«ԿՈՇԿԱՎՈՐ ԿԱՏՈՒՆ»` ԱԲԵԼՅԱՆՑԻՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ / Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

«Թատրոն X» հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնում (2013 թ. ապրիլի 10-ից մայիսի 2-ը) Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Կոշկավոր կատուն» ներկայացումը (բեմադրիչ՝ Արամ Մխիթարյան) «Լավագույն ներկայացում» անվանակարգում նվաճեց ամենաբարձր մրցանակը: Այս փաստն ավելի կարժևորվի, եթե հիշենք, որ փառատոնին մասնակցում էին Երևանի գրեթե բոլոր և հանրապետության չորս մարզերի 17 թատրոններ:
Գերմանացի դրամատուրգ Կալաու Հայնցի պիեսի (թարգմ.՝ Լ. Մութաֆյան) հիման վրա ստեղծված այս ներկայացմանը անդրադարձներ են եղել և՛ մարզային, և՛ հանրապետական մամուլում, և՛ համացանցում: Մինչդեռ անհրաժեշտ է խորքային, մասնագիտական վերլուծություն, որպեսզի պարզ դառնար, թե ինչո՞ւ է աբելյանցիների ներկայացումն արժանացել փառատոնի ամենաբարձր մրցանակին:
Պարզ ճշմարտություն է. հեքիաթն իր մեջ պարունակում է և՛ իրականի, և՛ երևակայականի, և՛ հրաշապատումի տարրեր, որոնք բեմադրիչից մեծ փորձ ու հմտություն, երևակայություն են պահանջում ստեղծագործության ճշգրիտ մեկնաբանության համար: Ավելին. հեքիաթի թվացյալ պարզության խորքերում հաճախ այնպիսի փիլիսոփայական շերտեր են թաքնված, որոնց երևակումը դյուրին գործ չէ: Բեմում հեշտ չէ նաև հեքիաթային միջավայրի ստեղծումը: Այս ամենի խորը գիտակցումով են նեկայացմանը ձեռնամուխ եղել բեմադրիչը, բեմանկարչության, զգեստների և երաժշտական ձևավորման հեղինակները, ստեղծագործական խումբը:
Իր պարզության մեջ խիստ արտահայտիչ է ներկայացման բեմանկարչությունը (Շուշանիկ Առաքելյան): Ետնավարագույրին լեռնային գյուղ է (կատարող նկարիչներ՝ Արտյոմ Բասենցի և Տիգրան Հարությունյան), որի ֆոնին հողմաղաց է. այն հետագայում իր վրա է վերցնում այլ գործառույթներ, նրա ձախ կողմում լեռնային փոքրիկ առվակն է, աջում` դրախտային խնձորենու նմանակը` հասուն մրգերով: Այսքանը: Այս անպաճույճ բեմահարդարանքում ոչինչ ինքնանպատակ չէ, յուրաքանչյուրն ունի իր որոշակի գործառույթը` խնդիրն ու նպատակը: Եթե հավելենք գուցե ոչ այնքան շքեղ, բայց ներկայացման յուրաքանչյուր կերպարին խիստ բնորոշ զգեստները (դարձյալ` Շ. Առաքելյան), որոնք բեմում ստեղծում են ոչ միայն թատերա-հեքիաթային հիանալի պատկերներ, այլև տալիս են իրականության և միջավայրի լիարժեք բնութագիրը ու ներդաշնակ են իրենց կրողների հոգեկերտվածքին, ապա պարզ կդառնան դերասանների ինքնաբացահայտման բացառիկ բարենպաստ պայմանները: Բեմադրիչը և երաժշտական ձևավորողը (Սեդրակ Զարգարյան) լավ են ընտրել ներկայացման տոնայնությունը, ռիթմը: Դա պարային աշխույժ ռիթմն է, որն սկզբից մինչև վերջ դերասաններին զսպանակված վիճակում է պահում՝ ներկայացմանը հաղորդելով հիանալի տեմպառիթմ:
Հայնցի Կոշկավոր կատուն խելացի է, համարձակ, անվախ, արդարամիտ, ասպետ, թույլին սատարող, հնարամիտ… Եվ քանի որ կատու է` նաև ճարպիկ: Դերասա՛ն, դե արի ու այս ամենը համատեղիր: Եթե ինձ նախապես ասեին, որ Էլֆիք Զոհրաբյանն է խաղալու այս դերը, անկեղծ ասած, կտարակուսեի. մի դերասան, ով մշտապես մարմնավորել է հերոսական, լիրիկական, ինտելեկտուալ կերպարներ (բացի Ծերունուց` «Ա՜խ, այդ վհուկը» հեքիաթում)` կատվի բնութագրական (խարակտերային) դերո՞ւմ: Բայց սխալ է նախապես եզրակացություններ անելը: Դրանում մեկ անգամ ևս համոզվեցի` դիտելով Էլֆիք Զոհրաբյանի խաղը: Անթերի է. ահա՛ իմ տպավորությունն ու գնահատականը: Մշտապես իր հպարտ կեցվածքով աչքի ընկնող դերասանը ցանկացած կատվի ամոթով արեց իր ճարպկությամբ, պլաստիկայով: Տպավորիչ էր նաև նրա դիմախաղը, անթերի, հստակ` խոսքը: Հետաքրքիր մի «մանրուք»: Կատվային «մյաո՜ւն» անգամ տարբեր իրավիճակներում հնչում էր տարբեր հնչերանգներով. այն մեկ հարցական էր, մեկ` տագնապալից, մեկ՝ սիրագորով, մեկ՝ զարմացական ու մեկ էլ՝ հարձակողական, շանթահարող: Այս դերակատարումն, անշուշտ, դերասանի հետագա հաջողությունների լուրջ հայտն է:
Ի դեպ, ներկայացման մասին մամուլի, համացանցի լրատվություններում հատկապես շեշտվել է Էլֆիք Զոհրաբյանի հետաքրքիր խաղը: Բայց միաժամանակ պետք է նշել, որ ներկայացումն, այդուհանդերձ, աչքի է ընկնում ընդգծված անսամբլայնությամբ: Ինչպես ասում են` բոլոր դերասաններն իրենց տեղում են: Բոլորը խաղի մեջ էին. մեկն իր խոսքով, մյուսը՝ լռությամբ, մեկն իր դիմախաղով, մյուսը՝ ժեստով… Այս ամենը չի նշանակում, սակայն, թե բեմադրիչը գնացել է համահարթեցման ճանապարհով: Ինչպես երաժշտական համույթում դիրիժորը ստեպ-ստեպ մենակատարումներով առաջին պլան է մղում այս կամ այն երաժշտին, այնպես էլ այստեղ բեմադրիչը ռեժիսորական հնարքներով ընդգծում է բոլոր դերակատարներին` գլխավոր թե երկրորդական: Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, հենց այսպե՛ս է ապահովվում ներկայացման անսամբլայնությունը:
Փորձենք այդ եղանակով ներկայացնել մի քանի դերակատարումներ:
Այնքան կառուցիկ ու հետաքրքիր է Թագավորի մուտքը, որ անմիջապես մտածում ես՝ վերջ, նրա կերպարն ավարտված է առանց զարգացման հեռա­նկարի: Բայց դերակատար Շահեն Հարությունյանն այն դերասանը չէ, որ անակնկալներ չմատուցի: Յուրաքանչյուր նոր մուտքի ժամանակ նա ներկայացնում է թագավորի նոր հոգեվիճակ, բացահայտում նրա բնավորության գծերը: Միամի՞տ է Թագավորը, անճարա՞կ, վախկո՞տ, դյուրահավա՞տ… Այո: Բայց նաև ազնիվ է, մարդասեր, կամեցող… Հեղինակը, նաև դերակատարը նրան չեն վերաբերվում սարկազմով: Այստեղ գործում է միայն գրական հեգնանքը: Այսպիսին է Թագավորը, ու բարի եղեք նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Ոչ մի կեղծիք: Բայց դերասանը Թագավորի կերպարն ավելի իմաստավորելու համար գնում է հետաքրքիր քայլի՝ ինքն է քաշում կառք-սայլակը, երբ հոգնած զինվորը պառկած է նրա մեջ: Այնպես որ, պետք է հրաժարվել կարծրատիպից. բոլոր արքաները չէ, որ միայն հրամայել գիտեն: Շ. Հարությունյանի մարմնավորած Թագավորը նաև սիրասուն հայր է, ով ոչինչ չի խնայում իր դստեր և նրա սիրեցյալի երջանկության համար: Ամբողջ ներկայացման ընթացքում Շ. Հարությունյանն իր նախասիրած կատակերգական տարերքի մեջ է: Նրա յուրաքանչյուր խոսքը, դիմախաղը, շարժումը տրամաբանված են, հստակ ու ճշգրիտ՝ ենթարկված ներկայացման ընդհանուր գեղագիտությանը:
Թագավորի դերակատարի խաղային տիրույթում է նաև նրա զինվորի դերակատար Սարգիս Ավետիսյանի խաղը: Նրանց երկխոսություններն ու սինխրոն գործողությունները ինչ-որ տեղ լրացնում են միմյանց:
Հմայիչ է Արքայադստեր (Քրիստինե Ալիխանյան) և Ստեֆան-կոմսի (Ժիրայր Գաբրիելյան) դուետը. նրանք` անփորձ ու միամիտ, անշահախնդիր ու մաքուր, փոխադարձ սիրով տարված՝ ընդառաջ են գնում իրենց երջանկությանը: Դերասանների խաղում հենց այս որակներն են ընդգծվել:
Եվս մի գեղեցիկ զույգ է Գյուղացին (Էդգար Քոչարյան) և նրա կինը (Գայանե Մեսրոպյան): Հատկապես պետք է նշել Մեսրոպյանի կոմիզմը, որն արտահայտվում է և՛ խոսքում, և՛ դիմախաղում, և՛, առավելապես, քայլվածքում: Որքա՜ն հմայիչ, բնական է նրա պարը Կատվի հետ (կարծում է, թե պարում է ամուսնու հետ) և որքա՜ն մեծ՝ հիասթափությունը, երբ նկատում է սխալմունքը: Այս տեսարաններում դերասանուհու կոմիզմը պարզապես անգերազանցելի է:
Որքան տպավորիչ ու համոզիչ է Փոթորկի (Հակոբ Դեմիրճյան) մուտքը (ամեն ինչ խառնվում է իրար. մարդիկ, ծառերը, ողջ բնությունը տագնապում են), նույնքան անհամոզիչ է հանկարծակի մարումը, անուժ տապալումը: Պիեսում դա պատճառաբանված է. Քամին չի ցանկանում պայքարել Կատվի դեմ: Բեմական խնդիրը, հաստատ, բեմադրիչի կողմից հստակ չի դրվել և դերակատարի կողմից էլ հստակ լուծում չի ստացել:
Թերևս, ճիշտ չի մեկնաբանված նաև Կախարդի (Արթուր Պապիկյան) դերը: Ինչ խոսք, դերասանի խաղը տպավորիչ է, բայց արդյո՞ք Կախարդին «բոբո» պիտի ներկայացնել: Կախարդ բառի մեկնությունն իր մեջ նաև կախարդիչ է ենթա­դրում: Իսկ մի՞թե կախարդիչ, հմայիչ բառերը հոմանիշներ չեն: Այս պիեսում Կախարդին այդպիսին եմ ընկալում: Մինչդեռ նրա արտաքինն այդպիսին չէ: Սրա հետ բեմադրիչն ու դերակատարն, իհարկե, կարող են համաձայնել, կարող են՝ ոչ: Յուրաքանչյուրը կարող է ելակետ ունենալ իր սուբյեկտիվ մտածողությունը, բայց չպետք է մոռանալ նաև թատերական իրողությունները, չափորոշիչները:
Պիեսում (և բեմում) ծավալվող գործողությունները երևի թե տեղի չունենային, ու Կոշկավոր կատուն էլ իր արկածներով այսպես չանմահանար, եթե չլինեին Ստեֆանի ավագ եղբայրները (դերակատարներ՝ Գագիկ Դուրմիշյան, Վասիլ Նազլուխանյան): Կրտսեր եղբորն ունեզրկող այս ագահ մարդիկ են գործողությունների թափանիվը ընթացքի մեջ դնողները: Նենգությունն ու ագահությունը դրոշմված են նրանց դեմքերին: Ու լավ է, որ երկու դերակատարներն էլ խաղը հաճախ հասցնում են գրոտեսկի` արտաքին նշանների խոշորացումով ավելի ցայտուն դարձնելով իրենց մարմնավորած կերպարների վարքագծի մանրամասները:
Ներկայացման ընդհանուր անսամբլի ծիրում են նաև զինվորները (Վահրամ Խառատյան, Արեն Ադամյան) և Մուկը (դպրոցական Էմմա Զուլոյան): Ի դեպ, «Կատվի խաղ, մկան մահ» տեսարանը հոյակապ է ստացվել:
Ավարտե՞նք: Բայց դեռ չեմ խոսել ինձ առանձնապես հուզող մի հարցի մասին: Ծառերը… Երեք ծառ: Հիրավի, լուրջ խոսակցության նյութ է ծառերի վարքագծի մեկնաբանությունը բեմադրիչի կողմից. ծառերը շարժվում, տեղափոխվում են, հարկ եղած դեպքում՝ նաև խոսում: Դերակատարները (Նունե Խեչումյան, Սոնա Մաթևոսյան, Թինա Գալոյան) կանացի, հմայիչ արտաքին ու նույնքան հմայիչ ներքին բովանդակություն են դնում բնության կենսունակության, հարատևության խորհրդանիշ ծառերի մեջ: Համոզիչ է: Փոքր-ինչ ընկալելի չէ ներկայացման վերջին տեսարանում ծառերի զգեստափոխումը: Գուցե Կախարդի ազդեցությունից ձերբազատվելով` ծառերը նոր կյա՞նք սկսեցին` ինչպես մյուս գործող անձինք: Գուցե: Չէ՞ որ սպիտակը խաղաղության խորհրդանիշն է: Ավելին. սպիտակ զգեստը նաև անմեղության ու հարսնության խորհրդանիշ է: Կարծում եմ` հենց այդպես է, որ կա: Ինչևէ, կարևորն այն է, որ այդ պահին սպիտակազգեստ ծառերը համահունչ են բնությանն ու մարդկանց, ինչո՞ւ չէ` նաև հաղթանակած Կոշկավոր կատվի տրամադրությանը:
Ներկայացման վառ, գունեղ կտավին նշված թերությունները էական հետք չեն թողնում: Ահա թե ինչու այն, որն անսամբլային ներդաշնակության մի հիանալի դրսևորում է, «Թատրոն-X» փառատոնում «Լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։