Երբ գրքի փառատոնին ընդառաջ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կայացած պոեզիայի ընթերումների ժամանակ Դմիտրի Դանիլովը սկսեց կարդալ այս բանաստեղծությունը, ինձ թվաց, որ ես այն արդեն ոչ միայն լսել եմ, այլև թարգմանել, թեև հաստատ գիտեի, որ ոչ միայն չեմ թարգմանել, այլ ընդհանրապես նոր գործ է, աշխարհի չափ հին և այս լուսաբացի չափ նոր (վկա՝ Էվրիդիկեի հետևից անդրաշխարհ իջած Օրփեոսը, դժոխքի բոլոր պարունակներով զբոսնած Ալիգիերին)։ Տարօրինակ զգացողություն էր, բայց անմիջապես էլ հասկացա, թե ինչումն էր բանը, և որոշեցի ստուգել։
Արդեն երկու օր անց, երբ Դանիլովի ու Վոդեննիկովի հետ մեկնում էինք դեպի Չարենցի կամարը, մի տեսակ, իմիջիայլոց հարցրի, թե կարդացել է նա արդյոք Անդրեյ Բիտովի «Սանդուղքը», թեև հաստատ համոզված էի, որ, չնայած գրեթե ակադեմիական կարդացածությանը, չի կարդացել։ Ստուգողական, իմիջիայլոց նետված հարցը համոզեց, որ անծանոթ էր։ Ընդհանրապես արդի Ռուսաստանում Բիտովը գրեթե մոռացության է մատնված։
Իսկ Բիտովի «Սանդուղքը» ստիպված եղա նորից թարգմանել այն բանից հետո, երբ նրա «Ծառ»-ի շնորհանդեսի ժամանակ համեմատեցի բնօրինակն ու թարգմանությունը։ Համապատասխան առաջաբանով այն հրապարակվեց «Արտգրակում», բայց ինչ իմանայի, որ մոտ տասնհինգ տարի անց այդ բանաստեղծության մեկ այլ, զուգորդվող բանաստեղծություն ստիպելու է «Déjà Vu» ապրել, և ստիպելու է նոր հեղինակի նոր գործը թարգմանել՝ ունենալով գրեթե նույն զգացողությունները, որոնք առաջանում էին Անդրեյ Բիտովի «Սանդուղքը» թարգմանելիս։ Ահա թե ինչու որոշեցի խնդրել այդ երկու թարգմանությունը հրապարակել իրար հետ, զուգահեռ սյունակներում, որպեսզի ձեզ էլ հասկանալի դառնա, թե ինչ «Déjà Vu»-ի մասին է խոսքը։ Եվ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, պատրաստ եմ բնօրինակը տրամադրել, որպեսզի ընթեցողը իմաստային, վանկային և ռիթմային համեմատությամբ կարողանա համեմատել բնօրինակի հետ։
Գևորգ ԳԻԼԱՆՑ
ԴՄԻՏՐԻ ԴԱՆԻԼՈՎ
ՃԱՌԱԳՈՂ ԴԵՄՔԵՐ
Մենք կտեսնենք
Ճառագող դեմքեր
Մենք կտեսնենք միայն
Ճառագող դեմքեր
Կգա ժամանակը
Եվ մենք կտեսնենք
Միայն ճառագող դեմքեր
Կգա ժամանակը
Եվ մենք կհանդիպենք
Բոլորին, ում մենք
կցանկանայինք հանդիպել
Եվ, միգուցե, նրանց,
Ով կցանկանար մեզ հանդիպել։
Կա այսպիսի
Մխիթարող պատմություն
Որ մենք կհանդիպենք բոլորին
Ում կորցրել ենք
Այս կյանքում
Մենք կհանդիպենք բոլորին
