ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
ՙԳրական թերթը՚ միանում է շնորհավորանքին
Սամվել ԿՈՍՅԱՆ – Դժվար է հավատալ, որ Արա Նազարեթյանն արդեն 70 տարեկան է, ինչի առիթով շնորհավորում եմ: Տարիքը փա՞ստ է, թե՞ զգացողություն, 70-ը փակագի՞ծ է, թե՞ կյանքը նորովի ընկալելու հնարավորություն:
Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ – Փաստի զգացողություն ու փակագծից խուսափելու մղում:
Արցախյան պայքարի տարիներին, աշխարհից կտրված, էսօրվա կապի միջոցները չկային, տնեցոնց էլ «խաբել» էի, թե ուսումնական վարժանքների ենք գնալու, որ ետևիցս զորամաս չգային. թե ողջ ու առողջ վերադառնայի՝ լավ, եթե մի բան պատահեր՝ մեկ է, կիմանային, նախօրոք ինչո՞ւ անհանգստանային: Կռիվը սարերում էր, մեր հարևանի տղան զոհվեց, ու մերոնք գիտեին, որ նույն զորամասում ենք, մեկ-երկու օրից կիմանային, որ զորավարժությունների չեմ… Ցերեկները համեմատաբար հեշտ էին անցնում, գիշերները նայում էի աստղերին, ու միակ կապն էն էր, որ գուցե մերոնք էլ էդ ժամին էդ նույն աստղին են նայում…
Հետո ինձ համոզեցի, որ մեկ է, անցնելու է՝ կարելին անում ես, անհնարի մասին մտածելուց էլ օգուտ չկա, բանի տեղ մի՛ դիր: Քեզ անջատում ես, ու կանցնի: Ու անցավ: Մեկ էլ տեսնում ես՝ էդպես 70 տարի է անցել, ու արդեն էդքան տարեկան ես:
Ս. Կ. – Պատերազմի թեման առաջնային է Ձեր ստեղծագործություններում: Պատերազմ և գրականություն: Եթե մարտադաշտում, որպես ազատամարտիկ, գիտակցում էիք, որ խաղաղությունը թշնամուն հաղթելով է, հավատո՞ւմ եք, որ մշակույթը կարող է խաղաղության երկարատևության երաշխավոր լինել:
Ա. Ն. – Առաջնայինը չէ՝ երևացողը:
Ինձ ավելի հոգեհարազատն ու թրթիռոտը դեռ սովետի ժամանակ իրականացած անհնար երազանք «Տապան» (երկիմաստ՝ Նոյի փրկանավ և յուրաքանչյուրի էն աշխարհ գնացածի տապանաքար. Սանահնա վանքի գավիթում կա տապանագիր՝ «Ափ այն»՝ տապանանավով էն ափ… Էն ժամանակների չափանիշով երևելի մեկի՝ խորաեզրագծով ու հսկա, ու ով անունը նշելն անկարևոր է համարել՝ իբր ի՞նչ, ինքն արդեն գնացել է, ապրողները թող այլևս մտածեն-հոգան-գտնեն ու իրենց առտնին վազվզոցին իմաստ տան) առաջին գիրքս է, «Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից» պատմվածքներիս ժողովածուն՝ կյանքին արդեն վաթսուն տարեկանիս աչքով անողի ապրումով: Տիեզերքում կայուն պտտվող մեր հեղհեղուկ աշխարհի մեջ անհատի ներքին աշխարհով:
Բայց ժամանակն իր առաջնահերթություններն է առաջին պլան մղում:
Մոսկովյան մի գրական քննարկման ժամանակ խոսք էր գնացել, ու ադրբեջանցի գրագետը մերականի գրականաքննական խոսքը հարցականի տակ էր դրել, թե՝ ձեր Արա Նազարեթյանն ի՞նչ պիտի գրած լինի, որ պատերազմն արդարացվի… Այնինչ, գրականության նյութը պատերազմը չի:
Իմ «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուում, որն, ի դեպ, արժանացավ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակին, «Ծանր երազ» պատմվածքն սկսվում է «…մի կողմում դուշմաններն էին, մյուսում՝ սրանց թշնամիները…» բառերով:
Մենք, անկախ եկեղեցական կանոնակարգով կնքված թե ըստ ավանդույթի պարզապես մոմ վառող, քրիստոնեական հիմնադրույթներով կենսակերպի կրողն ենք, մերն ավերելը չէ, արարելն է նպատակ՝ տուն կառուցիր, ծառ տնկիր, սերունդ տուր… Երեքին էլ պատերազմը չի նպաստում:
Հին ժամանակներում, երբ չկար քրեական օրենսգիրք, ու նաև ժամանակ ու հնար չկար ամեն մեկին ճիշտն ու սխալը բացատրելու (էսօր էլ կա էդ խնդիրը), պարտադրելն էր միջոցը, կենսափորձով իմաստնացածներն ասեցին՝ Աստված, ասեցին՝ Աստծո խոսքն է, վերջ, վիճելի չի: Եթե կյանքն ընդունում ենք հետաքրքիր ու որ ուզում ենք շարունակական լինի:
Էդ է՝ գրում ենք ու մեր գրածի ետևից գնում:
Գրվածի միտումը՝ պիտի նպատակը թիրախ ունենա, որ հետո, երբ ասում են՝ միշտ լինում է էնպես, ինչպես լինում է՝ ուզածներս լինի:
Պիտի էն գրվի, ինչի ետևից գնալով ցանկալիին հասնենք:
Վստահաբար, մերժելիի հետ չհաշտվելը մի բան է, անտեղյակ, անիմաստ մեջ ընկնել-ցուցադրվելը՝ այլ: Իմը փորձել հասկանալն է՝ մերժելուց առաջ: Բանից անտեղյակ, բայց հանուն ստվերում չմնալու, նկատվելու գրավիչ առիթով ինքնացուցադրվելը՝ մերժելի:
Ս. Կ. – Գրողներ կան, որոնց ներշնչանքի լիցքերն անցնում են: Ձեզ համար որքանո՞վ են հիշողությունները գերակա և արդյոք մա՞սն են նաև Ձեր ներկայի:
Ա. Ն. – Հիշողությունների, պատկերավոր ասած, փշփշոտ մասրենու իմ թփին վեց ծաղիկ աչք է բացել. որը՝ բերք, որը՝… եսի՞մ:
Պատմվածքներիս ժողովածուները նկատի ունեմ:
Հրանտ Մաթևոսյանն ասում է՝ մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում. հրեն, կովը դաշտում արածում է, իսկ հորթին երեկ են մորթել…
Հիշողությունը ծանր բեռ է, այո՛, բայց և՝ փորձառություն: Ու հիշողությամբ օժտվածը հիմա մարդ է, չունեցողը՝ նույն անասունը:
Հազար տարի առաջն էլ, երեկն էլ, դեռ չգրված՝ հենց էս բառին նախորդածն էլ… հաջորդ պահին հիշողություն են: Էդ հարահոսից գրողի մաղով անցկացրածն էլ էն պիտի լինի, որ մարդու ու անասունի դերերը-տեղերը չփոխվեն:
Ս.Կ. – Վահագն Դավթյանը կարծում էր, որ կան ճակատագրի կամ տեխնիկայի պոետներ: Արդյոք նույնը կարելի՞ է արձակագիրների մասին ասել:
Ա. Ն. – Վահագն Դավթյանի միտքը Սայաթ-Նովայի խոսքով ձևակերպած՝ ճակատագրով արձակագիրներին ընթացքը տեխնիկա է սովորեցնում:
Ս. Կ. – Արա՛, նոր բաներ գրո՞ւմ եք, կա՞ մի պատմվածք, որ ուզեցել եք գրել, չի ստացվել։
Ա. Ն. – Մի հատ կա։ Մտովի շատ եմ փորձել, բայց ինքն իր ձևը, իրեն յուրահատուկ հանդերձանքը չի գտել։ Իսկ պատմվածքը չի կարող մերկ լինել, գտնված իր զգեստի մեջ է գայթակղիչ, ոնց որ, ասենք, «պոզահարելու» հրահրող կարմիր շորով աղջիկը. նայում ես՝ մերկ, ամեն ինչ տեղն է, բայց խորհրդավոր էն հրապույրը չկա։
Ասեմ, ուրեմն։ Մի մտահղացում ունեի։ Մեքենաս փոխել էի ավելի էժանի, ձեռքիս փող կար՝ գնի տարբերությունը։ Շուշին դեռ ազատագրված չէր, մտածեցի՝ աճուրդ հայտարարեմ Շուշին գրավելու դրոշի իրավունքի համար։ Նախնական գումարն ինձնից, ես սկսեի, ամենաշատ տվողն էդ դրոշը զորքին նվիրելու իրավունքն ստանար։ Պատիվն ու հպարտությունը կլիներ աճուրդը շահողին, ես էլ լոռեցու իմ «խորամանկությամբ» մտքումս թաքուն կպարծենայի. ով-ով, բայց ես հո գիտեի՛ էդ գործն ով նախաձեռնեց։
