ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ծննդյան 85-ամյակի առթիվ
ՙԳրական թերթը՚ միանում է շնորհավորանքին
ԳԻՆԵՁՈՆ
Սիրտս որպես սիրո սկիհ, սերս մեջը հին գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս
իմ ժողովուրդ հայրենի:
Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:
Ավերաբեր ի՛նչ ամպ ու զամպ քո
ճակատին բախվեցին
Դու տոկացիր հանց դյուցազուն
թուր-կեծակի սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզոր ու խավարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը,
Խիլ խլեցիր արեգակը,
Շանթ շորթեցիր արեգակը հաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կյանքի նոր ոգով զեղուն քո արեւը հրային:
Սիրտս անկեզ, վառ մորենի,
սերս ճյուղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ իմ հայկյան ազգ,
իմ հայոց:
ԻՆՉ ԵՄ ՍԻՐՈՒՄ
Օրերում ես գինին եմ սիրում,
Համբույրը հեզանազ աղջկա,
Ու կանաչ աղջիկն եմ ես սիրում,
Որի սեւ աչքերում մեղք չկա։
Որի սեւ աչքերում մեղք չկա,
Եվ անեզր ու ծավի է հոգին,
Շուրթերին համբույրի հետք չկա
Ու ի՛մն է ջինջ սերը առաջին։
Սիրում եմ, որ սիրով իմ մաքուր
Առաջին հեղ նրան ե՛ս գրկեմ,
Իմ կանաչ աղջկան, զերդ համույր,
Ու շուրթին համբույրի մեղք դնեմ։
Սիրում եմ, որ դժգույն ու դալուկ՝
Իմ կրծքին՝ հոգնաբեկ նա հեւա,
Արցունքով, կեղծ ու սուտ ու տամուկ,
Համբույրիս մեղմ ցավից հեկեկա…
Համբույրիս իբր ցավից հեկեկա
Ու բաղձա նա նորից ու նորից,
Որ կոպիտ շուրթերով իմ տղա՝
Շուրթերը իր քամեմ ես նորից…
Օ՜, գինին… ես գինին եմ սիրում
Եւ համբույրն աղջկա իմ բարի,
Ու կանաչ աղջիկն եմ ես սիրում,
Որ իր սեւ աչքերում մեղք չունի։
ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉ
Հրապույրիդ ու համբույրիդ ես ծարավ
Մի խենթ տղա կաթոգին,
Քո կարոտը պատեց հոգուն իմ անբավ,
Քեզ եմ կանչում անձկագին…
Տես, իմ սիրտը բաբախում է մեղավոր,
Ու հիվանդ եմ ես հիմիկ,
Ո՞ւր ես չքնաղ կանաչ աղջիկ սիրավոր,
Արի, արի՜ իմ պարիկ։
Արի, արի իմ ըղձանուշ շառայլոտ,
Թե չէ՝ սիրտս կարյունի,
Գուրգուրանքի ու գգվանքի ես կարոտ
Ու գինով եմ համբույրի…
Երբ գիշերը իջնում է
լուռ ու մթին,
Բյուր հույզերով
լուսաշաղ,
Հոգիս ծնրած աղոթում է
քո ճամփին,
Կանաչ աղջիկ իմ
շարմաղ…
Ու ստվերներն ծույլ,
դողդոջուն և անոսր,
Երբ պատում են իմ ուղին,
Իմ աչքերից ես թափում
եմ հորդ արտոսր,
Սիրտս եմ ձոնում
աստղային…
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՂՔ
Մանուշագույն անուրջներով
Ու թառանչով տրտմաթախիծ հուշերի
Վերհիշում եմ հին ու խարխուլ,
Ավեր գյուղի վեհ խորհուրդը գիշերի…
Արփին ոսկե իր շողերը
Արեւմուտքում շառագունած պատանեց.
Ստվերների ծվեն-ծվեն,
Գորշ ոհմակը անմեղեդի ժամանեց:
Անոսր քողը սեւ, մթամած,
Երազների երամներով նրբաթեւ,
Տանիքների խոլ բաշերից անսույլ հորդուն
Նինջ բուրվառեց հեւիհեւ,
Ու ծովացող լուսնաշողի շղարշի տակ
Դեղնած, դալուկ ու դժգույն
Հոգնած գյուղը փոշոտ ու խոնջ
Մրափ մտավ բյուր խոհերով կապտամույն:
Մենք քայլեցինք դեռ նորահերկ,
Խոր ցելերի ծփանքներով արտերում,
Ավեր վանքի խաչքարերը համբուրելու,
Հին խոստումներ մեր սրտում:
Ստվերները լուռ ձգվեցին մեր ճամփեքում,
Որպես խորհող վես քուրմեր,
Ու գավիթում խաչքարերի ծունկի եկանք
Հաշտելու սուրբ աղոթքներ.
Սուրբ աղոթքներ, լույս աղոթքներ,
Անկեղծ ու ջինջ,
Ես քեզ, դու ինձ նվիրած,
Ու երկուսիս թաքուն սերը
Անմեղության մեր սրտերում տաճարած:
Սուրբերի սին, պատրանական
Ուրուները երկնաբնակ ու լուսեղ
Երամներով մութ շրջփակում
Երկյուղեցին աղոթքներից մեր սրբեղ.
Ու մինչդեռ մեղմ սահանքներով
Ոգիները թեւածեցին լուրթ վերում
Աղոթք եւ ուխտ մենք ավարտած
Համբուրեցինք խաչքարերը գավիթում…
Բարձր էր, սակայն, մի խաչքարը,
Վեհ ճակատը պարզած հպարտ ու ողորկ,
Ու վարդագույն մեր շուրթերը
Չխմեցին պաղ համբույրը նրա լոկ…
Թախանձեցիր, քեզ օգնեցի,
Ելար, ելար ու գրկեցիր խաչքարը…
Իսկ ես ցածում անկարեկից`
Չհամբուրեցի ինձ անհաս սրբքարը:
Հետո իջար…
Ու մենք դարձին
Երբ հոգնաբեկ նստեցինք ափն աղբյուրի,
Մեծ խաչքարի ցուրտ համբույրը
Քո անապակ, բորբ շուրթերից ըմպեցի…
Իցիվ… իցիվ… Իմ հավատը
Ես համորեն մոռանայի հին վանքում,
Որ խաչքարի ծարավանքով
Չարյունեի անեղծ հույզ ու զգացում…