ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծ
ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ-2
…Շունչ առնել մի պահ, ետ նայել ներհուն մի հայացքով:
Թոթափել ավերիչ խոնջությունը:
Մարմնից մեկ-մեկ հանել խրված բեկորները, նետերն ու փշերը,
փոխել վիրակապերը, լվացվել երազանքի ոսկեցոլ ջրերով,
մերսել մկանները այգաբացի պիրկ ճաճանչների տակ,
ինքնամոռաց մարզվել վարժանքային արդի ձևակարգով:
Առջևում կրկին թեժ մրցապայքար է,
պարտքդ է՝ նվաճել պատմության նոր փուլի ուղեգիրը թանկ,
թե չէ անդամահատված մարմինդ քառակի կանդամահատվի,
քեզ մաս-մաս կխժռեն քո հոտից գրգռված անսանձ գամփռները աշխարհատեր:-
Մարզվել, մարզվել անվերջ օլիմպիական աստղի համառությամբ,
հատուկ առաջադրանք ստացած գաղտնի գործակալի պես,
որի առաքելությունից վերափոխվում է կյանք ու ճակատագիր:-
Չտարվել սեփական հմայքների խաղով,
շնչադադարը ակնթարթ է լոկ, քիչ անց դու դարձյալ
մարաթոնյան վազքի մեջ կլինես, մի՛ հապաղիր, վազիր,
թե չէ կրնկակոխ հետևող ամբոխը քեզ իր ոտքի տակ կճզմի անխնա:
Շնչառությունդ դարձրու համաչափ, դեն նետիր ավելորդ պաճուճանքները,
իզուր մի՛ խրվիր հույզերի տիղմում,
ապավինիր ընտիր զգացմունքներիդ,
շարունակ ունկ դիր մարմնիդ ձայներին, նրանք կհուշեն,
թե ինչ կարիք ունեն հյուսվածքներդ, կիմանաս՝ ոնց է
տրոփում սիրտդ, ինչ հաճախությամբ, հանուն ինչի՞ և
ո՞ր կարոտների համար է կարմրում…
Չմոռանաս՝ շատերը շնչահատ ընկնում են
վազքուղու ինչ-որ ոլորանում, չվհատվես հանկարծ,
դու ամուր ոսկոր ես՝ Տիրոջից օրհնված,
դե, ուրեմն վազիր, ընթացիր անբեկ, անտրտունջ ու ազատ:
Մարմինդ թիրախ է հին ու նորահայտ ախոյանների սևակնած աչքին,
նրանք մշտապես կրակ են տեղալու՝ դիմահայաց թե դարանակալ,
գնդակն էլ, գիտես՝ սիրում է հետամտել հոգեղեններին:-
Կարող էիր լինել սրբազան խաչված, բայց կյանքի հիմնը քեզ մղում է ապրել
որպես հանձնակատար նահապետաց – հավատալ, որ կյանքը
վերին աստվածություն է, և
հանուն նրա պետք է մեծ ու մշտաբոց ջահեր վառել:
17.03.2021
ԵՐԱՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
…Չուից առաջ կծկվում-դողդողում է, ասես ողջ աշխարհի
պարտքն է ծանրացել նրա թևերին ու գերզգայուն սրտին,-
նա վախենում է մոլորվելուց, վախենում է մատնվել
շփոթմունքի ահին – ո՞ւր կհասցնի երամը՝ Ավետյաց ա՞փ,
թե՞ անապատ ու սառցաշունչ երկիր.- բոլորն հավատում են իրեն,
անգամ երեկվա դեղնակտուցներն ու տարեց ասերը պատկառելի,
իսկ ինքը կասկածում է փորձառությանն ու հեռատեսությանն իր,
թեպետ երիցս անթերի առաջնորդել է սիրելի երամը մինչ ցանկալի եզերք:
Եվ որքան նա դառնում է վստահելի թև, այնքան ավելի
տագնապում է նրա հավքային հոգին՝ փափուկ ու դյուրավառ,
բայց և զարմանալի տոկունությամբ լեցուն:-
Փորձում է սքողել նախաթռիչքային անհանգստությունն իր,
կատակում է ցեղակիցների հետ, քաջալերում տկարներին ու վախկոտներին:
Գո՞ւցե հրաժարվի առաջնորդության ճնշող բեռից,
գո՞ւցե վստահեն ուրիշ մեկին, որ չի տագնապի,
որ անհողդողդ կանցնի երամի գլուխ,