Ազգային ոգու վերելքի էն օրերին Հայաստանում հաստատ շատերը կգտնվեին էդ պատվին արժանանալ ցանկացող։ Սփյուռքի մասին էլ չասեմ։ Մեծ գումար կհավաքվեր։ Մի քանի հազարը կգնար դրոշին, մնացածին էլ կարելի էր, օրինակ, զենք առնել։
Առաջատար թերթերից մեկի ծանոթ խմբագիր կար (անունը չասեմ, ինքը կարդա, երևի կհիշի), մտա հայտարարություն տալու։ Մոտն արտասահմանցի հյուրեր կային, սփյուռքահայեր։ Նախ՝ բոլորով ուշադիր երեսիս նայեցին, հետո՝ իրար, հետո՝ ես իրենց ու… դեմքներին գրած էր՝ էս տղեն կա՛մ օտարերկրյա լրտես-գործակալ է, կա՛մ ոչ պակաս վտանգավոր սադրիչ, եթե ծալապակաս արկածախնդիր չի, լավագույն դեպքում՝ հոգեբուժարանի ապրանք։
Մի խոսքով, ոնց էն մտահղացումս դրոշ չդարձավ, էդպես էլ էդ պատմությունը մինչև էսօր՝ պատմվածք… Ինչքան փորձել եմ, իր կեղևը չի գտել՝ հագնի, մերկ չմնա ու հիմա, ահա, եկավ-մտավ էս մեր հարցազրույցի մեջ։
Բայց տես, ինքն իր տեղը ոնց որ գտավ, հը՞… Ի՞նչ պակաս պատմվածք ստացվեց։ Բա սա նովել չի՞. «դրվագ հարցազրույցի մեջ» ձևաչափով։
Ու, փաստորեն, ստացվեց, արդեն չկա պատմվածք, որ ուզենայի գրել, բայց գրած չլինեի… Փաստորեն, քանի կանք՝ գրվում է։
Էս էլ հարցիդ պատասխանը։
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Արա Նազարեթյանին
Այս հանգրվանում քեզանից առաջ
ես ինքս եմ եղել, սիրելի՛ Արա…
Շատ չվախենաս, դու հո լավ գիտես՝
ծերության ճամփան մեզ նմաններին
առաջնորդում է դեպի մանկություն,
միայն թե պիտի ցանկություն լինի՝
գտնելու համար
ժամանակ կոչվող գետի
հոսանքը շրջելու հնար…
Պարզվում է, ո՛չ նոր հուն փորելն է դա,
ո՛չ ամբարտակը և ո՛չ էլ պատը…
Եվ մինչ ապարդյուն փնտրում էիր դու,
հնարը գտավ քեզնից
հանճարեղ թոռանդ տատը…
Անձնագիրդ նա նետեց լվացքի մեքենայի մեջ,
որ ծննդյանդ թիվն ու տարիքիդ բեռը մոռանաս,
որ չկորանաս,
որ թեթևոտն
հոլովես ճամփադ
հանգրվանային քո
օգոստոսից
դեպի… գարուններ…
Բարի ճանապարհ,
սիրելի՛ Արա…
Օրերից մի օր,
երբ իջնի մութը,
Աբովյանն ի վար
քայլելիս մի պահ
հիշիր հեռավոր այն
տարեմուտը,
որ վայելեցինք քեզ հետ, Խաչիկի
և Էդիկի հետ՝ այն ազնվական գրասեր տղու…
Երնեկ կրկնվեր այն օրը, Արա՛,
երնեկ կրկնվեր՝ առանց դիմակի
և սոցիալական հեռավորության…
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ
ԿՈՒԶԵԻ` ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ ՉՄՆԱՐ
Իր ստեղծածն էլ իր պես է` շնկշնկան հայերենով, լուսավոր, ապրեցնող:
Աշխարհի գրին հաղորդ` չմոլորվեց, ինքնակամ գերվածի դավաճանությամբ չկանգնեց նրանց կողքին ու չհոխորտաց իր ազգի երևելիների դեմ: Նրանց գրի հմայքն իրեն առավել պարտավորեցրեց` իր տողը բերնեբերան առողջ լիցքերով հագեցած արարելու և չթողնելու, որ իր բառերը պարապությունից հոգնած անկյալների պես գրքի հերթական էջին անկապ պտտվեն:
Արա Նազարեթյանին մինչ հանդիպելը, իր գրականությունն իր հետ արդեն բարեկամացրել էր: Կյանքը շրջանցած, ինքնամեկուսացածի պարտավորեցնող ճիգ չես գտնի, Արայի գիրքը ձեռքիդ` աչքերիդ միջով հոգուդ դարուփոսերով վազողը նրա տաղանդով թրծված հույզերն ու ապրումներն են, որ մարդկային կերպարանք առած, քեզ հետ անցնում են աշխարհի ճամփեքով:
Հեռվից մանր-մունրը չէր երևում: Ու որ 70, 60, 50 և նույնիսկ 40 տարեկան էլ չէր` գրականության մայրուղին նրան բերեց ուղիղ Հրանտ Մաթևոսյանի մոտ. բոլոր սկսնակներն ինքնահաստատման խնդիր ունեն և մեծի հայացքի մեջ են փորձում գտնել իրենց ստեղծածի արժեքը: Ալավերդի վերադարձին` արդեն Մեծի կնիքով էլ վավերացված գրող էր` վստահ, որ իր ստեղծելիք գրականությանը սպասողներ կան:
Արա Նազարեթյա՛ն ջան, շնորհավորելով ծննդյանդ հոբելյանական տարեդարձը, ուզում եմ Արցախյան ազատամարտում քո սխրագործություններն էլ նշել ու ասել` ինչ լավ է, որ փորձություններով լի մեր ժամանակներում չլքեցիր Հայրենիքդ, մյուս նվիրյալների նման ինքդ ձեռք մեկնելով, դուրս բերեցիր մահվան ու խավարի ճիրաններից` որպես նրա տաղանդավոր ու հավատարիմ զավակ:
Կուզեի, որ իմ ու քո ընտրած այսօրվա իշխանավորն իրեն լուսանցքում չթողներ` 70-ամյակդ լավ առիթ է` քեզանից մի հրաշալի հատոր ընթերցողին նվիրելու…
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱՂԱՆԴԻ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ԱՐԴԱՐԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Արա Նազարեթյան գրող-քաղաքացուն ճանաչում եմ մի քանի տասնամյակ: Մինչև հանդիպելն էլ, կարդալով նրա դրական էներգիայով ու լեզվամտածողության ինքնատիպությամբ պատմվածքները, հասկացել էի, որ մի նոր գրող է ծնվել՝ համալրելու Լոռվա բնաշխարհի տաղանդավոր ստեղծագործողների շարքը: Բայց ոչ թե նեղ հասկացողությամբ. նրա պատմվածքների ասելիք-փիլիսոփայությունը դուրս է գալիս Լոռվա բնաշխարհի սահմաններից, ձուլվում ազգայինին, համամարդկայինին:
Արա Նազարեթյանն այն մտավորականներից է, որոնք սեփական ազգի ծանր կացության պահին չէին կարող անտարբեր ապրել, սեփական հոգսերով: Նա մասնակիցը դարձավ Արցախյան ազատամարտին, հետագայում խմբագրեց բանակային «Զինավոր» թերթը: Տեսածով ու ապրածով լեցուն իրադարձությունները դարձան հրաշալի պատմվածքներ՝ ընդարձակելով գրողի գրական ընդգրկումներն ու բազմապատկելով ներկապնակի գույները: Անսպասելի չէր, որ Արա Նազարեթյան արձակագրի առանձին պատմվածքներն ու ժողովածուները թարգմանվել են տասնյակ լեզուներով ու տպագրվել բազմաթիվ երկրներում:
Արձակագրի պատմվածքներն ու ժողովածուներն արժանացել են հանրապետական ու միջազգային մրցանակների, ինչը նրա գրական տաղանդի ու նվիրումի արդարացի գնահատականն է: Վստահորեն կարող ենք ասել, որ նա իր տեղն է գրավել ոչ միայն Լոռվա, այլև ազգային մշակույթի գործիչների շարքում:
Իմ սիրելի՛ ընկեր, սրտանց շնորհավորում եմ 70-ամյակդ, մաղթում երկար տարիների ստեղծագործական տքնանք, քանզի քո պատմվածքները մի ուրույն աշխարհ են ազգային գրականության անդաստանում և հարստացնում են մեր մտավոր ժառանգությունը:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