ԱՅԴ ՕՐԸ՝ 19.02.2019, ԻՆՁ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՊԱՏԿԵՐ-ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ՄԻ ՓՈՒՆՋ…
Այստեղ՝ Ծաղկաձորում,
Գրողների ստեղծագործական տան խորքում,
հանկարծ վերապրեցի-տեսա իմ կյանքից մաքառման մի կտոր
(տարիներ առաջ ես աշխատում էի որպես անկախացած
Արցախի առաջին ներկայացուցիչ-դեսպան
և իմ գրասենյակի պատուհանից ամեն առավոտ տեսնում էի
կոնգրեսականների և սենատորների
գույնզգույն-խայտաբղետ վերնաշապիկներով
հոսքը ինչպես է կոհակվում դեպի չալմայավոր Կապիտոլիում,
այդ օրերին Թուրքիան դեռ իր բորենու գարշահոտ երախը
չէր մոտեցրել Արցախի և Հայաստանի սահմանին,
բայց արդեն կռիվներ էին գնում Արցախում)։
Տեսիլքիս մեջ հայտնվեցին ԱՄՆ-ում՝
Վաշինգտոն քաղաքի ցուրտ ձմռան շնչով
օղակված ձյունոտ պուրակները,
որտեղ ցուրտ եղանակի պատճառով ավելի հստակ
արձանացած քաղաքական արձաններ կային՝
և՛ հետիոտն, և՛ հեծյալ,
որոնց պատմական նախկին տերերը
պատմության առաջ անուժ են հիմա.
սոսկ պատմական գրքերում են
սուր ճոճում, անողոք վճիռ կայացնում,
իսկ հիմա խաղաղվել են հանց խոր քնած մանուկ,
որ օրորոցում ժպտում է հանկարծ
իր մանկական տեսիլքին ընդառաջ…
Նրանք հիմա նման են պատիճից
դուրս ընկած կարծր լոբահատիկի՝
իրենց անցած հզորության քարե ուրվականներ,
նրանց պատվանդանի շուրջը՝
սփռված-փայլեցրած գրանիտի վրա,
թափառաշրջիկների խմբեր էին թրևում-պտտվում, քնում-արթնանում,
ուտում ինչ պատահի, թունավոր սիգարետներ ծխում,
որոնք կյանքից դուրս շպրտված ամեն տեսակի
դժբախտ թափթփուկներ էին,
որոնց օրերը հաշված էին Աստծո շնչի տակ…
Նրանք ապրում են հիմա որպես առօրյա արձան,
որպես ամենահզորները այս աշխարհում,
որպես սոսկ ապրող նյութ տիեզերքում,
առանց հավակնելու դառնալ բրոնզաձույլ մարդ,
հիմա նրանք քարշ են տալիս իրենց խոցոտված մարմինը
պետական հիմնարկների ծուղակին ընդառաջ…
***
Իսկ մեկը խոսում է դրսում ինքն իր համար,
դուրս նետում բերանից մի քանի բառ
(կատարում ինչ-որ պատվիրան),
որին հանկարծ լուսավորում է արևը,
լուսավորում է սենյակում գոսացող մի սեղան
կամ կահույքի հանգչող պաստառ…
***
Ատոմային դարում կապույտ ճանճերը
բզզում են բաց խառնարանի վրա արևածաղկի գլխիկի,
Երկրագունդը հասցնում է գրկել մարգարտածաղկի սլացիկ մարմինը,
ինչ-որ մեկը վերցնում է աղքատ կնոջ տոպրակից
հնդկացորենի կարծր սերմեր և
սփռում թանձր հերկի վրա,
տռփանքը մղում է մեկին՝
կտրելու մերկ սենյակը,
և գանգրահեր մազերի փունջը իջնում է
մարմնի գաղտնի ծալքի վրա…
***
Ապրում ենք, չէ՞, շարժվում ենք, չէ՞, ցեխոտ փողոցով,
դեպի պժգալի խոցոտված քաղաքականությունը
կորոնավիրուսի նավթային-մթագնած գիտակցության,
ինչպես սփյուռքահայը կասեր.
մարդը մնացել է ցավի մեջտեղում՝
ո՛չ աջ, ո՛չ ձախ,
և քարշ է տալիս խոցոտված մարմինը
պետական անդունդին դեմ առ դեմ,
…ուր մարդիկ և վիրավոր թռչունն ու սկյուռը
նույնացել են՝ հայտնվելով գաղտնի
դիպուկահար-նշանառուի
մահաբեր, սև շրջանակի մեջ…
***
Բայց հենց նույն անելանելի օրը
մարդկանց հայտնվում է Քրիստոս-
բաժանում շարակնոցի խորհրդավոր պատառիկներ,
որոնք ձևափոխելու են ամեն ինչ դեպի բարին,
դեպի աղոթք և մանկան անմեղ շարժում…
Վերջում, ինչպես միշտ,
գյուղական ցրտաշունչ, բքառատ ճանապարհի վրա,
հայտնվում է հալածական նույն արևը՝
հինայած, մեղրագույն շողերը պինդ գրկած…,
իմաստներ շռայլելով, ինչպես երկնային ցրիչ՝
ամենքին…