***
Տիրամոր պես ծնկի իջա բառիս առջև.
Խաչել էին միամորիս ոսկեգանգուր,
Ու գամերի արձագանքն էր
շամփրոտում դեռ
Լռությունը հեռուների ու ճիչս խուլ:
Բայց փայլում էր տեսիլքի պես
ճերմակաթույր
Մի թղթեղեն ու քնքշենի մխիթարանք.
Չգիտեի` պատա՞ն է այն,
թե՞ հարություն,
Չգիտեի, թե ո՞ւմ սիրտն է
իր գրչի տակ…
***
Այս նորածին բանաստեղծությունը
Մեր զավակն է –
Աչքերը քոնն են…
Ես նրան
Մենակ կմեծացնեմ,
Ես նրան
Կպատմեմ քո մասին
Իմ նոր տողերում…
Իսկ հիմա թող քնեցնեմ նրան,
Թող խո՜րը քնեցնեմ նրան.-
Ուր որ է ներս կմտնի
Մենությունս`
Խորթ հայրը մեր զավակի…
***
Թե այս փշրանքն է միջուկը կյանքիս,
Ինչո՞ւ չապրեցի թռչունի նման.
Հերիք էր միայն հեգ մի մուրացիկ,
Որ իր հացն ու իմ փշուրը մուրար…
Նա լուսաբացից ձեռքը կբացեր,
Ես` իմ թևերը, թևերը չքնաղ.-
Մուրացիկն իրեն թռչուն կկարծեր,
Երբ փակեր ձեռքը թևերիս նման…
***
Իր բարձրակրունկ սև կոշիկներն է
ստվերս հանում,
Որ խաղաղորեն հագնեմ ոտքերիս`
հոգնած ու տկար…
Պետք չեն ինձ սուտակ, ստահակների
թագեր ու անուն,
Ես նախընտրում եմ ստվարաթղթով
ձյունանույշ մնալ:
Ու հեռանում եմ… կամ էլ մնում եմ
հեռացողի պես…
Թագակիրների ստվերներն անգամ
չեն հասնում ուսիս,
Հե՜յ, փոսս փորող, երազովս եմ
վճարելու քեզ,
Որ տարած խաղիդ տանուլ տվածով
բաժակդ լցվի:
Մի՛ կարծիր, թե ես լուսնի թախծանքին
մոտ չեղա այնքան,
Որ գեթ մի գիշեր` ժպտաշուրթ իջներ
իմ պարանոցին…
Տե՛ս, վեր եմ նայում, դու էլ նայիր վեր –
ի՞նչ լուսին, ի՞նչ բան.
Սերերիս նման` երեսնարծաթն է
վերածվել մեկի…
***
Խաշամի տակ` մի նեղ կածան.
Մառախուղ է ու… ծերություն:
Ծա՞ռն է ճամփորդ, թե՞ ես եմ ծառ –
Մեզնից մեկը լքում է չուն:
Եվ խշշում է խաշամն անչար,
Շշնջում է ունկիս երգով,
Որ ճամփեքըս այդ ե՛ս չանցա,
Այդ իրենք ինձ անցան հերթով…
***
Լուսաբացը
Իմ սիրային հայացքն է քեզ,
Երկի՛ր.
Դատարկվող շեներդ`
Քո մերժումն է:
Ծիածանը
Իմ սիրային ակնարկն է քեզ,
Երկի՛ր.
Բնակիչներիդ տխրամած դեմքերը`
Քո մերժումն է:
Թռչներգը
Իմ սիրային նամակն է քեզ,
Երկի՛ր.
Երգերս`
Քո մերժումն է:
Երազներս
Իմ սիրային աղոթքն է քեզ,
Երկի՛ր.
Կյանքս`
Քո մերժումն է…
***
Տառապանքի պատառներից
Փշուրներ կան շուրթիս վրա.