Մենք կհանդիպենք
Մենք կհանդիպենք
Մենք կհանդիպենք
Նրանց ճառագող դեմքերին
Ճառագող, ժպտացող դեմքերին
Նրանք լուռ
Կճառագեն ու կժպտան
Եվ մենք պարզ ու բնականորեն
Կմիանանք նրանց շրջանակին
Եվ նույնպես կճառագենք
Եվ կժպտանք
Ճառագող ընկերոջ դեմք
Ճառագող դեմք
Լավ ծանոթուհու
Քնքուշ, դուրեկան աղջկա
Ճառագող դեմք
Բարի գործընկերոջ
Լավ աշխատանքային ընկերոջ
Մորաքրոջ վառ դեմքը
Մայրիկի այրվող դեմքը
Բոցավառվող դեմքը
Հայրիկի
Հրեղեն դեմքը
Պատահական անցորդի
Չգիտես ինչու
հիշողության մեջ մնացած
Եվ դու տեղավորվում ես
Դեմքերի այդ շարքում
Այդ ճառագող դեմքերի շարքում
Ճառագող ու ժպտացող դեմքերի
Եվ դա պիտի լինի
Քո մշտական տեղը
Ասված է. Չի լինի այնտեղ ժամանակ
Չի լինի այնտեղ ոչինչ
Չի լինի այնտեղ
Ոչ մահ, ոչ ավերածություններ
Ոչ հիվանդություններ
Ուրեմն և ոչինչ չի լինի
Ընդհանրապես ոչինչ
Դու քեռի Յուրայի հետ
Գետում ձուկ չես բռնի
Հայրիկի հետ
Ֆուտբոլի չես գնա
Նիկոլայ Դմիտրիևչի հետ
Չես զբաղվի
Հնդեվրոպական լեզուների
Նշանային համակարգերի
Ուսումնասիրությամբ
Չես կռվի
Միխալիչի հետ
Նրա կողմից անզգուշորեն
Ասված բառերի համար
Չես վիճի
Մարգարիտա Պավլովնայի հետ
Ապրանքանիշի առաջխաղացման
Ռազմավարությունների վերաբերյալ
Դու նրանց հետ կլինես
Բայց նրանց հետ
Ոչինչ չես անելու
Քանի որ, երբ չկա ժամանակ
Ուրեմն իրադարձություններ էլ չկան,
Եվ գործողություններ
Եվ, ընդհանուր առմամբ
Ոչինչ չի լինի
Ոչինչ չի լինի
Միայն շողացող
Ժպտացող դեմքերը
Քեռի Յուրայի
Հայրիկի
Նիկոլայ Դմիտրիևիչի
Միխալիչի
Մարգարիտա Պավլովնայի
Շողացող և ժպտացող
Անշարժ դեմքերը
Մեր բոլոր, այսպես ասած
Հարազատների և մտերիմների
Եվ ոչ այնքան մտերիմների
Եվ ընդհանրապես բոլորի
Մենք կմտնենք նրանց շարքերը
Աննկատ կհայտնվենք նրանց մեջ
Եվ կսկսենք շողալ
Կուրացուցիչ շողալ
Մենք կսկսենք շողալ, շողալ
Ահարկու, աննկարագրելի շողալ
Հրեղեն, վայրագորեն շողալ
Եվ ժպտալ
21 հոկտեմբերի, 2020 թ.
ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ
ՍԱՆԴՈՒՂՔ
Ճամփա հարթեցի առ Աստված։
Հավանաբար դժվար տրված
ու գրեթե շեմ հասնող ուղիս
երկար էր խիստ։
Բայց ավարտի համար էստեղ
աստիճանները շատ են թեք,
ուրվագծերն աղոտ են, շեղ…
պառկեցի հոգնած։
Շունչ առա։ Աստիճաններին
շարքով հարազատ ստվերներ են՝
անմարմին, դատարկավուն են…
թափանցող թունել էր…
Հանելո՞ւկ է, էս ինչո՞ւ է
ձախում՝ պապս, տատս՝ աջում,
պապ ու տատս ջո՞կ…
Բայց էս ի՞նչ է, այ քեզ թնջուկ.
ձախում՝ քեռիս, մորքուրն՝ աջում,
ու ինձ են կանչում…
– Ողջույն, հարազա՛տս, ասա,
Ի՞նչ կրքեր են ու ի՞նչ սարսափ,
էս ինչո՞ւ եք միայն մասամբ,
ինչո՞ւ եք այստեղ…
– Մի քիչ աշխույժ վերև արի,
բարձրացիր, արա՛գ ավելի,
դե շուտ, արի՛, գրկախառնվի՛ր,
հասցրո՛ւ։
– Ես չե՛մ պառկել ծուլությունից,
աստիճանները շատ են մեծ,
շատ է փչում էս թունելից…
Դրախտը չէ…
– Էլ ոչնչից մի՛ վախեցիր
և էլ մի՛ անհանգստացիր,
կամաց-կամաց ընտելացիր,
հանգրվան է սա։
– Տարօրինակ եղանակ է,
տարվա էս ի՞նչ եղանակ է,
ինչ դաժան է՝ անբնություն՝
ո՛չ երգ, ո՛չ թռչուն…
– Առ հավերժը անցում չկա,
երգերը երգված են, չկան,
խավար չկա ու լույս չկա…
– Դժո՞խքն է սա։
– Լույս չկա, բայց խավար էլ չիք,
չկա հարստություն, կարիք,
չկա ազատություն ու բանտ…
– Կներեք…
Դեռ տեղում են իմ ոտքերը,
դեռ ճերմակ են իմ ձեռքերը,
դեռ ապրելուց ես չեմ հոգնել,
հաշվի առնեիք…
– Մի քիչ շատ չէ՞ քո ուզածը,
փնտրեցի՞ր ճամփան առ Աստված,
գտե՛լ ես ճամփան առ Աստված,
էլ ի՞նչ ես ուզում…
– Առ Աստվա՜ծ… ախր փնտրում էի՝
լոկ մինչև շեմ…
օգնող՝ վսեմ…
ոչ թե հենց Իր մոտ։
Աստծո մոտ՝ ո՛չ էս իմաստով,
այլ էն, որ էս արահետը…
Չափից ավելի խիստ մի՛ դատեք,
խելքիս բանը չէ…
– Ողջի նման ամբարիշտ ես,
ուժդ տեղն է՝ խելքն ինչի՞դ է…-
դրախտը չէ՝ դժոխք էլ չէ,
համարյա՛ թե չէ…
ո՛չ դրախտ է, ո՛չ էլ դժոխք,
ո՛չ խոնավ է ու ո՛չ էլ չոր,
ընդամենը՝ պարտքերի հոր.
վճարի՛ր…
– Էստեղ բաժին չունեմ պարտքի,
էս մահճի մեջ ես չեմ պառկի,
ճամփաս պիտի շարունակեմ…
Քարացա։
Էլ ուժ չկա ետ դառնալու,
ետ նայելու,
ետ շրջվելու
էլ ոչ մի ուժ չկա…
Կյանքի ուժն ուրեմն ինձ էլ
հասցրել է արդեն հնձել,
երևի ոգիս է պրծել,
սպասում են ինձ…
Եվ աստիճանները թեք չեն,
ստվերները թափանցիկ չեն,
ու ոտքերս իրենք իրենց
տանում են վերև…
Իրոք երևի առ Աստված
ճամփան բարդ է,
թանկ չափազանց,
երկար է չափից ավելի…
– Տե՛ր Աստված, ների՛ր։
Ուրեմն իմ ժամանակն է,
ուրեմն նավս մեկնել է,
ուրեմն նավս եկել է…
Ներս թող, Տե՛ր Աստված։
Տերն ասաց՝ քո՛ տրտմությունն է…
ու ասաց՝ վերջներդ նույնն է…
ու ասաց՝ սկզբում բոլորն էլ…
անց կացիր։