Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
2020 թվականին լրանում է անվանի լեզվաբան, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՀ Նախագահի մրցանակակիր (2003), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր (2010) Հովհաննես Բարսեղյանի ծննդյան 100-ամյակը։ Ուսանողական տարիների ավարտական թեզը, ապա թեկնածուական աշխատանքը գրելով Հովհ. Բարսեղյանի ղեկավարությամբ` այնուհետև աշխատանքի եմ անցել իր ղեկավարած ԵՊՀ տեղանվանագիտական կաբինետում, որտեղ մեղվաջանորեն պատրաստվում էին հայոց տեղանունների հայտնի բառարանի հատորները, որ հիմնարար աշխատություններ են հայագիտության համար։ Առնվազն 20 տարվա սերտ գործակցություն ենք ունեցել իր հետ, և անջնջելի դրվագներ կան վերհիշելու։
Հովհ. Բարսեղյանի կենսագրական և գիտական վաստակի մասին կարելի է կարդալ ԵՊՀ «Բանբեր» ամսագրում տպագրած մեր հոդվածից (2010, թիվ 131.2) և այլ նյութերից։ Քարտարանումս, ուր սկսել եմ բազմաբնույթ գրառումներ զետեղել՝ Հր. Աճառյանի օրինակին հետևելով, որի մասին ի դեպ պատմել է ինքը՝ Բարսեղյանը, մի պահից սկսեցի գրառումներ անել նաև Բարսեղյանի մտքերից, իր հետ կապված հետաքրքիր, տպավորիչ անցուդարձերից։ Եվ ահա թերթում եմ այդ նշումները, դրանց միջից քաղելով ներկայացնում մի քանի դրվագ՝ փորձելով մատուցել Բարսեղյանի կերպարը, քանզի մեզ համար խիստ սպասված է, որպեսզի վերարծարծվի գիտության անվանի անձանց ուսանելի վաստակը, վերապրվի նրանց մթնոլորտը։ Շատ կուզենայի, որ այս հիշողությունների պատառիկները նման մթնոլորտ վերարթնացնեին, մանավանդ՝ մեր այս «ոչ գիտական» ժամանակներում։
* * *
90 և ավելի տարիների կենսագրությամբ Հովհաննես Բարսեղյանն արտացոլում է այդ տասնամյակների մեր ժողովրդի կյանքը։ Բարսեղյանի պապը եղել է Սասունից, ռուսական զինվորների հետ փրկվել, եկել է Արևելյան Հայաստան, իսկ եղբայրները զոհվել են։ Հանգրվանել են Մաստարա գողտրիկ գյուղում։ Դեմ էր, որ փաստաթղթերում կամ այլուր հայրանունը չգրվի։ Այդ առիթով ասում էր. «Բարսեղը պապս է, Հովհաննեսը ես եմ, բա խեղճ Խաչատուր հորս անունը չգրվի՞»։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, Հայաստանի վերազարթոնքին, անկախացմանը։
Պատմում էր, որ դպրոցում լավ է սովորել մաթեմատիկան, երիտասարդ ուսուցիչը ուղղորդել է կրթությունն այդ ուղղությամբ շարունակել։ Ժպիտով էր հիշում, թե ինչպես էր քննությունների ժամանակ լուծումները դնում գրիչի միջուկի մեջ ու փոխանցում դասընկերներին՝ հեռու խիստ ուսուցչի աչքից։ «Դպրոցում լեզուներ լավ չէին սովորեցնում (այդ իներցիան շարունակվում է մինչ օրս, հարյուրավոր ժամեր են հատկացված անգլերենին, ռուսերենին, սակայն աշակերտների մեծ մասն ավարտում է լեզուների թերի իմացությամբ – Ն.Պ.), և ավարտելիս չէի ասի, թե «լեզվագետ էի»։ Սիրում էի գրականություն, լավ ասմունքողի համբավ ունեի, և դա նպաստեց բանասիրական բաժին դիմելու համար»։
