ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՎԱՐԱՆԴԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Վարանդը ճանաչված ու սիրելի բանաստեղծ է ոչ միայն Իրանում, այլև Հայաստանում ու Սփյուռքի այլ օջախներում, և այդ ճանաչումը նրա ազնիվ ու ճշմարտացի գրականության՝ հայրենի արմատներին, հայ հոգևոր արժեքներին նրա անդավաճան նվիրումի անդրադարձն է: Վարանդը այն հեղինակներից է, ովքեր հստակ գիտակցում են իրենց ասելիքի կարևորությունը և գեղագիտական պաճուճանքներից գերադասում են ոգեղենն ու ճշմարիտը, մանավանդ, եթե խոսքը հայապահպանության և հայրենասիրության ոլորտից է: Եվ, այդուհանդերձ, անհնար է նրա գրականությունը սիրված կամ ընտրովի թեմաների մեջ տարալուծել: Բոլոր թեմաներն էլ` անձնայինից մինչև քաղաքացիական կողմնորոշում, Վարանդի գրական հայացքի տիրույթում են՝ ժամանակի իրադարձությունների բովում կոփված և իրենց նշանակությամբ ժամանակի քննությանը դիմակայող: Վարանդը մշտապես կապի մեջ է և համագործակցում է Հայաստանի գրողների միության հետ: Գիրք նվիրելու օրը նա իր բազմաթիվ գրքերից հարյուրավոր օրինակներ ուղարկեց Հայաստան, դրանք ՀԳՄ-ի միջոցով հայաստանյան գրադարաններին նվիրելու համար: Անգնահատելի է նրա ծառայությունը նաև հայ ժամանակակից գրականությունը թարգմանաբար Իրանում տարածելու գործում: Դիտարկելով և արժևորելով Վարանդի բովանդակ կյանքը՝ պիտի փաստել, որ 60-ամյակը ճանաչված գրողի համար ընդամենը նոր ելակետ է, ստեղծագործական կյանքի նոր, բեղմնավոր հեռանկար:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Արծւամէրիկ…
Խանդութ Աւետեանին, առ Քարվաճառ
Դու, որ արժես հազա՜ր մարդ,
Անցած հազար տմա՛րդ մարտ.
Քո խօսքերից, կին-արմատ,
Բուրաց թէ՛ վարդ, թէ՛… պողպատ:
Դու մեր ցեղի մայր-արծիւ,
Բայց ո՛չ գոռոզ, այլ՝ հպա՜րտ,
Կաշեպաշտներն անպատիւ
Ոտներիդ տակ՝ սողուն-սարդ:
Դու մեր արեան խո՛ր գիտակ
Ու վէս Սերմի նուրբ արգանդ.
Կերոնի դու վառ կրակ,
Կէ՛զ իգութիւն՝ անխորտա՜կ…:
Եկած դռնից Մհերի,
Կեանքն աչքերիդ՝ սեւ մտրակ.
Բայց քուրայով արեւի
Ոգու արդէն պարարտ արտ…
Պարտէզ, լիցքով քո առատ,
Ուր հասնում է միրգը թէժ,
Դեռ տոկալու մինչ աւարտ՝
Արարատի պէս յաւերժ:
…Արեամբ ներկւած ծիրանին
Որքա՛ն պղծի բորենին.
Բայց զօրավարն արմէնի
Կա՛յ, մինչ քեզ պէս քոյր ունի:
… Փշակալած թագ-վզնոց,
Սակայն՝ հնոց սիրտ ու գութ.
Մատուռ, խորան, մոմի բոց,
Դու բերդ խրոխտ, մե՜ր Խանդո՛ւթ…
ԴԱ ԴՈՒ ԿԻՄԱՆԱՍ…
Այդ ո՛ր մի ազգն է, որ տղայ որդուն…
Վրէժ է կոչում.
Եթէ անւանի այլ ազգը այդպէս
նոյնիսկ՝ իր որդուն–.
Դա կը համարւի… երգիծա՜նք, ցնո՜րք,
անիմա՜ստ հնչում,
Եւ կամ՝ անհեթեթ բա՛ռ,
որ կը կորչի հեգնոտ ծաղրանքի սաստիկ քրքիջում:
Այդ ո՛ր մի ազգն է՝ Վրէժուհի է աղջկան կոչում,
Դա դու կիմանաս… մատդ մխրճւի՝
քարտէզի խորշում.
Այնտեղ կը գտնես՝ նախճիրւած որբեր,
սրածւած այրեր
ամէն մի կիրճում,
Եւ կանայք, որոնք պատւազուրկ լլկւել,
քարեր են ճչո՜ւն…
***
… Յետոյ կը սկսւի քո մատը այրւել.
օձակերպ բոցի զօրաց խրխինջում,
Կը սկսւեն յետոյ աչերդ ծռւել
Գծերի կարմիր-սեւ մղձաւանջում,
Յետոյ կը սկսւի թիկունքդ վառւել
Սրտիդ քուրայի թի
զարնող խղճում,
Որից՝ հայ հանդը,
սար-սարաւանդը,
արտ… Արարատը
զուտ խա՜րտ է ճչուն…:
… Եւ դու կիմանա՛ս՝ այդ ո՜ր ազգն է, որ
տղայ որդուն
Վրէ՜ժ է կոչում…
Արնոտ պատանք…
Սիրելի Վրէժ Իսրայէլեանի
կարմիր յիշատակին
Նահատակներ եմ կրում մանկութիւնից իմ հոգում,
Որոնց հայեացքը անմեղ սրտիս մաշկն է պլոկում,
Եւ վիրաւոր այդ սրտով ոնց եմ ապրել ես կեանքում.
Դէ, թերեւս քի՛չ ապրել, շատը այրւել եմ տոկուն:
Խինդիս պահին քէլել են նահատակներս թաքուն,
Նիրհիս պահին այլայլւել, մաշկափայլել են անքուն,
Յոյսիս պահին տախտակել լոյսի անցքերը շողուն,
Եւ երազը քերւել է՝ իբրեւ փամփուշտ նռնագոյն…:
… Առաւօտը թխպել են ունայնութեան թմբիրով,
Կէսօրն յաճախ արնոտել աներեւոյթ ամպերով.
Սիրոյ մաքուր երեկոն, ներշնչելու փոխարէն,
Սպառնացել՝ ճահիճը մութ կը լկի ումպերով:
***
… Նահատակներ եմ կրում
հուր-յաւիտեան իմ հոգում,
Սիրտս՝ քարտէզ կիսակէզ, կիսով վառւած գրքի էջ.
Ո՛վ է իրաւ սփոփում, ո՜վ է վիշտս ամոքում,
Յո՞յսը, աղօ՞թք, ներո՞ւմ թէ՝
դատաստանը – խիստ վրէ՜ժ…:
Սրճարաններ՝ «Բոհեմական-2»-ից
(Անտիպ տողեր)
***
Սրճարանի միջոցում գաղջ
Քիչ թեքւեցիր դէպի աջ,
Պայուսակիդ խաւարից շիկ
Հանեցիր ա՛լ սիրոյ գիրք:
Կարդացիր մի քանի կտոր,
Յետոյ դրիր սեղանին,
Շշնջացիր՝ վախենում ես
Սէրը միայն «բառ» լինի
Ուշի-ուշով լսում էի ընթերցումդ սիրային,
Սրճի գաւաթն ապա պարպւած
Դրի առջեւդ՝ սեղանին:
Ասացի՝ դո՜ւ մատդ հպիր
Սրճատակի մրուրին
Ու ցանկացիր
Ամէ՜ն լաւ բան՝
Բախտդ բացւի,
Վառ լինի,
Նաեւ ուզիր, որ սէրը «բառ»,
Յանկարծ սոսկ «տա՛ռ» չլինի…
* * *
Երբ եկար, եկար՝ յաւիտեան երկար
Դադարից յետոյ մենք գտանք իրար.
Դու արդէն՝ ակնոց, մի փոքր ծալք քթիդ,
Ես՝ կիսաճերմակ, ասես՝ հասուն այր-.
Խօսեցիր նաեւ այն բանի մասին,
Որ էլ… անցե՜լ է ինձնից ու քեզնից,
Ի՜նչ անենք պիտի հիմի միասին…
Ու հիւմոր, ժպիտ սահեց քո լեզւից:
…………………………………………………..
…………………………………………………..
Երբ ջահէլ էինք, չունեցանք նշան,
Սիրում ես այժմ՝ սիմւոլ եւ նշան,
Բաժանւելիս՝ իմ գաւաթը սրճի
Թեք դրի շրջւած գաւաթիդ վրան:
………………………………………………..
Մէկ շաբաթ անցաւ, կրկին սրճեցինք,
Թախծի, հիւմորի այգով շրջեցինք,
Նորից պահեցինք լա՛ւ մի երազանք
Եւ գաւաթները կրկին շրջեցինք:
… Ո՜վ զարմանք՝ սրճիդ մրուր-յատակին
Երեւաց մի … սաղմ, արդիւնք ջերմ կրքի.
Սիրիր՝ սիմւոլներ, խորհուրդ ու նշան,
Ինչ էլ որ լինի՝ միշտ կին ես, տիկին…
Աւելի հասուն, թէկուզ… աշունքին…
***
Երազներիս շէնքի դիմաց,
– Անցած հազար չո՛ր տարի,–
Արդ, սրճարան մի նորաբաց
Հրաւիրեց՝ ներս արի՜:
Սրճարան էր «Զուգերգ» անւամբ,
Կամ՝ «Դուէտ»-ը օտարի-.
Կը սպասարկի ինձ ու նրան՝
Թիկնած երկու աթոռի…
Հազա՜ր անցած չոր տարիքը
Թրջւի պիտ մէկ գաւաթով
Սրճի, ու ջերմ ըմպելիքը
Կողողի մեզ… հաւատով,
Որ կորած բան չկա՜յ երբեք,
Ամէն ինչն է անպակաս.
Թէկուզ ես իմ աթոռին թեք՝
Ճիշտ դիմացս մի երազ…
Իսկ անրջիս թիկունքին դեռ
Երազներիս շէնքն է վէս,
Պատուհանից այն հեռուն է,
Ուր թիկնել եմ հիմա հեզ:
Յիշում եմ, որ ունեցել եմ
Անցեալ խրթին, ներկայ հեշտ-.
Սակայն կրկին այցելել եմ
Մէներգից մինչ… լաւ Դուէ՛տ…
***
Պատանի էր ու սիրահար երգ-նւագի, պաստառի,
Սիրոյ հեւքը փոխադրում էր նուրբ լարերին գիտառի.
Կերպարւեստից մինչեւ քերթւած,
Քերթւածից նուրբ մեղեդի…
Նրա համար՝ էին երազ,– անքնութիւն գիշերի:
Եւ լսում էր մի կաֆէում կատարումր վարպետի,
Ստուդիայում նայում վրձնին եւ ներկերին պալետի.
Սրտի ձայնը փնտրում գրքում՝
Սեծարենցի. Տէրեանի-
Յաճախ ի՛նքն էլ գրիչ բռնում,
գրում իբրեւ-պատանի:
…Մի ակումբում գիշերները երգում էր նա՝ գեղանի
Սեւաչւի հայ աղջիկը, երգեր սիրոյ եւ թախծի,-
Իսկ պատանին հետեւում էր, որ
ապահով տուն հասնի,
Թաքուն հսկում, որ անվտանգ գտնի աւտօ,
լաւ տաքսի…
…………………………………………..
…………………………………………..
Անցաւ քանի տարի, արդէն տղան դարձաւ անւանի,
Գրեց երգեր որակեալ, լաւ. էլ արդէն չէ՛ր պատանի,
Գիշերային ակումբներում փնտրւած էր երգն իր,
Սրտի վէրքը բորբոքելով՝ տանում էր ճար-դարմանի՛:
Ու մի գիշեր գաւաթ ձեռքին մօտեցաւ նոյն երգչուհին,
Թէ՝ կենացդ, որ գիշերը հսկում էիր իմ ուղին…
– Սակայն ինչպէ՛ս դուք իմացաք,
որ հետեւում եմ գաղտնի:
– Դեռ չգիտես՝ ինձ պէս կինը ոչ թէ երկու,
այլ չորս-չորս սեւ աչք ունի…