Բահամա պետությունը բաղկացած է 700 մեծ ու փոքր կղզիներից և գտնվում է Կարիբյան ծովի ավազանում։ Այդ կղզիներից բաղկացած պետության մայրաքաղաքը Նասսաուն է, որում ապրում է պետության բնակչության 50 տոկոսից ավելին՝ մոտ 240.000 մարդ։
Բահամյան կղզիները հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը՝ 1492-ին, սակայն կանգ չի առել այդ վայրում։ Կղզիներն ընկած են Կուբայի և ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի արանքում գտնվող ծովային տարածության մեջ։
Ութ օր լինելով երկու հիմնական բնակեցված կղզիների վրա՝ տեսա այդ երկրի բուռն առաջընթացը։ Այս տարի տոնում էին Բահամայի պետականության հիմնադրման 50-ամյակը։ Ամենուր կախված էին երկրի դրոշները՝ այդ խանդավառությունը սկսվում էր հենց օդանավակայանից։ Բահամայի դրոշը եռագույն է՝ կենտրոնում դեղին, իսկ կողքերին՝ ծովագույն։ Դրանց վրա եռանկյունու ձևով սև է։ Սա լիովին համապատասխանում է երկրի նկարագրին՝ ծով, արև, սևամորթ բնակիչներ։
Բահամայի մայրաքաղաք Նասսաուն հիմնվել է 1670-ին և կոչվել է Չարլզթաուն՝ ի պատիվ Անգլիայի թագավոր Չալզ II-ի։ 1684-ին քաղաքն այրվել է ու վերականգնվել 1695-ին՝ անվանափոխվելով Նասսաուի՝ ի նշանավորումն Անգլիայի թագավոր Վիլյամ III-ի ազնվական տոհմանվանը։ Նասսաուն կարևոր նավահանգիստ է եղել, որի համար բախումներ են եղել իսպանացիների ու անգլիացիների միջև։ Ի վերջո հաղթել են անգլիացիները, և այն մինչև 1973 թվականը եղել է Անգլիայի գաղութը։
XVIII դարում անգլիացիները նավերով սևամորթ ստրուկներ են բերել Աֆրիկայից ու բնակեցրել Բահամայի տարբեր կղզիներում։ Մինչև հիմա ձևականորեն Անգլիայի թագավորը կամ թագուհին համարվում են Բահամայի տիրակալը։
Բահամայի պետական լեզուն անգլերենն է, դրամը՝ ամերիկյան դոլարին համարժեք բահամական դոլարը։
Ինչու եմ գրում այդ հեռավոր երկրի մասին։ Ինչը գրավեց իմ ուշադրությունը։ Զարմանալի բարյացակամ ու սիրալիր են երկրի բնակիչները։ Ասենք՝ ուզում ես մայրաքաղաքում թանգարանի տեղ իմանալ, շատերը պատրաստ են ուղեկցել ու ցույց տալ։ Ավտոբուսներում զիջում են տեղը, ներս մտնելիս՝ բարևում բոլորին։
Մայրաքաղաքում եղանք երեք օր՝ թանգարաններ այցելելու նպատակով։ Առաջին հերթին գտանք ազգային պատկերասրահը, որը նախկին մի հարուստի առանձնատուն է եղել։ Թանգարանի երեք հարկերում միայն տեղացի նկարիչ Անտոնիուս Ռոբերտսի գեղանկարներն են՝ փայտի վրա փորագրված քանդակները, հին ժամանակների փայտից պատրաստված նավակների կրկնօրինակները։ Բնականաբար, տաղանդավոր սևամորթ արվեստագետն իր ներշնչման աղբյուրն ընտրել է հայրենակիցներին։ Շատ տպավորիչ է Celebration of Beauty («Գեղեցկության տոնակատարությունը») կտավը, որում գունեղ ձևով պատկերված են երեք երիտասարդ կանայք։
Հաջորդ օրը փնտրում ենք ժամանակակից արվեստի թանգարանը, որը գտնելուց հետո պարզվում է՝ ցուցանմուշները տեղափոխվել են նոր շենք, և այն դեռ բաց չէ։ Հին շենքում միայն լուսանկարների մեկ սրահ կար։ Ցուցահանդեսի բակում երեք մեծ ծաղկամաններ էին՝ կանանց դեմքերով, իսկ մազերը ծաղկամանի կանաչ բույսերն էին։ Շատ տպավորիչ էր։
