***
Երբ որ անգույն էր կապույտ երկինքը,
Ծիածան գտա աղբամաններից
թափված ճենճերում:
Թողած իր բույնը` փողոցի շունը
Փռվել էր էնտեղ` ծիածանվելու:
Չէ՛, անուշահոտ մեխակներ չկային,
Ճանճեր էին լոկ
Ու սիրահարի ճենճահոտ վարդեր:
Էնտեղ էր նաև երեկվա հինը
Այսօրվա նորին զիջելու համար,
Նորին մեծություն այսօրը վկա,
Վաղը գալու է…
Անձրև է գալու:
Ու երբ մաքրվի իմ ներսն ու դուրսը,
Ես փնտրելու եմ
Ծիածանաթև իմ արշալույսը:
Իսկ թե չգտնեմ…
Շունը կանչում է.
Անձրևից հետո
Ճիշտ ժամանակն է աղբը թափելու:
***
Այսօր կլինեմ ես քո թախիծը,
Կմտնեմ ներսդ իմ պատուհանից
Ու երազիդ մեջ ծաղիկ կփնտրեմ
Ծիածանագույն:
Ծաղիկներ շատ կան,
Երազներդ են քիչ,
Որտեղ որ ես կամ:
Ու մինչ փնտրում եմ,
Անքնությունս պատճառաբանում
Ու խնդրում եմ հանգ
Չհանգավորված իմ գրածներից,
Հեռվից ինչ-որ բան`
Անտեսք ու անձև,
Մտնում է ներսս քո պատուհանից
Ու դառնում երազ:
Ու երբ աչքերս` տեսնելու սովոր,
Արդեն չեն տեսնում,
Ես չափ եմ տալիս`
Քո ծաղիկներից թերթեր պոկելով.
– Սիրում է, չի սիրում,
Սիրում է, չի սիրում,
Սիրում է…
***
Արևի լույս…
Արևի տակ անմխիթար մի առավոտ:
Մի առավոտ անշնչացած բառ ու բանի,
Մի արշալույս առանց հույսի:
Չկա ոչինչ իմ սրտի մեջ հանգստության,
Չեմ ցանկանում և ոչ մի բան.
Չկա ոչինչ, բացի բացից ժամանակի,
Տարածության…
Մի առավոտ տվայտանքի.
Այրող կարոտ:
***
Եվ հիշում են մոմը,
Երբ անջատվում է լույսը իր բնից,
Բնականաբար…
Եվ դու կհիշես, ցավոք ու ցավով:
Ցավոտ աչքերով կփնտրես սիրտս,
Որ նետահարես,
Բայց էլ չես գտնի,
Որովհետև այն մանկան բարուր է դարձել
Ուրիշի գրկում ու ճչում է դեռ…
Նետերդ միայն մտքիս կդիպչեն,
Երազներիս ու երազանքներիս:
Եվ քո հևքով կփոխարինվեն
Իմ հին երգերը` նոր տարերքներով,
Փոթորկվելու չափ, հետ տալու աստիճան:
Ու ես կխաղամ մոմի լույսի հետ,
Մինչև լույսը տան,
Բնականաբար…
Եվ մանկական եսասիրությամբ
Չեմ թողնի ոչ ոք իմ մոմը փչի,
Որ գոնե մի պահ…
Իմ շունչը զգաս սրտիդ կրակին: