ՎԵՐՋԸ՝ ԵԿԱՔ… / Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ուհանի առաջին լուսանկարները համացանցում ապշեցրին ինձ. քաղաքի մեռյալ փողոցները` ձգվող դատարկություններ, բազմամիլիոն աչքեր լուսամուտներից նայում են այդ ամայությանն, ուր մարդկային էներգիան սպառվում է, զարկերակը` զրո… Երեք տարի առաջ, առաջին անգամ լինելով Չինաստանում, մարդկային գետի կանոնավոր հոսքն ինձ ասում էր կարծես, որ եթե բոլոր չինացիներն անկանոն շարժվեն, մոլորակը դուրս կգա իր ուղեծրից: Շարժը տեսա անեզր թռչնաթևերի տեսքով-չարը չզգացի… Խաղաղություն էր Չի­նաստանի երկնքում:
Այս երկու հոգեվիճակների միջև ինձ հանկարծակիի բերեց միայնությունը:
Մանուկ օրերիս, երբ դեռ ապրում էինք հին գերեզմանոցին կպած դպրոցի շենքում, իմ ծննդավայր Պեմզաշենի ակումբում, մեծահասակների ընկերակցությամբ, դիտում էի «Պալեն մենակ է աշխարհում» կինոֆիլմը: Աշխարհի դատարկության մեջ՝ մի Պալե մանչուկ: Մանկան վախերի դարձի հնարավորությանը չէի սպասում: Սա մի այլ նշան է երևի՝ հղված բոլորին անծանոթ մի կետից, որ, ի վերջո, մարդկությունը կանգ առնի խելագար մրցավազքում… Առանց այդ էլ գերբնակեցված մեգապոլիսների ռիթմերին (այս երևույթը, ըստ կենսաբան Քոնրադ Լորենցի, որ ռազմագերի է եղել ՀԽՍՀ-ում 2-րդ աշխարհամարտի տարիներին, համարվում է արդի մարդու ութ մեղքերից առաջինը) դեռ նոր պիտի վարժվենք, ստիպվա՛ծ, մշակութային մեր ռիթմն արագացնելով…
Լու Ֆենի բոլոր լուսանկարները միասին՝ մահացած Ուհանի դիմանկարն էր, քաղաք, որ մահացել էր «թագավարակից»,- ինչ էլ անուն են դրել,- մտածեցի: Մինչ այդ մեզ ծանոթ համաճարակները մոռացության էին տրվել, թեև, չգիտեմ ինչպես, 1993-ին իմ «Խնջույք» ֆանտասմագորիա-պոեմում ես դա ապրեցի իբրև մետաֆոր մուսաների մահտարաժամի և ոգեկոչ՝ հառնել անկումից:
Հիվանդ պեգասների երամակին այն
Կանչեց ճգնավոր
Երգեհոնի ձայնը,-
Ձիերն արթնացան
ծերության դարձից,
Հանց արծիվ՝
կանգնած իրենցից բարձր…
Ապա 2013-ին խմբագրեցի ֆրանսիացի արձակագիր Ժան Ժինոյի «Հուսարը տանիքի վրա» թարգմանական վեպը, որը ծայրեծայր Նապոլեոն Բոնապարտի անկումից հետո մոլեգնած խոլերայի բնում ասպետության փառաբանություն է՝ իտալացի Անժելոյի կերպարով: Ծավալուն այդ վեպն իր՝ զզվանքի հասնող նատուրալիստական հոծ ու թանձրաճահիճ դրվագներով, շնորհիվ ասպետական վարքագծի, ամբողջանում և մարդկային հերոսական գործոնի կարևորությունն է շեշտում համաճարակների հենքին:
«…դեմքը ծամածռանքից աղավաղվում էր, մարմինը՝ ջղակծկումներից ցնցվում: Անժելոն չգիտեր ինչ անել: Նա շարունակում էր շփել անկենդան ոտքերն ու ազդրերը՝ սարսափով տեսնելով, որ կապտավուն երանգն ավելի ու ավելի է բարձրանում՝ միաձուլվելով որովայնի կապույտին: Նա ինքն էր նյարդային ցնցումներ ունենում ամեն անգամ, երբ լսում էր, թե ինչպես էին ճարճատում ոսկորները սարսուռից կուչ եկած այդ մարմնում: Տեսավ, որ երիտասարդի շուրթերը շարժվում են, փորձում էր ինչ-որ բան ասել: Անժելոն ականջը դրեց նրա բերանին.
