ՆԱՆԵԻ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Մեզանում, ցավոք սրտի, հրապարակա­գրությունը լինում է նաև անձնական, նույնիսկ նեղ անձնական` եսական, ընտանեկան, որոնց հեղինակները միայն իրենց դարդն են լացում ու նվագում թառի վրա, և շարադրանքից ենթա­դրվում է` եթե բացակայի այդ դարդն ու մաշկային վիրավորանքը, Հայաստանը կդառնա դրախտային երկիր: Սա շատ վտանգավոր գիր է, անձի յուրահատուկ պաշտամունք` պետու­թյունը ես եմ (ըստ Լյուդովիկոս 14-րդի), ժողովուրդը ես եմ, գրականությունը ես եմ, և ունի հակազգային ընդգծված ուղղվածություն: Մեր մեծագույն հրապարակագիր Միքայել Նալբանդյանը տող անգամ չունի իր մասին, նմանապես և Հովհաննես Թումանյանն իր հրապարակախոսական հոդվածների մեջ, նրանք արդեն ոչ թե թառի կամ եռածակ շվու, այլ երգեհոնի տրագիկ հնչյուններով արտահայտում են տառապյալ ազգի ու հայրենիքի ճակատագրական պահերը: Այս ավանդույթը ներկայումս է, կենսական է, և մենք` ժամանակակիցներս, պիտի դասեր քաղենք դրա թե՛ գրական և թե՛ բարոյական խորհուրդներից:
Ես ունեմ ճիշտ թե սխալ մի սովորույթ. երբ գրքով կամ պարբերական մամուլի միջնորդու­թյամբ ծանոթանում եմ գրական նոր անվան հետ, և նա ինձ որևէ բանով հետաքրքրում է` տողը, միտքը, զգացմունքը, կյանքի ճանաչողությունը, գրական շնորհը, այնուհետև հետևում եմ նրա հաջորդ քայլերին: Պատահում է՝ առաջին տպավորությունը ջրվում է, կուտ գնում` տեղի տալով հիասթափության: Լինում է և հակառակը` հետաքրքրությունն ավելի է խորանում: Վաղուց եմ հետևում բանաստեղծուհի Նանեի հրապարակախոսական հոդվածներին, կարդում եմ` հենց աչքս հանդիպում է նրա անվանը, գիտեմ, որ շատերի սիրտ ու հոգուց բխող բան կասի: Նա մեր ճշմարտախոս, անանձնական ժամանակակիցներից է, նա էլ մենք ենք: Սրանում կհամոզվեք՝ կարդալով նրա «Ոչ մի բան, ընդամենը…» հոդվածը (տե՛ս «Գրական թերթ», 2013թ. 19 հուլիսի): Այո՛, հոդվածում նորություն չկա, ամեն ինչ հին է և, ցավալիորեն, ներկա պահում շարունակելի: Սակայն գիտենք, չէ՞, ասված է` կրկնությունը գիտության մայրն է, իսկ ազնիվ գիտությունը` ճշմարտության հայրը, դրանք ճշմարտության ծնողներն են:
Նշված հոդվածը երկու տասնամյակ ընդ­գրկող ներկա ժամանակի մասին է, պատմվածք չէ, որ պատմեմ (անպատմելի, նորաոճ պատմվածքներ էլ կան). բարոյական, սոցիալական, ազգային, քաղաքական, գողական երևույթների փաստագրություն, որ իր ժանտությամբ շղթայել է իմ հայրենիքի բյուրավոր հայերի: Նանեի սիրտը ցավում է և կրկին ու դարձյալ ճզմում – ցավեցնում է նաև մեր սրտերը: «Ի՞նչ է կատարվում մեր երկրում, հայերիս հետ»,- այս հարցը օտարներն էլ են տալիս մեզ` հազարամյա Նաիրիի արմատական բնակիչներին: Լռություն անսահման, ցավն է միայն ճչում: Հոդվածում շեշտադրեմ այսօր գուցե ամենաողբերգական իրողությունը` արտագաղթ, հայ ժողովուրդը հեռանում է իր հայրենիքից, իր նվիրական գերեզմաններից, իր անզուգական բնությունից` հանուն օտար ափերում մարդկային արժանապատվություն, հաց ու քաղաքացիական իրավունքներ գտնելու: (Տարիներ առաջ մեր անվանի գրողներից մեկը, թերևս իշխանությանը դուր գալու համար, անշուշտ, արտագաղթը համարեց հայ ազգային «մենթալիտետ», մշտապես գնացել ենք, միշտ էլ պիտի գնանք: Սակայն սա մերյանց «մենթալիտետը» չէ, այլ այդ գրողի):
Չընդարձակեմ «արձագանքիս» շրջանակը: Ցանկալի է՝ Նանեի այս հրապարակագրությունը շատերը կարդան և լրջորեն մտահոգվեն` «Ի՞նչ է կատարվում մեր երկրում»: Այն կարող էր գրել նաև մեզանից յուրաքանչյուրը, բայց ի պատիվ իրեն, նա է շարադրել:
Ոմանց կարող է թվալ, մանավանդ, իշխանական թևերից, որ Նանեն ընդդիմադիր է: Ես այդպես չեմ կարծում: Նրա խոսքի բուն իմաստը հանուն ժողովրդի է, հանուն արդար ու արժանապատիվ կյանքի, հանուն հայոց անկախ պետականության, որ դարերով երազեցինք հոգու ու մարմնի անլուր մաքառումներով, և այսօր, երբ այն մեր ձեռքում է, կարող ենք, Աստված մի՛ արասցե, կորցնել արտագաղթի և բարոյական գլխապտույտ անկումների ճանապարհին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։