***
Իմ ապրած բոլոր հարյուր
կյանքերը,
երբ ես մեկի ուրվականն էի,
մեկի շունը,
կարմիր ու սև էի,
կանաչ դաշտ էի սարի փեշով,
մամռակալած քարափ էի ու քարայծ էի
մեկից փախչող,
Իմ ապրած բոլոր հարյուր կյանքերը,
երբ ես հեթանոս էի ու պիղծ էի,
ու սրբացած տաճար,
երբ ես Աստվածածին էի ու
Մարիամն էի
Մագդաղենացի,
կորցրել էի քարափների վրա
քեզ որսալիս…
Հիմա, երբ ես Հուդա եմ
ու Աստծու չափ հավատավոր,
երբ կանաչ ծիլ եմ
ու ջուր եմ` սարերից հոսող,
իմ հարյուրամյա դատարկությունը
բերնեբերան
լցված է քո միօրյա
գոյությամբ…
Ինքնաբերաբար ես սկսել եմ
համաչափ շնչել:
***
Արևը կրքերից մեռել է,
Լուսինը ամպի հետ սեր է խաղում,
Հինավուրց կտուրի մաշվածքից
Մաղում է գիշերվա փոշին:
Երկնքում տագնապի շփոթ է,
Ինչ-որ մեկն աստղեր է մարել,
Աստվածներն աչքերը փակել են,
Ձեռքի հետ պատեր են շարել:
Երկրի մեջ տագնապի շփոթ է,
Ստրուկները տերեր են դարձել,
Գառները կերել են գայլերին,
Գայլերը գառներ են դարձել:
Մկները վխտում են անցքերից,
Կատուները թակարդն են ընկել,
Շների ու իրենց խաղերից,
Առաջին լակոտներն են ծնել:
Պանիրը մկներին կերել է,
Վերևից ինչ-որ եկել է
Ու բռնել է պոչից…
Դավում են, դավում են, դավում են,
Ցավում են ստրուկի թաթերը,
Համրերը խոսում են, խուլերը լսում են,
Որսում են սովածները իրար:
***
Ես կգամ գիշերում քո խոնավ…
(Քո անցավ հուշերում էլ չկամ…)
Քո պատից կախ ընկած հայելին
Իմ աչքերն էլ չի ճանաչի…
Ես կգամ գտնված բախտի պես,
Մի անցած մեղքի պես քեզ կառնեմ,
Հուշերիս թևերով կօրորեմ
Երազներն անփորձ աղջկա…
Կարոտներ կցողեմ այտերիդ,
Վարսերիդ բուրումները կառնեմ,
Աչքերիդ խորքերից կհանեմ
Բույն դրած արմատները ցավի…
Ես կգամ այն վերջին կիրակին
Ու կգամ գիշերում քո անցավ,
Կհիշե՞ս, թե ինչպես մեկը քեզ
Կարոտով հանդիպեց ու անցավ…
Կհիշենք, կլռենք երկուսով,
Կհիշի և բախտը ինձ ու քեզ,
Կնստե՜նք, կծխե՜նք, կլռե՜նք,
Կժպտան աչքերը քո սև…
Թե դեմքիդ կախ ընկած հայելին
Իմ պատկերը էլի ճանաչի,
Կփարվեմ ծնկներիդ տիրոջ պես
Ու քեզնից էլ չե՜մ ամաչի…