– Ախտահարվե՛ք,- ասում էր երիտասարդը:
Նա մահացավ երեկոյան դեմ:
– Խեղճ փոքրիկ ֆրանսիացի,- ասաց Անժելոն»:
Նաև մարդասիրական ճգնաժամերի, հետևաբար և չարի ագրեսիայի ժամանակ: Ցեղասպանությունը և թուրքերը: Ֆաշիզմը, Երկրորդ աշխարհամարտի բարբարոսները: Ադրբեջանի ռազմական անփառունակ և արկածախնդիր հարձակումները Արցախի անկախության դեմ և այս օրերին՝ Տավուշի ուղղությամբ, Անժելոյի ասպետական, անձնազոհ, քաջարի, խիզախ կերպարին մոտ հայտնվեց Արսենիի կերպարը, երբ 2015-ին թարգմանում էի Եվգենի Վոդոլազկինի «Լավր» ոչ պատմական վեպը: Մինչև սրբադասումը, աստվածային ուժերին տրված, Արսենին հաղթահարում է միջնադարյան Ռուսաստանին պատուհասած ժանտախտը՝ նվիրաբերումով, անձնազոհությամբ, կարեկցությամբ ու գութով՝ հանդեպ մեռյալները: Դժոխքով շարժվող մի հրաշալի ու ջահել սուրբ:
«Իսկ եթե հիվանդը մեռնում էր, նրա հետ մեռնում էր նաև Արսենին: Եվ խեղդվում էր արցունքներից և ամաչում այն բանից, որ հիվանդը մեռած է, իսկ ինքը՝ ողջ… Արսենին պայքարում էր ոչ միայն հիվանդության, այլև մարդկային վախերի դեմ: Նա շրջում էր քաղաքով ու համոզում մարդկանց չվախենալ: Խորհուրդ տալով պահպանել զգուշությունը՝ Արսենին նրանց ետ էր պահում խուճապից, որը մահացու է… Նա հիշեցնում էր մարդկանց, որ առանց Աստծո կամքի մարդու գլխից մազ անգամ չի ընկնի, և կոչ էր անում չփակվել տներում՝ մոռանալով մերձավորներին օգնելու մասին: Շատերն էին մոռանում»:
Վարքագիծ, անանձնականություն, որն առանց հոգևորի թերի է մնալու, քանզի անորոշության գոտիներում մարդը ոչ միայն շաղվում է, այլև բռնվում եսականությամբ, հակվում հանրության տրոհումներին, անզուսպ բռնկումներին… Եվ խոսքն սկսում է չկառավարվել, ինչպես մետաղյա շիկացած միջուկից պոկվող ատոմներ: Փողոց, ԶԼՄ-ներ, ֆեյսբուքյան էջեր… Այսքան հայհոյանք ոչ մի միջավայրում միանգամից չէի լսել: Իսկույն ինձ հիշեցրեց Ի. Ռեպինի «Զապորոժյան սեչի կոզակները նամակ են գրում թուրքի սուլթանին» պատմական գեղանկարը,- ով ինչ ուշունց գիտի, ասում է, իսկ գրագիրը հանձնում է թղթին: Այսքան թույն որտեղի՞ց մեր ներսում… այսքան մաղձը որտեղի՞ց… այսքան անհանդուրժողականությունը մի՞թե մերն է: Երանի այս ամենն ուղղված լիներ մեր թշնամուն, որը չի խաղաղվում իր դաշնակցային «գողոնը» ետ վերցնելու մտքից, ձգում է զինադադարն ու հաշտությունը և լարում այնքան, մինչև աշխարհը խառնվի իրար, շունը տիրոջը չճանաչի, և իրենք բորենիների պես վրա տան… Բերանն արնոտ մարդակերը… Սակայն մենք նահանջի տեղ չունենք՝ ետևում Բաքուն է… Մենք վիշապի երախի մեջ ենք, կկտրենք նրա գլուխը, չենք տրվի նվաճման՝ չկրկնելու 1915-ի մեր մահը՝ Ցեղասպանությունը: Այո՛, համավարակը մենք տանում ենք սթափ մաքառումով և մշակելով հայի վարքագծի ու համակեցության նոր նորմեր: Որքան էլ քրիստոնեական առաքելությամբ մեր խաչը կրել շարունակենք, մեզնից յուրաքանչյուրը պիտի վերակերտի իրեն. լինի պատրաստ թշնամու գլխին թափելու իր ամբողջ ցասումը: Ստեղծենք, որ չպաշտպանե՞նք մեր ստեղծածը: Այս մտայնությունը միշտ է գերակա, վիրուսի բացիլը՝ աներևույթ փոքր, անտեսանելի: Եվ մեր կամքի զրահին դիպչելով՝ պիտի հեռանա մեզնից: Որպեսզի օդանավակայանները չնմանվեն ափ նետած ֆանտաստիկ ձկների: Այդտեղ պիտի գրկաբաց դիմավորեն իրար, և հրաժեշտի ձեռքեր թափահարվեն, պիտի այդ «ձկները» թռչուն դարձած գեղեցկորեն ճախրեն՝ կապելով մոլորակի մարդկանց: Հայերը պիտի տուն վերադառնան, թափառումներից հետո տուն պիտի գան, և ո՛չ որպես անառակ զավակներ, այլ՝ իբրև տեր, ինչպես իրենց եղբայրներն ու քույրերը մայր հայրենիքում: Վերջը՝ եկաք, բարի գալուստ,- ասում եմ մտքումս, որ բոլորը լսեն: Ու լավ կլիներ, լույսը բացվելուն պես, արտասանեիք Պարույրի այս աղոթական տողերը.
Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՜ծ,
Իմ փառապա՜նծ…
Սա էլ եմ ասում մտքումս, որ բոլորը լսեն: Ու երբ վարակվածների աղյուսակին հետևեք ամեն օր, սա ձեզ կօգնի: Եվ կնորոգի 30 տարվա միջկուսակցական անիմաստ բախումներից կոտորակվող ժողովրդի միասնությունը:
Եվ քանի որ համաճարակի մի քանի դրվագներ մեջբերեցինք գեղարվեստական գրականությունից, մի ուշա­գրավ դրվագ էլ՝ անտիկ պատմաբան Թուկիդիդեսից, ով վարակվել ու ճակատագրի բերմամբ գլուխն ազատել է ժանտախտից՝ եղելությունը վկայելու ապագա դարերին: Աթենացիներին ուղղված Պերիկլեսի ճառի մի հատվածով էլ ավարտեմ գրությունս.
«63. …Չէ՛ որ խաղաղասիրական քաղաքականությունը, որը կապված չէ վճռական գործողությունների հետ, կործանարար է. այն օգուտ չի բերում մեծ տերությանը, այլ պիտանի է լոկ հպատակ քաղաքին, որպեսզի ապրի ան­վտանգ ստրկության մեջ:
64. Մի՛ տրվեք հորդորներին նման հովանավորների և մի՛ կատաղեք իմ դեմ կռվելու համատեղ ընդունած որոշման համար, եթե թշնամիներն այժմ ներխուժել են մեր երկիր և կատարել են հենց այն, ինչը և սպասվում էր, քանի որ դուք չեք ցանկացել նրանց ենթարկվել: Այնուհետև, ճիշտ է, հանկարծակի բռնկվել է նաև ժանտախտի այս համաճարակը, և դա եզակին ու ամենասարսափելին է բոլոր աղետներից՝ վրա հասած մեզ՝ ի հեճուկս ցանկացած նախահաշվարկների: Ես գիտեմ, այդ հիվանդությունը ձեզ հատկապես է վերադասավորել իմ դեմ: Բայց դա արդարացի չէ. չէ՞ որ դուք ինձ չէիք մեղադրի վաստակի մեջ, եթե դուք հանկարծակի հաջողություն ունենայիք ինչ-որ բանում: Փորձություններն, ի վերուստ առաքված աստվածների կողմից, հարկ է տանել խոնարհաբար, իսկ պատերազմի զրկանքները՝ քաջաբար…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.