Թումանյանը քաջատեղյակ էր Հայաստանի ու նրա սահմանններից դուրս գտնվող բոլոր որբանոցների կյանքին ու հոգսերին։ Հատկապես Ալեքսանդրապոլի որբանոցը եղել է գրողի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին վկայում է խորհրդային տարիների ականավոր պետական քաղաքական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանի մոր՝ Ալեքսանդրապոլի որբանոցի սան, վանեցի Լյուսյա (Լուսնթագ) Կարախանյանի վկայությունը։
Լ. Կարախանյանին բաժին էր ընկել հարյուր հազարավոր որբերի ճակատագիրը։ Ընտանիքին հաջողվում է փախչել մինչև լիճը, որտեղից փախուստը պիտի շարունակեին նավակով։ Ընտանիքի հայրը՝ մեծ կալվածքների ու հողատարածքների տեր, ձկնագործությամբ զբաղվող, բարեգործ Հովսեփը, հանկարծ հիշում է, որ եզներին գոմում կապած է թողել, վերադառնում է, որ նրանց ազատ արձակի։ Նա սպանվում է իր տան բակում իր տան թուրք ծառայի ձեռքով։ Լյուսյայի մայրը, հոգեկան ցնցմանը չդիմանալով, սկսեց աղաչել թուրքին, որ նա իրեն էլ սպանի… Դժվար է հաստատ ասել՝ արդյոք թուրքը բավարարե՞ց նրա խնդրանքը, թե՞ նա ինքը նետվեց թուրքական յաթաղանի վրա։ Ինը տարեկան Լուսնթագը և նրա երեք տարեկան քույր Անահիտը ականատես եղան այդ սարսափելի, սահմռկեցուցիչ տեսարանին՝ թաքնվելով խոտի դեզի մեջ։ Վերաշարադրելով սկեսրոջ պատմածները՝ Ռիմա Դեմիրճյանը ավելացնում է։ «Մինչ օրս ապշում եմ, թե ինչպես մանկական ոգին դիմացավ այդ ցնցմանը, ինչպես գոյատևեցին այդ տարաբախտ երեխաները։ Քույրերը մի քանի ամիս շարունակ սնվում էին միայն հատապտուղներով, բույսերով, պատահական ողորմություններով, մինչև նրանց վերջապես նկատեցին ռուս կազակները և հասցրեցին Էջմիածնում գտնվող հավաքատեղին, որտեղ գրանցում էին որբ երեխաներին և ուղարկում մանկատներ»։
Դժվար է պատկերացնել, որ ոճրագործը հենց այն թուրքն է, որ 12 տարի ծառայել էր հայի տանը և իր «աշխատավայրում» եղեռն իրագործելուց հետո իր սև գործը շարունակել է Վանա լճի ափին՝ սպանելով իր «գործատուին» (որի ձեռքից տարիներ շարունակ սնվել էր նրա ընտանիքը)՝ Լուսնթագի հորը և եղբայրներին։ Ի՞նչ են զգացել երկու դուստրերը՝ տեսնելով զարհուրելի ցնցումից ու սպանդից խենթացած, որդեկորույս մորը, որն ասես մոռացած 9-ամյա Լուսնթագի և 3-ամյա Անահիտի մասին, խնդրում է իր տան ծառայող թուրքին իրեն էլ սպանել, ի՞նչ են զգացել՝ տեսնելով յաթաղանի վրա ինքնասպան եղող մորը։ Իրենց ընտանիքի դահճին նրանք անձամբ էին ճանաչում։ Մի վայրկյանում որբացած քույրերը բախվում են նաև մարդկային սև երախտամոռությանը, թեև եթե դահիճը այդքան ծանոթ, գրեթե «ընտանիքի անդամ» չլիներ, գուցե և դաժանաբար սպաներ նաև մանկահասակ աղջիկներին, բայց խնայել է նրանց։ Որբացած երկու քույրերը, հոգեկան վիթխարի ցնցում ապրելով, միայնակ բռնում են գաղթի ճանապարհը, ամիսներով