ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՆԱՅՈՂ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑՎԵԼՈՒ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Թուրքիան հունիսի 7-ի ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, այլևս նախկինը չի լինի:
Քաղաքական չափազանց մեծ խաղադրույքներ են շրջանառվում, մրցակցությունը կուսակցությունների միջև ավելի մենամարտ է, քան բանավեճ ու երկխոսություն, և անառողջ լարվածության հիմնական ճարտարապետը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է` ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջնորդությամբ: Ամեն գնով հաղթանակ ապահովելու մոլուցքը ստիպում է Էրդողանին ավելի ու ավելի ձգել ընդդիմադիրների նկատմամբ պատժիչ գործողությունների պտուտակները, դիմել հավանական և անհավանական սադրանքների ու խարդախությունների: Ինչպես իր խմբագրականում նշում է The Nev York Times թերթը, «քաղաքական գործընթացների նման մանիպուլյացիաները կոպիտ սխալ կլինեն` էլ ավելի թուլացնելով երկրի առանց այդ էլ վատ վիճակում գտնվող ժողովրդավարությունը և փչացնելով ցանկացած հաղթական արդյունք»: Սակայն ավելի քան մեկ տասնամյակ իշխանության բոլոր լծակներն իր ձեռքը վերցրած Էրդողանը վճռական է սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու հարցում, ինչին հասնելու ամենակարճ և միակ ճանապարհը խորհրդարանական ընտրություններում հաղթանակելն է: Ժողովրդավարության անհրաժեշտությունը իսլամիստ Էրդողանի համար կարծես երկրորդական, գուցե և ընդհանրապես կորցրել է նշանակությունը: Իր «երազանքին» չհասնելուց հետո Էրդողանի համար միևնույն կլինի, թե իրենից հետո ով է թագավորելու «ավերակների վրա»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել մի բանաձև, որի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում Էրդողանի և նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցության իշխանության օրոք ազատ արտահայտման իրավունքի բնագավառում առկա լուրջ խնդիրների առնչությամբ: Բանաձևում նշվում է, որ ժողովրդավար բաց հասարակություն ունենալու համար թուրքական կառավարությունը պարտավոր է հարգել համամարդկային իրավունքները, հատկապես` խոսքի ազատության իրավունքը, հորդորներ, որոնք հաստատորեն հակադիր են ընտրությունների նախաշեմին հայտնված Էրդողանի սկզբունքներին: Ահա ինչու. «Թեև Թուրքիան նախկինում էլ ծանր քաղաքական արշավներ է ունեցել, այս մեկն առանձնահատուկ է, և թվում է անսովոր մութ ու անհանգիստ: Էրդողանը ավելի ու ավելի թշնամական է տրամադրվում ճշմարտությունը բարձրաձայնելու նկատմամբ: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պետք է կոչ անեն Թուրքիային՝ հետ շրջվել այդ կործանարար ուղուց»,- եզրափակում է վերոնշյալ թերթը: Սակայն Թուրքիան երբեք միջազգային հանրությանն ուղղված ականջ չի ունեցել և մոտ ապագայում էլ հազիվ թե առողջ տրամաբանությանն ականջալուր լինելու տրամադրվածություն դրսևորի: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին աշխարհի մեծամասնությունը հորդորում էր առերեսվել սեփական հանցավոր անցյալին, ապաշխարելով ազատվել ոճրագործի բարդույթից, փոխարենը Թուրքիան ավելի ամրացրեց ժխտողականության բարիկադները, հասկացնելով, որ այդ հարցում չի նահանջելու: Հատկապես ընտրարշավի ընթացքում ազգայնական զանգվածի քվեները շորթելու համար:
«Արդարություն և զարգացում» կուսակցության լիդերները չխորշեցին պիտակավորել բոլոր նրանց, ովքեր փորձում էին լսելի դարձնել արդարության պահանջը: Թուրքիայի վարչապետը «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին մեղադրում էր միայն նրա համար, որ վերջինս քրդերի անունից ներողություն է խնդրել հայերից: Հաշվի առնելով վերջին շրջանի իշխող կուսակցության ներքին և արտաքին քաղաքականության ձախողումներն ու զարգացումները՝ պիտի ենթադրել, որ Էրդողանի համախոհներն իրենց նպատակին հասնելու միջոցների ընտրության առջև չեն կանգնելու: Ու թեև իշխող կուսակցությանը դժվարությամբ է հաջողվում կազմալուծել ներքին հակասությունների հանգույցները, այդուհանդերձ, վստահ են, որ իրենց հիմնական զենքը (կեղծիքն ու խարդախությունը, այլատյացությունն ու ժխտողականությունը, անհանդուրժողականությունն ու սադրանքները) կօգնի անհրաժեշտ արդյունք գրանցել: Թուրքիան երբեք և ոչ մեկին թույլ չի տվել արդար աշխարհի իր տեսլականը փնտրել, առավել ևս՝ գտնել: Արդեն իսկ ուրվագծվում է, որ նոր ընտրություններում նույնպես ճշմարտությանը նայող լուսամուտները չեն բացվելու, ինչը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի փխրուն կայունությունը պահպանելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։