և բախտը բարեհաճորեն կուղեկցի իրենց,- բայց չէ՛,
այլևս ժամանակ չկա, պահն է մեկնելու, չուն ձգձգելը
հղի է անասելի վտանգներով, պետք է օդ ելնել,
առաջնորդել վիթխարի երամը դեպի Ավետյաց ափ, թեկուզև վախը
հոշոտի իրեն, թեկուզև իր փթթուն կյանքի գնով…
Եվ հավաքեց իրեն, խորը շունչ քաշեց, թափահարեց թափով
մկանուտ թևերն իր և զիլ կռնչաց, ապա օդ ելավ
հեռահար խոյահարիչ ինքնաթիռի պես,-
թող ճամփին պատահելիք ամենայն ինչ սարսի
և խույս տա երամից –
նա գիտե ուղին, առաջնորդելու խոր գաղտնիքները,
չի դավաճանի իր երամին, նրան անվնաս կտանի անգամ
թափվող երկնաքարերի, մրրկայնության ու խավարի միջով,
թեկուզ արնածարավ վիշապների և այլմոլորակային
հրեշների միջով,- երամը չի շեղվի սրբազան ուղուց,
ապահով կթռչեն գիշեր ու տիվ և կվայրէջքեն Ավետյաց ափին:
Դա կանի իր ուժով, սիրով ու քաջությամբ, կանի իր ցեղի
իմաստնությամբ ողջ,
թեկուզև թևազրկեն ու անարգեն իրեն վախերի համար,
թեկուզև գլխատեն վայրէջքից հետո…
09.04.2021
ԱՃՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՔՈՂԸ
Լուսաբացը նման է մայրամուտին,
ցերեկն ու գիշերը նույնական են իրենց բնույթի մեջ:
Նրա հայացքով՝ ներկա աշխարհը անդրաշխարհի արտացոլանքն է:
Ինքը կենդանի՞ է, թե՞ մեռյալ: Ինքը հավաքում է սպանված մարմիննե՞րը,
թե՞ սպանվածներն են իրար հերթ չտալով ջանում վերստեղծել
իր մասնատված մարմնի ամբողջությունը…
Նա արդեն ճանաչել է պատերազմի բոլոր անդունդները,
իսկ խաղաղության կերպարը նրա համար առայժմ
անորսալի ու անըմբռնելի է, այն ուրվականի պես է՝
հայտնվում է քնարի հնչյունների ներքո և փութով հեռանում
բամբ թմբուկների թնդյունների տակ:-
…Ահա մի ընկած մարմին ևս՝ մացառների մեջ,
ձորի պռնկին, բայց նրանից միայն կմախքն է մնացել:
Ուշադիր նայեց, տեսավ սպանվածի խայտող ժպիտը,
երբ մահաբեր արկը դեռևս օդում էր:- Մտքում վայրկենապես
վերականգնեց, թե ինչ դիմագծեր ու կազմվածք ունի նա –
ասես իր երկվորյակ եղբայրն է, որի հետ կապ ունի
արդեն հազար տարի:- Քիչ հեռվում մեկ ուրիշ աճյուն է,
բայց սա… Աստված իմ, պարզապես ինքն է, իր կմախքն է հենց՝
աջ ուսոսկրը փոքր-ինչ կախ ընկած: Ինչպե՞ս է, որ այսքան ուշացումով է
գտել աճյունն իր… Նստեց նրա կողքին, շոյեց ճակատը տաք
ու կարդաց կողոսկրին դաջված բառերը՝
ամենքի հետ մեռնողը, ամենքի հետ հարություն առնողը:
21.04.2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳԵՐՅԱԼ ԳԱՐՈՒՆԸ
Օրերը տաքացան, բայց դեռ հեռու է գարունը:
Ծաղկեցին ծառերը, սակայն լուր չկա
գարնան գալստյան ու զարթոնքի մասին:
Քաղաքն ընկղմվեց խոհուն կանաչի մեջ,
ցերեկները զուսպ երկարեցին,
մարդիկ սկսեցին թեթև ու բաց հագնվել,
բայց գարնան թրթիռ չի նշմարվում բնավ
ոչ մի փողոցում,
ոչ մի հոգու մեջ:
Այս անգամ անգարուն մնաց գարնանապաշտ քաղաքը՝
ծաղկուն լորենիներով ու ակացիաներով,
անկոչ հյուրերի պես գլխիկոր խմբված վտարյալներով,
անորոշ հեռվին գամված հազարավոր անսփոփ հայացքներով:
Անգարուն՝ քաղաքի ուշքն ու հոգին ծակող
կրակահերթերի նենգամտությամբ,
