ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ` ՀԱՆՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

 

Ադրբեջանական պոեզիայի դասականներից Մամեդ Ռահիմը (իսկական անունը` Մահմեդ Ռահիմ Աբբաս օղլի Հուսեյնով. 1907-1977) թարգմանել է Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի գործերից, գրել մի շարք բանաստեղծություններ` նվիրված Հայաստանին («Արարատ», «Հայաստանի այգիներում», «Սևան», «Երևան», «Սայաթ-Նովա»), նաև «Սայաթ-Նովա» պիեսը: Խորհրդային տարիներին նման երևույթը գրեթե պարտադիր էր իրար հետ եղբայրություն խաղացող ժողովուրդների համար: Սակայն Ռահիմի «Արարատ» բանաստեղծությունը զարմանք է հարուցում: Նախ, այն գրվել և տպագրվել է ստալինյան ժամանակներում, երբ անգամ հայ բանաստեղծներին հեշտորեն չէր տրվում Արարատ երգելը: Եվ ապա` ադրբեջանցի բանաստեղծն իր ստեղծագործությամբ հիշեցնում է իր եղբայրակից թուրքերի` յաթաղանով իրականացված ոճրագործությունը, հարցնում, թե «Թուրքիայում քանի նոր Կոմիտասներ են թաղել շրթներին երգն անավարտ», և ավարտում` լիահույս ազատության կարոտով վառվող Արարատի հոգեթով ապագայի վերաբերյալ…

Ներկայացնում ենք Մամեդ Ռահիմի «Արարատը» (թարգմանիչ` Համո Սահյան), որը նախ լույս է տեսել 1952-ին, խորհրդահայ մամուլում և արտատպվել սփյուռքահայ թերթերում, այնուհետև տեղ գտել Ռահիմի հայերեն ժողովածուներում` «Հայրենի եզերք» (1954) և «Բանաստեղծություններ» (1964):

ՄԱՄԵԴ ՌԱՀԻՄ

ԱՐԱՐԱՏ

Ի՜նչ ես գիշեր ու ցերեկ այդպես քո շուրջը նայում,

Ի՜նչ ես խորհում դու այդպես, ո՜վ ալեհեր Արարատ,

Կրծքիդ ամպերն են նստել, և մրրիկներն են վայում,

Եվ դու գլուխդ ես պահել երկնքի մեջ անաղարտ:

 

Քեզ, Արարա՜տ, նորօրյա Երևանից եմ նայել,

Չեն ոլորվել լանջերիդ կածաններն իմ ոտքի տակ,

Քեզ, Արարա՜տ, նորօրյա Երևանից եմ նայել,

Որը բարձր է ավելի, քան քո գագաթը սպիտակ:

 

Պատմի՛ր ինձ, ո՜վ Արարատ,

թե Թուրքիայում քանի նոր

Կոմիտասներ են թաղել – շրթներին երգն անավարտ,

Քանի մայրեր կան հիմա Զոհրաբայի պես սգվոր,

Քանի Սուրհի են խեղդել…

պատմի՛ր ինձ, ո՜վ Արարատ:

 

Պատմի՛ր ինձ, ո՜վ Արարատ, յաթաղանից վիրավոր,

Քանի՜ մարդ է թափառում

աշխարհներում հեռավոր,

Քանի՜ մարդ է անծանոթ ճամփաներով թափառում,

Եվ ուր գնում, սրտի մեջ Վանն ու Սևանն է տանում:

 

Ո՜վ Արարատ, Արարատ,

բարձրաբերձ ու վեհանիստ,

Հավատում ես, ինչպես ես, ապագային հոգեթով,

Այնքան ծանր ես դու,

սակայն վիշտդ ծանր է քեզանից,

Վառվում ես օր ու գիշեր ազատության կարոտով:

 

Հրապարակումը`

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։