***
Դաշտը խաղա՛ղ է երեկոյի հետ`
Կաթնագույն խավի մշուշով փակված,
Բզեզի հարբած շշունջը սահում,
Զանգակածաղկից մնում է կախված:
Դաշտը ձուլվո՜ւմ է երեկոյի հետ`
Հուշերի փափուկ բարձերին թառած,
Նինջը աստղերի թարթումներից ծեր,
Կաթում է հոգնած կոպերի վրա:
Դաշտը ճչո՜ւմ է կեսգիշերվա մեջ`
Սարի քարքարոտ կողերից կպած,
Հնձվորն առավոտ իր մանգաղի հետ
Կսրբի՛ փոքրիկ երազները թաց…
…Դաշտը բողո՜ք է առավոտվա դեմ`
Լռության ցավոտ վերքերին հենված,
Կիսատ երազը` կապույտ ծաղկի հետ
Ցողունի ուսով գլորվել էր ցած…
Եղևնի
Երեխան ի՞նչ գիտե,
Որ ես ծառ չե՛մ բնավ,
Որ կանաչ եմ մնում
Սովորույթի կանչից,
Եվ զարդերը, որոնք
Հեքիաթի են նման,
Նմանությունն են լոկ
Ինչ-որ անցյալ բանի:
Երեխան ի՞նչ գիտե,
Որ իմ մահը դանդաղ
Բուրավետ է այնպես,
Մեղմ ու կանաչ գույնի,
Ու զարմանքը նրա`
Իմ թևերին քնած,
Բամբակի է նման,
Ու… պատրանք է էլի:
Երեխան ի՞նչ գիտե,
Որ արմատը իմ տաք
Անտառում էլ մնաց
Ճերմակ ձյուների հետ,
Եվ ինձ կմոռանա
Մի քանի օր ապրած
Իր հրճվանքի պահի
Ու ձանձրույթի միջև…
Տաղ լինելության
Ու… տո՜ն լիներ լինելության,
Հույսի թելը անվերջ մաներ
Ու գոյության սափորիկում
Ոսկեմիջուկ բոցավառվեր:
Դառնայիր հանց հմայություն,
Հանց հրաշքը հեքիաթաթև,
Որ աչքերիս հմայիլը
Ինքնըստինքյան ճառագայթեր:
Ձայնն արթնանար մարմնիս մեջ`
Մեղեդու պես բազմապատկվեր,
Ու հեծյալի տաք խենթությամբ`
Արյանս մեջ ասպատակեր:
Ու ձգտեին անվերջության`
Զգացումներ մանր ու մեծ,
Ու համրության նախշազարդը
Կանչերի մեջ արձագանքեր:
Ու… տո՜ն լիներ լինելության,
Ու ամե՛ն բան շարունակվեր…