«Բուհն ավարտելուց հետո պիտի գրականագետ դառնայի, բայց Մկրյանը չվերցեց, այլ իր մոտ ասպիրանտ վերցրեց Գուրգեն Սևակը, բայց քանի որ լեզուներ չգիտեի, ընտրեցինք տեսական լեզվաբանության ճյուղը, որ այդ տարիներին նշանակում էր մառական տեսության հետևորդ, որի կրողն էր Գ. Սևակը։ Աճառյանն արդեն բանտից ազատվել և սկսել էր դասավանդել։ Ասպիրանտական քննության ժամանակ Աճառյանը հարցրեց՝ «Որո՞նք են հնդեվրոպական արմատները հայերենում»։ Բայց քանի որ ես մառական Սևակի աշակերտն էի, մի քանի անստույգ արմատ միայն կարողացա թվարկել։ Սևակը անհանգիստ եղավ նստած տեղում, և երկուսիս անհանգստությունը նկատելով՝ Աճառյանը ժպտալով ասաց. «Լավ, տղա՛ ջան, շարունակիր», որ իմ տպավորությամբ նշանակում էր՝ «ամոթ քեզ էլ, քո ղեկավարին էլ…»։ Աճառյանի հետ երկրորդ ուղղակի շփումը եղել է 5-րդ կուրսում, ավարտական շարադրություն գրելիս (այն ժամանակ դիպլոմային չէին գրում – Ն.Պ.), «Համալսարանը» վերնագրով։ Սխալ էր համարվել միայն «լաբիրինթոս» գրությունը՝ փոխանակ «լաբիւրինթոս»։ Հր. Աճառյանի հանդեպ առանձնահատուկ հարգանքն ու գնահատանքը Բարսեղյանի մոտ պահպանվեց մշտապես։ Իր ծննդյան տարեդարձերի օրը մի անգամ պատմում էր, թե ինչպես երիտասարդ ժամանակ դասավանդելիս պատերազմի մի վետերանի՝ ոչ լավ սովորող ուսանողի գնահատական չեն նշանակել։ Այդժամ Բարսեղյանը միջամտում է՝ ասելով. «Լսեք, ինձ դաս են տվել Աճառյանը, Արսեն Տերտերյանը, Մանանդյանը և այլ մեծեր, իսկ այդ ուսանողի՞ն ով է դաս տալիս, ե՛ս, բա մի՞թե տարբերություն չպիտի լինի»։
Հովհ. Բարսեղյանը հատկապես ուսանողների մոտ հայտնի և ընդունված էր իր խստապահանջությամբ և անաչառությամբ։ «Հայոց լեզվի պատմության» իր դասախոսություններն անցնում էին սահուն, արդյունավետ, որից դուրս գալիս ուսանողը գիտելիքով լցվելու զգացողություն էր ունենում, և դա ձգողականություն ուներ և նպաստում էր կարգապահությանը։ Անզիջում էր գիտության միջակության հանդեպ, երբեմն սուր էր արտահայտվում պատահական դոկտոր դարձած, դասավանդման մեջ ապաշնորհ որոշ անձանց մասին։ Օբյեկտիվ էր քննություններում ուսանողներին գնահատելիս։ Մի անգամ, երբ Բարսեղյանի ծանոթը աշխատասենյակից դուրս եկավ, նեղսրտած պատմեց. «Ա՛յ տղա ջան (իր սիրած դիմելաձևն էր), գալիս են, քննության համար բարեխոսում են։ Միշտ ընդառաջում եմ, եթե 4-ի է պատասխանում ուսանողը, 5 եմ նշանակում, 3-ի է պատասխանում՝ 4 եմ նշանակում, 2-ի է պատասխանում՝ 3 եմ նշանակում, բայց եթե 1-ի է պատասխանում, ինչպե՞ս վարվեմ… 2 եմ նշանակում, իսկ ընկերներս նեղանում են…»։
«Վատ հարևանը ստիպում է լավ տանտեր դառնալ»,- այդ խոսքով պատմում էր իր դոկտորականի պաշտպանության պատմությունը։ Նախորդ սերունդի որոշ մասնագետներ երբեմն անհամաձայնություններ էին ունենում։ 1977-ին իր դոկտորական դիսերտացիայի դեմ մեկը «մատերիալ» է գրում (տալիս էր գրող անձի անունը, որ մենք շրջանցում ենք)՝ պատճառաբանություն բերելով, թե ընդդիմախոսը նույն՝ առաջատար կազմակերպությունից է, որ կարգի խախտում է համարվում։ Այդ պատճառով Բարսեղյանը ստիպված է լինում ողջ աշխատանքը թարգմանել ռուսերենի և ուղարկել Մոսկվա լրացուցիչ քննության։ Այնտեղից ստացվում է խիստ դրական արձագանք, դոկտորականի պաշտպանությունը մի քանի տարի ուշացումով հաստատվում է, ապա տպագրվում է «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» նաև ռուսերեն։ Այսինքն՝ ստացվում է հիմնարար աշխատություններից մեկը տպագրված նաև ռուսերեն։
Հովհ. Բարսեղյանը նպաստել էր, որպեսզի հրատարակվի անվանի լեզվաբանի՝ հանգուցյալ Վարագ Առաքելյանի գրքերից մեկը։ Եվ նրա կինը՝ տիկին Վարսիկը, Բարսեղյանի համար գյուղի բարիքներ էր բերել, որպես շնորհակալություն։ Բարսեղյանը ներողամտաբար ու մեծահոգաբար ժպտաց և ասաց. «Քեզ է՞լ իմ ասպիրանտի օրը գցեմ…»։ Եվ պատմեց, թե տարիներ առաջ ասպիրանտ ուսանողուհիներից մեկը մի ծրար է դնում իր աշխատասեղանին և երկչոտ ասում՝ «Հայրիկիս կողմից», իսկ հայրը մի ազնիվ հողագործ է լինում։ Բարսեղյանը, բնական է, խիստ վրդովվում է և հետ է տալիս ծրարը, ապա ասում. «Ես դրա՛ն չեմ արժանի, ա՛յ, պաշտպանելուցդ հետո բոլոր սոված գիտնականներին կհավաքեմ, կբերեմ ձեր տուն, թող այն ժամանակ հայրդ տակից դուրս գա…»։
Առհասարակ մանր խնդիրներից վեր էր, մանրուքները շրջանցում էր, այդ թվում՝ չէր կարևորում ծննդյան օրերը հրապարակային նշելը։ Առիթ եղավ, երբ ուսանողներով մոտեցանք իրեն՝ ծննդյան 80-ամյակին կազմակերպված միջոցառմանը հրավիրելու համար։ Կտրուկ ասաց, որ իր ծննդյան թվականը խառնել ենք, որ երկու տարի շուտ ենք մոտեցել։ Երկու տարի անց նույն հարցով նորից մոտեցանք, կտրուկ ու խորամանկ ժպիտով ասաց՝ չէ՞ որ ծննդյան հոբելյանն անցել է, երկու տարի ուշացել ենք…
Տասնամյակները միաձույլ էին դարձրել Բարսեղյանին իր կնոջ՝ տիկին Սեդայի հետ։ Վերջինս ընտանիքի ամուր, կենսուրախ մայր ու կին էր։ Բարսեղյանը Սեդայի հետ ծանոթացել էր Հայրենական պատերազմ մեկնելու բերումով։ «Մեր գյուղ երկու տարի ամառանոց էին գալիս ապագա կնոջս ընտանիքի անդամները։ Իսկ ես նրա՝ աղբյուրը գնալու պահերին իմ կիսալար թառով «Ջան Ստալին» էի նվագում՝ ուշադրություն գրավելու համար»։ Ըստ իր պատմածի՝ պատերազմի գնալու օրերին չի կարողացել գյուղ գնալ՝ տանեցիներին հրաժեշտ տալու։ «Ճակատ մեկնելիս կայարանում ինձ ջերմորեն ճանապարհեց Սեդայի հայրը, հագուստ նվիրեց։ Հայրն էլ մեկ ամիս անց մեկնեց ռազմաճակատ ու զոհվեց։ Ես երբ վերադարձա (Բարսեղյանը վիրավորվելուց հետո զորացրվել է 1943 թ. կապիտանի կոչումով), առաջինը գնացի նրանց տուն, իբրև հարազատ մեկը ներկայացա»։ Բազում սրամիտ պատմություններ էին պատմում ամուսինները մեկը մյուսի մասին։ «Մի անգամ ասում եմ կնոջս՝ աչքս ցավում է։ Ո՞ր աչքդ, հարցնում է կինս։ Ձախ աչքս։ Ամբողջ կյանքում փորձել ես ձախ «նայել», դրա համար էլ ձախ աչքդ է ցավում»։ Բարսեղյանը հայտնի էր կնամեծար իր բնույթով։ Բազմիցս եմ ականատես եղել, թե ինչպես կին տեսնելիս արիստոկրատ ժպտում և թեթև գլուխ էր տալիս, որ կանանց խիստ դուր էր գալիս։ Առհասարակ Բարսեղյանների ընտանիքը, որին հաճախ եմ այցելել հատկապես նոր՝ Թումանյանի փողոցի բնակարանում, ազնվական ոգի ունի։
Հովհ. Բարսեղյանը մտերիմ էր Պարույր Սևակի հետ։ Բանաստեղծը մի գրքի վրա մակագրել էր՝ «Սասնա օրինավոր ծուռ ընկերոջս, Սասնա անօրինական ծուռ Պարույրից»։ Բարսեղյանը, ըստ իր պատմելու, եղել է Պարույր Սևակի զոհվելու հանգամանքներն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի կազմում։ Կենտկոմը իրեն նույնպես ընդգրկել էր՝ հաշվի առնելով մտերմությունը բանաստեղծի հետ ու իր անաչառ բնույթը։ Ես իհարկե չեմ մտնի Պարույր Սևակի եղեռական մահվան նրբությունների մեջ, սակայն Բարսեղյանը մի քանի առիթներով պատմում էր, և կարծես ցանկանում էր ինքն էլ վերջնականապես համոզվել, որ դիտավորության նշաններ չեն եղել, այդպես է ինքը զգացել։
Մինչև աշխատանքային վերջին օրերը Հովհ. Բարսեղյանը մնաց հայերենի նոր ուղղագրության ջերմեռանդ կողմնակիցն ու պաշտպանը, հնին վերադառնալու կոչերը միշտ ափերից հանում էին նրան։ Լեզվաբաններից մեկը հրապարակում էր արել դասական ուղղագրության օգտին, և Բարսեղյանը արձագանքեց խիստ. «Գիտությունը վերածել ենք տգիտության։ Երեկվա մարքսիստ-աթեիստները այսօր դարձել են աստվածաբան՝ էլի ջրի երեսին մնալով, իսկ մենք՝ բանասերներս մնացել ենք Վ կամ Ւ գրության բանավեճի վրա։ Ուրեմն պիտի գրենք նուէր և ինչպե՞ս կարդանք։ Հետո պիտի վիճենք՝ ՈՒ գրվի, թե Ւ, թե ինչ։ Սա է մեր այսօրվա զբաղմունքը»։ Մի օր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց տեսա՝ ձեռքին գրքերի կապոցով գնում էր, ուղղագրությանը նվիրված իր վերջին գրքույկն էր՝ «Մեր դասականները ուղղագրության մասին…»։ Ասաց. «Տանում եմ ֆակուլտետներին ու դեկաններին բաժանեմ, որ կարծիք հայտնեն։ Նախարարին էլ պիտի խնդրեմ, որ մասնագետ լեզվաբաններին հավաքի ու հարցում անցկացնի, տեսնենք ո՞վ է հին ուղղագրության կողմնակիցը, ո՞վ՝ ոչ։ Այդ հարցը մեկընդմիշտ թող լուծվի։ Այլապես, բանուգործ թողած, անվերջ ուղղագրության հարցերով ենք զբաղվում։ Ոմանք գուցե փող են աշխատում այդ հարցի վրա, իսկ ես չեմ ուզում ողջ Հայաստանը անգրագիտության մեջ տարածել»։ ԵՊՀ-ում վերապատրաստման դասընթացներից մեկի ժամանակ ակադ. Գևորգ Ջահուկանը պատմեց այսպիսի մի դրվագ. «Բարսեղյանը հանդիպում է իր ծանոթին, սա հարցնում է՝ ո՞ւր ես գնում, Բարսեղյանը թե՝ լեզվի տեսչություն, տողադարձի մասին զեկուցում կարդալու, ծանոթն էլ տարակուսած թե՝ ա՜յ մարդ, բան ու գործ չունե՞ս…»։
Վերջին տարիներին խիստ ազդվել էր ակադեմիկոս չընտրվելու համար։ Որպես թեկնածու առաջադրվել էին Վարագ Առաքելյանը, Սերգեյ Աբրահամյանը, Հովհաննես Բարսեղյանը։ Վարագ Առաքելյանը, որին համարում էր իր գրաբարի ուսուցիչը, ասել է այդ առիթով՝ «Հիմա իրար դե՞մ ենք ելել»։ Բարսեղյանը ցանկացել է հետ վերցնել իր հայտը, սակայն ազատախոհ Վարագ Առաքելյանը հետ է պահել՝ ասելով. «Սպասիր, այնտեղ բոլորը կոմունիստներ են, և միևնույն է, ինձ ձայն չեն տա»։ Քվեարկությամբ 1 ձայնի առավելությամբ ընտրվում է Սերգեյ Աբրահամյանը։ Առաջարկ է լինում՝ Բարսեղյանի համար ևս տեղ «իջեցնել», սակայն դեմ է արտահայտվում այն ժամանակվա ԵՊՀ ռեկտորը, և հարցը փակվում է։ Հետագայում շատ առիթներով են Բարսեղյանին ներկայացրել ակադեմիկոս, մի անգամ խմբագություններրից մեկը դա պարզաբանեց այսպես՝ «մենք չենք սխալ գրում Բարսեղյանին ակադեմիկոս ներկայացնելով, այլ ակադեմիան է սխալվել նրան այդ կոչումը չտալով»։ Մասնակի սփոփանք եղավ Եվրոպական երկրների գիտությունների և արվեստների միջազգային ակադեմիայի իսկական անդամ դառնալը, որի վկայականը ուրախությամբ ու ներքին բավականությամբ էր ցույց տալիս։
Յուրաքանչյուր իր գործընկերոջը կորցնելիս ավելի հուսակտուր էր դառնում, շարունակ կրկնում, որ անհարմար է զգում, որ «իրենք գնում են, ես՝ մնում»։ Նման տրամադրության մեջ էր Խորեն Պալյանի մահվան առիթով և թեմաներ էր հանձնարարում ասպիրանտ սաներին, որ զարմանալիորեն արտացոլում էր իր գիտական-մանկավարժական ողջ ընթացքը, հանձնարարված թեմաները դրա խտացումն էին, օրինակ՝ հանձնարարեց տեղանունների պատմական ու լեզվական քննություն, մորը նվիրված հայ պոեզիայի լեզվաոճական քննություն, հայոց լեզվի դասագրքերի պատմություն։ Այստեղ պիտի ասել, որ Հովհ. Բարսեղյանի ու Էդ. Աղայանի համահեղինակած դպրոցական դասագրքերն իրենց պարզությամբ, մեթոդական հետևողականությամբ, գրավչությամբ մնացել են լավագույնը։
Պետական մրցանակ ստացած «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» թեման 2010 թ. անուշադրության մատնվեց ու ի վերջո կրճատվեց, որ բնականաբար ազդել էր Բարսեղյանի վրա։ Մեկ միլիոն քարտ պարունակող քարտարանը հետո ես տեսնում էի ԵՊՀ մի սենյակի անկյունում դարսած։ «10 ռեկտորի հետ եմ աշխատել, բոլորին ընդդիմադիր եմ եղել, անհրաժեշտության դեպքում մատ էլ եմ թափ տվել, հիմա իմ բառարա՞նը չպիտի կարենամ շարունակել։ ԵՊՀ ղեկավարները թող իմանան, որ համալսարանի կամ ակադեմիայի տասնյակ տարիների ընթացքում բառարանի նման աշխատություն չի գրվել ազգային արժեքի առումով։ Դրա վրա աշխատողների ջանքերը դրախտի արժանի պիտի գնահատվեն»,- մի առիթով ասաց 1959-2010 թթ. գործած տեղանվանական կաբինետի ու բառարանի ստվար հատորների մասին։
Պատմում էր, թե ինչպես Աստծուն դեմ գնալով է կյանքում հասել այս տարիքին։ Հայրենական պատերազմում վաշտի հրամանատար է եղել, մարտի ժամանակ տանկային հրացանի անվարժ կրակողի հետ դիրքերի տեղափոխություն է անում, որ ինքը դիպուկ կրակի, երբ տանկը 100 մետրի վրա է լինում։ Այդ պահին արկի պայթյունից նոր դիրքում զոհվում է վատ կրակող զինվորը։ Վերջին տարիներին հենվում էր ժողովրդի իմաստության վրա, որ ոչ թե Աստծուն դեմ գնալով է, որ կարողացել է երկար ապրել, այլ՝ Աստծո կամքով։ Բարսեղյանի վերջին տարիները Աստծուն մոտենալու մաքառում էր, շատ բանի մեջ էր նախախնամություն սկսել տեսնել։ Կենսափորձը հանգեցրել էր խոսքի խտացման, ինձ մոտ պահպանվել է բանաստեղծ ու հրապարակախոս Մհեր Արշակյանի բառացի գրառումները Բարսեղյանի մտքերից. «Մեր ժողովուրդը կա՛մ Քաջ Նազար է, կա՛մ Սասունցի Դավիթ։ Երկուսն էլ նույնն են, առաջինը՝ որովհետև ոչ մեկը իր երկիրը չի տա ուրիշին կառավարելու, երկրորդը՝ քանզի ոչ մեկը միայնակ չի կարող երկրներ գրավել։ Առասպել է, հայկական առասպել»։
Միշտ ձիգ էր Հովհ. Բարսեղյանը՝ խոսելիս, կեցվածքով, աստիճաններով բարձրանալիս, քայլելիս գրեթե միշտ ձեռքին ուներ մանր շղթա, մտքում՝ արդարության ու գիտության բարձր նշաձող։ Շիտակ էր մարդկանց հետ հարաբերություններում, անզիջում՝ մակերեսայնության հանդեպ։ Պետք է մաղթել, որ Հովհաննես Բարսեղյանից բխող այդ ազդակները միշտ թևածեն մեր բանասիրական գիտության վրա ճիշտ այնպես, ինչպես որ կենդանության օրերին էր իր ներկայությամբ վստահություն և բարձր նշաձող սահմանում գիտության ոլորտներում։