Արդեն 175 օր է, ինչ Արցախի միակ «կյանքի ճանապարհ» համարվող Լաչինի միջանցքը շարունակվում է փակ մնալ ադրբեջանցիների կողմից: Ինչ խոսք, որ շրջափակման մեջ գտնվող մարդկանց հոգեբանությունը ևս փոխվում է, բայց ոչ կամային հատկանիշներ ունեցող արցախցիների: Թեև խախտվել են նրանց մարդկային իրավունքները, բնականոն կյանքը և գտնվում են գոյաբանական սպառնալիքի տակ, բայց համառորեն մաքառում են, շարունակում են սովորել, աշխատել, անգամ համերգներ ու մրցույթներ կազմակերպել, գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ապրել թշնամու կրակակետերի տակ: Ռուս խաղաղապահները Կարմիր խաչի հետ համատեղ պարբերաբար հումանիտար օգնություն են հասցնում՝ իրենց բաժին շահույթը ստանալով: Էներգետիկ ճգնաժամը շարունակվում է… Մարդիկ առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենը էլի կտրոններով են ստանում ամեն ամիս: Իսկ խանութներում մշտապես հերթեր են գոյանում: Ցավոք, աշխարհը շարունակում է խուլ ու կույր մնալ դարերով իրենց պատմական հողերի վրա ապրող, պատանդի կարգավիճակում հայտնված արցախցիների հանդեպ: Արևմտյան երկրների կողմից միայն մարդասիրական ուղերձներ են հնչեցվում, քանի որ Ռուսաստանից Ադրբեջանի խողովակներով նրանց հասնող գազը կարևոր է մարդկային կյանքերից: Եվ Ադրբեջանի հայատյաց առաջնորդը, մնալով անպատիժ, օրեցօր լկտիանում է՝ արցախահայության հասցեին սպառնալիքներ ու պահանջներ հնչեցնելով: Ավելին. Ադրբեջանը թեև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը, միևնույն է, Հայաստանի իշխանությունը պատրաստ է հրաժարվել Արցախից, այսպես կոչված «խաղաղություն» կնքել մեր գենետիկ թշնամու հետ, մինչդեռ պատերազմն ավարտված չէ, և նույն Լաչինի միջանցքն էլ դեռ պիտի բացվի պատերազմի միջոցով, քանզի անկախ Հայաստանի երաշխիքը Արցախն է:
Մթերային խանութի առջև հերթի մեջ կանգնած մանկապարտեզի դաստիարակչուհի Թամարը խառնիճաղանջ մտքերով էր տարված: Երեկվանից իր տեղը չէր գտնում, երբ որդու դասվարն իրեն տղայի նամակն ուղարկեց: Նախքան շրջափակումը, որդին՝ Սամվելը, հոր հետ մեկնել էր Երևան՝ աչքերը վիրահատելու, և չէր կարողացել վերադառնալ Ստեփանակերտ: Նա ստիպված Երևանում էր դպրոց հաճախում՝ սաստիկ կարոտելով բոլորին: Թամարը պայուսակից հանեց հեռախոսը՝ դարձյալ կարդալու որդու նամակը: Սամվելը գրել էր. «Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, ընկերներ: Նամակ եմ գրում Երևանից: Ինչ լավ է, որ գոնե հեռախոսով կարողանում եմ խոսել ձեզ հետ: Ես իմ հոգին թողեցի Արցախում, իմ հրաշալի դպրոցում: Ես շատ եմ կարոտում ձեզ: Ստեփանակերտը իմ հայրենիքն է, որտեղ ես ծնվել եմ, ապրել: Այդտեղ իմ տունն է գտնվում, թանկագին իմ մայրը, իմ քույրիկը, մանկության ընկերներս, հարազատներս: Այդտեղ է այն ամենը, ինչ ես սիրում եմ: Կուզենայի մնալ ձեզ հետ խավարում, լինել քաղցած, թե չէ ամեն առավոտ ու երեկո ես մտածում եմ ձեր մասին, ընկեր Աննա Դարբինյան, իմ ընկերներ, ուսուցիչներ: Արցախը իմ հպարտությունն է, իմ ազգի հերոսների հայրենիքն է:
Ուսումնական տարին վերջացավ: Հուսով եմ, որ չորրորդ դասարանի քննությունը լավ կհանձնեք, իմ սիրելի ընկերներ: Սրտիս կեսը Արցախում է, իսկ իմ հոգին նստած է իմ նստարանին: Ես շատ եմ սիրում ձեզ, ընկեր Դարբինյան, և ձեզ, իմ ընկերներ: Հուսով եմ, որ շուտով կվերադառնամ»:
Մոր աչքերը կրկին թացացան: Նա հեռախոսը դրեց պայուսակի մեջ, և այդ պահին իր առջևում կանգնած տարեց կինը ուշագնաց եղավ: Բոլորը մի պահ խառնվեցին իրար:
– Արագ ջո՛ւր բերեք… Հեռո՛ւ կանգնեք, մարդի՛կ, որ կարողանա օդ շնչել,- բարձրաձայնեց Թամարը՝ բռնելով կնոջ զարկերակը:
Մի երիտասարդ արագ ջրի շիշ վերցրեց խանութից: Գետնին փռված կնոջ դեմքն ու ճակատը շփեց ջրով: Նա ուշքի եկավ՝ մեղավոր հայացքով նայելով շուրջը կանգնածներին:
– Երևի խանութ գալուց առաջ տանը ոչինչ չես կերել,- անծանոթ կնոջը դիմեց Թամարը:
– Տանը ուտելու բան չկար,- տարեց կինը բացասաբար օրորեց գլուխը:
– Ճնշումդ ընկել է,- ասաց և դիմեց կողքին կանգնած ջրի շիշը բերող երիտասարդ տղային:- Խնդրում եմ, մի շոկոլադ խնդրիր վաճառողից, ես կվճարեմ:
– Ես ինքս կվճարեմ,- պատասխանեց տղան և մի քանի րոպե անց կնոջը տվեց շոկոլադե սալիկը:
Տարեց կինը դանդաղ ծամեց այն, այնուհետև շշից մի քիչ ջուր խմեց:
– Դու կարո՞ղ ես հիմա կանգնել ու մոտենալ վաճառողին,- հարցրեց Թամարը:
Անծանոթ կինն այս անգամ գլխով դրական նշան արեց ու դանդաղ ոտքի կանգնեց:
– Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, տեղ տվեք, թող իր բաժինը վերցնի, իրեն թույլ է զգում:
Մարդիկ անխոս տեղ տվեցին տարեց կնոջը: Նրա հեռանալուց քիչ անց կրքերը բորբոքվեցին հերթում: Լսվեց մի երիտասարդ կնոջ գոռգոռոցը: Պատճառն այն էր, որ խանութում ձեթը վերջացել էր:
– Եկեք վաղը, այսօր արդեն ձեթ չի լինի,- ասաց խանութի աշխատակիցը:
– Ո՞նց… Մենք տանը ձեթ չունենք: Ես ինչպե՞ս պիտի ճաշ պատրաստեմ,- զայրացած հարցրեց երիտասարդ կինը:
– Հասկանում եմ,- հանգիստ պատասխանեց վաճառողը:- Բայց ի՞նչ կարող եմ անել:- Ես քեզ պարզ հայերենով ասում եմ, որ ձեթ չունենք:
– Ես հայերեն հասկանում եմ… Այդ դո՛ւ ես թուրք, որ չես հասկանում:
Հերթի մեջ կանգնած մարդիկ ստիպված եղան խառնվել նրանց խոսակցությանը:
– Ուրիշ խանութներում փնտրեք ձեթը:
– Եթե այլևս ոչինչ չեք գնելու, թողեք մենք էլ մեր առևտուրն անենք:
Երիտասարդ կինը քթի տակ խոսելով հեռացավ խանութից:
Հերթը հասավ միջին տարիքի մի կնոջ, որը մոտեցավ վաճառողին՝ պայուսակից հանելով կտրոնները.
– Խնդրում եմ, անվճար թույլ տուր ստանամ մթերքներս: Աշխատավարձս ուշացրել են, բանկոմատներում փող չկա:
– Չեմ կարող: Խանութի տնօրենը հրաման է տվել պարտքով ոչ մեկին մթերք չտալ:
– Բայց դու ինձ ճանաչում ես… Տանը երեխաներին բան չկա տալու… Երկու-երեք օրից գումարն անպայման կբերեմ:
– Կներես, չեմ կարող:
Կինն այևս չհամառեց ու թևահատ ստիպված դուրս եկավ խանութից:
Թամարը դարձյալ իր մտքերի հետ էր: Նա ցմահ չէր կարող մոռանալ որդու հոգին կեղեքող այդ մի հատիկ նախադասությունը. «Սրտիս կեսը Արցախում է, իսկ իմ հոգին՝ իմ նստարանի վրա»: Մի պահ անգամ մտածեց այն մասին, որ գուցե լավ է, որ որդին հոր հետ գտնվում է Երևանում, իսկ ինքը դստեր հետ՝ Ստեփանակերտում: Աստված մի՛ արասցե, եթե Ադրբեջանը փորձի իսկապես ցեղասպանություն գործել, գոնե իր ընտանիքի անդամներից երկուսը ողջ կմնան: Ռուս խաղաղապահների գոյությունը դեռ ամբողջովին իրենց անվտանգությունը չի կարող երաշխավորել: Նրանք ամբողջովին չեն կատարում իրենց պարտականությունները: Չէ՞ որ ռուս զինվորների ներկայությամբ է կատարվել հայերի ջարդը Սումգայիթում և Բաքվում: Նրանց լուռ համաձայնությամբ էլ փակվեց Լաչինի միջանցքը, այնտեղ դրվեց անցակետ: Ուստի եղած փաստերը միայն նրանց դեմ էին խոսում:
Թամարը շվարած կանգնել էր՝ սպասելով իր հերթին, երբ այս անգամ լսեց երկու երիտասարդ կանանց խոսակցությունը: Նրանցից մեկը պատմում էր, որ արդեն դիմում է ներկայացրել ռուս խաղաղապահներին, որպեսզի ճանապարհը բացվելուն պես իր դպրոցահասակ երկու տղաների հետ հեռանա Արցախից:
– Երբեք պետք չէ հուսահատվել,- նրանց զրույցին խառնվեց տարիքով մի կին:- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ոչ միայն գազ չունեինք, այլև լույս չկար ընդհանրապես, խմելու ջուր չունեինք: Կապի, հեռուստացույցի մասին էլ չեմ խոսում: Մոմի լույսի տակ էինք մնացել: Սննդի մասին ավելորդ է խոսելը, քանի որ փակ էին բոլոր խանութները: Թուրքերն ավերել էին մեր գործարանները, այդ թվում՝ հացի գործարանը:
– Այդ ժամանակ ո՞նց էիք սնվում,- հարցրեց Արցախի իրավիճակից դժգոհող կինը:
– Մեր զինվորները թշնամիներից ազատագրում էին գյուղերը, այնտեղից մեզ համար տոպրակներով ալյուր, բրինձ, շաքարավազ, հալած յուղ էին բերում, բաժանում էին ապաստարաններում գտնվող մարդկանց: Մենք էինք փայտե վառարանների մեջ հաց թխում: Այնպես որ, չի կարելի համեմատել ներկայիս վիճակը այն դաժան օրերի ու տարիների հետ… Մենք բոլորս պիտի միասին ապրենք այս հողի վրա, որը ներծծված է հազարավոր մեր նահատակների արյամբ: Եթե ուզում ենք, որ Արցախը գոյություն ունենա, չպիտի հանձնվենք: Հիշե՛ք, որ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:
Երիտասարդ կանայք այլևս ոչինչ չարձագանքեցին: