Մուշեղ Իշխան (տոհմական ազգանունով՝ Ճենտերեճյան). տասնամյակներ շարունակ այս անունը գրեթե ոչինչ չի ասել հայաստանյան ընթերցողի հոգուն ու սրտին: Դժվարին ժամանակի արհեստական արգելքներն ու խոչընդոտները պատնեշել են օտարության մեջ տառապող ու ստեղծագործող ինքնատիպ անհատականություններից մեկի՝ բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, հրապարակախոսի ու մանկավարժի մուտքը հայրենի տուն. այն բանաստեղծի, ում համար հայրենիքի սերը իրական կյանք էր ու երազ միաժամանակ, կյանքի բուն իմաստը կրող էություն, մինչդեռ ստիպված էր դառնորեն խոստովանել՝ «…կ’ապրիմ քեզմէ դուրս՝ // Քու աշխարհէդ հաւերժութեամբ մը բաժան» /«Հայաստան»/: Ցավում էր, որ ինչպես ասել է յոթանասունական թվականների վերջի /ի դեպ, ժամանակին չտպագրված/ հարցազրույցներից մեկում՝ «հայրենիքին մէջ արտասահմանեան մեր բոլոր գրողները պէտք եղած չափով ճանչցուած չեն, եւ ասիկա հետեւանք է սփիւռքեան գրականութեան ներկայութեան պակասին» /«Հորիզոն գրական», Յունիս, 2010, էջ 4/:
Բայց փոխվել են ժամանակները, և այսօր ահա այստեղ՝ Հայաստանի գրողների միության հարկի տակ, մենք պատիվն ունենք հանդիսավորապես նշելու Մուշեղ Իշխանի հարյուրամյա հոբելյանը՝ որպես մեծ ու այլևս մշտական տունդարձի առհավատչյա: Ավելին՝ հավաստելու, որ անկախ Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր պայմանները՝ հայ գրականությունը դիտելու ոչ թե որպես մասնատված ու տարանջատված երևույթների ամբողջություն, այլ՝ միասնական ընթացք, իբրև հայ հոգու բազմազեղուն արտահայտություն:
Հաջորդ տարի ազգովին նշելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մուշեղ Իշխանը մեկն է հայ ժողովրդի այն բազմաթիվ բեկորներից, ում էությունն ու ճակատագիրը ամբողջովին լցված է այդ մեծ Ոճիրի բերած ողբերգությամբ: Ծնվել է 1914 թվականին, Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում: Ծննդյան ստույգ ամիսն ու օրը հայտնի չեն, քանզի Եղեռնի արհավիրքների միջով անցած մայրը, որին կորցնելուց հետո, բանաստեղծը հանդիպել է 37 տարի անց միայն, չէր հիշում այդ մանրամասները: Հետագայում, գրողի քրոջ՝ Հուշիկ Ճենտերեճյանի համաձայնությամբ, ծննդյան օր է հայտարարվել հոկտեմբերի 1-ը՝ հանրապետությունում նշվող ուսուցչի օրը՝ նաև խորհրդանշելով գրողի գրեթե կեսդարյա մանկավարժական բեղմնավոր վաստակն ու գործունեությունը: Փոքրիկ Մուշեղին որդեգրել է հորեղբոր կինը: Հայրը մահացել է առաջին տարագրությունից վերադառնալուց հետո՝ 1918-ին, սակայն Ճենտերեճյանների ընտանիքը դարձյալ ստիպված է եղել բռնելու աքսորի ճանապարհը՝ այս անգամ քեմալական շարժման հետևանքով: Ընտանիքի շատ անդամներ զոհվել են , իսկ փոքր քույրն ու եղբայրը ապաստանել են հայրենիքում: Նուրբ ու զգայուն հոգու տեր Մուշեղը՝ հենց կյանքի նախաշեմին, մանկան աչքերով տեսել է հայությանն ու իրեն բաժին հասած կյանքի ողջ դառնությունը՝ «Իմ սովատանջ, արևախա՛նձ մանկութիւն,//Ո՞ւր ինկար դուն, աքսորի ո՞ր սև ճամբուն…// Մութ է հոգիս… ոչինչ, ոչին՛չ չեմ հիշեր» /«Ձորի տնակը»/:
Տարագրության ճամփաների առաջին հանգրվանը եղել է Դամասկոսը, ուր անցել է գրողի մանկությունը: Նախակրթությունն ստացել է Հայկական ազգային վարժարանում, որտեղ և նրա մեջ ի հայտ է եկել ստեղծագործական ձիրքը, սերը հայոց պատմության, գրականության նկատմամբ՝ մեծ մասամբ նաև ուսուցչի՝ Արիս Շաքըլյանի և Ռուբեն Զարդարյանի հմտորեն կազմած «Մեղրագետ»-երի շնորհիվ: Ավարտելուց հետո, սկսել է արհեստ սովորել, նույնիսկ մի քանի ամիս եղել է կոշկակարի աշակերտ, բայց ուսուցչի խորհրդով և աջակցությամբ մեկնել է Կիպրոս, ընդունվել Մելգոնյան կրթական հաստատությունը, ուր երկու տարի աշակերտել է մեծանուն Հակոբ Օշականին: Մելգոնյանը չավարտած, տեղափոխվել է Բեյրութ՝ Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի հիմնած «Հայ ճեմարանը», որն ավարտել է 1935-ին: Այնուհետև մի երկու տարի մանկավարժություն և հոգեբանություն է ուսանել Բելգիայում, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով, վերադարձել է Բեյրութ՝ իր հարազատ ճեմարանը և այնտեղ պաշտոնավարել որպես հայոց լեզվի ու գրականության, հոգեբանության ու մանկավարժության ուսուցիչ /նաև տնօրենի տեղակալ/՝ շուրջ 45 տարի: «Իմ աշխարհս եղած է միշտ դպրոց ու դաս, գիրք ու գրականութիւն», հետագայում խոստովանել է բանաստեղծը:
Մուշեղ Իշխանը գրել սկսել է 16-17 տարեկանից, բայց առաջին գիրքը՝ «Տուներու երգը», լույս է տեսել 1936-ին և անմիջապես նկատվել ինչպես սերնդակիցների, այնպես էլ գրական մեծերի կողմից: Արշակ Չոպանյանն այդ երգերում տեսել ու ընդգծել է «զգայնութիւն մը թարմ, թրթռուն, ինքնուրոյն մտածումով տոգորուած»: Գնահատանքի ջերմ խոսքեր են գրել Վահե Վահյանը և ուրիշներ: Ժողովածուի խորագիրը խորհրդանշական էր, արտացոլում էր եղեռնից մազապուրծ սփյուռքյան սերնդի հայության բնորոշ տրամադրություններն ու ապրումները՝ կարոտը կորսված հայրենի տան ու օջախի,զոհված հայրենակիցների ու հարազատների նկատմամբ, շփոթվածությունը օտար միջավայրի ու իրականության նոր արժեքների հանդեպ, տագնապը անորոշ ապագայի համար:
Այս իմաստով Մուշեղ Իշխանը, մասնավորաբար Մերձավոր Արևելքի իրականության մեջ, լիարժեքորեն ներկայացնում էր գրողների սփյուռքյան սերունդը՝ Վահե Վահյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Ժագ Հակոբյանի և այլոց հետ միասին: Բայց դա չի նշանակում, թե նրանք սկսում էին սպիտակ էջից. նոր իրականությունը, նոր միջավայրն ու հոգեբանական ազդակները երիտասարդները հաղթահարում էին՝ հենվելով մոտ ու հեռու անցյալի գրական մեծերի փորձին: Մասնավորապես, Մուշեղ Իշխանի քերթվածներում առավել քան զգալի են ներքին առնչություններն ինչպես արևմտահայ (Մեծարենց, Ինտրա, Թեքեյան, Կոստան Զարյան, Զարդարյան), այնպես էլ արևելահայ (Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց) դասականների ստեղծագործական մտածողության ու ոճական սկզբունքների հետ: Ընդհանրապես, Սփյուռքի գրականության մեջ հետագա տասնամյակներին նախանշվեցին զարգացման տարբեր ուղիներ: Արևմուտքի երկրներում տիրապետողը առավելաբար եվրոպական նոր իրականության, գրական նոր ուղղությունների յուրացման ճիգն էր: Նիկողոս Սարաֆյանը, օրինակ, պատգամում էր, թե «…մեր նախորդներուն պէս՝ երկու երեք տարի չէ որ կ’ապրինք Եւրոպա՝ վերադառնալու համար Արեւելք: Մեր ճարպիկութիւնը պիտի ըլլայ մեր ազգային խորքը զարգացնել օտար միջավայրի մէջ եւ օտար տարրերով»: Մերձավոր Արևելքում մոտեցումներն ավելի ավանդական էին, ոճը՝ պարզ ու անկեղծ, առանց ներքին բարդացումների ու սեթևեթանքների: Այդպիսին էր նաև Մուշեղ Իշխանը՝ առաջին գործերից մինչև վերջինը՝ բանաստեղծական ութ ժողովածուների, արձակ ու դրամատիկական յոթ գրքերի մեջ: Իր գնահատականն է՝ «Իմ գրելակերպս եղած է պարզ, եւ ես ժուժկալ եմ բառերու գործածութեան տեսակէտէն»: Նա ավելի կարևորում էր ասելիքը, ապրումը, հույզը, այդ պահի իր հոգեվիճակը ընթերցողին անմիջականորեն հասցնելու պարագան: Ահա թե ինչու նրա քերթվածների ժողովածուների խորագրերն անգամ խորհրդանշական են՝ «Տուներու երգը», «Կրակը», «Կյանք ու երազ», «Ողջույն քեզ, կյանք», «Տառապանք» և այլն, որոնք բնորոշում են յուրաքանչյուր գրքի գործերի հիմնական տրամադրությունը, ապրումի էությունը:
«Տուներու երգի» և, ընդհանրապես, Մուշեղ Իշխանի ստեղծագործության գլխավոր գաղափարներից մեկը սփյուռքահայության գոյատևման տագնապն է ու պայքարը ուծացման դեմ: Բայց ինչպե՞ս… Պատասխանները տարբեր են, որոնք ժողովածուից ժողովածու գեղարվեստական ինքնատիպ ձևակերպում են ստանում՝ հայրենի տան Տեսիլով / «Տուներու երգը»/, հոգու և ոգու կրակով /«Կրակը»/, անմարելի երազով /«Կյանք ու երազ»/: Սիրով՝ «Քու սէրդ անհո՜ւն կարոտներով, յոյսով լի՝ // Դարձաւ ինծի քաղցր տնա՜կ մայրենի» /«Սիրոյ տունը»/: Եվ վերջապես, միշտ ու ամենուրեք՝ Հայ լեզվով՝
Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս
չորս ծագերուն…
/«Հայ լեզուն տունն է հայուն»/
Հայրենի տան խորհրդանիշ գաղափարը հոգեբանական տարբեր արձագանքներ է ծնում բանաստեղծի ներաշխարհում: Նա խանդով է նայում նորացված կյանքի մեջ, հարազատ հողի վրա իր վիթխարի կառույցները կերտող մարդու արարումին: Ծագում է ցավագին հարցը՝ իսկ ի՞նչ է արել ինքը իր ուժեղ բազուկներով, ոչինչ՝ «Քար մը քարին չը դրի, /…/ չը զարկի մուրճ մը դեռ», քանզի՝ «Ո՞ւր է իմ հողն հայրենի…» («Նոր շինուող տունը»):
Իր առաջին ժողովածուներում բանաստեղծը շատ հաճախ մոլորվում է կյանքի ու երազի բավիղներում: Կարծես ջնջվում են բոլոր սահմանները՝ «Կեանքն իր երազ մը եղաւ, ինչպէս երազն՝ իրեն կեանք»: Հեռվում մնացած հայրենի տունը երբեմն թվում է լոկ ծուխ ու անմարմին ցնորք, «հեքիաթի ապարանք», վերադարձը տուն՝ սոսկ տենչալի երազ: Այնուամենայնիվ, աստիճանաբար սկսում է տիրապետել «վաղուան տունը» իրական հեքիաթի վերածելու կենսահաստատ գաղափարը: «Տունին երգը» ժողովածուն եզրափակվում է նույնքան խորհրդանշական «Վաղուան տունը» բանաստեղծությամբ՝
Պիտի կերտե՛մ ես կրկին քեզ
քերթուածի մը նման
Տուած մեր հին քարերուն բոցէ
շաղախն արիւնիս…
Դրան նպաստում են նաև ժամանակը, կյանքի ընթացքը, պատմական մի փոքրիկ տարածքի վրա Հայաստան պետության կայացման ստույգ իրողությունը: 1938 թ. հրատարակված «Կրակը» ժողովածուում արդեն իսկ նկատելի էին Մուշեղ Իշխանի ներաշխարհում կատարվող բարեշրջության նշանները: «Անցէք աղքատ, անցէք հիւանդ, ունա՜յն օրեր, // Կեանքին վրայ ահա կեանքս է որ կը ծագի», հայտարարում է նա, քանզի իրեն այցելել է մեծ Սերը՝ հոգին լցնելով կյանքի ավիշով՝ «Հեքիաթ աղջի՜կ մ’ինձ կը սիրէ» /«Առաջին սէր»: Ճիշտ է, աննյութական ու եթերային այդ սերը՝ երգված տերյանական գույներով, շատ կարճ է տևում, չափազանց զգալի էր դեռ անպարագիծ Երազի տիրապետությունը բանաստեղծի հոգու վրա /պատահական չէր Ինտրայից բերված բնաբանը՝ «Ի՜նչ տխուր է գիտնալ, թէ մարմին մ’ունի ցնորքդ»/, բայց, անկասկած, նպաստում է շրջադարձին՝ դեպի իրական կյանքի գրգիռները: Հետզհետե բանաստեղծի էությունը հարստանում է նոր զգացողություններով ու հոգեվիճակներով, որոնք, սակայն, միշտ չէ, որ դրական գույներով են ներկայանում: Այդտեղ կան նաև հուսահատության ու հուսախաբության, մեղքի ու հատուցման, մահվան ու հոգեկան անկումի տրամադրություններ: «Աշխարհն օտար խուժեց իմ մէջ ու նուաճեց, // Ան գրաւեց զիս ամբողջ// …Ես կ’ապրիմ կեանքն ուրիշին…»/«Կենդանի մահացում»/, խոստովանում է նա: Սակայն նման պահերին, երբ զգում է նույնիսկ բազում մեղքերի գոյությունը իր կյանքում, որ թերևս միայն իրենը չեն, այլ մեղավոր Մարդունն ընդհանրապես, ապավինում է ամենազոր Աստծուն՝
…Բայց ես կ’զգամ լռութեան
տրոփիւնին մէջ մեծղի,
Որ դուն միշտ կաս, ո՜վ Աստուած,
ով անհուն սէր մեծազօր
Եվ դեռ կրնաս զիս փրկել,
եթէ քեզի գամ այսօր…
(«Գիշերամուտ»)
Բնորոշ է, որ նման պահերին նա երազում է բարձրանալ իր պապերի «հրաշազօր հաւատքին», զգում, թե Աստծո տան «զանգերն իսկ ունին լեզուն Նարէկին»:
Այնուամենայնիվ, բանաստեղծի էության ընդհանուր երանգապնակում վերը նշված տրամադրությունները մնում են իբրև «լոկ փորձութեան» պահեր՝ ինչպես բանաստեղծն է արտահայտվում՝ «փորձութեան քաոսն է, որ կ’անցնի», որին հաջորդում է Պահը Սթափության, և բանաստեղծը վերագտնում է իրեն՝
Այս չէ քու ճամփադ, հոս չունիս կայան,
Խեղճ գաճաճներու այս ցեղէն չես դուն.
Թո՜ղ հարուածեն քեզ,
պահ մը թող ցնծան,
Դուն զարկդ պահէ՛ գալիք մարտերուն:
(«Սթափում»)
1946-ին լույս ընծայված «Հայաստան» պոեմում՝ չարենցյան էպիկական շնչով ու լայնամասշտաբ ընդգրկումով («Ես դարերուդ ժառանգատէր շառաւիղ»), Հայրենիքի Տեսիլը դիտարկելով «պատմութեան մեծ ուղիներու հանգոյցում», բանաստեղծը, ի վերջո, հանգում է Հայաստանի՝ իբրև «միա՛կ իրական հեքիաթի», ըմբռնմանը: Հայրենիքի գաղափարը նույնանում է բիբլիական Արարատի՝ «վերասլաց ու բրգանիստ գաղափարի»՝ «միշտ անխաբ և անսասան ուղեցոյցի» հետ: Նախկին անգո ու միֆական Հայաստանը, բանաստեղծի պատկերացումներում այլևս ներկայանում է որպես «արևաձոյլ հսկայ զանգ», որ հնչում է «տիեզերքի գմբեթէն»: Ընդգծենք, սակայն, որ Հայաստան-Հայրենիքի մուշեղիշխանական ընդգրկումը լայն է՝ «Արագածէն մինչև Սիփան ու Տաւրոս…», որի մեծ Սերը նույնքան մեծ ոգևորություն է ծնում նրա հոգում՝
…Զիս կը հանէ բանակներու դէմ ահեղ
Եվ անխորտակ զրահներով կ’օժտէ զիս…
Հետագա գործերում կենսասիրության այս ալիքը նորանոր հորիզոններ է նվաճում: «Կյանք ու երազ» (1949) ժողովածուում բանաստեղծն արդեն հոգնել է «նոյնիսկ երազի սուտէն»: Հասկանում է, որ երազն իրական սպասում է իրեն «բլուրին կողն ի վար»: Այսպես, օրեցօր բանաստեղծի հոգում գծագրվում է վերադարձի ճամբան. համանուն բանաստեղծության մեջ նա արդեն դեմքով շրջվում է բուռն ու կենդանի իրական կյանքին՝ իր վերելքներով ու անկումներով, երջանկությամբ ու տառապանքով.
Օ՜, սուրբ վերադարձ, արբեցում հեշտին…
Երազին ամուլ դաշտերուն մէջէն
Որքա՜ն մոլորուն զուր անցաւ ճամբաս.
Ժամանակին դէմ մինակ և անզէն՝
Ի՞նչ որոնեցի ես կեանքը թողած:
(«Գոհութիւն»)
Տասը տարի հետո՝ 1958-ին հրատարակած «Ողջոյն քեզ, կեանք» շարքը՝ գրված չարենցյան ձոների ու խորհուրդների ոգով ու ոճով, Իսահակյանի աբուլալամահարիական նախաբանով և թումանյանական պատգամով /«Շրթները երբեք չպղծեց անէծքով»/, տերյանական վերադարձի արձագանքներով, այլևս լիարժեք փառաբանությունն է Սիրո, Աստծո և Արարչության, դեպի մարդիկ ու կյանքը տանող Ճամփաների, իրական բազմազեղուն կյանքի մասնակիցը լինելու պատրաստակամության /«Կ’ուզեմ կանգնիլ Արարատի բարձր գահին// Եվ աւետել անոնց, որ կան, զիս կը լսեն /…/ Թէ ես հպարտ մասն եմ կեանքին, տիեզերքին: //Թէ ես կ’ապրիմ, ես կը շնչեմ, ես կա՜մ, ես կա՜մ… »/ /«Յոթներորդ ողջոյն»/… Բանաստեղծի 50-ամյակի առթիվ 1963–ին լույս տեսած և նրա նախորդ հինգ ժողովածուներն ամփոփող «Ոսկի աշուն» գրքում զետեղված «Ձեռք-ձեռքի», «Հասկաքաղ» շարքերը պարունակում են բանաստեղծի կտակը՝ պատգամներ իր զավակին, նոր սերնդին՝ աչքի լույսի պես պահպանելու «մեսրոպահունչ հայ լեզուն», վերաշինելու և շենացնելու հայրենի տունը, կենդանի պահելու Հայ անունի անբիծ փառքը, պապերից ժառանգված «շքեղ տեսիլքը մեր մեծ», ապագա հաղթանակի «լերան ազատ կատարէն» պարզելու անկախության վառ դրոշը…
Նշված գաղափարները, մոտիվներն ու մոտեցումները գեղարվեստական ուրույն արտահայտություն են գտել նաև գրողի արձակ և դրամատուրգիական գործերի մեջ:
Ավելի ուշ Մուշեղ Իշխանի պոեզիան լայնացնում ու խորացնում է իր ընդգրկման շրջանակները: Ազգերգությունն ու հայերգությունը լրացվում են մարդերգության մոտիվներով: 1968-ին հրատարակված «Տառապանք» ժողովածուում արդեն բանաստեղծի տագնապները կապվում են ոչ միայն ազգի, այլև ողջ մարդկության ճակատագրի հետ.
Սիրտս կ’արիւնի աշխարհի ցաւով,
Որքա՜ն տառապանք, Աստուած իմ, չորս դիս,
/…/ Աշխարհի ցաւով հիւա՜նդ է հոգիս…
/« Աշխարհի ցավով»/
Բանաստեղծը մեծ տարակուսանք է ապրում այն իրողության հանդեպ, որ «տարօրինա՜կ, տարօրինակ մարդ արարածը»՝ հանուն իր կյանքի ապահովության, անխնա սպանում է իր նմանին՝ և դեռ էլի կոչվում է ՄԱՐԴ: Ահա թե ինչու, նա դիմում է բոլոր մարդկանց, հավաքական մարդուն՝
Վախցիր, երբ խիղճդ կ’արիւնի,
Վէրքը խղճին չունի դարման…
/«Արիւնահոսում»/
Կյանքի վերջին տասնամյակներին Մուշեղ Իշխանի մտահոգությունների սևեռակետում էր սփյուռքահայության ճակատագիրը: Դա, իհարկե, միշտ է եղել, բայց տասնամյակների հետ, երբ փոխվում են սերունդները, ժամանակն ու բարքերը, ուծացման վտանգը, թերևս, ավելի ու ավելի տագնապալից է դառնում: Դեռ 1949-ին «Ո՞ւր կ’երթանք» հրապարակման մեջ Նիկողոս Սարաֆյանը գրում էր՝ «…կը տխրիմ՝ երբ կը նայիմ ՅԱՌԱՋի պատուհանէն դուրս՝ Փարիզի բոլոր ծայրերուն վրայ գտնուած հայութեան: Կը տխրիմ աւելի հեռուն նայելով: Ո՞ւր կ’երթանք: Ո՞ւր կ’երթայ այս պզտիկ ու ցրուած ժողովուրդը»: Կարծես արձագանքելով այս հարցումին, Մուշեղ Իշխանը «Արևամար» /1980/ ժողովածուում տագնապում է, թե «Հայու որդւոց տարագիր // Ճամբան չունի հանգրւան…» /«Կ’երթան ու կ’երթան»/: Բայց տրամաբանական է հարցը՝ « Դեռ մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր…»/« Մինչև ո՞ւր»: Մանավանդ որ ժամանակի հետ ավելի վտանգավոր է դառնում սպիտակ ջարդը՝ «Հիմա չեն մեռնիր,// Հիմա կը հալին…»: Ահա թե ինչու, բանաստեղծը ի խորոց սրտի բացականչում է՝ «Իմ երգս երգ չէ, այլ ճիչ մը ցաւի…»: Ճիչ, որ իբրև կոչ պոռթկացել էր դեռ 40-ականներին գրված բանաստեղծության մեջ.
