Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այս ինչ օրեր եկան
Այս ինչ օրեր եկան,
Այս ինչ ժամանակներ…
Այս ինչ խաղ է դաժան՝
Գաղափարներ վսեմ
Դարձան թեթև, էժան,
Կյանքն իսկ էժանացավ։
Դրանից էլ մեծ ցա՞վ:
Ողջ աշխարհն է հիմա
Դրության մեջ հիմար…
Պատերազմներ խելառ,
Երկարատև, համառ,
Ախտ ու համավարակ,
Անհամրելի վթար,
Հրաբուխ ու քամի,
Ջրհեղեղ ու հրդեհ,
Երկրաշարժեր բազում,
Զոհեր քանի-քանի,
Ավերումներ անթիվ…
Որ մեկն ասես, հիմա
Ժամանակ է հիմար,
Երևի թե բոլոր,
Բոլոր մարդկանց համար։
Ե՞րբ կլինի վերջը…
Այս է, ինչ որ ունենք.
Մխրճվել է անդարձ
Այս ամենի մեջը
Չարահնար ու նենգ
Էն գժական վեճը…
Մինչդեռ փոքրիկ, փխրուն
Մի հատիկ է միայն
Երկիրն՝ ընդամենը
Ավազի մի հատիկ,
Որ կարող է սուզվել
Ջրերի մեջ ունայն…
Ահավասիկ՝ վերջը։
Ահ, ավազի վերջը
Պիտի լինի սուզմա՞մբ,
Երբ հրաշքով մի օր
Դուրս է եկել հենց այդ
Անեզրական ծովից։
Այս ինչ խաղ է դաժան։
Այս բախտին էր արժա՞ն
Էս աշխարհը թովիչ։
Գոռա, Երկիր, ասա՝
Ով Տեր Աստված, արի,
Իմ մեղքերից թող ինձ։
Ուղղիր ուղիս խոտոր,
Ինձ ազատիր մի կերպ
Կռվից մարդակոտոր,
Վարք ու բարքից մթին…
Այսպես ճարահատյալ
Քեզ ենք դիմում կրկին,
Եկ, տեր կանգնիր, ո՛վ Տեր,
Քո իսկ տիեզերքին։
Մինչ երբ պիտի ապրի
Մարդը՝ զենքը ձեռքին…
Այս ձյունը լուսե
Այս ձյունը փափուկ,
Ձյունն այս սառն ու պաղ,
Նուրբ ու խուսափուկ
Վայրէջքով դանդաղ
Պատմում է մի նոր,
Թարմ ու կուսական,
Բայց և հին հեքիաթ…
Հինը նորի մեջ,
Եվ նորը՝ հնի։
Եվ այնքան սեր ու
Երջանկություն կա
Խաղում պաղ ձյունի։
Սառն է ու սակայն
Քնքուշ, կուսական,
Ինչպես քո վարդե
Շուրթերին ծաղկող
Ժպիտ լուսակաթ
Ու բառեր շողշող։
Սուսաննա, հեռու,
Ինչպես հեռու է
Ձյունը երկնքում,
Եվ մոտիկ, ինչպես
Ձյունը ցած իջած
Հուշերի նրբին,
Լուսե շղարշով։
Այս ձյունը փափուկ,
Բայց և սառն ու ցուրտ…
Երկար ճանապարհ…
Դու նիրհում էիր՝
Սիրուն գլուխդ
Ուսին իմ հենած,
Ու ձյուն էր դրսում,
Ու ձյուն էր գալիս։
Մի ժամանակ էր,
Եկավ ու գնաց…
Չնաշխարհիկ մի
Տեսքով լուսեղեն
Ժպտում էիր դու
Ուսին իմ քնած։
Երազ էր գուցե…
Իսկ իրականում
Շա՞տ են տարբերվում
Կյանքն ու երազը,
Երևի թե ոչ։
Ձյուն, սիրում եմ քեզ,
Ինչպես կարող եմ
Սիրել մի կնոջ։
Բայց մի՞թե սերն էլ
Հալվում է ձյան պես…
Քառյակ
Ձյուների տակ խլրտացող
կարոտներ կան գարնանային,
Քիչ-քիչ, քիչ-քիչ իրենց բացող
խորոտներ կան գարնանային,
Լռություն է շուրջը սառած,
շշնջում է առուն հազիվ,
Երազների մեջ թևածող
որոտներ կան գարնանային։
Ապաքաղաքական գարուն
Մեզ պետք չէ, ոչ, քաղաքական անցուդարձը,
Մենք ծլելու, ծաղկելու ենք ձյուներից,
Ծաղիկներ ենք՝ ձնծաղիկներ,
ու մեր հարցը
Ծաղկելն է,
որ լուծելու ենք մենք նորից։
Ինչ որոշում կուզեք հանեք`
լավ, թե վատ,
Քաղաքական այր ու
կանայք իմաստուն,
Մեզ պետք չէ, մենք ունենք կայուն մի հավատ՝
Այն, որ, ինչ էլ լինի, պիտի գա գարուն։
Ձեր վեճերը մեզ բնավ չեն խանգարում,
Թեեւ, ճիշտ է, հաճելի չեն նաեւ մեզ,
Պիտի ծաղկեն կանաչները դալարուն,
Ջրվեժները հրճվեն աշխույժ, խենթի պես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։