«Եզրագծերից» մինչև «Ի տրիտուր» / Մարտին ԳԻԼԱՎՅԱՆ

Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու, Վանաձորի Վ. Տերյանի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Ղումաշյանի «Հրաչյա Սարուխանի պոեզիան» ուսումնասիրությունը, որը տաղանդաշատ բանաստեղծի թողած գրական ժառանգությունը հանգամանորեն վերլուծելու, նրա տեղն ու դերը արդի հայ պոեզիայի համապատկերում արժևորելու հաջողված փորձ է:
Ուսումնասիրության առաջին արժևորողը Հրաչյա Սարուխանն էր. «Ուզում եմ նկատել, որ Նաիրա Ղումաշյանը նուրբ բանաստեղծական ընկալմամբ և գրականագիտական հմտությամբ է վերլուծել իմ ստեղծագործությունը՝ լինելով առաջին ուսումնասիրողը: Սա ինձ համար աննախադեպ մի բան է, որի համար անչափ շնորհակալ եմ»:
Մոտ քառասուն տարվա ընթացքում Հրաչյա Սարուխանը հրատարակել է ընդամենը յոթ ոչ ստվարածավալ ժողովածուներ՝ «Եզրագծեր» ¥1977), «Հրաշք օրեր» ¥1981), «Վկայություններ» ¥1989), «Այլ ժամանակներ» ¥1999), «Աստծո առավոտ» ¥1999), «Սիրո հուշապսակ» ¥2005) և «Ի տրիտուր» ¥2005), ինչը, սակայն, հնարավորություն է տալիս նրա ստեղծագործությունը դիտարկելու որպես կայացած համակարգ, համարձակ որոնումների, ավանդույթի ու նորարարության բեղմնավոր ու հաջողված համադրության արգասիք, բացահայտելու «Սարուխանի ինքնատիպ բանաստեղծական մտածողության տեսական-գեղագիտական նախադրյալները, արժևորելու բանաստեղծի գրական վարպետությունը, քննելու աշխարհի բանաստեղծական ընկալումների սարուխանյանական մոդելը»:
Ի տարբերություն 60-70-ականներին գրականություն եկած մի շարք «բանաստեղծների», ովքեր Հ. Սահյանի դիպուկ բնութագրությամբ «կտրվեցին հողից, փախան իրենց կենսագրությունից, ավելին՝ իրենց ժողովրդի կենսագրությունից փախան, իրենց լեզվի զրնգուն համ ու հոտից խուսափեցին», ասել է թե՝ «իրենց մանկությունից չեկան», Հրաչյա Սարուխանը կարողացավ «հանգուցել իրականության ու ազգային բանաստեղծության ավանդույթների, պատմության ու նորարարության թելերը, խուսափել բարդագիր նորարարությունից, ճշգրտել կողմնորոշման չափանիշները, սահմանագծել գեղագիտական ու գեղարվեստական իր կենսատարածքն ու ամրագրել ժամանակային իր չափումները»: Նաիրա Ղումաշյանի ուսումնասիրության մեթոդաբանության հիմքում ընկած է Հրաչյա Սարուխանի բանաստեղծական համակարգի ամբողջական ընկալման, ուսումնասիրող նյութի համադրման սկզբունքը:
Հեղինակը նպատակահարմար է գտել բանաստեղծի հասունացման ու կայացման ընթացքը ներկայացնել ոչ թե ըստ մոտիվների, որը նրա կարծիքով արդեն իսկ իրեն սպառած եղանակ է, այլ՝ առանձին ժողովածուների, որոնք ըստ էության շարային մտածողության դրսևորումներ են՝ ժամանակագրական քննությամբ ու համեմատությամբ:
Քննության այս եղանակը անտարակույս հնարավորություն է ընձեռում տեսանելի դարձնել բանաստեղծի հասունացման դինամիկան ու ամբողջացնել նրա դիմանկարը:
Հրաչյա Սարուխանի «բանաստեղծական աշխարհի ժամանակացույցում ժամանակի պայմանական հատվածները՝ ներկա, անցյալ ու ապագա անվանյալ, հաճախ են շփոթում իրենց հերթականությունը» և «ժամանակի ազատ ու անկաշկանդ տեղաշարժերի հետ հոսում են բանաստեղծական տողերը, կերպարափոխվում հոգեվիճակները»:
Նաիրա Ղումաշյանը Սարուխանի բանաստեղծության և գեղագիտական չափանիշների համար առանցքային է համարում աշխարհաճանաչման ու ինքնաճանաչման հարցը, ինչից էլ հայտածվում են մնացած բոլոր խնդիրները: Բանաստեղծի պատկերացումներում բազմաշերտ, հակասական ու անկանխատեսելի աշխարհը լի է Արարչի կողմից գաղտնագրված անթիվ-անհամար առեղծվածներով, որոնցից յուրաքանչյուրի գաղտնագրի վերծանումը դառնում է «Տիեզերքի և Մարդու» գոյության օրինաչափությունները բացահայտելու բանալի, ավելի հասկանալի դարձնում «կանոնավոր Քաոսը»: Ուսումնասիրության հեղինակի դիպուկ բնութագրմամբ աստվածայինի ու ոչ աստվածայինի, Լույսի ու Խավարի հավերժական հակադրամիասնության մեջ է թաքնվում մտքի շարժումը, և բանաստեղծի խնդիրը ոչ թե պրոբլեմներով, այլ գաղտնիքներով զբաղվելն է, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս եզրակացնելու որ «էկզիստենցիալիստական գաղափարներն ու նարեկացիական միստիցիզմը, խորհրդազգացողությունն ու խորհրդապաշտությունը եղան Սարուխան-բանաստեղծի աշխարհաճանաչողության հիմնաքարը»:
«Եզրագծերից» «Ի տրիտուր» ձգվող ճանապարհին այլ ժամանակներ են գալիս, ամեն բան շրջվում է գլխիվայր, խամրում է տառապյալի ու խաչվածի լուսապսակը, իրար են խառնվում բոլոր արժեքները՝ «դրախտավայրը» դարձնելով «թշվառական երկիր»: Ու ծնվում է ողբերգությունը, մերժվում է այն հայրենիքը, որը բանաստեղծի երազածը չէր 80-ականների վերջերի զարթոնքի օրերին: Ներկա հայրենիքը «ինչ-որ մեկի նզովքով տարաբանվել է, ոգելքվել, կորցրել Հուշն ու Սերը, դարձել Գեհեն».
Հայք իմ Երկիր,
Մղկտում է բանաստեղծիդ սիրտը մերկ,-
Ո՞ւմ նզովքով տարաբանվեց
Տեսականին քո որդոց.
Մեր փնթին է փթթում ահա,
Բարգավաճում բիրտը մեր,
Եվ ազգամիտ խոսքի տեղակ
Հայհոյանք է, հոխորտոց:
Ն. Ղումաշյանը հատկապես ընդգծում է Հրաչյա Սարուխանի՝ ժամանակի սրված զգացողությունը, ինչը նրա բանաստեղծությունը դարձնում է ավելի կառուցիկ, գնահատականները ու բնորոշումները՝ դաժան, բայց ցավալիորեն իրական ու իրատեսական: Բանաստեղծի տագնապները ահագնանում են, քանի որ նրա աչքերի առաջ նյարդային ցնցումների մեջ վխտում է ամբոխ դարձած բազմությունը, որը դժվար թե կարողանա երբևէ ձերբազատվել մատաղացու գառան հոգեբանությունից և «դրախտավայր ու գունազարդ հայրենիքի» ինքնախաբկանքից:
ԱնԱնդրանիկ ու անՆժդեհ ժամանակներին հաջորդում է անՎազգեն ժամանակը, երբ հայ ժողովրդի «Սուրբ սեղանին չարենցյան Միասնության փոխարեն զոհեր դրվեցին, այն էլ՝ հայի սրից ընկած». «և հարամեցին Սեղանն ավաղ//… Աթաթուրքն անգամ կնախանձեր»:
Բանաստեղծը, սակայն, դեռևս չի կորցնում Հավատն ու Հույսը և «ոսկով ու խոսքով չկաշառվելու», «խենթությամբ Խոհասեղանին» համախմբվելու կոչ է անում «նույն կավից» հյուսված իր մոլորյալ քույրերին ու եղբայրներին:
«Հրաչյա Սարուխանի պոեզիան գրքում» Ն. Ղումաշյանը անդրադառնում է նաև հեղինակի ստեղծագործության պոետիկայի հարցերին՝ բացահայտելով բանաստեղծի պատկերաստեղծման, լեզվաոճական, բանաստեղծական տարբեր կառույցների, գրական և ժողովրդախոսակցական լեզվական բառաշերտերի համադրման յուրահատկություններին: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում քրիստոնեական խորհրդանիշների օգտագործման, հանրաճանաչ միֆերի մեկնության, նրանց առեղծվածների գաղտնազերծման սարուխանյանական վերլուծությունը, որոնք կարող են տարընթերցումների տեղիք տալ, բայց ինքնին հետաքրքիր են բանաստեղծի աշխարհընկալման տեսանկյունից:
Բանաստեղծը հաճախ «պսակազերծում է» միֆերը. «Հեթանոսական միֆերի մերժողական իմաստազրկմամբ բանաստեղծը հաստատում է քրիստոնեական խորհրդանիշ միֆերի կենդանի, իրական իմաստավորման անհրաժեշտությունը իր ապրած օրերի, նյութապաշտ ժամանակների մեջ»:
Ն. Ղումաշյանը անդրադառնում է նաև Հրաչյա Սարուխանի պոեզիայի ժանրային համակարգին՝ ամբողջացնելով նրա գրական դիմանկարը:
«Հրաչյա Սարուխանի պոեզիան» ուսումնասիրությունը օգտակար կարող է լինել ոչ միայն հեղինակի, այլև ետսևակյան շրջանի պոեզիայի հարցերով հետաքրքրվողների, հատկապես՝ բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։