սնվում ողորմություններով, բույսերով ու պատահական կերակուրով, մինչև նրանց նկատում են ռուս զինվորները և բերում Հայաստան, հանձնում Էջմիածնի որբանոց: Քանի որ փոքրիկ Անահիտը ծանր հիվանդ էր, քույրերին բաժանում են, և նրանք այլևս երբեք իրար չեն տեսնեում։ Ամենից ծանր 9-ամյա աղջնակի վրա ազդում է քրոջ կորուստը։ Լուսնթագին տեղափոխում են Ալեքսանդրապոլի որբանոց, հենց այստեղ էլ նրան նկատում է Թումանյանը և տանում է իրենց տուն։ Ռիմա Դեմիրճյանը այդ մասին պատմում է այսպես. «Հովհաննես Թումանյանը հաճախ էր այցելում Ալեքսանդրապոլի մանկատունը։ Հերթական այցելության ժամանակ սևահեր, խելացի աղջիկը, ըստ երևույթին, դուր եկավ բանաստեղծին, և նա իր տուն տարավ Լյուսիին ու մի քանի երեխաների… Թումանյանի ընտանիքը, թեև բազմաթիվ, բայց շատ մտերիմ էր և ընկերասեր։ Նրանք հարուստ չէին, բայց իրենց արժանապատվորեն էին պահում, երբեք չէին ընդունում հովանավորների նյութական օգնությունը, և նրանք, իրենց հերթին, ինչ-որ կերպ օգնելու կամ ուշադրություն ցույց տալու համար, հաճախ ամբողջ ընտանիքին հրավիրում էին ընթրիքի։ Դրանցից մեկին ներկա է եղել նաև սկեսուրը։ Նա պատմում էր, թե որքան շքեղ ու գայթակղիչ էր սեղանը գցված, և ինչ հանգստությամբ ողջ ընտանիքը, այդ թվում՝ ինքը, ճաշկերույթին վերաբերվեցին այնպես, կարծես դա սովորական երևույթ լիներ իրենց կյանքում։ Դա էր թելադրում ընտանիքի չգրված օրենքը»։
Ըստ հուշագրի՝ բանաստեղծը հյուրընկալել և իր տանն է պահել նաև մի քանի այլ որբերի։ Լուսնթագը ապրելով գրողի ընտանիքի հետ մի ամբողջ տարի՝ ծանոթանում է Անդրանիկ զորավարին, շարունակում գրողի ընտանիքի հետ հաճախ հյուրընկալվել նրանց բարեկամների կամ որոշ մեկենասների տանը։ Ըստ հուշագրի՝ Թումանյանը դարձել է շատ որբերի, այդ թվում և՝ իր կնքահայրը, ինչը հետագայում մեծ հպարտություն էր պոետի տանն ապրած կամ նրա անսահման հոգատարությունն զգացած յուրաքանչյուր որբի համար։
«Լյուսյան պատմում էր,- շարունակում է Ռիմա Դեմիրճյանը,- թե ինչպես էր զորավար Անդրանիկը հարցուփորձ անում իրեն, հարցեր տալիս, շոյում գլուխը, իսկ վերջում խնդրեց որևէ բան երգել։ Նա երգեց՝ «Ամենից առաջ Անդրանիկը քաջ» երգը»։ Մեկ տարի ապրեց Լուսնթագը Թումանյանի ընտանիքում։ Նա մեծ հպարտությամբ էր բազմիցս կրկնում, որ մեծ բանաստեղծը իր կնքահայրն էր։
Այսպես, Լյուսիայի մասին հոգ տանելով՝ բանաստեղծը փաստորեն փրկեց նաև նրա ապագա սերունդներին, այդ թվում՝ անվանի քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին։ Նույնը կարելի է ասել մեկ այլ Լյուսյայի մասին, որին աջակցության ձեռք մեկնելով՝ Թումանյանը փրկեց ապագա անվանի երաժիշտ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին։ Թեև պոետի կյանքի այդ դրվագը տեղի է ունեցել շատ ավելի ուշ՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, բայց այն ուշագրավ է Թումանյանի մարդկային նկարագիրը բնորոշելու, նրա խոսքի և գործի միասնությունը ներկայացնելու առումով։
1921 թ. գարնանը Էդվարդ Միրզոյանի մայրը՝ 18-ամյա Լյուսյա Պերշանգովան Գորի քաղաքից ուղևորվում է Կարս՝ ամուսնուն՝ ցարական բանակի գնդապետ Սիմեոն (Սյոմա) Ալիխանովին հանդիպելու նպատակով։ Նա հրաշքով գտնում է Սիմեոնին Կարսում։ Ջոկատը, որտեղ ծառայում էր Սիմեոնը, նահանջում էր։ Միասին նահանջելը Սիմեոնի կարծիքով հնարավոր չէր և հղի կնոջը վստահում է մի քուրդ կառապանի։ Լյուսյան վատ կանխազգացումով հետևում է քրդին՝ նստելով նրա սայլը։ Սարսափի պատճառն էլ այն էր, որ ամենքը գիտեին, որ հղիներին խոշտանգում էին առանձնահատուկ դաժանությամբ։ Լյուսյան հայտնվում է կյանքի ու մահվան սահմանագծում, սակայն դեռ չծնված զավակի կյանքի հանդեպ մեծ պատասխանատվությունը նրան ուժ է տալիս։ Նա կանխազգացում ուներ, որ որդի է ունենալու, և նույնիսկ նրա անունն էր որոշել՝ Էդիկ։ Երբ ճանապարհին Լյուսյան իջնում է սայլից և շտապում ջրի մոտ, գետի հայելու մեջ տեսնում է իր գլխին կախված յաթաղանը, միագամից հանում է ատրճանակը և կրակում գազան բարբարոսին։ Քուրդ ուղեկցորդը միանգամից վայր է ընկնում։ Լյուսյան հասնում է Ղարաքիլիսա, շտապում կայարան հենց այն օրերին, երբ այնտեղ էր Թումանյանը։ Կայարանում հավաքված էր վիթխարի ամբոխ։ Գնացքների կանոնավոր երթևեկություն չկար։ Օրջոնիկիձեի կարգադրությամբ Թումանյանին էր տրամադրվել մի վագոն իր շոգեքարշով։ Այդ անձրևային օրը՝ ապրիլի 20-ին, մեծ բազմության մեջ պոետը նկատում է ինը ամսական հղի Լյուսյային և միջնորդում նրա համար։ Գնացքի երեք վագոնների վրա ծածանվում էին սպիտակ դրոշներ։ Լյուսյան հազիվ էր քայլում, նա գրեթե ոտաբոբիկ էր, ոտքերը՝ արնաշաղախ, դողում էր ահ ու սարսափից, ցրտից ու հոգնածությունից։ Նրան թվում էր, թե ուշագնաց է լինում ուժասպառությունից, դառը հեկեկում էր անօգնական ու անզոր վիճակից։ Եվ այդ պահին հրաշք է կատարվում։ Մի տարեց մարդ՝ ալեհեր մորուսով, իր պաշտպանության տակ է վերցնում նրան։ Նա ինչ-որ բան է շշնջում գնացքի պետին, և նա անսպասելի պատրաստակամությամբ թույլ է տալիս կնոջը գնացք բարձրանալ։ Թումանյանին վերստին հատկացվում է առանձին կուպե, արդեն ոչ թե իշխանությունների, այլ՝ իրեն անձամբ ճանաչող, իր արվեստով ու գործունեությամբ հիացող տաճիկի կողմից։ Ընդ որում, Թումանյանի պատվին նրա բոլոր ուղեկիցները սովի այդ տարում հյուրասիրվում են թեյասեղանով՝ գնացքի աշխատողների կողմից։ Ահա հենց այդ գնացքում է տեղ գտնում Էդվարդ Միրզոյանի մայրը։ Լյուսյան դեռ չգիտեր, թե ով էր այդ «ասպետը»։ Միայն հրաժեշտի պահին, երբ նվեր է ստանում Թումանյանի լուսանկարը՝ մակագրությամբ, գիտակցում է, թե ով է իր կյանքի փրկիչը։