Երրորդ օրը այցելում ենք Բահամյան կղզիների պարծանք, նորաբաց Ջանքանու թանգարանը, որը նորակառույց շինություն է հենց ծովափին, ուր կառանում են կրուիզի (ծովաշրջագայության) հսկա օվկիանոսային նավերը։ Բահամցիների կարծիքով Ջանքանուի հրաշքը բառերով անհնար է նկարագրել՝ այն պետք է տեսնել ու հիանալ։
Ջանքանու կառնավալ-դիմակահանդեսն իր շքեղությամբ գերազանցում է Նոր Օռլեանի, անգամ Բրազիլիայի կառնավալներին։ Այն սևամորթների տոնակատարություն է և սկիզբ է առել XVIII դարում, երբ ստրուկների կարգավիճակով Աֆրիկայի բնակիչները հայտնվել են ուրիշ կիսագնդում։ Երբ նրանց տերերը երեք օր նշել են Սուրբ Ծննդյան տոները, սևամորթներն իրավունք են ստացել հանգստանալ ու նշել իրենց տոնը։ Այն հարգանք է իրենց տեղային պատկանելության ու յուրօրինակ ազատատենչության բողոք է։
Ջանքանուն տոնում են տարին երկու անգամ, սակայն դրան պատրաստվում են ողջ տարին։ Տոնն ընթանում է գունեղ դիմակներով և հսկայական չափերի գլխադիր փետրավոր զարդերով, թռչունների բացված թևերի նման զգեստներով։ Մասնակիցները պարում են, երգում, քայլերթով շրջում քաղաքի փողոցներով։ Ջանքանուի ժամանակ հատուկ ընտրված մրցութային հանձնաժողովը պարգևներ է բաժանում այն թիմին, որն առավել զարմանահրաշ տեսք ունի։ Ջանքանու անունն, ըստ ոմանց, առաջացել է Աֆրիկայի արևմտյան մասի արքայազն John Canoe անունից, իսկ ոմանք էլ կարծում են, թե դրա հիմքում ընկած են gens inconnu ֆրանսերեն բառերը, որոնք նշանակում են անծանոթ, դիմակավոր մարդիկ։
Ջանքանուի թանգարանում տարբեր պատերի վրա ցուցադրվում են տոնակատարության գեղեցիկ դրվագները։
Հայաստանի քաղաքացիներից Բահամայի կղզիներ գնալու համար մուտքի արտոնագիր չի պահանջվում։ Ավելին, անձնագրային կետում քեզ ընդունում են գրկաբաց։ Միայն թե երկիրը Հայաստանից շատ հեռու է։
Առաջին անգամ, ութ օր լինելով այդ պետության մեջ, չլսեցի ռուսերեն խոսք։ Անցյալ և նախորդ տարիներին Կարիբյան ծովի ավազանում ռուսներն ամենուր էին։
Բահամայում հիմնականում հանգստանում են ամերիկացիները, մասամբ՝ անգլիացիները։ Շատ նշանավոր անգլիացիներ ու ամերիկացիներ սեփական տներ, անգամ կղզիներ ունեն։ Դրանցից են շոտլանդացի նշանավոր դերասան Շոն Քոներին, հոլիվուդյան աստղեր Նիկոլազ Քեյջը, Ջոնի Դեպը, հռչակավոր իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդը։ Բազմաթիվ նկարիչներ, գրողներ ներշնչվել են Բահամայի կղզիների բնության գեղեցկությամբ։ Դրանց թվում է նաև Էռնեստ Հեմինգուեյը։
XVIII դարում Բահամայում եղել է ծովահենների հանրապետություն։ Բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմեր նկարահանվել են այդ կղզիներում։
Համարվում է, որ Կարիբյան ավազանի ամենամաքուր ջրերը հենց բնակեցված կղզիների մոտ են։ Եվ դա ճիշտ է։
Սակայն ինչու եմ այս տեղեկատվությունը ներկայացնում իմ հայրենիքի դժվար օրերին։ Եթե Բահաման իր ոչ հարուստ անցյալով ձեռք է բերել պետականություն ու անկախություն, եթե նրա բնակչությունը 200.000-ից հասել է 440.000-ի ընդամենը մի քանի տարում, եթե նրա բնակիչներն ունեն երջանիկ ու ապահով տեսք, ապա ինչո՞ւ ենք մենք այսքան հուսահատ։ Չէ՞ որ մեր բոլոր տվյալներն անհամեմատելի են։
Բացի այդ, տեսնելով Բահամայի վերելքը, ավելի եմ ատում ռասիզմը, երբ որևէ ժողովուրդ իրեն թույլ է տալիս, այն էլ XXI դարում, հարևանին դիտել որպես ստրուկի։