ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, թարգմանչուհի
ՌԱՅԱ ԽԱՍԱՊԵՏՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՏԱՐԵԴԱՐՁԴ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Դու ութսուն տարեկա՞ն: Ինչո՞ւ եմ զարմանում, չէ՞ որ այս ութսունից հիսունին ես էլ եմ մասնակցել: Ունեցել ենք կեսդարյա վստահելի, անկաշառ, անկաշկանդ բարեկամություն: Այժմ, երբ տարիների հեռվից ուզում եմ մտաբերել մեր ընկերության սկիզբը, ակամա հիշում եմ մի տոմսի պատմություն: Շառլ Ազնավուրը պետք է գար Հայաստան, առաջին անգամ, այն էլ` համերգով: Երևանցիներս ջանք ու եռանդ չէինք խնայում մի կերպ տոմս ձեռք բերելու համար: Ապարդյուն ջանքեր: Ասում էին, որ տոմսերի մեծ մասը մեջ-մեջ են արել, մնացյալն արդեն վաճառվել է: Բայց համերգի նախօրեին ինձ համար հրաշքի պես մի բան կատարվեց: Գրողների միությունում դեմս եկար դու, Ռայա, պարզվեց ինձ էիր փնտրում, որ ասեիր. «Սա քեզ» և ավելացնեիր. «Ազնավուրի երկու տոմս», ապա աչքի պոչով հետևեիր իմ շփոթահար ուրախությանը: Այդ ժամանակ մենք քիչ գիտեինք միմյանց. կար համակրանք, ժպիտների փոխանակում` այդքանը: Ես աշխատում էի «Սովետական գրականություն» ամսագրում, դու` արդեն «Գրական թերթում»:
Մենք սկսել էինք ավելի հաճախ հանդիպել, երկար-բարակ խոսում էինք մեր նախասիրություններից: Ճիշտն ասած, ես հիացած էի քո աշխատասիրությամբ և գլխովին գործիդ նվիրվելու եռանդով: Գիտեի, որ դժվար ճանապարհ ես անցել: Այնքան առինքնող անմիջականությամբ էիր խոսում քո ապրած միջավայրի, քեզ շրջապատող մարդկանց մասին` իրենց անուններով, նկարագրով, նուրբ հումորով, որ երբ լույս տեսան քո վիպակները, մանավանդ՝ անսկիզբ ու անվերջ հեքիաթը, ես արդեն ճանաչում էի գրքիդ հերոսներին: Միայն համաձայն չեմ «մանկություն իմ, անգույն ծիածան» արտահայտությանը, որովհետև «անգույն ծիածան չկա», կան շատ տպավորիչ և այնքան գունեղ, գունագեղ, գույնզգույն էջեր, չորսամյա աղջնակի, ապա ութսունամյա հասուն կնոջ կյանքի հուշեր, նաև մի ընտանիքի օրինակով արցախյան գյուղի իսկական ազգագրություն. մարդիկ, անուններ, կենցաղ, վեճեր, անեծքներ, երգեր…
Սիրելի՛ս, ե՞րբ ես կարողացել այդքան թարգմանել, այդքան հոդված ու ակնարկ գրել, վիպակներ լույս ընծայել: Քեզ վայել չէ ասել. «Շատը գնաց, քիչը մնաց»: Այդ փիլիսոփայությունը քեզ համար չէ, դու անդադրում մարդ ես, հիմա էլ ապրում ես քո հրաշալի այգին մշակելով և դեռ ինչե՜ր պիտի անես:
Եղիր առողջ, մնա լավատես, ինչպես որ կաս և մի՛ կորցրու հումորի զգացողությունդ:
Սոֆի ԱՎԱԳՅԱՆ
ԵՐԱԶԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂ ՈՒԹՍՈՒՆԱՄՅԱ ՌՈՄԱՆՏԻԿԸ
Երկար ժամանակ ինձ թվում էր, թե Ռայա Խասապետյանին լավ եմ ճանաչում՝ «Գրական թերթում» շուրջ քառորդ դարի համատեղ աշխատանքից, գրական մտերմությունից, մեր ամենօրյա զրույցներից, քննարկումներից… Իր ութսուն տարիների ուղիղ կեսը նա անց է կացրել Գրողների միության պատերից ներս՝ որպես միության ապարատի, ապա «Գրական թերթի» քննադատության, գիտության ու արվեստի, հրապարակախոսության բաժնի վարիչ: Նաև թարգմանիչ՝ շուրջ մեկ տասնյակ գեղարվեստական գրքերի: Իսկական գրական մշակի արդյունավետ կյանք ու գործունեություն՝ առանց ավելորդ «աղմուկների», ինքնացուցադրման հավակնոտ ձգտումների… 60-90-ականների «Գրական թերթը» դժվար է պատկերացնել առանց շատ ու ինքնատիպ անհատականությունների… Եվ, իհարկե, այդ համերաշխ «ընտանիքում» իր ուրույն տեղն ու դիմագիծն ունեցող Ռայա Խասապետյանի: Նա իր գոյությամբ, մի տեսակ, ղարաբաղյան կոլորիտ էր մտցնում խմբագրություն: Արցախյան արմատները «հուշում էին» նրան առանձնահատուկ վերաբերմունք ունենալ «Ղարաբաղյան դատի» պաշտպանության ակունքներին մոտ կանգնած գրողների ու գրականագետների՝ Լեոնիդ Հուրունցի, Բագրատ Ուլուբաբյանի, Զորի Բալայանի, Սերգեյ Սարինյանի, Սևակ Արզումանյանի և ուրիշների հանդեպ:
Բայց ահա 2002-ին, երբ «Ամարաս» հրատարակչությամբ լույս տեսավ Ռ. Խասապետյանի «Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ» ինքնակենսագրական վիպակը, հասկացա, թե տասնամյակների ընթացքում ինչքա՜ն բան է նա «թաքցրել» իր մեջ, ոչ միայն «ապրած ու չապրած» տարիներ, մի ամբողջ մանկություն՝ «անգույն ծիածան», այլև այդ ամենի մասին կաշառող անկեղծությամբ, տպավորիչ պատկերավորությամբ պատմելու ձիրք, կյանքի առանձին փաստերից ընդհանրացումներ անելու և ընթերցողին համոզելու կարողություն:
Վիպակն ընդհատվում է 1953 թվականով, երբ նա նստում է Երևան տանող գնացքն ու գնում… իր «երազը գտնելու…»: Ուրեմն, հետագա տարիներին մեզ մնում է սպասել սկիզբ ու վերջ չունեցող նրա (ու նաև մեր) կյանքի հեքիաթապատումի նոր դրվագներին՝ նույնքան հետաքրքիր ու անակնկալ բացահայտումներով:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