Մնա՛, բարեկամ, մնա՛, մի՛ մեկնիր,
/…/ Այս մոլորակին վրայ մոլորուն
Նոյն տաղտուկն է միշտ անմռունչ հողին
Եւ անմխիթար նոյն վիշտը մարդուն:
/…/ Թող քու աշխարհիդ լեռներու շղթան
Ըլլայ նայուածքիդ կախարդ հորիզոն…
/…/ Մնա՛, բարեկամ, մնա՛, մի՛ մեկնիր…
«Մնա՛, մի մեկնիր»
Հարցը սրվել էր նաև 70-ականների վերջերին լիբանանյան քաղաքացիական պատերազմի ողբերգությամբ: Մուշեղ Իշխանը տեսավ այդ պատերազմի արհավիրքները, որոնք վտանգավոր ու ծանր անդրադարձան նաև հայությանը, ինչպես եղել է միշտ նման դեպքերում, ինչպես տեսնում ենք նաև այսօր՝ Սիրիայում, Իրաքում, այլուր… Այդ ամենից հայությունը առավ՝ Մուշեղ Իշխանի իսկ բնորոշմամբ՝ «դրական չեզոքութեան» դասը, որդեգրելով այն համոզմունքը, թե «եղբայրասպան կռիվներով կարելի չէ մարել կրակը: … պէտք են փոխադարձ հասկացողութիւն եւ յարատեւ խօսակցութիւն ու շփում: Ահա այս սկզբունքէն առաջնորդուած՝ հայութիւնը ըմբռնեց միասնութեան ուժը…»: Միասնություն՝ հայրենիքի և Սփյուռքի, հայության բոլոր հատվածների, բոլոր կարող ուժերի միջև: Չնայած ժամանակին եղած թյուրագիտության որոշ դրսևորումների, Մուշեղ Իշխանը կասկած չուներ, որ «բարոյական ըմբռնողութեամբ մեծ ուժ է, որ հայրենիքը Սփիւռքի ցաւերով կ’ապրի»: Դրանում նա համոզվեց նաև երկու անգամ՝ 1962-ին և 1979-ին՝ սփյուռքահայ ուսուցիչների դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցելությունների ընթացքում: Այնուամենայնիվ, հայրենիքի լիակատար ազատությունն էր Մուշեղ Իշխանի երազանքը: Իր սերնդակից Ժագ Հակոբյանի ստեղծագործության առիթով նա գրել է. «Առանց ազատութեան՝ Հայաստանի ապագան պիտի մնայ միշտ ամպերով ծածկուած և իր երազը՝ անկատար: Ապագան իսկապէս մերը պիտի ըլլայ, երբ հայրենի դաշտերուն և լեռներուն վերև սավառնի միայն մեր հոգին»:
Ցավոք, նա չտեսավ Հայաստանի անկախացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նաև պետականորեն իրականացվող այսօրվա ջանքերը: 1990 թվականի հունիսի 12-ին դադարեց բաբախել նրա ցավատանջ սիրտը: Բայց մինչև իր կյանքի վերջին պահն էլ նա գրի ու գրքի հետ էր: Վաստակաշատ գրողի կյանքն ընդհատվեց գրիչը ձեռքին, «Գիրքեր սիրելի» քերթվածի վերջին տողերը մշակելու պահին: Իսկ վերջին տողերը հետևյալն էին՝
Ձեզ որբ կը ձգեմ ու կ’երթամ անհոգ,
Հայոց դպրութեան դուք հայ մատեաններ,
Պիտի դուք, ավա՜ղ, մնաք անժառանգ…
Դա իսկական ձոն էր իր սիրելի, մտերիմ գրքերին, որ «կայծ ու կրակ» էին տվել իր հոգուն, ապրեցրել՝ իրենց մեջ պարունակելով «Հայրենիքն ամբողջ և իր վէպն անհուն…»:
Ապրելով դրամատիզմով, հոգեկան մակընթացություններով ու տեղատվություններով, երազներով ու հիասթափություններով, բայց միշտ կյանքի ու հայրենիքի ծարավով հագեցած կյանքով, ստեղծելով գրական մեծ ժառանգություն, նա շատ համեստ էր իր վաստակի գնահատության մեջ՝ «…ես միայն բանաստեղծութիւններ գրած եմ և հրատարակած՝ փոքր հատորներով»: Բավարար համարելով արձանագրել, թե «Ես իմ ուժերս, առանց վերապահութեան, տրամադրած եմ իմ ժողովուրդիս, որպէս բանաստեղծ եւ կրթական մշակ»:
Բայց մի՞թե կա սրանից ավելի մեծ գնահատական ազգի ու հայրենիքի նվիրյալ որևէ մշակի համար:
(Զեկուցումն ընթերցվել է ՀԳՄ-ում
սեպտեմբերի 24-ին, Մուշեղ Իշխանի
100-ամյակի հանդիսությանը)