բիբեր լայնացնող, ճամփա պաշարող կանաչ դրոշներով…
Մերձակա բլրին հարազատ-կորուսյալ քաղաքն է,
որ հիմա նայում է Ստեփանակերտին գիշատիչ լույսերով,-
գո՞ւցե հենց այնտեղ է գերվել մայր քաղաքի անմեղ գարունը,
գո՞ւցե դիվոտ մի ձեռք չեղյալ է համարել նրա գալուստը
դիվային գործարքով,
իսկ գո՞ւցե գարունը հեռավոր մի վայրում
պահմտվել է մի պահ ու հիմա փորձում է
վերգտնել կատարյալ անզուգական տեսքն իր
ու վերադառնալ՝ այլևս այնտեղ լիաթոք բացվելու
և իշխելու համար…
30.04.2021
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷԼԵԳԻԱ
Գիշերվա ծոցում հրեշտակները լացում են անձայն
մատաղ զոհերի աճյունների մոտ –
անթաղ են նրանք կորուսյալ հողին
և այլակերպված ժամանակի մեջ,-
հրեշտակները շոյում են նրանց
աղվափետուրի տաք ճերմակությամբ
և հուշում՝ ժամն է, որ Տիրոջ փռած
սպիտակ լռության պատանքը հագնեն…
Բայց անդորր չկա աղոտ գգվանքից փափկած խավարում,
խաղաղ պահից էլ ծորում է արյուն,
ահա անցնում է խուլ աղաղակով
ուրվականների թափորը քինոտ –
նրանց ձեռքերին դանակ է ու ձյութ,
նրանց դեմքերին՝ թույն, ատելություն:
Եվ բուն՝ ամենքի աչքերով տրտում
տեսնում է անլուր հանդեսն այդ՝ որպես
զոհյալի վերջին խոստովանություն,
իբրև մի անգիր հիշատակարան՝
հրեշտակների թևերով կնքված,-
չտեսնված պահը լուռ հալածում է զգայուն աչքին,
ապրած սարսափը չփակվող գուբ է
ականատեսի ճակատագրում:
…Հրեշտակները կտրում են իրենց հեկեկոցը և
երկար ներփակվում իրենց թևերում,
ապա գիշերվա որմերն են ծածկում
սփոփանքի նոր գորգ ու պաստառով:
07.05.2021
ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Դեռ յոթ անկյուններից տեսագրել է պետք
յոթ խցիկներով,
արձանագրել վերին ճշտությամբ
սույն տեսարանը հավերժական –
Աստծո քմծիծաղը մարդու օրենքից,
մարդու չարախնդումը Աստծո օրենքի դեմ:
11.05.2021
ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ
Կարմիր ծնծղաներով մի կրկես է շարժվում
ձեռքերն իրար խաչած մարդկանց երկրով մեկ –
ծաղրածուն՝ առջեւից,
ետեւից՝ այլազան թափորը,-
բայց մեկ-մեկ կապիկը առաջ է ընկնում
եւ ճոճում հետույքն իր
ծաղրածուի եւ թափորի առաջ.
կրկեսը քրքջում է,
խաչած ձեռքերով մարդիկ՝ սսկվում:
06.06.2021
ՉԱՐ ՈԳԻ
Փրկիր մեզ քեզնից, չար ոգի,
փրկիր մեզ շանթող քո շնչից,
փրկիչ թե բարի մեծ հոգի
կարծիր քեզ մի պահ, ու խաչից
ցած բեր էն ջահել խաչվածին.
թող նա աչք բացի հուսափայլ
արեւի նման նորածին
եւ երկրի վրա ամեն վայր
ողողվի նրա լույսով վառ,-
բայց դու կանխապես, սրտագին
մեզ ազատիր քո խաղից չար,
որ սպառնում է ամենքին
դարձնել անկամ ու անհոգի,
թե չէ երբ Տերը հայտնվի,
ո՞ւմ պիտի սերն իր նվիրի,
խփնված, ճորտամիտ ամբոխին
չի՜ զորի Տիրոջ սերն անգամ՝
ետ բերել ազատ արարման
կենսալից հուն ու անդաստան,-
փրկիր մեզ քեզնից, չար ոգի:
12.06.2021
***
Դուք չեք լսի նզովքն ու աղաղակն իմ,
թեպետ առավել ամեհի է հիմա
նախահարձակ ոգու ասպատակությունը –
ես շշուկով կասեմ սակավ բառերն այն,
որ կարող են շիջել ակնհայտ ու անտես հրդեհները.
