ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ

 

Մայիսի 29-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով Բագրատ սրբազանին գրքի հրատարակման առթիվ, ասաց. «Գրքում էսսեներ, զրույցեր են. այն ոչ միայն պատմական դրվագների վերաբերյալ է, այլև եկեղեցականի, հոգևոր թեմի առաջնորդի, մարդու, քրիստոնյայի խոհերն են, անհատական մտորումները: Ընթերցանության համար շատ հետաքրքիր է ու պիտանի, պարունակում է հանրամատչելի գիտելիքներ ու մտածումի հղող դիտարկումներ»:

Գիրքը հրատարակվել է «Արմավ» հրատարակչությունում, որի տնօրեն, գրականագետ Արմեն Ավանեսյանն ասաց. «Բագրատ արքեպիսկոպոսն ընտրել է մտերմիկ զրուցելու ոճ և բարձրաձայնում է մեր երկրի, ժողովրդի ու ինքնության ամենակարևոր և ամենաարդիական հարցադրումները՝ դրանց տալով գաղափարաբանական իմաստ ու հենք: Ես վստահություն ունեմ, որ Մովսես Խորենացին ևս զրուցում էր: Խորենացին զրուցում էր Սահակ Բագրատունու հետ, որովհետև նա էր գրքի պատվիրատուն: Այս գրքի պատվիրատուն հայ ժողովուրդն է, և Բագրատ սրբազան Գալստանյանը զրուցում է ժողովրդի հետ»: Նրա կարծիքով՝ գրքում տրվում են մարդկային հարաբերությունների, տնտեսության կառավարման և այլ ուսանելի գիտելիքներ, որոնց միջոցով պիտի կերտվի Ավետյաց երկիրը:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց. «Մենք ունենք հոգևոր առաջնորդների կարիք, և պատահական չէ, որ մեր ժողովուրդն ուզում է լսել Բագրատ սրբազանի խոսքը: Նա մաքրամաքուր հոգևորական է, ով իսկապես նվիրված է հայ եկեղեցուն, հայ ժողովրդին, հայոց պատմությանը և ժառանգորդը լինելով մեր ողջ հարստության՝ վերաշնչավորելով մատուցում է հանրությանը: Կա հաղթանակ կամ խաղաղություն նրանց համար, ովքեր ուժ ունեն: Այս գիրքը արժանապատվության, մեր արժանապատվությունը վերհանող գիրք է»: Նա ցանկացավ, որ Բագրատ սրբազանի հաղթական ներկայությունը հայոց մեջ ընկալելի լինի, հաղթանակը տարածվի ամբողջ երկրով, ու բարի ընթացք մաղթեց գրքին:

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, գրականագետ Միհրան Հովհաննիսյանն ասաց. «Ազգային գաղափարախոսության պակասից եղավ պատերազմը: Պատերազմի ձևերը փոխվել են, բազում ձևեր կան հաղթելու կամ պարտվելու: Մարտի դաշտում, որը պատերազմի ձևերից վերջինն է, ցանկացած ճակատամարտի պատրաստված գնալու համար պետք է պաշտպանված լինես գրով: Սա այն գիրն է, որը կուղղորդի և որպես զենք ու վահան կծառայի հետագա բոլոր ճակատամարտերում հաղթող լինելու համար»:

Գրքում զետեղված զրույցների շարքը համառոտումն է Լիլիթ Հարությունյանի վարած ռադիոհաղորդումների հարցազրույցների: Երիտասարդ արձակագրի մաղթանքն էր, որ գրքի հաջորդ շնորհանդեսը լինի Արցախում, և որևէ փակ ճանապարհ չլինի այդ առաքելությունն իրականացնելու առջև: Բանաստեղծ Կորյուն Առաքելյանը նշեց, որ ծնված և մեծացած լինելով Տավուշում՝ ականատես է, թե ինչպես է մարզի ողջ բնակչությունը սիրում և ընդունում Բագրատ սրբազանին, որը շատ կարևոր է հոգևոր առաջնորդի համար, և անչափ ուրախալի է, որ նրա մտորումները հրապարակվել են պատմական արժեք ունեցող գրքով: Արձակագիր Գայանե Փայտյանը շնորհավորեց Բագրատ սրբազանին գրքի հրատարակման առթիվ՝ մաղթելով, որ նրա խոհերն ու լույսը լուսավորեն մեր երկիրը, և ունենանք մեր երազած հայրենիքը:

Բագրատ սրբազանը շնորհակալություն հայտնեց գրքի հրատարակչին, մեկենաս Ռաֆֆի և Արմինե Քյոհնելյաններին, Լիլիթ Հարությունյանին, ում հարցադրումներից ծագել են թեմաները, Լիդյա Մանթաշյանին, ով սղագրել ու սրբագրել է զրույցների շարքը, և իր խոսքում նշեց. «Ես Ավետյաց երկրի համար եմ ապրում և շատ եմ փափագում, որ մենք ապրենք հաշտության երկրի, սիրո երկրի, հզոր երկրի – Ավետյաց երկրի տեսիլքով: Մեր նշանաբանը պետք է լինի. «Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, և չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ»: Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին»:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։