ԼԻԼԻԹ

ԼիլիթՄԱՐԻԱՄ
Որդեգրիր դեմքս,
Մարիամ,
Եվ մարմնիս կաղապարը
Ջարդիր,
Թող հոգիս մնա որպես
Վերընձյուղված տերև…
Փորձության դավը
Շրջակալել է մեզ,
Ջարդիր, ջարդիր, ջարդիր…
Ինչ-որ բան մարդկանց մեջ
Հեղձուկ, թավալգլոր,
Կարծես ոսկոր լինի,
Կանգնել է կոկորդում
Ու դարձել կիսատ ճիչ,
Ծռմռված ժպիտ
Ժամանակի փառակալած
Շուրթերին…
Որդեգրիր դեմքս,
Մարիամ,
Որդեգրիր բոլոր նրանց,
Ովքեր անձրևից հետո
Քայլում են ճղճիմ ցեխի միջով,
Մի՛ թող աղավաղվի
Քայլվածքը նրանց,
Նրանք դեռ ասելիք ունեն
Քեզ պատմելու,
Նրանք դեպի քեզ են գալիս…
Որդեգրիր դեմքս,
Մարիամ,
Չգիտեմ որպես ո՞վ
Մարդն աշխարհ եկավ,
Հուդա՞ն է արծաթասեր,
Թե՞ Քրիստոսը հիսուսված…
Որդեգրիր մեր դեմքը,
Մարիամ…
Աստվածաշնչում դեռ չգրված
Էջեր կան
Մարդու էության մասին…
Օգնիր,
Որ ցավագար մութը
Լուսաբացի քունքին
Բացվող մի օր նկարի
Այս աշխարհի համար…

ԵՍ ՈՒ ԴՈՒ
Օրը սկսում է
իր աչքերը թարթել,
Ու ես զգում եմ`
Դու ես իմ քնքշանքը,
Դու ես իմ երկինքը,
Իմ հավատարմությունը…
Մենք շատ հաճախ ենք
Սխալվել,
Բայց ոչ մի վեճ
Մեզ չի բաժանի,
Քանզի ես եմ քո
Քնքշանքը,
Ես եմ քո երկինքը,
Ես եմ քո հավատարմությունը…
Աշխարհը խելագարվել
Իր պտույտներում,
Գլուխ չի հանում
Ո՛չ իրենից, ո՛չ էլ
Մարդկանցից,
Բայց միևնույն է,
Ինչ էլ որ լինի,
Ես ու դու քնքշանք ենք,
Ես ու դու` երկինք,
Ես ու դու` հավատարմություն…

ՕՐԵՑՕՐ
Օրեցօր բարության
Լույսն է պակասում,
Եվ հողագունդը
Աղետների բազմազանությամբ
Աղաղակում է
Ի լուր աշխարհի,
Բայց մարդիկ
Փակել են իրենց
Աչքերը,
Խցանել` ականջները
Գովազդների, սերիալների
Անիմաստությամբ…
Հեյ, վա՜խ,
Քամիներն են
Տնօրինում
Քաղաքների
Ճակատագիրը…

ԻՄ ՍԻՐՏԸ
Իմ սիրտը, ինչպես
Մի թափառական,
Անցնում է կյանքի
Խորդուբորդ ճամփով,
Խփիր նրան
Եվ կզգաս` ինչպես է
Ամրանում ցավից…
Շոյիր նրան և կհասկանաս,
Որ աղոթում է քեզ համար…
Իմ սիրտը, ինչպես
Մի թափառական,
Բարձրանում է վեր
Երկնքի փեշից`
Հույսեր բերելու
Ու իջնում է վար`
Մարդկանց պատմելու,
Որ վեր ու վարի
Անցուղիներում
Խղճի տուրք ունենք
Միմյանց տալու…

