«ԼՈՂ ԵՄ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՌՈՒՍ ՊՈԵԶԻԱՆ…»

Լևոն ՄութաֆյանԼևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Օսիպ Մանդելշտամի մի նամակից քաղված այս արտահայտությունը նրա ստեղծագործության տիպաբանության և հաստատումների բնութագրումը կարող է հանդիսանալ, քանզի մաս կազմելով 20-րդ դարի ռուսական գրականության, նա, այնուհանդերձ, մոտենում, սակայն չէր ձուլվում այդ գրականությանը: Հեռու լինելով սիմվոլիստներից, հաճախ չընդունելով նրանց աշխարհայացքն ու գեղագիտությունը` Մանդելշտամը շատ ավելի հակվեց դեպի ակմեիստները և իր համար ուսուցիչ հռչակեց Նիկոլայ Գումիլյովին, ակմեիստների «մանիֆեստից»` (1912 թվական), մեկ տարի անց հրապարակ հանեց իր առաջին ժողովածուն` այստեղ ձգտելով Դանտեի, Պուշկինի և Տյուտչևի ավանդույթները դնել յուրատեսակ շարժման մեջ, պատկերելով իրական կյանքը` գլխավորապես հենվել արտաընկերային և արտապատմական ընկալումների վրա, առարկայական աշխարհի մեջ տեսնել մետաֆորի գերիշխանությունը: Որքան էլ ակմեիզմը չդարձավ ռուսական պոեզիայի հիմնական ուղղություններից մեկը, այնուհանդերձ մանդելշտամյան փորձերը հարստացրեցին նրա պոեզիան, նրան առավել հեռացրին «ռուսականությունից»` այսպես գոյավորելով Մանդելշտամի ֆենոմենը, որի հիմքում տրոհվող-կազմաքանդվող հոգեբանականությունն է, շարժվող-զարգացող մետաֆորը, ձևի բյուրեղացումը: Հայացք հառելով հնագույն և հին շրջանների համաշխարհային և ռուս բանաստեղծություններին, յուրովի մերժելով Անդրեյ Բելու, Ալեքսանդր Բլոկի, մյուսների պոետական դիրքավորումները, Օսիպ Մանդելշտամը դարձավ եզակի երևույթ, ում ստեղծագործությունը երկար ժամանակ մնաց չգնահատված և չուսումնասիրված, բանաստեղծի ողբերգական ճակատագիրը, որը հետևանք էր ոչ միայն բռնապետության հանդեպ նրա ունեցած անհանդուրժող վերաբերմունքի, այլև ինչ-որ միստիկական դատապարտվածության` առիթ տվեցին զարմանալի-դատապարտելի մոռացության… Հայաստանում Մանդելշտամի ստեղծագործության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվեց 1980-ականների սկզբներին, երբ լույս տեսան նրա բանաստեղծությունները Հրաչյա Բեյլերյանի թարգմանությամբ և մեր գրական իրականության մեջ յուրովի ձևավորեցին Մանդելշտամ-Բեյլերյան զուգահեռը: Երևի բնավ պատահական չէր, որ ռուս բանաստեղծի ստեղծագործությունը պիտի գոյավորեր վերաբերմունք ու հետաքրքրություն մեզանում, քանզի Մանդելշտամը մի կարճ պահ հոգու տոն է ապրել Հայաստանում, գրել հայաստանյան իր ճեպանկարները, ապա մեկնել Ղարաբաղ ու ստեղծել Շուշիի մասին ամենաողբերգական ու ամենացավագին բանաստեղծությունը` ժամանակի ու քաղաքի ողբերգությունն արտացոլել հանճարեղորեն դիպուկ ու նկարչատես ընդգծումներով. «Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,//Ակնախոռոչներ մութ, սնամեջ.