Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

ՀԵՐԻ՛Ք Է ԳՈՒՑԵ
Հազա՜ր բան ես ինձ սովորեցրել, կյա՛նք,
Բայց մնում եմ քո աշակերտը դեռ.
Փոփոխում ես միշտ հոգսեր ու զրկանք,
Ուսերիս անվերջ դնում նոր մի բեռ:

Հերի՛ք է գուցե ինձ փորձես անվերջ,
Էլ բավակա՛ն է տաք ու պաղ անես.
Կարող եմ արդեն ժպտալ ցավի մեջ,
Արցունքս հեղել ես լոկ դեպի ներս:

Վհատության մեջ՝ հույս տալ ինքս ինձ,
Ցավից ուժ առնել, կարոտից` ծաղկել,
Բարձրանալ, աճել ինքս ինձանից,
Ինքս ինձ թաքուն շոյել ու ձաղկել:

Եվ առաջվա պես չե՛մ լսում հիմա,
Չե՛մ ենթարկվում էլ երկրորդ իմ «ես»-ին.
Սանձում եմ արդեն, ճնշում անխնա
Ես վտանգավոր, օտար իմ կեսին…

Հազա՜ր բան ես ինձ սովորեցրել, կյա՛նք,
Ու վատ աշակերտ չեմ եղել կարծես,
Բայց ավարտական մի վկայական
Տալո՞ւ ես մի օր դու ինձ վերջապես:

ԶԵՓՅՈՒՌԸ
Սարերի խաղաղ շնչառությունից
Ծնվեց, թև առավ մի ուրախ զեփյուռ
Ու տապից նվաղ, տոթ հովիտներին
Փրկարար շոյանք տարավ ու համբույր:

Ե՛րգ տարավ, տարավ թրթիռնե՛ր զուլալ,
Բուրումնե՛ր սփռեց իր շուրջ ամենուր,
Փարվեց ամենքին մեղմ ու քնքշաբար
Զով գգվանքներով ու շնչով մաքուր:

Քանի՜ հոգու մեջ նա սիրո փոխվեց,
Քանի՜ նվաղած սիրտ բերեց ուշքի,
Ինչքա՜ն թառամած հույսեր նորոգեց
Եվ ի՜նչ նոր տենչեր կոչեց ճախրանքի…

Ոչի՛նչ, որ ոչ ոք չտեսավ ոչինչ,
Գովեստի կարիք զեփյուռը չունի.
Նա կդառնա և մեղեդի մի ջինջ,
Թե մեկնումեկն իր սրինգը հանի:

ԹԵ ՃԻՇՏ Է ԱՍՎԱԾ
Մո՛տ է, կփակվի շրջանը շուտով.
Կանցնեն խի՛նդ ու սեր, ցա՛վ ու տառապանք,
Երազ ու անուրջ կմարեն հերթով,
Կլռեն հին-նոր ձայներ ու նվագ:

Իսկ հետո՞… Հետո, թե ճիշտ է ասված,
Հենց այնպես երբեք չի՛ կորչում ոչինչ.
Նոր մի աստղի տակ կծնվես հանկարծ,
Այլ մի աշխարհում կհայտնվես նորից:

Ի՞նչ պիտի անես դու նոր այդ կյանքում.
Հողվո՞ր կդառնաս, կտրվես երգի՞,-
Դա՛ էլ կվճռի Տե՛րը երկնքում,
Բայց լոկ՝ ըստ ապրած քո նախորդ կյանքի:

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՁՅՈՒՆ
Ձյունը գալիս է գուցե աշխարհի խիղճը մաքրելու,
Անձայն, քնքշաբար սրբելու երկրի մեղքերը բոլոր,
Իջնում է, գուցե, աստվածների պահանջով վերին՝
Նրանց հայացքի արարիչ լույսը մեզ առաքելու:

Հիմա նայում եմ ես ճամփաներին հեռու ու մոտիկ,
Սարերին խաղաղ ու տանիքներին՝ ճերմակով օծուն,
Ու այնքա՜ն բարի, այնպե՜ս մաքուր է աշխարհը թվում,
Ասես ընկեր են, բարեկա՛մ միայն ինձ բոլոր մարդիկ:
ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ԷՔՍՊՐՈՄՏ
Մեր աննման կանանց

Թե չլինեիք դուք, հանկարծ, Կանա՛յք,
Կյանքն այս կլիներ պարզապես… անկյա՛նք.
Ո՞վ պիտի լցներ մեր հոգին երգով,
Սրտերն՝ արարման լույս ու բերկրանքով:

Թե չլինեիք՝ այսքա՜ն ծաղիկներ
Ո՞ւմ համար պիտի բացվեին շքեղ,
Ո՞ւմ նման պիտի քաղցրանուշ ժպտար,
Բուրումներ սփռեր գարունն այս չքնաղ…

…Չլինեիք, չէ՛, չէ՜ր կարող լինել
Կյանքում հրաշքն այն, որ կոչվում է սեր,
Ու հազիվ թե մի՛, գոնե մե՜ն-մի այր
Երջանկության համն աշխարհում զգար:

ՕՏԱՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Փորձում եմ երգել, բայց դեմ ես, սի՛րտ իմ…
Այդ ո՞վ, ե՞րբ երգս աննկատ բանտեց,
Պատանեց, ասես կողպեց իմ հոգին
Ու սև մի ուռկան քեզ վրա նետեց:

Գուցե սանձարձակ գինեմո՞լն այն բիրտ,
Որ ժպիտներ էր մարում փողոցում,
Կամ պճնագեղ այն տիկի՞նն անժպիտ,
Որ իր «հմայքն» էր ինձ վրա փորձում…

Նա՞ գուցե՝ անցո՞րդն այն պատահական,
Որ նենգ հայացքն էր հառել իմ դեմքին,
Կամ՝ սիրահար այն աղջիկն ու տղա՞ն,
Որ այնպե՜ս տգե՛ղ հանկարծ գժտվեցին…

Ուզում եմ երգել, սակայն իմ ներսում
Լոկ բառերի խուլ հառաչ է լսվում…

ԽԱՂ
Խաղ է անում իմ սրտի հետ աղջիկ մի խենթ,
Փոխում հոգուս եղանակներն հազա՜ր անգամ.
Մի օր շքեղ ծիածան է վառում իմ մեջ,
Մի օր՝ պաղ ձյուն մաղում, հոգուս դնում եղյամ:

Մե՛րթ թվում է՝ ի՛մն է՝ սիրո ծաղի՜կ չքնաղ,
Որի բույրից կպարտվի այս աշունն անդարձ,
Մե՛րթ դառնում է հանկարծ այնպես օտար ու պաղ,
Խլում ասես ընծաներն իր՝ ինձ նվիրած…

Որքա՞ն պիտի տևի ամենն այս, չգիտեմ,
Դեռ մինչև ե՞րբ այսպես պիտի շարունակվի,
Բայց… ե՛ս էլ եմ իր այդ խաղին վարժվել արդեն,
Գուցե վրաս ծա՞նր նստի՝ թե ավարտվի:

ԲԱԺԱՆՄԱՆ ԽՈՍՔԵՐ
Այսպես կլինի.
Դու կհեռանաս և, ուզես թե ոչ,
Քեզ հետ կտանես իմ այն խոսքերը,
Որոնց մեջ սերն իմ
Ու հիացումը մնացին խորքում
Ու երբեմն լոկ թեթև ցոլացին
Հմայքիդ ներքո…

Ես կհեռանամ
Եվ, ուզեմ թե ոչ, ինձ հետ կտանեմ
Քո… լռությունը,
Որի խորքերը հաճախ եմ սուզվել
Ու ամեն անգամ հանել
Քնքշանքի տաք մարգարիտներ…

Իսկ հեռուներում,
Երբ արդեն կարոտ կունենանք նաև
Ու թախիծը նույն,
Մենության մեր կարճ ու թանկ պահերին,
Ուզենանք թե ոչ, մեկտեղ կլինենք.
Ես քո լռության
Անհուն խորքերը կսուզվեմ նորից,
Դու իմ խոսքերում
Կփնտրես սիրո նոր ցոլացումներ…

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Այն, ինչ ես օրվա հայացքում այսօր
Փնտրում եմ թաքուն,
Այն, ինչ երևի այդպես էլ տեսնել
Ձեզ չհաջողվի,
Պիտի նկարեմ, պիտ վրձնեմ վառվող
Գույներով հոգուս
Ու շրջանակեմ զույգ բիբերիս մեջ`
Ի տես ամենքի:

Եվ իմ նորացած, զորեղ աչքերի
Նայվածքով հստակ,
Լուռ ճառագումով իմ ներսից բխող
Զուլալ լույսերի,
Պիտի բոլորին մեկ առ մեկ գրկեմ,
Շոյեմ համարձակ,
Լուռ մենամարտեմ ընդդեմ պաղ ու մութ
Բոլոր աչքերի:

Ու երբ անվրեպ իմ հայացքներից
Շփոթվեք մի քիչ,
Անուշ կսկծան ձեր աչքերն ինչ-որ
Հալոցքից ներքին,
Այնժամ երևի շատ բան այս կյանքում
Դուք այլ կերպ տեսնեք
Ու հանկարծ զգաք մեկմեկու այնքա՜ն
Թանկ ու մտերիմ:

ԱՆԵՐԳ ՕՐԵՐ
Շատ ես ինձ փրկել, ե՛րգ իմ, այս կյանքում՝
Տաղտուկի մուժում, ցավի մեջ անել.
Քանի՜ կսկիծ ես մարել իմ հոգում,
Թախծիս հետ բուժիչ քո լույսը խառնել:

Ի՞նչ եղավ, ինչո՞ւ էլ առաջվա պես
Չես նետում ինձ քո կանչը փրկարար,
Աշխարհի առաջ փակ եմ առանց քեզ,
Անթիվ բառեր կան իմ մեջ՝ ցրտահար…

Եթե ամենն այս անվերջ երկարի,
Ինձ իր մեջ բանտի լռությունն այս պաղ,
Նույնն է թե՝ կյանքն ինձ համար դադարի,
Դառնամ այս մեռյալ օրերին ավար:

ՀՈՒՅՍԻ ԱՌԱՎՈՏ
Օրը շող առ շող, հնչյուն առ հնչյուն
Բացվեց, ծավալվեց, ինձ առավ իր մեջ,
Սիրտս ողողեց կանչերով ցնծուն
Ու հոգուս մի նոր առագաստ պարզեց…

Ի՞նչ ես ինձ արդյոք խոստանում, օր իմ,
Դեպի ի՞նչ ափեր պիտի նավարկեմ.
Ժպտում ես ահա տաք ու մտերիմ
Եվ հույսի դրոշ ծածանում իմ դեմ:

Գուցե ցավն այսօր պիտի համրանա՞,
Ու թախիծն այսօր քո՞ւն պիտի մտնի,
Երևի բախտի հավքն իմ կորուսյալ
Ի վերջո պիտի նոր ճախրա՞նք առնի…

Օ, շա՜տ եմ ուզում ես քեզ հավատալ.
Սիրտս մի անգետ մանուկ է կարծես:
Օ՛ր իմ, գուցե դո՞ւ պիտի այսուհետ
Գալիք օրերիս երթն առաջնորդես:

ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ
Հիմա հասկացա,
Որ ուր էլ լինեմ,
Ե՛վ երգից առաջ, և՛ գինուց առաջ
Սիրտս քե՛զ,
Միայն քե՜զ է պահանջում.
Քո՛ շունչը,
Որից սիրտն իմ ճախր առնում,
Հոգիս կապում է
Հեռավոր, անհայտ այն ափերի հետ,
Ուր սերն է ապրում,
Եվ արարվում են երազ ու անուրջ…

Քո՛ բույրը,
Որից երակներիս մեջ
Գինին բռնկվում լույսով ոգեղեն,
Պտույտ է առնում այնպե՜ս հրճվագին,
Որ զարթնում մեկեն,
Խրախճանքի են տրվում հոգուս մեջ
Լույսից արբած խենթ, բարի ոգիներ…

Ու ձա՛յնդ մաքուր`
Զորավոր ու հեզ,
Որ ամենահին, ամենամաշված բառն իսկ
Կարող է լցնել քնքշանքով
Ու այնպե՜ս հնչել,
Որ ես կրկին ու կրկին համոզվեմ,
Թե սե՛րը, ե՛րգը, գինի՛ն
Դեռ հնում
Արարվել են նույն վսեմ վայրկյանում
Եվ առանց իրար չեն կարող մեր մեջ
Իրենց նախնական զորությունն զգալ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։