Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ / ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ

(Հոգեթերապիայի փորձ)

Խելացնոր օրերի մեջ, ողբի, վշտի, տարակուսանքի հորձանուտում, երբ զարմանում ես, որ դեռ ապրում ես, շնչում, ինչ-որ շարժումներ անում… հարազատի կորստից հետո, երբ ամբողջ կյանքդ սոսկալի ծանր մի սուգ է՝ այդ կորստի հետ կապված… հանկարծ, զարմանալով, որ զարմանում ես ապրելուդ վրա, քանի որ վաղուց արդեն չպիտի զարմանայիր ո՛չ աշխարհի անարդարությունից ու կյանքի անհեթեթությունից, ո՛չ էլ սեփական անձիդ ապրելանման գոյությունից… հիշում ես Համլետ դանեմարքցու խոսքերը՝ «Քեզ կծվատե՞ս, լեղի՞ կխմես, կոկորդիլո՞ս կուտես»: Ու, մղձավանջային իրականության խավարում խարխափելով, լույսի նշույլ ես որոնում: Որ հույսը չմեռնի: Ու…

Այսպես գրվեց գրելիքիս սկիզբը…

Իսկ դրանից առաջ հետևյալ վիճակում էի: Խելացնոր ու խռովահույզ, ինքնաբերաբար՝ իներցիայով ապրել նմանակելով, գրքերս էի նայում… Ասես բնազդաբար փրկօղակ փնտրելով գրքերում՝ Պոյի տարաբախտ կերպարի նման: Ու մեկ էլ գրքերիս միջից գտա «Ազգ» թերթի 2004 թվականի օգոստոսի 27-ի համարից կտրված մի էջ, որտեղ Գրիգոր Շահինյանի մի հրապարակումը կար՝ Գոհար Աճեմյանի կողմից ներկայացված: Շահան Շահնուրի մասին է՝ «Ամեն ստեղծագործություն խռովքի զանցում է» վերնագրով: Հիշողության գիրկն ընկա. այս թեմայով նաև բախտ է վիճակվել մի երեկո զրուցել լուսահոգի Գր. Շահինյանի հետ՝ Վանաձորում կարդացած իր անմոռանալի դասախոսությունից հետո…

«Դուն, հայո՛ւ լակոտ, դուն ամենեն շուտը կփոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի»։ Շահնուրյան այս խոսքը, Շահինյանի հետ զրուցելիս, այսպիսի մեկնաբանություն ստացավ. սա չի՛ նշանակում, թե հայը մշտապես վիշտ պիտի ճաշակի, որպեսզի անասունի չփոխվի, սա նշանակում է, որ հայը չպիտի՛ մոռանա իր ցեղի, հավաքականության վիշտը, որպեսզի չդառնա հիշողությունից զուրկ անասուն: Եվ այդպիսով պիտի հետագա սերունդներին հեռու պահի վշտի ճաշակումից, վշտի մասին հիշելով ու հիշեցնելով՝ բացառի վշտի կրկնությունը: Հրանտ Մաթևոսյանն էր նաև հիշեցնում. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»…

Ավաղ… Այսօր, ավաղ, առանց վշտի՝ անասնացած շատերին ենք տեսնում մեր շրջապատում: Եվ ճաշակում ենք կրկնվող վիշտը…

Բայց մտքերս ինձ տարան…

Դառնամ Գրիգոր Շահինյանի հրապարակմանը:

Շահնուրի ստեղծագործությունների աղբյուրն ու դրդապատճառը Գր. Շահինյանը համարում է տագնապի, խռովքի հաղթահարման ձգտումը: «Ստեղծել՝ կնշանակե տագնապ մը հաղթահարել. ամեն ստեղծագործություն խռովքի մը զանցումն է»,- մեջբերում է նա ֆրանսիացի փիլիսոփա Գաստոն Բաշլյարի խոսքը: Եվ ապա իրավացիորեն նկատում. «Գրականությունն է, որ առիթ կուտա իրեն ասպարեզ կարդալու ճակատագիրին… Իր ստեղծագործությունը ծնունդ է կյանքեն վրեժ լուծելու ձգտումին: Շահնուր, միաժամանակ մասնակից և վկա հավաքական ողբերգության մը, կդիմե գրականության՝ ողբերգությունը զանցելու համար: Գրականությունը, այդ պարագային, կկատարե դերը արիստոտելյան Քաթարսիսին…»: Շահնուրն, ուրեմն, փորձում է՝ «Լուծել վրեժը կյանքի մեջ կրած իր պարտություններուն՝ գեղարվեստական հաղթանակի միջոցով»: Այսպե՛ս ահա: Հետևաբար՝ «Մնայուն է իր ցանկությունը՝ գեղարվեստով հաղթելու կյանքի դառնություններուն»: Որպեսզի «…արվեստի միջոցով ավելի տանելի կյանք ունենա»:

Գրիգոր Շահինյանի եզրահանգումն այսպիսին է. «Գեղարվեստական ստեղծագործությունը, անհատական փրկության միջոց, ազդակ է նաև հավաքական փրկության»:

Մինչ Շահինյանի խոսքերում և կենդանի ձայնը վերհիշելով սփոփանք ու սպեղանի էի գտնում, միաժամանակ, բնազդաբար, գրքերում ու համակարգչում մոռացում փնտրելով, Էրիկ Բենթլիի այս տողերն եկան աչքերիս առջև. «Չէ՞ որ ստեղծագործությունն ինքնին հուսահատության հաղթահարում է, իսկ խորապես հուսահատված արվեստագետների համար արվեստն, անկասկած, առաջին հերթին բուժվելու, հավատը վերագտնելու միջոց է։

Արվեստը կարող է ամբողջությամբ ներծծված լինել հուսահատությամբ… ավելի հաճախ այն կարող է նկարագրել հուսահատությունը (Համլետը, թատերգության հենց սկզբում, հայտնվում է մեր առջև որպես հուսահատ մի երիտասարդ, որը կցանկանար մեռնել), բայց արվեստի յուրաքանչյուր գործ ծառայում է որպես անհերքելի ապացույց, որ ո՛չ թե հուսահատությունն է հաղթում, այլ մարդը»։

Աստվա՜ծ… Սա զուգադիպությո՞ւն էր, որ հաճախ է պատահում իմ կյանքում, թե՞ հատուկ նպատակով կատարված իմ փնտրտուքի արդյունք: Բայց, ախր, երկար ժամանակ չէր անցել, գրեթե անմիջապես հայտնվեց…

Այսպես, ահա, ինքնահոգեթերապիա համարելով այս գտածս, փորձեմ դիմել ո՛չ միայն գրողներին, այլ նաև բոլոր ստեղծագործողներին (նվաստիս նաև). ի հեճուկս կյանքի և հանուն կյանքի, վիշտը չմոռանալով, որպեսզի անասունի չվերածվենք, փորձե՛նք ստեղծագործել՝ ով ինչպես կարող է: Եվ ավելի լայն առումով՝ դիմեմ բոլոր հայորդիներին նաև. ստեղծագործենք, գործե՛նք՝ ամեն մեկս մեր ոլորտում՝ զինվոր, ուսուցիչ, շինարար, մտավորական, հոգևորական… Չներփակվե՛նք ագռավաքարում, աշխարհաթող չլինենք, ինչպես եղել է դարեր՝ Փոքր Մհերից մինչև… դիցուք Օհան ամի: Ամեն մեկս մեր ուսերին տանենք մեր խաչը, Խաչի մեր բաժինը՝ ի սեր անմոռանալի կորուստների, ի սեր ապրողաց, ի հեճուկս կյանքի, բայց հանուն կյանքի: Կոչե՛մ ապրողաց: Ի սեր Աստծո:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։