//Դառը տքնանքի բոժոժը հմուտ//Թաղված էր այնտեղ` լեռների մեջ://Անամոթաբար շառագունում են//Մերկ տներն ու վեր նայում անթարթ,//Երկինքը վերից մեգն իր մանում է,//Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ»: Երեսուն տարուց ավելի նվիրվելով Մանդելշտամի ստեղծագործությանը, յուրովի հետազոտելով-ուսումնասիրելով պատկերների, բանաստեղծական տարաձև կառուցումների մանդելշտամյան մեթոդը` Հրաչյա Բեյլերյանն ահա մի համահավաք է դրել ընթերցողի սեղանին (Օսիպ Մանդելշտամ «Բանաստեղծություն, արձակ», Ե., «Նաիրի» հրատ., 2012, խմբագիր` Հակոբ Մովսես)` այստեղ ներկայացնելով բանաստեղծի գրեթե ողջ գրական ժառանգությունը` բանաստեղծություններից զատ` իր գրքում ներառելով նաև արձակ երկեր և հոդվածներ, իսկ գրքին որպես առաջաբան կցել Սերգեյ Ավերինցևի «Օսիպ Մանդելշտամի ճակատագիրն ու արվեստը» հոդվածը` մասնակի կրճատումներով: Թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանին հաջողվել է այս հոդվածը թարգմանել նրա գիտական ճշգրտությամբ, ավերինցևյան ոճի յուրատիպության պահպանմամբ, բառային ճշգրիտ համարժեքների կիրառումներով` այսպես մերը դարձնելով նաև մի հոդված, որով, ըստ էության, սկիզբ է դրվում Մանդելշտամի ստեղծագործության ուսումնասիրությանը համաշխարհային գրականագիտության մեջ:
Մանդելշտամ-Բեյլերյան զուգահեռն իրապես կայացել է, իրապես ձևավորվել է ինքնահատուկ և ուշագրավ հոգեհարազատություն: Գիտենք, որ թարգման բառն ունի ասորական ծագում և նշանակում է` մեկնիչ: Հրաչյա Բեյլերյանը հարազատ է մնացել այս բառի իմաստին և դարձել ոչ այնքան տեքստի կամ բանաստեղծական շեշտի փոխադրող, այլ` մեկնիչ` ճշմարտացի արտահայտելով մանդելշտամյան մտածողության, այլաբանության, բանաստեղծական խորհրդանիշի և պատկերի իմաստային- բովանդակային շերտերը, մղվել դեպի փիլիսոփայական ենթահիմքը` այսպես ներկայացնելով-մատուցելով մանդելշտամյան ոճի ու արտահայտչաձևի առանձնակիությունը, ձևակառուցվածքային պարադոքսալիզմը: Մանդելշտամի բանաստեղծության մեջ ավանդական կառուցիկությունն ու կոմպոզիցիան անսպասելի հայտնություններ են հաստատում իմաստաբանական «ոլորտներում», բանաստեղծը ճկուն կառուցվածքայնությանը հակադրում է ներքին երաժշտականությունը` այսպես ստեղծելով տյուտչևյան բանաստեղծության մոդեռնը` դիտարկված պոստդեկադենսի և պոստակմեիզմի հեռանկարի մեջ: Ահա այս հանգամանքն էլ պարտադրել է Հրաչյա Բեյլերյանին գլխավորապես հենվել համարժեքային թարգմանության մեթոդաբանությանը, ժխտել բառացի-սոսկական նմանեցումը և առաջնային դարձնել այն սկզբունքը, որը որոշ տեսաբաններ կոչում են ոգու թարգմանություն: Ժողովածուում ընդգրկելով Մանդելշտամի տարբեր շրջանների ստեղծագործություններ` թարգմանիչը գիտակցել է, որ բանաստեղծի գրական կենսագրության մեջ տեղի են ունեցել կերպարանափոխումներ, ոճական շրջադարձեր, հատկապես վերջին գրքում իմաստաբանականը գերադասվել է զգացականին, ի հայտ է եկել անթաքույց էկզիստենցիալիստական սևեռումը, որն էլ նրա ստեղծագործությանը հաղորդել է բովանդակային և ոճական նոր կերպար: Բանաստեղծական շարքերի, տարբեր տարիների գրված բանաստեղծությունների թարգմանություններում ակնհայտ են դառնում հեղինակային ոճի ու կառուցվածքի դինամիկան և շրջափոխումը, կրքի ու զգացմունքի կերպափոխումը իմաստաբանական թափանցումներին, «լիակատար գիտակցության» գերակայությանը: Ամեն մի շրջանի ստեղծագործություն թարգմանվել-մատուցվել է ոճի ճշգրտությամբ` այսպես ամբողջացնելով բանաստեղծական ֆենոմենի յուրատիպությունը: Գրականագետ Գայանե Մալումյանն իր «Թարգմանություն. Տեսություն և գործընթաց» գրքում մեղա­դրանք է ներկայացրել Հրաչյա Բեյլերյանին` գրելով. «Բնագրի և թարգմանության մեջ որոշ անհամապատասխանություններ կան, նաև անհաջող համեմատություններ: Տաղաչափությունը և ռիթմը պահելը դեռևս հաջողության գրավական չեն: Պետք է փնտրել ոչ միայն բառի համարժեքը, այլև տեսնել` դա թարգմանվող լեզվին հատուկ պատկերայնությու՞ն է, թե՞ ոչ» (էջ 136): Հրաչյա Բեյլերյանը հենց մղվել է դեպի լեզվին հատուկ պատկերայնությունը, մանդելշտամյան պատկերը ներկայացրել իր բնագրային համապատասխանությամբ` ձգտելով ձևավորել իդեալական թարգմանության իր ըմբռնումը: «Որքա՛ն վաղվաղակի դարձար թուխ մի տիկին//Եվ չարչարված Փրկչի դուռը եկար//Ու համբուրում էիր սրբապատկերն անգին,//Իսկ Մոսկվայում քայլում էիր հպարտ://Եվ մեզ մնում է սոսկ անունը երբեմն-//Հրաշալի մի ձայն, բայց` տևաբար հածող://Իմ ափերի միջից ընդունիր, ուրեմն, ավազը սորացող»- թարգմանել է Հ. Բեյլերյանը: Կամ` «Ընթրիքի երկինքը պատին սիրահարվեց, //-Լուսասպի թրատվեց ամենուրեք //-Եվ ի ներս խորտակվեց, լուսավառվեց, //Գլուխներ հա­րուցեց տասն և երեք:// Ահա երկնածիրն իմ ա՜յս է գիշերային, //Հանդիման կանգնած եմ` տղեկ մի քանց.//Սարսռում է մեջքս, նվում են աչքերն իմ,//Երկնազարկն եմ որսում պարսպաքանդ…»: Այս և գրեթե բոլոր ստեղծագործություններում` ոչ միայն համարժեքություն, այլև պատկերային համապատասխանություն կա, ինչն էլ նշանակում է, որ Հրաչյա Բեյլերյանը խորքով զգացել ու մատուցել է մանդելշտամյան պոեզիան, ձևավորել պատկերացում բանաստեղծական այն փորձարարության մասին, որին դիմում էր բանաստեղծը` չկրկնելով ֆուտուրիստներին, սիմվոլիստներին, առավել ևս արդեն 1920-ականներին հրապարակ եկած սոցիալիստական ռեալիզմի հավատավորներին…
Հրաչյա Բեյլերյանն իր գրքում ոչ միայն ներկայացրել է Մանդելշտամի երկերը, այլև մատուցել հանգամանալից ծանոթագրություններ, որոնք ոչ միայն ճանաչողական-բացատրական, այլև գիտական-հետազոտական արժեք են տալիս այս գրքին, այն դարձնում մեր թարգմանական գրականության ամենավառ դրսևորումներից մեկը: Մի շարք դեպքերում Բեյլերյանը ոչ միայն դիմում է միջին հայերենից փոխառնված բառերի, այլև զբաղվում է բառաստեղծությամբ` այս հարցում հավատարիմ մնալով Մանդելշտամին, քանզի ռուս բանաստեղծի լեզուն տարբերվում է ժամանակակիցների լեզվից, այն որոշակիորեն մոտ է Ն. Գումիլյովի լեզվին և առավել հոգեհարազատ հետպուշկինյան ռուսական բանաստեղծության լեզվական-բառային շերտերին: Ուրեմն, հայ բանաստեղծ-թարգմանիչը կատարել է ստեղծագործական հսկայածավալ աշխատանք, որը միայն խոր հարգանքի է արժանի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։