Կանչի՛ր անքուն թռչուններին:
Քեզ հանդիպած խաչմերուկում
Ես փորձեցի նրանց նման
Իմ թևերը բացե՜լ, բացե՜լ,
Բայց թևերս խաչմերուկի
լայնքով էին…
Թռչունները գուցե ասեն,
Թե ինչո՞ւ ես վերջին պահին
Մեղքի տեղ մեխ նախընտրեցի,
Բայց քույրերս կասե՞ն արդյոք,
Որ սերս եմ սեպից փրկել…
***
Ես թագ չեմ կրել, իմ պարտությունն է
եղել թագուհու,
Քանի անգամ է կյանքն իմ անունը
աճուրդի հանել,
Բայց ես իմ ձեռքը երբեք չեմ մեկնել
համբույր առնելու.
Իմ ճերմակ ձեռքը ընկածին է լոկ
ետևից տարել:
Եվ ծիծաղել է կյանքը ինձ վրա,
ո՜նց է ծիծաղել,
Անամոթաբար կանչել` մե՛կ արծաթ,
երեսո՛ւն, հարյո՛ւր…
Բայց ես իմ ոսկին շպրտելու տեղ
իրեն եմ թողել.-
Ես թագ չեմ կրել – իմ հաղթանակն է
եղել թագուհու:
Մի օր էլ մահը` հավետ տարաժամ,
ինձ մոտ կվազի,
Եվ որպես վրեժ աճուրդի բեմին
դո՛ւ կլինես, կյա՛նք.
Ճակատագիրը երեսը շրջա՛ծ
մուրճը կզարկի –
Զի իմ անունը գնահատված է շատ
ավելի թանկ:
***
Աշնան հրե կարմիրն առնեմ,
Թող որ հետո ընկնեմ գետնին,
Քամիները քշեն-տանեն,
Եվ ոչ մի բառ ինձ չգտնի:
Ու թևերից մի թռչունի
Արյուն կաթի ծառերին թաց,
Ու չիմանա թռչունը մի,
Որ թևերին ես եմ խաչված…
***
Ես ինքս ինձ կփրկեմ
Քո կրակներից –
Ինձ ձեռքերիս մեջ առած
Դուրս կհանեմ,
Հետո ետ կդառնամ`
Իմ սրտի հետևից…
… Կամ էլ`
Մի բուռ մոխրի…
***
Ճակատագրին, չգիտեմ ինչու,
դուռս բացեցի.
Նա ափն էր մեկնել, որ թույլ
դողում էր գրոշների տակ –
Նրան բաշխելու ոչինչ չունեի`
իմ կյանքից բացի,
Բայց որ իմ տանն էր,
ուրեմն դատարկ չպիտի գնար:
Եվ կյանքս զնգաց նրա ափի մեջ
խենթություն որպես.
Մուրացիկն ահով աչքերիս հառեց
հայացքն իր մռայլ
Եվ այնպես լռին իմ տանից գնաց,
որ ունկերիս մեջ
Քաղցր խոսքի տեղ ոտնաձայները
խլացան միայն:
Ու մինչ օրավուր ես դառնում էի
մտքերիս գերին,
Որ կյանքն իմ բաշխած` սև հաց
չարժեցավ կամ պատառ գոնե,
Հանկարծ հասկացա, թե ինչ եմ
տվել ճակատագրին,
Երբ հեռվից կանչեց, որ իմ դռան
տակ մանր է թողել…
***
Սիրտս քո հետևից
Կոճակի պես պոկվեց, կորավ –
Կյանքս բաց է մնացել…
Ինչ կոճակ էլ լինի`
Իմ սիրտը կդառնա,
Մանավանդ որ լռությանդ
Թելն էլ երկարել է.
Մի ծայրը ես այստեղ
ասեղով կանցկացնեմ,
Մյուս ծայրը դու այդտեղ
Մի բառով կապ գցիր…
***
Ես կփախչեմ
Բառից,
Բախտից,
Բեմից,-
Կգամ քեզ մոտ:
Ես կփախչեմ
Կամքից,
Կրքից,
Կյանքից,-
Կգամ քեզ մոտ:
Ես կփախչեմ
Մեղքից,
Մահից,
Մարմնից.-
Կգամ քեզ մոտ…
Հրաշքներ են։ Շնորհակալություն, Բանաստեղծուհիս😊🌹🌹🌹😄😄🌹🌹🌹🌹🌹🌹🌹