Հրաչուհի ԼՈՌԵՑՅԱՆ

Հրաչուհի ԼՈՌԵՑՅԱՆ
***
Քո կույս աչքերի լիրբ
հայացքներում
սերերն են լողում անշունչ
ձկան պես:
Ու դու կարծում ես,
թե սուրբն ես վերջին,
մոհիկան մի նուրբ:

Նայում ես անհագ ինչ-որ մի կետի
ու լույս ես փնտրում
սենյակի մթում:

Այդ լույսը նա՛ է,
ճշմարիտի չափ
մերկացած կարծես,
հույսդ սպառող, քեզնով վերջացող,
քեզնով վերջացնող
առյուծ մի արու,
որը շատ շուտով հայրիկ կդառնա:

Մթի մեջ լույսեր փնտրողը հաճախ
զգում է կյանքի ճանկերի ցավը,
որը շան նման կծում է վերքդ
կորյունի տեսքով:

***
Աննյութ եմ, անդեմք,
Աներկյուղ կարծես,
Անես եմ, անքեզ,
Մոռացված մի ես:

Ձեռքերս մոմ են,
Հալված են ինձ պես,
Հուշերս սեր են,
Սերերս` անսեր:

***
Քարը պիրկ էր, արմատ տվեց,
Ու արմատից կանաչ ծլեց,
Ու գորշ հողը արյուն դարձավ,
Ոտքերի տակ հերոսների:
Աչքս ցավեց ու լաց ծնեց,
Քո տունդարձի հույսս մարեց,
Երկինքն ամպին մեծ տեղ տվեց,
Ու արևը անձրև ցանեց:
Ու քարերը, ու հողերը
Մի հողմ դարձան ցավիս վրա,
Ու քո անվախ մահի դիմաց
Մի լեռ ժայթքեց` կանաչն էր սև:

***
Ում է պետք ափս,
եթե այլևս քեզ չի զգալու:
Մարմնից հարկավոր է
կտրել ավելորդ մասերը:
Ատում եմ ձեռքերս:

Ձյան կտորները սրտիս
փշրված բեկորներն են,
որ երկնքում նկարում են
քո պատկերը:
Մեզ բաժանողը թող ձյունը լինի,
ոչ թե գարունը ամառվա կեսին:

Մտքերս արցունք են դարձել
ու մաքրել թևերիս արյունը:

***
Հեռանում են հոգուցս
պատկերները քո խառնակ,
Ու ջնջվում են մարմնիցս
համբույրները քո դեռ տաք,
Քո գրկի մեջ հալվում են
ժպիտները իմ անցյալ,
Աչքերիդ մեջ մարում են
արցունքներս մահացյալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։