ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Որմնանկարի խորացող ճաքեր,
Հեռանկարը՝ իսկը Կորբյուզե:
Պարող հարճերը, ավա՛ղ, ողջակե՛զ,
Եվ ձևախեղված ստինք, կոնք, ուսեր,

Հոդախախտված ձե՛ռք, սրունք ու զիստեր,
Պատի երկայնքով ծեփված աղջամուղջ:
Մարմնի ետնաբեմ, հոգու կուլիսներ,
Քունն ու դադարն իր կորցրած արջամուկ:

Հոնքն է անթերի պահպանվել, Գթա՛ծ,
Այն շիկահերի, որ տոկում է դեռ:
Հոնքը զարդարող մազափունջը՝ թաց,
Եվ ժամանակը՝ մահացող թիթեռ:

* * *
Մոռացված խորշեր, սև փառ ու կատու,
Ջուր ծեծող կանայք, այրեր անկրակ:
Խունացած, մաշված, հին պարեգոտ, ու
Հույժ արդիական կոֆտա ու ֆրակ:
Անշոշափելի շոպենյան վալսեր,
Ականջախեցին՝ լուսապատճենն իր:
Դու ե՛տ ես շրջվում: Փիրուզե վարսեր,
Մնացյալը թող հուշը պատճենի:

Չի այրվում թեև ձեռագիրն ինքը,
Հույզերը անգիր այրվում են հարկավ:
Եվ ցած է սահում հոգնած երկինքը,
Եվ բռունցքվում են ձեռքերը կարկամ:

* * *
Մեռած պահերի քարացած շարքեր,
Ընծան՝ աշխարհի պատկերն անկայուն:
Խաղարկիր ցավն ու հուշը անարգել,
Քեզ սպասում են վերջին կանգառում:

Դեռ ժամանակ կա, թերևս, գուցե՛,
Կամ չկա իսպառ ժամանակն ինքը,
Որը վաղուց է ինքն իրեն հյուծել,
Եվ կա լոկ նրա անշարժ կնիքը:

Սնանկ հռչակված խոսքի գերշահույթ,
Հակադիր շարժում, կործանարար ելք:
Փակուղի քշված շոգեքարշեր, ու
Խռպոտ շչակներն անդարձ են մարել:

* * *
Խենթ ու լանջաբաց հուրիների երթ,
Օրը ծանրացավ, խավարը շիկնեց:
Մանկության զվարթ Ամանորի երգ,
Եվ զինվորական ծանր կոշիկներ:

Ինչ-որ միջադեպ՝ զրույցի թեմա,
Բառերի շարան մետաքսահյուս, ու
Սասանվում է դեռ լեռը Զիթենյաց,
Եվ պղտոր-պղտոր ջրեր են հոսում:

Աստղի անկում և թռիչք թիթեռի,
Եվ ժամանակը բջիջ բազմացող…
Քեզ քո ծնունդից առաջ գիտեի.
Ահա՜, թավշածալ գահին բազմած օձ:

* * *
Մրսած դեմքերը խամրում են՝ ինչպես
Քանդակներն անտիկ հողմերի շնչից:
Անմատույց խորան և անդահլիճ բեմ,
Մի՞թե կասկածը հանցանշան չէ:

Պողոտան գե՛տ մի, որ ծանծաղելով
Այլակերպում է հեռանկարն իր:
Կա՛րգ ենք հաստատում կարգազանցելով,
Սև հորիզոն և քղանցքներ կարմիր:

Օ՜, Վահագնատիպ, հերապանծ արև,
Խիղճը ոտնատակ թող չաղաղակի…
Թշնամու առջև ո՞վ է բաց արել
Դարպասներն Անի մայրաքաղաքի:

* * *
Ծարավ հասկի պես կծղում է թուղթը,
Տողը չստացվեց, ուրեմն ջնջիր:
Եվ Ջրաշխարհի գիպսե ընձուղտը
Կկենդանանա ամռան բարկ շնչից:

Հոգին ճախրում է թռչնի չափ ազատ,
Զի անսահման է տիրույթը հոգու:
Մարմնի տիրույթը սո՛ւղ է չափազանց
Եվ ընդլայնելու ճիգերն՝ անօգուտ:

Օր սովորական և օր բախտորոշ,
Հերոինածին ցնծածիծաղ քուն:
Ի՞նչ էր մտածում Ռոսլինը Թորոս,
Երբ վերջի՛ն, վերջի՛ն մատյանն էր
ծաղկում:

* * *
Մի ողջ երկիր՝ որսացանցում,
Եվ դավն ինքն է բնակալել:
Խժաբարբառ ոնց են ցնծում
Հաճկատար ու պնակալեզ:

Շատ չի անցել ֆարսից էն նենգ.
«Էս երջանիկ կյանքը մեզ ով…ե,
Ես-ն այդպես էլ չդարձավ Մենք,
Օ՜, պանծալի կյանքի կեսօր:

Վախենում ես շրջել էջը,
Վայ թե եղածը կրկնվի:
Կյանքն աննշան ելևէջ է.
Կրկին անկում ու կրկին վիհ:

* * *
Կյանքը փոխվում է կանգուն առ կանգուն,
Տարեց քահանա, ո՞վ է կողքինը:
Եվ բանակցում է ցրտի հետ անգութ՝
Արևածաղիկ վաճառող կինը:

Հեռվում ճաքել է դուդուկի սիրտը,
Հեռվում հածում է դուդուկի հոգին,
Հոգին՝ ամպերին թառած լազուր, թե
Ցոլանքն է կապտաճերմակ կոհակի:

Կերպափոխվում են ծաղիկներն անգամ,
Եվ փոխարկվում է նեկտարը թույնի:
Ուրվականները պարում են կանկան
Եվ սարսռում են արևի գույնից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։