ԳԹ-ի հարցազրույցը քանդակագործ Արա ԱԼԵՔՅԱՆԻ հետ
ԳԹ – Վերջերս իմացանք, որ արդեն տագնապալի թիվ կազմող արտագաղթողների բանակում 300-ից ավելին Նկարիչների միության անդամներն են…
Ա. Ա. – Ընդհանրապես ստեղծագործող մարդը պիտի աշխարհ տեսնի, աչքը լիացնի, տպավորությունները, նոր զգացումները ստեղծագործելու խթան են: Բայց ես չգիտեմ, գնացողներից քանի՞սը կշարունակի իր գործը, թե՞ կհամալրի «սև աշխատուժի» անլեգալ շուկան: Ասենք, այստեղ էլ քանի նկարիչ ու քանդակագործ արվեստանոցը փակել, առևտրով են զբաղվում… Հիմա նրանցից ո՞ր մեկն է իր երկրում, գնացո՞ղը, թե՞ մնացողը, եթե երկուսն էլ զրկված են իրենց գործով արժանապատիվ ապրելու իրավունքից:
ԳԹ –Կարծես թե գնալու միտք չունես, իսկ ինչպե՞ս ես համատեղում հացի ու հոգևորի անհաշտությունը:
Ա.Ա. – Հարցը բարդ է, քանի որ ամեն մեկն ունի իր բնավորությունը, կամքը: Այսօր ինձ նման մեկ ուրիշը 3,5 մետր բարձրության հսկա քանդակ կստեղծե՞ր առանց պատվերի, գոնե ինչ-որ ակնկալիքի, թե գնորդ կհայտնվի… Ռիսկային գոտի հասկացություն կա, ամեն մեկը չէ, որ գնում է այդ քայլին:
ԳԹ – Բայց, պարզվում է, առանց հաշվարկելու` ճիշտ թիրախն ընտրել էիր:
Ա.Ա. – Հա, երբ «Ցուլը» 2003-ին սկսեցի քանդակել` գումար չկար, ընտանիքիս վիճակը… ավելի լավ է` չասեմ, կողքից նայողը պիտի քմծիծաղեր` ու դեռ քանդակո՜ւմ է… Ավարտեցի, բերեցի, Նկարիչների միության մուտքի մոտ կանգնեցրի` տեսեք, մարդիկ, ձեզ համար է արված: Շատ չանցած` այն արդեն Բրյուսելում էր…
ԳԹ – «Սարդի», «Արջի» և երկու ձիերի հետ միասին, որոնք այսօր հիմնական ցուցադրությամբ տեղադրված են Բրյուսելի տարբեր պուրակներում ու հրապարակներում:
Ա.Ա. – Այդ ձիերից մեկը համարվել է քաղաքի 200 լավագույն քանդակներից մեկը և տեղ գտել «Բրյուսել քաղաքի 200 լավագույն քանդակները» գրքում` Մայոլի, Բուրդելի կողքին` «Վեդի, Հայաստան» հասցեով:
ԳԹ – Բա որ հանկարծ քո հասցեն էլ փոխվի՞:
Ա.Ա. – 2011 թ. առաջին անգամ «մեծ աշխարհ» ելա` չորս ամսից ավելի Եվրոպայում էի` Փարիզ, Բարսելոնա: Փարիզում, Սիթե դեզ Արտում աշխարհի բոլոր անկյուններից եկած-հանգրվանած ստեղծագործողների յուրօրինակ ցուցադրություն եղավ: Բնականաբար, մեծղի գործերս տանել չէի կարող, օգնության եկան նոր տեխնոլոգիաները և, իհարկե, Սուրեն Տեր-Գրիգորյանի ֆիլմը:
ԳԹ – Ի՞նչ արձագանք գտավ… Արդեն նեղվեցիր, քո մասին խոսել չես սիրում: Լավ, ես կպատասխանեմ` իրապես ցնցող հաջողություն, արժանի գնահատանք քո իսկ պահանջկոտ «համքարության» կողմից: Այդքանից հետո, առավել ևս, Եվրոպան քեզ «իրենով չարե՞ց»:
Ա.Ա. – Պիտի գնաս, տեսնես, մեջդ նորը խմորվի, բայց պիտի գաս ու քո տանը, քո պատերի մեջ ստեղծես այն, ինչը պիտի խոսի այդ նույն մեծ աշխարհի հետ: Տեսեք, եվրոպացի արվեստագետի համար շատ, անհամեմատ հեշտ է այն ամենը, ինչ մեզ համար մեծ, եթե ոչ` անլուծելի պրոբլեմ է: Բայց այնտեղ ես տեսա մի բան, որ այստեղ չկա, ու փառք Աստծո, որ չկա` ձանձրույթը: Այստեղ ընդվզում ենք, հուսահատվում, կատաղում, հնարամտանում… ամեն ինչ` ձանձրույթից բացի:
ԳԹ – Ինչքան տեղյակ եմ, Շանհայի արտէքսպոյում պիտի լիներ քո «Սարդը»:
Ա.Ա. – Պիտի լիներ, ու դա այնքան ռեալ էր, որ չինական կողմն արդեն ինձ հետ բանակցում էր արվեստանոցի ու կեցության հարցերի շուրջ: Ցավոք, հայկական կողմի որոշ պաշտոնյաներ, չգիտես ինչու, կարծում էին, որ ես ձրի եմ աշխատելու, գուցեև` օդով սնվելու… «Սարդը» չգնաց, բայց նրա էսքիզը քսան օր էլ չանցած, նոր, այս անգամ մասնավոր պատվիրատու գտավ և ցուցադրվեց Դյուսելդորֆի էքսպոյում, որից հետո հանգրվանել է Մոսկվայի պուրակներից մեկում:
ԳԹ. – Նոր գործեր, ծրագրեր…
Ա.Ա. – Հիմա փոքր աշխատանքներ եմ անում, ամռանը Եվրոպայում անհատական ցուցադրություն եմ ունենալու, ուզում եմ արդեն հայտնի մեծ ծավալի գործերի հետ միասին ներկայացնել նաև դրանք: