը մի քանի օրվա գործ էր, որովհետև հակառակորդը պատրաստ էր փախուստի, քաղաքացիական բնակչությունը լքել էր քաղաքը: Շրջկենտրոնը ազատագրելու դեպքում ճանապարհ էր բացվում մինչև Քուռ գետը: Եթե դա իրականացվեր, Բաքուն այլևս հոխորտալու հնարավորություն չէր ունենա: Երկրորդ տարբերակով մենք պետք է կարողանայինք ազատվել դրսի ճնշումներից և անլիարժեքության բարդույթից ու, որպես հաղթանակած պետություն, խաղաղություն մուրացող թշնամուն պարտադրել պարտվողական պայմանագիր: Այդպես արեցինք Օմարի լեռնանցքի դեպքում, երբ ընդդիմացանք արտաքին ճնշումներին և մեր զորամասերը դուրս չբերեցինք գրավված տարածքներից: Եվ հիմա այն մեզ համար մարտավարական հզոր հենակետ է:
Իհարկե, դա ձեռնտու չէր ոչ միայն Բաքվին, այլև մեծ տերություններին` Ռուսաստանին, Թուրքիային և մյուսներին: Երևի նաև մեր իշխանություններին, որ չցանկացան փաստի առջև կանգնեցնել աշխարհի հզորներին:
Չարեցինք: Իսկ Բաքուն ավելի խորամանկ ու հեռատես գտնվեց: Նա հրադադարի պայմանագիրը ստորագրելով` ոչ մի օր չի դադարեցրել պատերազմը, այլ նոր մարտավարություն է մշակել. ամենօրյա կրակոցներով, միջադեպերով թուլացնել, հոգնեցնել մեր բնակչությանը, նպաստել արտագաղթին և մաշող, անվերջանալի ընդհարումներով հասնել իր վերջնական նպատակին: Հրադադարի ստորագրման երկրորդ օրը` մայիսի 12-ին, նշանառուի գնդակից զոհվեց իմ մարտական լավագույն ընկերներից մեկը:
Ազերիները, տեսնելով, որ իրենց ընտրած մարտավարությունն իրեն արդարացնում է, տարիների ընթացքում, բնականաբար, պիտի լկտիանային: Հիմա արդեն այնպես են խոսում, կարծես պարտվողը մենք ենք, և անընդհատ խստացնում են իրենց պահանջները, ընդլայնում օգտագործվող զենքերի տեսակներն ու տրամաչափերը:
Իսկ ինչպե՞ս է պատահում, որ մենք անընդհատ պատասխանողի դերում ենք: Բաքուն անընդհատ խախտում է հրադադարը, մենք զոհեր ենք ունենում և նոր միայն համապատասխան գործողություններ ձեռնարկում: Փոխանակ նախահարձակ լինենք կամ կորուստների դեպքում այնպիսի հարված հասցնենք, որ երկար ժամանակ ուշքի չգան, սպասում ենք` խփեն, նոր պատասխանենք:
Այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները նույնպես օգտվում են պատերազմական անկայուն վիճակից` բնակչության համար որպես զսպաշապիկ օգտագործելով: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ լրատվամիջոցներն ամեն օր տեղի-անտեղի, թութակի նման կրկնում են համարյա նույն արտահայտությունը, անընդհատ բնակչությանը հիշեցնում թուրքական վտանգի մասին:
Ներկա աշխարհում, և ընդհանրապես, ուժն է ապահովության երաշխիքը: Քանի դեռ թշնամին չի վախենում մեզնից, այս վիճակը շարունակական է լինելու:

One thought on “ԽԱՂԱՂ  ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԻ  ԳԻՆԸ… / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։