էս երկիրը

gt-staffԱյնպես եմ ուզում պարզել, թե որ օրը, որտեղ և ում կողմից առաջին անգամ արտաբերվեց «էս երկիրը» բառակապակցությունը: Հետաքրքիր է, ինչի՞ մասին էր խոսում այդ մեկը, ի՞նչ ցավ ու հոգսի, պրոբլեմի թե՞… հաջողության, որ երբ պահը հասավ մատնանշելու «իսկական մեղավորին», նրա ատամների ցանկապատից (ականջդ կանչի, Հոմերոս) դուրս թռավ այդ «էս»-ը «իմ»-ի կամ  «մեր»-ի փոխարեն: Լավ, ասենք, մեկն ասաց ու անցավ, կամա թե ակամա, չհասկանալով կամ գուցե նախապես ինչ-որ բանից ապահովագրվելով: Բա հետո մյուսները, մնացածները, մենք, ես ու դու,  ինչո՞ւ ընդունեցինք, կրկնեցինք այնքան, որ «էս երկիրը» դարձավ ժամանակի «բրենդ»: Գրեցի ու պատկերացրի, որ հանկարծ Չարենցը գրեր «Ես էս անուշ Հայաստանի…»…

Լսեք հրապարակային ցանկացած խոսք` մտավորականի թե քաղաքական գործչի, փողոցում եթերային հարցմունքի արժանացած պատահական անցորդի թե առտնին խոսակցություն` միայն «էս երկիրը», որ ապրելու տեղ չէ, որտեղից միայն փախչելը կփրկի: Եվ նրանցից ամեն մեկը կհիմնավորի իր «էս»-ը: Օրինակ` որովհետև միայն էս երկրում քաղաքացին ամեն ինչ է` հարկատուից բացի, եթե նա ընկալվի որպես հարկատու, ուրեմն հարկ վերցնողները նրան պարտավոր ու պարտական են, ու ոչ թե իրենք են պահում «էս ժողովրդին», այլ ժողովուրդն իր դժվար վաստակի օրինական բաժինն է վճարում պետությանը, բայց նրան պահում են ուզվորի վիճակում: Կամ` որովհետև միայն էս երկրում բանակում ծառայող զինվորի կյանքը որքան վտանգված է դիմացինի, նույնքան էլ` իր կողքինի դավադիր զարկից: Որովհետև բաժանում են ոչ միայն տիրելու, այլև ոչնչացնելու համար. Հայաստանի ծառերը ոտք ունենային` վաղուց էին փախել «էս ավետյաց երկրից», որտեղ նոր մամոնա է ստեղծվել` «բուծիկ» անունով:

Ու հեշտ է, ձեռնտու է երկիրը քեզնից օտարելը, քեզնից հեռու վանելը, այսինքն` դու` ի՞նչ, իմը չես, չգիտեմ` ումն ես, բայց ես հաստատ հրաժարվել եմ, դրա համար էլ քեզ եմ դիմում, «էս երկիր», որ ուշքի գաս, սևը ճերմակից տարբերես ու մի մարդահամար էլ դու կազմակերպես, թե քանի՞սն է քեզ դիմելիս ասում` «իմ երկիր»` այդպիսով պատասխանատվություն ստանձնելով քո ներկայի ու հետագայի համար: Շտապիր, արագացրու համրանքդ, թե չէ, մեկ էլ տեսար, կպարզվի, որ այս տարածքում հիմնական ապրողները «էս երկիրը» արտասանողներն են, իսկ թե մյուս տեսակից մի բան դեռ մնացել է, նրանք էլ, հաստատ, ճամպրուկներն են կապում ու մրմնջում. «Ես իմ անուշ Հայաստանի…»:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

4 thoughts on “էս երկիրը

  1. Կարինե ջան, լավ հիշում եմ. առաջինը մի ծեր գյուղացի էր, Արտաշատի գյուղերից, հեռուստաընկերությունը մի հաղորդում ուներ, ազատ խոսքի հրապարակի պես, այդ ծերունին ջղայնացած ասաց` : Ու հետո ամեն օր, տարիներով, այդ կադրը պտտվում էր… Ես էլ էի ժամանակին գրել նույն քո տրամադրությամբ ` մինչեվ ՄԵՐ երկիրը>; Խեղճ մարդն ասաց, ուր իր միտքը ակամա տարածվեց, դարձավ մտածողություն եվ վերաբերմունք Հայրենիքի հանդեպ: Միջանկյալ ասեմ. քեզ շաաաատ կարոտել եմ: Համբուրում եմ:

  2. Բարև, Կարինե ջան… Ոնց ես, գործերդ ինչպես են… Մի պահ ինձ թվաց, որ այնքան շատ բան ունեմ ասելու, հետո հասկացա, որ ոչինչ էլ պետք չէ ասել, որովհետև ասողներն այնքան շատ են և միշտ ասել են ու ասելու ենլ իսկ գնացողները գնացել են ու գնալու են…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։