ՄՆԱ ԻՆՁ ՀԵՏ
Քաղաքի ձյունոտ մայթերը
Նման են սպիտակ
Սրունքների,
Եվ գիշերը հագցնում է նրանց
Իր սև զուգագուլպաները…
Հեռու աշխարհից ու մարդկանցից,
Հոգնած նստել եմ
Եվ այլևս ոչ մի տեղ
Չեմ շտապում…
Մնա ինձ հետ…
Դրսում ձյունը իր
Բարության սերմերն է
Շաղ տալիս,
Որ մարդիկ արթնանան
Չարությունից
Ու փրկեն հողագունդը
Աթոռակռվի ծանրությունից…
Ինձ հետ մնա
Ու ծանոթացրու
Շութերս քեզ հետ,
Ես շատ երկար եմ
Քեզ սպասել…

ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ
Մենք մեր մտերիմներին
Մոռանում ենք
Մեր կողքին
Եվ հիշում ենք նրանց,
Երբ հեռավորությունը
Իր ձանձրույթը
Որպես կարոտ
Նվիրում է մեզ,
Մի՛ կորցրու ինձ…
Բոլոր առավոտներն են
Ու բոլոր երեկոները
Ապրելու,
Սպասումի մեջ են,
Իսկ դու քայլում ես
Քո ոտնահետքերով,
Մի՛ կորցրու ինձ…
Աշխարհի և ուրիշների
Հոգսերով բեռնված`
Ուզում ես ձերբազատվել
Անորոշության տխրությունից,
Մի՛ կորցրու ինքդ քեզ,
Որ ինձ չկորցնես…

ԱՅՍ ԴԱՐԻՑ
Այս դարից
Չեմ հասկանում.
Ժամանակը դժոխք է
Դարձել,
Մի բուռ ջրի,
Մի բուռ հացի համար
Մարդկանց կոկորդից է
Բռնել…
Աշխարհը տակնուվրա է
Լինում
Փողի զրնգացող
Ծանրությունից,
Եվ ճկվում է օրը
Մարդու մեղքերի բեռից…

ՍԵՐ
Քո անունի տարածության մեջ
Ապրելը
Քեզ չունենալու ընկալումից
Դժվար է…
Ես ոտնահետքերս
Լցնում եմ կարոտի
Անձրևի կաթիլներով
Եվ ճանապարհորդում
Ցերեկվա և գիշերվա
Ներկայության օրենքները
Խախտելով…
Դու կարո՞ղ ես ասել,
Թե որքան արժե
Պարտության գինը
Հաղթանակի համար,
Որ դուռդ սիրահարված
Աչքերով
Բացվի իմ դեմ
Եվ անկողինդ
Համբույրների բերքից
Հարբի…

ՀԵՇՏԱՑԵԼ Է
Աշխարհին մարդիկ
Օտար են դարձել,
Եվ աշխարհն է
Օտար նրանց համար,
Հեշտացել է ստի մեջ
Ապրելը
Սապատավորված
Անտարբերությամբ…
Չարագույժ կռռոցը
Ագռավների
Լույսի սաղմոսն է
Խաթարում…
Առևտուր է դարձել
Անգամ բացվող օրը
Վիճող բոմժերի համար
Շուրջը աղբամանների…
Աշխարհի աղմուկը
Վիրավորանքից
Քաղաքների պատերին է
Խփվում օրնիբուն,
Որ մարդիկ մոռացել,
Էլ չեն սիրում երկիր
Մոլորակը
Եվ կարծում են, թե
Աղմուկն է մեղավորը…

ԳԱՐՈՒՆ
Երբ դու գալիս ես,
Մենք ազատվում ենք
Ձմռան մղձավանջից
Ու հավատում ենք,
Որ զավակներն ենք
Անմահ արևի,
Եվ Հայոց աշխարհը
Զերծ է մնալու
Չարի որոգայթներից…
Երբ դու գալիս ես,
Մենք հավատում ենք,
Որ ազգովի
Վերջնագիր ենք
Ներկայացնելու աշխարհին
Ու դարերի
Ժայռապատկերներին
Դաջելու ենք
Մեր հավերժությունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։