– Թող անձրեւ տեղա քո անհուսության
մռայլ ամպերից,
թող քո ցասման գետում ջրահարսը երգի:
14.06.2021
ՀԱՅՐԵՆԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայրենիքը ճանաչում է իր դեմքն ու հոգին,
իր արյունը, ձայնը, հրճվանքն ու ողբը,
ճանաչում է հողեղեն իր մարմնի գույները,
ոլոր սահմանները, լեզուն, առոգանությունն իր,
ճանաչում է մաքուր ու կեղտոտ ժառանգներին,
նրանց արիությունն ու սարսափն է ճանաչում:
Հայրենիքը երբեք աչք չի դնում օտար,
ուրիշ հայրենիքի, այլ ոգու վրա,
նա միշտ ինքնաբավ է, ծփում է ներքուստ
Աստծու ու մարդու բիլ ուրախությամբ,-
խաղաղասեր է, հանդուրժող ու լայնսիրտ,
չի բռնանում երբեք իրեն հունից հանող
դրկից թե հեռու ոչ մի ուժի վրա,
նա գիտե՝ իրար հետ անվերջ կռվշտում են
երկրները,
պետությունները,
իշխանությունները բիրտ…
Հայրենիքը, սակայն, ներքաշվում է միշտ
ամեն պատերազմի կրակների մեջ:
22.06.2021
ՄԵԿՈՒՍԻՆ ԵՎ ՄԵՐՎԱԾԸ
Ծովի մեջ օտարված ալիքներ կան եւ
բյուր կաթիլներ –
ծովի անունից նրանք փոթորկվելու
իրավունք չունեն,
ոչ էլ ծնելու ծովային անդորր,-
մեկուսի գոյում են՝
սպասելով, որ վաղը ի վերջո
կհաշտվեն մերվածների հետ:
Ծառի սաղարթում տերեւների մի դաս
խուլ ու մեկուսի կյանք է վարում՝ ինչպես
մերժվածների համայնք,-
երբ ծառը սոսափում է, նրանք լռում են,
երբ ծառը լռում է, նրանք կամացուկ
սոսափում են:
Մեկուսի տերեւների վարք ու բարքին
հայրաբար հետեւում է ծառաբունը:
Իրար հետ մերվածները ջանում են
զավթել ընդհանուրի տեղը՝
երբեմն նախահարձակ դաժանությամբ,
երբեմն՝ խաղաղասիրաբար:
Մեկուսիները սակավ են,
մերվածները՝ բյուր,
բայց երկու դասն էլ շաղկապված են
իրար մի խոր դաշնությամբ,
համաձայն որի՝ ծովանում է ծովը,
ծառանում է ծառը
եւ մարդկայնանում մարդկանց բազմությունը,-
նրանք պահպանում են ծովի ու ծառի,
հողի ու երկրի
վսեմ արժեքն ու պատկերն ամբողջական:
27.06.2021
ՓԱԽՈՒՍՏ ՕՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԻՑ
Հուլիսը մաքրում է արեւհարությունից
վառված իր մաշկը, շփում գլուխն իր
եւ շարունակում փնտրել փոքրիկ մի այսբերգ
եռուն ժամանակի ալեբախությունում –
կզովանա կարգին, մի քիչ կամրանա,
ապա դուրս կնետվի «սատանայի անվի»
նման պտտվող
խելառ ժամանակից, թեւեր կառնի մի նոր,
կթռչի դեպի այլ մի եզերք,
ուր կլինի ազատ, ապահով ու հպարտ,
չի վառվի այլեւս բարկ արեւի տակ,
չի ենթարկվի ոչ մի օտար ժամանակի…
Ես բռնում եմ ձեռքը, ասում նրան կամաց.
– Այս ո՞ւր, եղբայր Հուլիս, կամենում ես փախչե՞լ…
Մենք հին ուխտ ունենք, մի՛ դրժիր այն, արի
մեկտեղ քայլենք նորից դեպի ափերն այն ջերմ,
ուր մեզ ճամփել են Երազն ու Աստված:
15.07.2021