ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 80 / Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

ՃԻՇՏԸ ԻՐԵՆՔ ԵՆ, ԻՀԱՐԿԵ

«Քոլագերան» կայարանը նախկին բռնցքամարտիկ և Ծմակուտից ձի հայցելու պահին այլևս թղթակից Հրանտ Քառյանին վերադարձնում է «Շիլ Եղըշի Հրանտին»: Աշխարհը վերստին հնչեցնում է իր ձայները: Եվ մինչ դու կմտածես, թե գրողը ոնց է վերջացնելու այս պատմությունը (Շիլ Եղըշի փոքրը` Արայիկը, ախր, այնուամենայնիվ, բերում է Ղազախ գնացած, հետ եկած Ալխոյին), Հրանտ Մաթևոսյանը զրույցը փակում է Արայիկի վերջին նախադասությամբ. «Հայրիկն ասաց` հորեղբորը սառը կբարևես»:
Չեմ ուզում նախապատրաստել այն եզրակացությանը, թե մեր արձակի մեծը խոսքաշեն էր և կարող էր պատումն ավարտել նաև այսպես: Ուզում եմ ասել, թե գրողն իր զրույցը ավարտում է ոչ թե գործողության շրջադարձով, այլ շրջադարձին հաջորդող խոսքով: Այսինքն թե` գրողը կարող է գումարել ու հանել և հերոսի բերանը դնել իր բառը: Եվ ուրեմն հերոսին ճանաչելու համար կարիք չկա հանդիպելու դրա նախատիպին: Ահնիձորը աշխարհի պորտ տեսնելու համար կարիք չկա գնալ Ահնիձոր: Հրանտ Մաթևոսյանը չկա, մեկ է` լիներ էլ, նրա աչքերով չէիր տեսնելու գյուղը: Եվ ոչ էլ հարկ է դերասաններին հագցնել այն ժամանակվա շորերը (մանավանդ` Մաթևոսյանը համարյա չի նկարագրում իր հերոսի հագուկապը) և ապսպրել, թե դու Ղազախի ճամփին Ալխո բեռնաձիուն տանջող Գիքորն ես, իսկ դու Ռևազ Մովսիսյանը, որ չորս ոչխար է կորցրել` երկուսը սև, երկուսը սպիտակ…
Գրողը մթնոլորտ է ստեղծում, հերոսներ կերտում բառերով` դրանք ավելացնելով ու պակասեցնելով: Այնպես որ` Հրանտ Մաթևոսյանի հերոսները Ահնիձորում չեն, նրա գրքերում են, Մաթևոսյանի բառերն են առնում-տալիս նրա հյութեղ, արտիստիկ պատումներում: Դու էլ բեմի քո լեզուն պիտի ունենաս, թե չէ մարդուն մի իրականությունից հանում, դնում ես մեկ այլ իրականություն: Հրանտ Մաթևոսյանին օտարում ես գրողից ու իր հերոսներից և ուզում ես, որ քեզ հավատանք:
Հավաքներին սովորաբար ասում են` «Հրանտ Մաթևոսյանի նման գրողները ծնվում են հինգ հարյուր (կամ հազար- Ֆ.Մ.) տարին մեկ» և տարիների հետևում մտածում, թե իզուր չսպասես, այլևս չեն ծնվում:
Ճիշտ են մտածում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։