(Philippe Videlier. Nuit turque. e՛d. Gallimard, Paris, 2005)
Ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշեր» գիրքն, ըստ էության, մեծ հայտնագործություններ չի անում մեզ համար: Այո՛, այնտեղ մի քանի փաստեր կան, որոնք հայ ընթերցողին գուցե անծանոթ էին, ինչպես, օրինակ՝ ամերիկյան կոմկուսի հիմնադիր Ջոն Ռիդի այցելությունը Կ.Պոլիս 1915թ. հունիսին, երբ հրաշալի բանաստեղծը, փայլուն լրագրողը, հումանիստը և երազողը մոտ մեկ ամիս, ապարդյուն, փորձում էր Էնվերի գրասենյակից թույլտվություն ստանալ Գալիպոլիի ռազմաճակատ մեկնելու՝ որպես չեզոք երկրի լրագրող: Կամ թե զարմանք, գարշանք և վրդովմունք է առաջացնում այն ցընցող փաստը, թե Լև Դավիդովիչ Բեռնշտեյն-Տրոցկու լակեյ, Կոմինտերնի ճիվաղ Կարլ Ռադեկ կոչվածն ինչպիսի առասպելական ջանքեր էր գործադրում, որպեսզի գեներալիսիմուս Էնվերին ամեն գնով, օդանավո՛վ, բերեր-հասցներ նորաստեղծ սովետների երկիր:
Կարելի է ևս մի քանի նման փաստեր թվարկել, որոնք գուցե հայտնի էին միայն պատմաբանների նեղ շըրջանակին, սակայն, կարծում ենք, որ այս գրքի հիմնական արժանիքը դրանք չեն, այլ արտաքուստ երկրորդական թվացող մի հանգամանք. ծանոթ և անծանոթ փաստերի մատուցման կերպը:
Սա պատմական ուսումնասիրություն չէ, չնայած հեղինակը հմուտ պատմաբան է, այլ, ինչպես բնագրում է նշված՝ re՛cit, բառ, որը մեծ ֆրանսագետ-բառարանագիր Մեսրոպ Նուպարյանը թարգմանում է այսպես. «(եղած բանի մը) պատմութիւն»: Այսինքն՝ եղելություն, պատմագրություն: Ժանր, որը մեզ ծանոթ է Լեոյի «Հայոց պատմություն»-ից, երբ գիտականորեն հիմնավորված փաստերին ավելանում է հեղինակային որոշակի, երբեմն հուզական վերաբերմունքը: Ավելին, գրքի վերնագիրը, առաջին տողերը, պատումի կերպն ու ընթացքը, վերջապես ավարտը հիշեցնում են արևելյան ամենանշանավոր հեքիաթների հավաքածուն՝ «Հազար ու մեկ գիշերները»: Ի դեպ, արևելյան հեքիաթի ոճավորումով էր զարգացնում՝ Հայոց Ցեղասպանությունը ներկայացնող իր վիպական պատումը նաև մեկ այլ եվրոպական հեղինակ՝ Էդգար Հիլզենռաթը: Երկու դեպքում էլ այն ընդունել է պարոդիական բնույթ. հրաշապատում հեքիաթի անմեղ արտաքինի տակ նկարագրվող դեպքերն ավելի սահմռկեցնող բնույթ են ստանում:
Սա չի խանգարում, որ Ֆ. Վիդըլիեն բարոյական չափազանց հստակ դիրքորոշում ունենա մատուցվող նյութի հանդեպ՝ կարեկցանք ու ցավակցություն զոհերի և սոսկում, զզվանք, արհամարհանք դահիճների հանդեպ, նաև շեշտված սահմանազատում ոճրագործներից ու նրանց եվրոպացի, «քաղաքակիրթ» համախոհներից:
Այս վերջին հանգամանքը նա շտապում է ի ցույց դնել: Նա հեգնական, ոչնչացնող բնորոշումներով է ներկայացնում ակադեմիական, ֆրանսիական մտավորականության ամոթ, «Կարմիր սուլթանի» մտերիմ բարեկամ, իսկ ավելի ուշ՝ իթթիհաթականների ձրի դատապաշտպան Պիեռ Լոթիին: Ասես, գրքի առաջին էջերից, ուզում է համոզել իր ընթերցողին, որ այդ հտպիտը չէ, որ կարող է բնորոշել Ֆրանսիայի խիղճը, այլ Վիկտոր Հյուգոյից, Ռոմեն Ռոլանից, Անատոլ Ֆրանսից և Ժան Ժորեսից եկող հումանիստական մարտնչող դիրքորոշումը, որը հասավ մինչև քսանմեկերորդ դար և պաշտոնական ձևակերպում ստացավ ֆրանսիական Սենատի ընդունած որոշման մեջ:
Այդ ավանդների յուրովի շարունակողն է նաև Ֆիլիպ Վիդըլիեն: Ֆրանսիական «Ռուժ» շաբաթաթերթում Քրիստին Բարբաքսին գրում է «նրա ինքնատիպ և վոլտերյան գրելաոճի» մասին, նկատի ունենալով, անշուշտ, պատմաբանի սատիրական տարերքը: Իսկապես, նրա հեգնանքը սառն է, ոչնչացնող, վերևներից, բարձրագույն բարոյականության դիրքերից ասված: Այո՛, մենք՝ հայերս, հրաշալի գիտենք երիտթուրքական ղեկավարներին, գրել ենք բազմիցս, վրդովմունքով, զայրացած, չապաքինված ցավը, վրեժի անհագ ցանկությունը սրտներումս, մինչդեռ Ֆ. Վիդըլիեն գրում է նրանց մասին մի տեսակ տարածություն պահելով, և նրա գրչի տակից դուրս են գալիս սրիկայական այդ ոհմակի պարագլուխների ճշգրիտ ու սարսռեցնող դիմանկարները, որոնք վկայում են դրանց հեղինակի՝ փայլուն և սրամիտ հրապարակախոսի տաղանդը:
«Երկու մարդ կա Ֆիլիպ Վիդըլիեի մեջ, – գրում է Էտյեն դը Մոնտետին «Ֆիգարո»-ում. – Պարոն Ֆիլիպը և Դոկտոր Վիդըլիեն, դյութախաղի գրողը և հանձնառու համալսարանականը: Առաջինը հրապարակելով իր եղելապատումը, չի ենթադրում, թե երկրորդը պիտի մեղադրական շարադրի Թուրքիայի դեմ… Այդ պայքարը հանուն պատմության, Վիդըլիեն վերապահել է իր երկրորդ «ես»-ին՝ CNRS-ի (Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոն) պատմաբանին»:
Իսկապես, «Արդի աշխարհի կազմավորումը և նրա բնակիչները» նյութի պրպտումների ճանապարհով նա խորասուզվել է Հայկական հարցի մեջ՝ դառնալով թերևս դրա լավագույն գիտակներից մեկը Եվրոպայում:
Նախ, նա ուսումնասիրում է Լիոնի արվարձան հայաշատ Դեսինի արխիվները, ծանոթանում այնտեղի հայ համայնքին և զարմանալի հայտնագործումներ անում, ինչպես, օրինակ. «Ես մի նամակ գտա, որ հայ համայնքի պատասխանատուները հասցեագրել էին Լիոնի պրեֆեկտին, խնդրելով արգելել՝ իրենց ցեղասպանությանը վերաբերող «Մի ժողովրդի մարտիրոսությունը» ֆիլմի ցուցադրումը»:
Ջարդերից փրկվածները չէին ուզում հիշել արհավիրքները: Հոգեբանական այս վիճակը հրաշալի է ներկայացված Վազգեն Շուշանյանի վեպերում: «Խավարեն դուրս ճողոպրողը նախ կ’երգե լույսին քաղցր ջերմությունը», – գրում էր նա:
Ֆ. Վիդըլիեն ջանք չի խնայում նշանավոր ֆիլմը գտնելու համար. «Ravished Armenia» («Բռնաբարված Հայաստան»), որ 1919թ. Հոլիվուդում նկարահանել էր ջարդից փրկված դերասանուհի Ավրորա Մարտիկանյանը: Ֆիլմի օրինակը նա հայտնաբերում է Լատինական Ամերիկայում և անմիջապես տեղափոխում Ֆրանսիա, որպեսզի այնտեղ, իր հայ բարեկամների հետ նայի և թարգմանի հայերեն երկխոսությունները:
Ըստ երևույթին միայն համակրանքը չէ, որ մղել է պարկեշտ մտավորականին գրելու այս գիրքը: «Պատմությունը շատ բարոյական չէ», – գրում է նա, նկատի ունենալով, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ինչպես մոռացվեցին առաջինի դաժան դասերը: Ինչպես երևում է, պատմության «անբարոյությունը» շարունակվում է, «մոռացումը» դարձել է մշտական երևույթ: «Անցյալ տարի,- ասում էր պատմաբանը 2006թ. տրված իր հարցազրույցներից մեկում, – Թուրքիայի՝ Եվրոմիությանն անդամակցելու խնդրի շուրջ ծավալված բանավեճի ընթացքում, ես նկատեցի, որ ֆրանսիական հասարակությունը շատ քիչ բան գիտի 1915թ. ողբերգության խորքերի մասին: Համալսարանական հանրությանը նախատեսված ծանրակշիռ վկայությունը չէր կարող տեղեկացնելու լավագույն կերպը դառնալ: Մեթոդիկ ապացույցներից ճըշմարտություն չեն քաղում: Գրականությունն ավելի զորեղ է, քան ակադեմիական պատմագիտությունը, քանզի այն դիմում է հույզերին: Միայն նա կարող է գերազանցել բոլոր բանավեճերը: Պատմվածքը հասցեագրվում է մի ընթերցողի, մի ընդարձակ հանրության, որն անծանոթ է ինձ: Նա անդրադարձ չունի»:
«Անդրադարձ» ասելով, պատմաբանը նկատի ունի հնարավոր երկխոսությունը և բանավեճը՝ ներկայացվող ճշմարտության շուրջ: Այլ խոսքով, գիրքը, տվյալ դեպքում, գիտական քննարկումների, քաղաքական ժխտումների առարկա չի դառնում:
Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշերն», այնուամենայնիվ, ունեցավ անդրադարձ Եվրոպայում: Այն անմիջապես թարգմանվեց հունարեն և իտալերեն: Պատրաստվում են նոր թարգմանություններ: Հասկանալի է այս հետաքրքրությունը. Եվրոպան լրջորեն մտահոգված է, թե երբ է վերջապես այդ երկրում երկարաձգված գիշերին հաջորդելու լույսը… Մի երկիր, որը ծածկվելով ժողովրդավարական ֆասադի տակ, շարունակում է ապրել բռնության ու դաժանության օրենքներով, մի երկիր, որը պատիվներ է մատուցում իր ոճրագործներին, մի երկիր, որը հոգու խորքում շարունակում է փայփայել վաչկատուն ավազակի երազանքը՝ հրով ու սրով, իսկ եթե չստացվի, խաբեությամբ նվաճել Եվրոպան: