ՀԱՂԹԱԾ ԳԱՀԱԿԱԼ
Կակաչի գույնը մի հայացք վառեց։
Խենթության պարից հույզը բարձրացավ,
Խեղդեց ցիրուցան ու ողորմելի
Նախանձի հողմը…
Կակաչի գույնը ո՞ւմ ձեռքը վառեց։
Ժամեր շարունակ ձեռքը տենչում էր
Սիրելի մարմնի կորությունների
Ղողանջը խելառ…
Կակաչի գույնը ո՞ւմ սիրտը մտավ։
Հեռանալ բառը զավեշտ ու ծիծաղ,
Իսկ Սե՜րը –
Սերը հաղթած գահակալ՝
Թռիչքների և արարումների…
ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԱՌ
Քայլերս տարան հին վանքին մոտիկ – ծառը ցանկության,-
Ի՞նչ կապեմ ճյուղիդ, որ երկինքներին իղձերս հայտնես,
Իսկ ես հավատամ երկնքից իջած նամակաբերին,
Երբ հանձնառվածը դնի ափերիս,
Ու ես այն կարդամ ջրերին մոտիկ՝
Կռահումներով մանրիկ ձկների։
Դեղնակարմիր է իմ գլխաշորը՝ իսկը ճյուղիդ զարդ,
Նորանշան է հոգու տեսիլքում, ասեղնագործված։
Արագթռիչք մեղաներ հղեմ սրբերին հաճո,
Եվ ցանկությանս բառը – երախտիք՝ ընձյուղիդ գրեմ,-
Խա՜ղա՜ղո՜ւթյո՜ւնն է
Լոկ ինձ սատարում՝ կյանքի բոլորակ կենսաձևերում ՝
Երկրում, երկնքում, երկնքից անդին սավառնումներում,
Հոգում, հոգուց դուրս, պետություններում
Եվ ազգամիջյան պատերազմներում։
Խափանիչ ուժից չե՛մ նահանջելու – հավաստին՝ խթան,
Մխիթարանքը բաշխել եմ փառքին առաքինության՝
Երեք հանգույցով Սուրբ Երրորդության,
Որ երջանկագեղ լեզուն Տիրամոր
Լուսեղեն ամպը ուղարկի նշան,
Եվ ամպը խոսի երանապարգև, խնկոտ բերանով,-
Դո՜ւստր իմ, մինչ աղոթելով կհասնես դու տուն,
Ճերմակ աղավնին նստած կլինի
Գրքիդ «Դ» էջին…
ԿՏԱԿ
Դարը կանցնի՝ մերթ սողալով, մերթ ճախրելով անխորտակ,
Մերթ պարպելով խարխլումը ըմբռնումի երկնի տակ,
Մերթ պարպվելով ինքն իր մեջ՝ կրակնահար, հուսահատ,
Մերթ էլ դեմքը թաքցնելով արհավիրքում կարծրածածկ։
Խաչքարերը կշատանան, խռով հողը կակոսվի,
Համբերության հույս – աչքը կույր՝ պայծառ լույսից կբացվի,
Հոգնած հոգսից աստեղային, մի նրբամաշկ ընթերցող
Ձեռքը կառնի գիրքն իմ փոքրիկ ու կկարդա սրտադող…
Կտակում եմ քեզ աչքերս՝ անանուն, տաք աղբյուրներ,
Զգացմունքը աստվածային նրանց մեջ է բարուրվել,
Վարագույրներ, գաղջ դիմակներ չքանում են նրանց դեմ,
Եվ բարության քարավանն է անցնում աստղե նավերով։
Ծովը դուք եք,- օրն է ասում՝ հերարձակ ու դարավոր,-
Արարչության նրբին գանձեր ձեր խորքում են արարվել,
Մոգականի խինդ ափերի նավահանգիստն եք դարձել,
Ու պարում են, ապրում ձեր մեջ անդավաճան եզերքներ։
Բայց պահում եմ թացն աչքերիս իմ այս դարի մշուշում,
Գիշերներս ջարդուփշուր, արցունքներս դառնաղի,
Թող ինձ մնան ու նրանց հետ փուշ – հարցերը հայրենի,
Պետք չէ բնավ քեզ առագաստ, որն իր կայմը չի գրկի։
Դու քեզ գտիր իմ աչքերի անաղարտի սեղանին,
Ու վայելիր նրանց թողած քաղցր հոգսերի գինին,
Երգեհոնի ձայնաշարի հնչյունները դյութագին,
Նրանց բերած մաքուր, ճերմակ անուրջները երկնային…
Կտակում եմ քեզ խոհերս ու մեծ սերս երկրային՝
Անդավաճան ներկայություն ցնծության և խոր մտքի,
Հայտնություններն առավոտի պոետական չափերով
Շոշափում են նրանց թևը աչքալուսանքում կյանքի։
Կատարյալը ընդարձակված զվարթության առվակում,
Նրա մեջ ծառ՝ գրպաններում պտուղներ առասպելի,
Շնչող մարմնի նախասկիզբներ, բարու ներգաղթ ու շատ տաք
Ողկույզներում ժամանակի տոնահանդեսներ անափ…
Ինչ-որ բուրմունք թափառում է արյան ձայների այգում,
Տեղաշարժ է գաղտնիքների Ծաղկանց շուրթի աղբյուրում,
Շրջապտույտ խորաթափանց, լույսերի քայլք ու դարձյալ
Ներդաշնակի օրհնանքների արթնության պար ու քանքար։
Առավելի նուրբ նվագներ ոտնահետքերում հուշի,
Նրանց ընկեր ակնարկների առևերույթ բանալի,
Պատկերների կրքոտ փեշեր հոգու ճյուղը հոտոտող
Եվ մշտական կրկնություն հրճվանքների ծավալի…
Սրտիս բոլոր սենյակների արմատների նռնենին,
Քեզ ուղեկցի հոգենյութի ճամփաներով ու լռին՝
Իմաստնանա մաքրամաքուր երազների թևերին,
Իմաստնանա և նրանից թափվեն նռան հատիկներ.
Երջանկության, խաղաղության, արդարության անունով
Ու ճառագվեն՝ աչքերիդ մեջ, խոհերիդ մեջ ու սիրուդ,
Առանց քծնանք, առանց որոմ, առանց չարի մի բջիջ
Եվ գոհանաս ոսկեհամբույր ճշմարտության խնջույքում…
ԵՐԲ ՀԱՅՐԵՆԻՔՍ…
Երբ սիրտն է տենչում հայելանման մթնշաղերում
Լույսի արտացոլք,
Անխո՜ս եմ, Տե՜ր իմ…
Երբ մաքրագործող հեղեղն է տանում չարի գործերը
Դեպի կործանում,
Անխո՜ս եմ, Տե՜ր իմ…
Երբ տեսողության գուրգուրանքի մեջ աչքերն են ժպտում
Հավերժ սիրելի,
Անխո՜ս եմ, սե՜ր իմ…
Երբ հրճվանքների ծավալն այնքա՜ն շատ ծաղիկ է վառում
Հաճույքի գահին,
Անխո՜ս եմ, սե՜ր իմ…
Երբ մտածողն է ընծայաբերում ռիթմը մաքուրի
Երկնքի սրտին,
Անխո՜ս եմ, Աստվա՜ծ…
Երբ կեցությունը ուզում է ծաղկել կակաչի կողքին
Այս աստվածային,
Անխո՜ս եմ, Աստվա՜ծ…
Երբ կատարյալը իր կատարյալով՝ Աստծո արարչանք –
Կանչում է ոգուն,
Անխո՜ս եմ, Տե՜ր իմ…
Անխո՜ս եմ, Տե՜ր իմ – ինքնարտահայտման բարձրաթիռներում՝
Որպես առեղծված…
Երբ հայրենիքս կնստի հույսի ոսկե կամրջին,
Կասե՛մ` կանաչի՜ր,
Լեզուս կբացվի…
ՏԽՈՒՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Արթնացմանս համար ինձ պետք է բառը,
Որը քո սրտի մեջ փակել եմ վաղուց,
Բա՛ց սիրտդ – խեցի,
Եվ տուր ինձ հույսը ազատ զարթոնքի՝
Նրա աչքերի գունավոր անձրևն ուրիշ հոտ ունի։
Խամաճիկները արքա են խաղում
Ու որսի ելնում ցուրտ աղաղակով,
Կացնահար կաղնին խռով է ինձնից,
Իսկ ես հարցնում եմ,- Տե՜ր Աստված,
Ինչո՞ւ, ինչո՞ւ ի՛նձ տեսավ…
Վարսերիս թռչուններն ասում են,- Լռի՛ր։
Խնկահոտ մատներս ասում են, –
Էլ ո՞վ։
Հոգիս ասում է, – Խաղն այս դաժան է
Մահվան գույնի պես, նայի՜ր արևին
Եվ Լեռը զգա, որի վրա ես…
Ու մոտենում եմ իմ արթնացմանը
Բողբոջի ճամփով, լինելու ճամփով…
ԱՆՈՐՈՇ ՆԵՐԿԱ
Մութ օրերի երթում քանի՞ անգամ մեռա,
Քանի՞ անգամ հոգիս լքեց մարմինը իմ,
Ամեն անունի հետ գետնահալած եղա,
Էլի՜ եկա դուռդ՝ ականջդ փակ Աստված։
Նկարակերտ դարձանք՝ հուշարձաններ պաղած,
Երկինքն ինչքա՞ն որդեգրի մեր որդոցը անանց,
Մեջբերում ենք կարծես՝ ապառնի ու անցած,
Ներկան միայն կորուստ, միայն խնկածաղկած։
Քանի՞ փառքի սահման անցանք՝ քանի՞ պատիվ,
Մեզ պետք են մեր տղերքը՝ առանց պատանք ու թիվ,
Աղերսումով օտարության դուռը բացած`
Հեռանում ենք անմիաբան, հողմահալած…
ԳՆԱՑ ՍԵՐԸ
Գնա՜ց սերը, հեռո՜ւ, ոսկե մի հովիտ`
Կարոտախտով տառապելու թափառիկ,
Գնաց՝ հաղթած ինքն իրեն և մահին,
Որ մաքուրը չխառնվի սխալին։
Գնաց դուռը հիշողության փեշերի`
Վկայելու եղելությունն իր փառքի,
Ճշմարտության հիշատակը պահելու
Ու երկնելու իր վարդերը դեղնավուն…
Դրվագները, որոնք պիղծ էին կոչվում,
Ականատես աչքը նրա հար մաքրեց,
Անսահմանի բույրը խառնեց ողջույնին,
Որն ամեն օր բարձունքներից ուղարկեց
Եվ ցնծությամբ բազմահարուստ իր փորձի
Խենթության պես ուրախ պահեր վեր հանեց՝
Գործողությամբ նախանշված հսկումի։
Գնա՜ց սերը, հեռո՜ւ, ազատ մի հովիտ,
Խարդավանքի մողեսները սպանած,
Նախադրույթ արցունքի ծովը քամած՝
Անկումների, վերելքների ճամփեքին։
Չհապաղեց անմեղության խոսքն ուղղել
Մնացողին, որ երկյուղը չհաղթի,
Իրականը արցունքահամ չդառնա,
Վշտի տենդը չքարանա անուրջին…
Գնա՜ց սերը. լուսապսակն իր մնաց
Քերթվածքներին, աղոթքներին իմ գրած…