Գնալ ցանկացողին առաջնորդում է ճակատագիրը / Զորի Բալայան

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Զորի Բալայան

– Մոսկվայի «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունում վերջերս ավարտ- վեց Ձեր երկերի ժողովածուի հրատարակումը: Ո՞ր գործերն են ներառված:
– Անմիջապես ասեմ, որ սկզբում որոշված էր ժողովածուն հրատարակել 7 հատորով: Բայց առաջինից վեցերորդ հատորների տպագրության ընթացքում ես շուրջերկրյա նավարկության մեջ էի և յուրաքանչյուր հատորի համար նախաբան էի գրում «Արմենիա» առագաստանավում: Իսկ վերջում պարզվեց, որ աշխարհաշուրջի մասին բուն գիրքը չի տեղավորվում յոթհատորյակում: Որոշվեց մեկ հատոր էլ ավելացնել: Վերջին երկու գրքերը այդպես էլ վերնագրվեցին՝ «Յոթերորդ հատոր. գիրք առաջին» և «Յոթերորդ հատոր. գիրք երկրորդ»:
Ինչ վերաբերում է երկերի ժողովածուում ներառված իմ աշխատանքներին, ապա բոլորը կա՛մ ժանրային պատմվածքներ, վիպակներ, վեպեր և հրապարակախոսություն են, կա՛մ ավելի քան 50 տարիների ընթացքում հրատարակված ժողովածուներ:

– 8 հատորները կարո՞ղ են լինել յուրօրինակ «հանրագումար»:
– Ես կարծում եմ, կարելի է ավելացնել ևս 8 հատոր: Չէ՞ որ դուրս մնացին վաղուց հրատարակված շատ գրքեր, չհաշված հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ակնարկներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, որոնք տարբեր ժամանակներում լույս են տեսել նախկին Խորհրդային Միության և, իհարկե, Հայաստանի ու Սփյուռքի բազմաթիվ հրատարակություններում:

– Հատորներից յուրաքանչյուրն ունի ի՞ր վերնագիրը:
– Խոստովանեմ, որ ամեն անգամ, գտնվելով նավարկության մեջ, ես տանջվում էի վերնագրերի տարբերակներ որոնելով: Եվ ահա թե արդյունքում ինչ ստացվեց: 1-ին հատոր. «Իմ պապը հացը կտրում էր կանգնած», 2-րդ հատոր. «Առաջին հերթին՝ ինքնահաղթահարում», 3-րդ՝ «Ճշմարտությունից վեր միայն ճշմարտությունն է լինում», 4-րդ՝ «Բոլոր ուղիները հատվում են մարդու մեջ»: Ժանրը՝ էսսե, ակնարկ, դիմանկարներ:

– Իսկ ի՞նչ ժանրի են դիմանկարները:
– Ոչ մեծ գրքույկ է, որում փորձել եմ բացահայտել սրտիս թանկ երեք հայրենակիցներիս՝ Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի կերպարները: Հավանաբար Աստծու կամոք երեքն էլ ծնվել են 1908 թվականին, նույն ամսին: Եվ 2008 թ. ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը նշեց այդ մեծ եռյակի հարյուրամյակը: Գիրքս այդպես էլ վերնագրել էի՝ «Մեծ եռյակ»: Ճակատագիրս այնպիսի հաջողություն պարգևեց ինձ (դարձյալ Աստծու կամքով), որ երեք հանճարեղ ծերերի հետ, չնայած տարիքային պատկառելի տարբերությանը, ջերմ և բարեկամական հարաբերություններում էի: Պետք է խոստովանեմ, որ դրան նպաստեց նաև Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակցի իմ աշխատանքի առանձնահատկությունը: Այնպես որ, «դիմանկարները» լավ և անհրաժեշտ ժանր է:
– Մենք կանգ առանք 5-րդ հատորի վրա:
– 5-րդ հատոր. «Պատմությունից էջեր չես պոկի»: Այն կազմված է երկու գրքից` «Ճանապարհը»՝ ԱՄՆ-ի ու Կանադայի անխտիր բոլոր հայկական գաղութներ ու համայնքներ իմ բազմամսյա ճամփորդության մասին է, 2-րդը նվիրված է ստալինիզմի զոհ դարձած ծնողներիս ողբերգական ճակատագրին (Սերգեյ Սարինյանն այն վերագրել է «վեպ» ժանրին): 6-րդ՝ «Եվ սակայն փոթորիկներում կա հանգիստ» (հակադարձելով լերմոնտովյան հայտնի տողերին): Այնտեղ ներառված է 3 գիրք՝ Եվրոպայի շուրջ յոթ ծովերով «Կիլիկիա» առագաստանավով նավարկության մասին: 7-րդ հատորում՝ «Գտիր քո ուղին կամ ինքդ հարթիր այն», տեղ են գտել «Օջախը»՝ Հայկական ԽՍՀ-ով, Արցախով և Նախիջևանով իմ բազմամսյա ճամփորդության մասին, և «Դրախտ և դժոխք» գիրքը՝ ղարաբաղյան էտյուդներ, գրված Արցախյան պատերազմի խրամատներում: 8-րդ` «Գնալ ցանկացողին առաջնորդում է ճակատագիրը. աշխարհաշուրջ՝ երկու հասարակածի երկարությամբ», որը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության մասին է: Հատորը պատկերազարդված է լուսանկարներով, ինչպես և բոլոր հատորները՝ իմ գծանկարներով:

– Քանի՞ գիրք գրեցիք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ավելի ճիշտ՝ Հայաստանի անկախացումից հետո:
– Խորհրդային ժամանակներում՝ 30-ից քիչ ավելի, իսկ հետխորհրդային՝ ավելի քան 50: Դրանց մեջ են նաև բրոշյուրներ, որոնցից շատերն ավելի արժեքավոր են հաստափոր գրքերից:

– Վերջին հարցին, եթե չեք ուզում, կարող եք չպատասխանել:
– Հետաքրքիր է…Նայած, թե ինչ հարց է:

– Փետրվարի 10-ին լրացավ Ձեր 80 տարին: Ինչպես ասում են՝ պաշտոնական աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ հետաձգել եք ծրագրված բոլոր միջոցառումները: Դա երկերի ժողովածուի շնորհանդեսն էր՝ Մոսկվայից հրավիրված հրատարակիչների և գրական գործիչների մասնակցությամբ: Հետևաբար, նաև ավանդական ֆուրշետով…
– Ես հասկանում եմ՝ ութսունն ութսուն է: Կան հոբելյան նշելու համընդհանուր ավանդույթներ: Նկատի ունենք յուրօրինակ տոնի, ուրախության կազմակերպում՝ ուղեկցված, ինչպես ասում են, երգուպարով: Գյումրու ողբերգության մասին առաջին իսկ տեղեկությունից հետո ես վատացա՝ բառացի իմաստով: Ուժ գտա իմ մեջ երևանյան կլինիկայում այցելելու վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին: Երեխան պառկած էր անշարժ: Արհեստական շնչառություն: Արհեստական սնուցում: Իսկ այդ ժամանակ մտածում ես նաև նրա երկու տարեկան քույրիկի, նրանց ծնողների մասին… Էլ ինչպե՞ս այդ ամենից հետո, երբ դեռ քառասունքն էլ չի անցել, հանկարծ տոնեմ: Դրա համար էլ իմ մոսկվացի բարեկամներին հաղորդեցի ստեղծված իրավիճակի մասին, խնդրեցի ՀՀ մշակույթի նախարարությանը և Գրողների միությանը՝ հանդիսությունները հետաձգել աշնան: Ես հավատացյալ քրիստոնյա եմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։