ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ՈՒՂԻ

 

Հոկտեմբերի 14-ին Օշականում նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագ էր՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին: Գրողներն ու թարգմանիչները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխության ձեռնարկը եկեղեցու դպրատանը սկսվեց Տեր Գարեգին քահանա Արսենյանի օրհնությամբ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր բացման խոսքում ողջունեց ներկաներին. ««Կանթեղ» մրցանակաբաշխությունը խթանում է, որպեսզի մեր գրողներն ու թարգմանիչները թարգմանեն աշխարհի լավագույն գրողներին: Այն նաև երկկողմանի ճանապարհ է՝ մեր գրողներին տարբեր լեզուներով թարգմանելու համար»: Նա նշեց, որ դրան նպաստում է Մշակույթի նախարարության թարգմանական ծրագիրը, որի շնորհիվ հայերենից այլ լեզուների են թարգմանվել դասական և ժամանակակից շատ գրողների ստեղծագործություններ և տպագրվել գրքերով ու անթոլոգիաներով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը մրցանակակիրներին հանձնեց մրցանակները:

Արևշատ Ավագյանը մրցանակ ստացավ բազմամյա թարգմանական վաստակի համար: Իր խոսքում նա նշեց, որ Թարգմանչաց տոնը ոչ միայն ազգային է, այլև համամարդկային և նպաստում է աշխարհի ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանն ու բարեկամությանը: Նա խոսեց վերջերս հրատարակված վրացի գրողների ստեղծագործությունների «Արևային ներշնչանքներ» անթոլոգիայի մասին, որ թարգմանել էր բանաստեղծուհի Նինո Սպանդերաշվիլիի համագործակցությամբ: Ռուսերենից և անգլերենից հայերեն թարգմանական վաստակի համար մրցանակ ստացավ Լեոնիդ Զիլֆուղարյանը: Նրա թարգմանության շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացել է համաշխարհային գրականության բազմաթիվ դասական գրողների ստեղծագործությունների: Ժամանակակից հայ պոեզիայի հանրահռչակման և «Նռան ծառ» անթոլոգիայի ռուսերեն հրատարակման համար մրցանակներ ստացան Տատյանա Յուրգենսոնը և Պավել Չերկաշինը: Տատյանա Յուրգենսոնն ընթերցեց Երևանի մասին գրած իր նոր բանաստեղծությունը: Պավել Չերկաշինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի գրողների միության գնահատանքի, մրցանակի համար և ասաց, որ կշարունակի հայ գրականության թարգմանությունը: Ժամանակակից հայկական պոեզիայի «Նռան ծառ» անթոլոգիայի կազմումը և ռուս թարգմանիչների համագործակցությամբ նրա թարգմանությունն ու հրատարակումը իրականացվել էր Ռուսաստանում բնակվող բանաստեղծուհի Նաիրա Սիմոնյանի նախաձեռնությամբ, որի համար նա պարգևատրվեց ՀԳՄ պատվոգրով: Ն. Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի, ինչպես նաև ռուս թարգմանիչներին՝ համագործակցության համար, նշելով, որ Ռուսաստանում գրքի ներկայացումը մեծապես նպաստել է հայ ժամանակակից գրականության հանրահռչակմանը: Կարեն Խուրշուդյանի մրցանակը ֆրանսերենից հայերեն գեղարվեստական թարգմանությունների համար էր: Նրա բացակայության պատճառով մրցանակը հանձնվեց Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաքը, որին հաջորդում է սեր պոեզիան» գրքի հրատարակիչ Արմեն Ավանեսյանին:

Թարգմանչաց տոնին մասնակցում էր պորտուգալացի գրող Ժոզե Լուիշ Պեյշոտուն, որին ներկայացրեց բանաստեղծ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը: Նա հրատարակել էր պորտուգալացի գրողի «Եղերերգ հորս» գիրքը՝ Սյուզի Խաչիկյանի թարգմանությամբ: Շանթ Մկրտչյանը նշեց, որ գիրքը պորտուգալացի ժամանակակից հայտնի գրողի համար չափազանց կարևոր, հորը նվիրված սրտառուչ ստեղծագործություն է: Գիրքը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով: Իր խոսքում Ժոզե Լուիշ Պեյշոտուն նշեց, որ մեծ պատիվ է լինել Հայաստանում և տեսնել իր գիրքը հայերեն թարգմանված ու հայկական գեղեցիկ տառերով տպագրված: «Հայաստանում ես հասկացա, որ ամենակարևորը հիշողությունն է, քանի որ այն շատ հարուստ անցյալով երկիր է»,- ասաց Պեյշոտուն: Գրքի մասին խոսեցին խմբագիր Էդվարդ Միլիտոնյանն ու Արևշատ Ավագյանը: Այնուհետև իրենց թարգմանություններից ընթերցեցին Լևոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը և Հերմինե Նավասարդյանը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։