ԱԲՍՈՒՐԴԻ ԵՐԿՐԻՑ  ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Լիլիթ-ԱրզումանյանԱյս էլ քանի տարի ալեկոծվում է Լիլիթ Արզումանյանի անկեղծ զգացմունքների ծովը և արդեն վեցերորդ անգամ ափ է հանում իր խորքային մարգարիտները: «Գրառումներ աբսուրդի երկրից»-ը նրա վեցերորդ գիրքն է, որտեղ ազնիվ ու անմիջական, գեղագետ ու գրագետ գրչով բարձրացված հարցը օրվա ու դարի անհանգստությունն է` ոչ միայն ազգային, այլև` մարդ տեսակը կորցնելու վտանգի պարտադրած անհանգստությունը:
Այսպես, մեր առջև կրկին Լիլիթ Արզումանյանի զգացմունքների ծովն է, որն ալեկոծվում է նրա դատողունակության ու դիտողունակության միջոցով «աբսուրդի երկրից» հանված ու նույն այդ ծովը նետված քարերի շրմփոցից: Հաճախ դրանք ոչ թե քարեր, այլև քարաբեկորներ են, որոնք իրենց ծանր ու հսկա, կոշտ ու կոպիտ, տգեղ ու տձև գոյությամբ ներկայացնում են հայոց 20-րդ դարավերջն ու նոր դարի սկիզբը: Լ. Արզումանյանն ազդարարում է դարի նկատմամբ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը: Նրա այս` անհանգստությամբ լի հոգեվիճակների վրա արևոտ ամպի նման ասես կախված են Համո Սահյանի «Օրն անհատներինն է, դարը` բոլորինը» խոսքերը: Հենց դրանցով էլ պարզ ու տեսանելի է դառնում Լ. Արզումանյան մտավորականի դիրքորոշումը. աբսուրդային, ասել է թե` անհեթեթ իրավիճակներ ներկայացնող քարակույտերը ոչ թե ճանապարհ են բացելու հեռանալու և ապահով վայրերում ապաստանելու համար, այլ մղելու են «ուժերը հավաքելով և հնարավորությունները հակակշռելով» մարդկային տեսակը չկորցնելուն:
Որքան էլ ցավոտ է հնչում «գլորել դարը» արտահայտությունը, բայց և գրառումների հեղինակը դեմ է ողբասացությանը, և կամ` դասալքությանը: Եթե գլորել, ուրեմն` զգուշանալով գերլարված իրավիճակներից, եթե գլորել, ուրեմն` հույսի ու ինքնամխիթարության ճանապարհով, առջևում ունենալով հրաշքով գոյատևելու հայոց երբեք չլքած ու չլքող փաստերը:
Համենայն դեպս, այս կերպ է մտորել Լ. Արզումանյանը դեռևս 1997 թ., երբ գրում էր ամփոփվող դարն ամփոփող դժվարությունների մասին: Բայց և այս անգամ ևս, իր նոր գրառումները ներկայացնող գրքի նախաբանում ցավով արձանագրում է. «…փաստորեն ոչինչ չի փոխվել…»:
Իսկ այն, որ ոչինչ չի փոխվել, փաստում է մերօրյա երկխոսությունը.
– …Ժամանակ է պետք:
– 20 տարին քի՞չ ժամանակ էր, այ ընկերուհի:
– Եթե հետևում դարեր ունենք, իհարկե, քիչ է:
– Շատ ճիշտ բան ասացիր, այ էդպես դարերով էլ սխալ ապրել ենք:
– Բայց ապրել ենք, չէ՞:
– Չենք ապրել, կներես, քարշ ենք եկել, պատերազմներով, կոտորածներով, գաղթով…
– Ապրես, բայց եկել-հասել ենք քաղաքակիրթ աշխարհ, չէ՞:
– Քաղաքակիրթն էլ սա է, հա՞, իրար ուտելով, սպանելով, այլասերությամբ:
– Աշխա՞րհը, թե՞ մենք1…
Եվ այսպես, սև ու սպիտակ գույների համադրություն` անհեթեթության հասնող իրավիճակների մեջ ճիշտ ճանապարհի թելը չկորցնելու համար:
«Օդում տխրություն կա»,- ասում է Լ. Արզումանյանն ու տխրում: Ո՞րն է նրա տխրության պատճառը: Այն, որ «…Անկախ քո ցանկությունից, հայտնվել ես ինքնասիրահարված, անամոթ ու անգետ մի խավի ճիրաններում, որն իրեն նաև էլիտա է հռչակել, և որին միաժամանակ թվում է, թե ինքը նաև այսօրվա մշակույթը ձևավորելու իրավունքն ունի: Ոչ ավել, ոչ պակաս»2:
Իսկ ինչո՞ւ է տխրում Լ. Արզումանյանն արտասահմանում, որտեղ բավականություն են ստանում ուրիշները: Որովհետև «…Ցավալիորեն, իմ անալիտիկ ուղեղը թույլ չի տալիս բավականություն ստանալու չափ տպավորվել, որովհետև օտար ափերում աչքիս առաջ անմիջապես հառնում է հարազատ երկիրս ու հարազատ քաղաքս: Եվ… անմիջապես տպավորությունս վերածվում է լացի»3: Այսպես, մի շատ կարևոր հարցի պատասխան է բացում Լ. Արզումանյանի «Գրառումներ աբսուրդի երկրից» գիրքը: Ո՞ր պարագայում է ճշմարտությունը վերածվում աբսուրդի: Ովքեր կարող են աբսուրդ համարել այն, որ Վիեննայում ինչ-որ տոնից հետո, փոխանակ ոգևորվելու հնչած ծափերով, երաժշտությամբ և ժողովրդի տրամաբանությամբ, Լ. Արզումանյանի տպավորությունը վերածվում է լացի: Ինչո՞ւ: Որովհետև… փողոցում հայտնվում են «բարեկազմ տղամարդիկ, միանման մաքուր ու կոկիկ հագուստներով` փոշեկուլներով և մաքրող–լվացող տեխնիկայով զինված»:
Ասացեք, անհեթե՞թ է հեղինակի տխրությունը: Իհարկե ոչ: Սա լուսավոր ճանապարհի հետագիծը որոնելու փնտրտուքն է` առանց լքելու դիրքերը:
Զանգեզուր աշխարհին վերագրվող մի ասացվածք կա. «Կժին չխփես, ձայն չի տա»: Փաստորեն, դեռ լավ է, որ կուժը չի լցվել աբսուրդի երկիրը կազմող քարակտորներով ու լռել անտարբեր: Լավ է, որ նրա մեջ դեռ խաղում է լույսը: Հենց այդ լույսն է նկատել Լիլիթ Արզումանյանը, ով ցավեցնելու չափ, բայց զգուշորեն խփում է կժին` կենարար լույսի ձայնը լսելի դարձնելու համար:
Անհեթեթություններն իսկապես ասես դուրս են եկել ափերից` լցվելով ամեն տուն ու փողոց, վաճառասեղան ու պաշտոնական գրասենյակ: Դրանք մտել են մարդկային հարաբերությունների մեջ` սպառնալով ընկեր-ընկերուհի, կին-տղամարդ, ամուսնություն- ընտանիք մեր իմացած հասկացություններին:
Հարկավոր է գտնել շավիղից դուրս եկած կյանքի փշուրները, հավաքել մաս առ մաս, փշուր առ փշուր, ռիթմ առ ռիթմ: Հենց դրան էլ միտված է Լ. Արզումանյանի «Տանգո» պիեսը:
«Միայն հանճարները չեն, որ կռում են ազգային կուլտուրա: Հանճարները այդ կուլտուրայի բարձունքներում գագաթներ են միայն: Կուլտուրան ստեղծվում է համայն ժողովրդի ստեղծագործ ուժերի լարումով… Գրականությունը ժողովրդական կուլտուրայի, ազգային ստեղծագործության մի մասն է: Նա անքակտելիորեն կապված է… կուլտուրայի բոլոր ճյուղերի զարգացման հետ…»: Իր հոգևոր հայրենիքն աբսուրդից հանելու ծանր լուծն ուսերին առած Վահան Տերյանի այս խոսքերն այնքան համահունչ եմ նկատում «Տանգո» պիեսի ներկայանալի ամբողջության հետ:
Պատահաբար սկսված հեռախոսային դրամատիկ խոսակցություն` մերօրյա կնոջ ու տղամարդու միջև, որ ժանրային գրականությանը հատուկ հստակ միջոցներով վերհանում է մարդկային անձնական ու ներաշխարհային կյանքը` որպես մարդ տեսակի պահպանության կոչ` անհեթեթություն պարտադրող առօրյայի մեջ:
Երաժշտության տեսակին հատուկ կտրուկ դադարներին հետևող ոգեշունչ ձգտումների հերթագայումներով Լ. Արզումանյանի «Տանգո»-ն աշխատում է ռիթմ առ ռիթմ հավաքել իր շավիղից դուրս եկած կյանքի ցրված ճշմարտությունները և կրկին ամբողջացնել այն:
Փշրված սափորը մաս առ մաս, փշուր առ փշուր հավաքող, ամբողջացնող քանդակագործի ձեռքի աշխատանք է Լ. Արզումանյանի «Տանգոն»:
Ասել է թե` արվեստի բոլոր ճյուղերի ներկայությունն այստեղ է` ապացուցելով գրականության կապը նրանց հետ:
Եվ այդ ամենը` մեր հայրերի երկրում աբսուրդի բեռը թեթևացնելու, ճշմարիտ ճանապարհները հստակ դարձնելու համար: Չէ՞ որ օրն իսկապես անհատներինն է, իսկ դարը` բոլորինս:
Սեր, ընտանիք, հայրենիք: Ահա երկրորդ` «Բարով ես եկել, պապիկ» պիեսի թեման: Հիշյալ եռամիասնությունը, սակայն, այնքան է աղավաղվել, որ սպառնում է վերջնականապես ջախջախել ամեն բարոյական բան: Վտանգը կախված է օդում: Վտանգ միշտ էլ կախված է եղել օդում: Փողի, դիրքի ու նման «իշխանությունների» վտանգի մասին դիպուկ, հրաշալի ու պատկերավոր պատմություններով զգուշացնող մեծություններ ունեցել ենք` Թումանյան, Սունդուկյան, Շիրվանզադե… Սակայն այժմ մերօրյա վտանգը հասել է անհեթեթությունների այն աստիճանի, որ մարդը մերժում է նույնիսկ ինքն իրեն: Մերժելով բոլոր կարգի բարոյական արժեքները` մարդը կանգնած է անտարբերության չարիքի առջև ոչ միայն դիմացինի նկատմամբ: Մարդը խույս է տալիս նույնիսկ ինքնագնահատականից` աշխատելով սողոսկել այնպիսի իրավիճակների մեջ, որտեղ, ընդամենը, տիրում է ժամանցային կամ պարտադրված ինքնաբավարարումը: Այդպիսին են «Բարով ես եկել, պապիկ» պիեսի հերոսները: Վտանգը առավել քան դամոկլյան սուր է` կախված մեր ազգի գլխին, որի մասին են Լիլիթ Արզումանյանի հստակ զգուշացումները: Եվ ոչ միայն զգուշացումներ:
«Չսիրելու հակառակն ատելությունը չէ»,- բարձրաձայնում է նա` դրանով իսկ բարձրացնելով քրիստոնեավայել ճշմարտությունները:
Եթե անգամ կորցրել ենք սերը մերձավորի նկատմամբ, ամեն ինչ կորած չէ: Նույնիսկ այս դեպքում դեռ կարելի է աճեցնել ու խնամել նոր ծիլեր: Միայն թե պետք է ջանալ օգնել, ներել, համբերել և հուսալ, հուսալ…
Լիլիթ Արզումանյանի` աբսուրդի երկրից ուղարկված գրառումները ցպահանջ են` ուղղված յուրաքանչյուրիս, որպեսզի վերագտնենք ու մեկընդմիշտ չմոռանանք «անկախ ու հզոր հայրենիք ունենալու ձգտումը, արժանապատիվ ապրելու ցանկությունը և մեր դրոշի ծածանումից հպարտանալու կարողությունը…»:

______________________________
1 «Մերօրյա երկխոսություն», էջ 22:
2 Նույն տեղում, էջ 46:
3 Նույն տեղում, էջ 47:

One thought on “ԱԲՍՈՒՐԴԻ ԵՐԿՐԻՑ  ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

  1. L. arzumanyanin petq e yuraqanchyur voq karda mtorelu npatakov….. mi guce husanq vor darci chanaparh…. kam terevs arahet ka mardkayin degeraciayic prkvelu, xnayenq gone mer sepakan erexanerin kendani darnalu voxbergakan u mec vtangic u mez cnoxneris vor dra vkan u akanates@ kdarnanq

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։