ՀԱՅԻ ՍՐՏՈՎ ՀԱՎԵՐԺԱԽՈՍ ՍԱՐՈՅԱՆԸ / ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վիլյամ ՍարոյանՍարոյանի յուրաքանչյուր այցելություն Հայաստան տոն էր ժողովրդի համար: 1935-ին, արյան կանչով, առաջին անգամ եկավ Հայաստան, հենց որ «ճանապարհին համար դրամ» ունեցավ: 1978 թ. աշնանը Սարոյանը եկավ չորրորդ և, ավաղ, վերջին անգամ:
Տողերիս հեղինակը երջանկություն է ունեցել գոնե հպանցիկ շփվելու Սարոյանի հետ:
Սիրով թանկագին մասունքի պես պահում եմ այն ծոցատետրն ու գրիչը, որին Սարոյանի ձեռքն է դիպել:
1978 թ. հոկտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի դահլիճը նման էր աշխույժ մեղվափեթակի: Սարոյանի ոգին ու ձայնն էր տիրաբար թևում դահլիճում: Հպարտությամբ էր խոսում ճշմարիտ հայերի ոգեղեն հարստությունների` խղճի, ազնվության, խիզախության, մաքրության ու բարության մասին: Ուսանողներին նա իր մտերիմ բարեկամները համարեց, մանավանդ որ «ինքս ալ երիտասարդ կզգամ ինձի…»:
– Ձեր ամենաբարձր գրական հաճույքը,-հարցրին:
– Աղվոր գիրք կարդալը,-պատասխանեց:
Իր գրական ազդեցությունների և համակրությունների մասին տրված հարցերին պատասխանելիս նշեց Մարկ Տվենին, Դիկենսին, Ջեկ Լոնդոնին, Մոպասանին, Ուոլթ Ուիթմենին, Ջոյսին, Չեխովին, Գոգոլին:
-Իսկ Շեքսպիր ու Տոլստոյ հետս կլինեն մինչև կյանքիս վերջը: Շատ ընդգծված ասաց նաև, որ «աշխարհը պիտի Նարեկացի իմանա…»:
Հարցրին.
-Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը:
-Շատ կուզեի, որ աստված ըլլար,-ասաց, ձեռքերը վերև կարկառելով: Ես նրան կուզեմ մարդկանց շարքին մեջ տեսնիլ: Ու թե հանդիպեմ անոր, կըսեմ` «Բարև»:
Վերջում ուսանող երիտասարդներին պատգամեց` երբեք չենթարկվեք հուսահատությանն ու հիասթափությանը:
Քիչ անց ռեկտորատում հյուրընկալեցին Սարոյանին: Չուզեցի ձեռքից բաց թողնել բարեպատեհ առիթը և ինքս էլ ծանոթ լրագրողների հետ ներս մտա:
Այստեղ դրության տերը կրկին Սարոյանն էր: Հրճվալի աղմուկով էլ լցվել ընդարձակ սրահը: Մանկան պես բերկրում էր Սարոյանը: Մեծ ախորժակով էր ճաշակում «հիանալի, պատվական» գինին ու մրգերը, այնպիսի ախորժակով, որ «աստվածն էլ տեսնի, զարմանա»: Աշխույժ, սրամիտ պատասխաններ էր տալիս իրեն շրջապատող պրոֆեսորների հարցերին, մակագրում նրանց ներկայացրած գրքերը:
Սեղանից բաժանվելիս, մանկական անհոգությամբ, նա այդ պատկառելի մարդը, բոլոր գրպանները լցրեց շողշողուն տանձերով ու խնձորներով, ասելով.
– Է՞, ես ձեզի նման չեմ ամչնար:
Համալսարանի միջանցքով քայլում էր բոլորից արագ: Ու կրկին, կրկին տիրաբար որոտում էր նրա թավ ձայնը:
Ելքի մոտ մի տարիքավոր մարդ Սարոյանին հարցրեց, թե ճի՞շտ է, որ տեսել է զորավար Անդրանիկին:
-Այո, Ամերիկա սրճարանին մեջ նստած եմ: Սափրիչին մոտ ալ: Այն ատեն 14-15 տարեկան էի: Հետը զրուցել եմ: Զորավոր մարդ էր Անդրանիկ, սակայն կցավիմ, որ տխուր էր, քանզի հարցերուն միշտ լուրջ կպատասխաներ: Անդրանիկին մասին գրություն ունիմ:
Ես խնդրեցի ինքնագիր թողնել ծոցատետրում: Սիրով կատարեց: Մի ուսանողուհի մոտեցավ, խնդրեց, որ Սարոյանը մակագրի հենց պայուսակի վրա: Սարոյանի ամերիկյան նրբագեղ գրիչը առաջին իսկ տառի վրա թաղվեց պայուսակի փափուկ կաշվի մեջ և որքան էլ փորձեց, այլևս առաջ չգնաց: Ես գրողին մեկնեցի իմ խորհրդային արտադրության կոպիտ ու հասարակ «երեք կոպեկանոց» գրիչը: Իմ գրիչը Սարոյանի ձեռքում ակոսելով այնպես սահուն գրեց, որ գրողը բարձրաձայնեց հիացմունքը:
-Օ, սա ինչ աղվոր գրիչ է,-ասաց ու վերադարձրեց ինձ, իսկ պայուսակը` աղջկան:
– Հիմա իմն է աշխարհի թանկ պայուսակը,-հուզված բացականչեց ուսանողուհին:
-Աղվոր աղջիկս, անունդ ի՞նչ է, հո՞ս կսովրիս: Անգլերեն:
Ու սկսեցին խոսել անգլերենով:
-Հավնեցա քո անգլերեն, բայց խոսինք մեր մայրենի հայերենով:
Ապա.
-Անուշ աղջիկս, հոր իրավունքով կուզիմ համբուրել այտդ…
-Խնդրեմ,-ասաց աղջիկը սիրահոժար: Սարոյանը համբուրեց աղջկա այտերն ու ներողություն խնդրեց, որ «սա բեղեր քիչ մը կխանգարին»:
Շրջապատողներս ցնցված և հիացած էինք «մեծ երեխայի» հոգեկան այդ զեղումից:
Աղջիկը վերջում, իր հերթին զգացված համբուրեց Սարոյանի աջ ձեռքը:
– Օհ, – զարմանքով նայեց շուրջը,- Հայաստանի մեջ ալ վարդապետ եղանք:
Մեքենա նստելուց առաջ Սարոյանին մոտեցավ բանաստեղծ Գևորգ Էմինը, ասաց.
-Պարոն Սարոյան, այս երիտասարդները պոլիտեխնիկ քոլեջից (ինստիտուտից) են: Ձեզ հրավիրում են իրենց մոտ հանդիպման: Պոլիտեխնիկը իմ քոլեջն է: Հետո, պարոն Սարոյան, սրանք կարգին, լուրջ մարդիկ, ինժեներներ են, էս համալսարանի բանասերների նման զավզակ չեն:
-Ես մարդու զեվզեկը կսիրեմ:

***
«Փնտրիր բարին ամենուրեք… արթնացրու առաքինություն, ու սրտում էլ որ աշխարհի սարսափներից ու ամոթից գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի… Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ»: Սարոյանի խոսքերն են:
Գեղարվեստական ճշմարտությամբ, վեհ մարդասիրությամբ ոգեշնչված, լույսով է լցված նրա վիթխարածավալ գրականությունը, որով էլ Մեծ Հայը շարունակելու է ժպտալ «Կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ», հավերժի ու անմահության հանդեպ:

2 thoughts on “ՀԱՅԻ ՍՐՏՈՎ ՀԱՎԵՐԺԱԽՈՍ ՍԱՐՈՅԱՆԸ / ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

  1. Վերջապես համացանցում կարդալու բան կա: Ասածս վերաբերում է Ձեր բոլոր հրապարակումներին:Ցավում եմ,որ երիտասարդությունը չի վայելելու այս հաճույքը:

  2. Հարգելի Սպարտակ ինչի՞ց եք ենթադրում որ երիտասարդությունը չի վայելելու այս հաճույքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։