ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

ԴԱՅԱՆԱ  ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԾնվել Է Նյու Ինգլանդում, 25 բանաստեղծական ժողովածուների և թարգմանական գրքերի հեղինակ է, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների, Նյու Ինգլանդի բանաստեղծների ակումբի նախագահն է:

ԼՈՒՌ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Իմ ընկեր դաշնակահար Մարո Աճեմյանը
հեռու-մոտիկ ճանապարհորդելիս հետը տանում էր մի լուռ դաշնամուր:
Նա մարզվում էր պլաստիկե անշարժ ստեղնաշարի վրա,
որի հնչյունները ուրիշ ոչ մեկն ի զորու չէր լսել:

Նա ինձ պատմեց աուսվիտցի բանտարկյալի մասին,
ով դանակով փայտե ստեղնաշար էր փորագրել
և հմայվում էր գտածոյով,
և այդ տախտակը փրկեց նրա կյանքը:

Մենք խոսում էինք լռող Կոմիտասի և այն երաժիշտների մասին,
որոնք իրենց տներից վռնդվեցին դեպի մահը…
Հետո Մարոն մոտեցավ իսկական դաշնամուրին`
կրակն աչքերում, և դաշնամուրը լաց եղավ…

ՓՐԿՎԱԾԸ
1
Ոչ ոք երջանիկ չի ծնվում: Ոչ ոք
չի ուզում լքել տան ապահովությունը
ժամանակից շուտ: Բացառությամբ մի քանիսի,
որ առավել քաջ են ծնվել:

Մեզանից շատերը
ճահճային ջրաշուշանների նման
լողում են առարկաների մակերեսներին`
թաքցնելով խճճված արմատները:

2
Ի՞նչ գիտես, թե անդորրն
ինչ է թաքցնում:
Ո՞վ գիտի, որ խեղդված աչքեր է
ջուրը թաքցնում:

3
Նրա անունը Բենջամին էր,
հայերեն արտասանվում է
Բենիամին: Շշուկներն ասում էին,
որ նա ինքնասպան է եղել Հայթայանների ֆերմայի
ջրաշուշանների լճակում: Մեզ հրամայել էին այնտեղ չգնալ,
և մենք, իհարկե, ենթարվեցինք: Ոչ
ոք չբացատրեց` ինչո՞ւ և ինչպե՞ս:
Տարիներ անց մենք լսեցինք – «Հայերը
ինքնասպան չեն լինում», սակայն
հներից էլ ոչ մեկը չի մնացել,
որ հարցնի «Բենիամինի» մասին, ով
վերապրել էր իր ամբողջ ընտանիքից եղեռնը`
ջրաշուշանների լճակում ինքնասպան լինելու
համար:

ՎԻԶԱ ՀԱՅՑՈՂԸ

«Եկել եմ Երուսաղեմ, քանզի ունեմ այդ իրավունքը»
Սթենլի Մոսս
Եկել եմ Երևան.
հայրս վաստակել էր դրա իրավունքը:
Հայրս վաստակել էր ավելին, քան իրավունքն է:
Նա իր արյունն էր թափել և կյանքն ապրել մեկ նպատակով –
վերադառնալ Երևան:

Մարտում, որտեղ սպանվեց գեներալ Մուրադը,
հայրս մեռածների միջից ոտքի կանգնեց –
փամփուշտը գլխի մեջ, որը ցավի պես
մնաց հավետ:
Ես նրա ցավը ժառանգեցի:
Ես ժառանգեցի նրա հայցը,
ժառանգեցի կռիվը նրա,
ժառանգեցի Երևան վերդառնալու նրա իրավունքը:

Անգլերենից թարգմանությունը` ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։